close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+4°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչը կփոխի Բագրատյանը մշակութային ոլորտում

Հարցազրույց

7 Փետրվարի 2013, 16:30
 Ի՞նչը կփոխի Բագրատյանը մշակութային ոլորտում

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագրում անդրադարձ չի կատարվում մշակութային ոլորտում կատարվելիք փոփոխություններին: Միևնույն ժամանակ, նա ունի ծրագիր, որ ներկայացրել է մշակութային գործիչներին` գրողներին, երաժիշտներին, նկարիչներին, եւ փորձել նրանցից ճշտել, թե ոլորտում առկա ո՞ր խնդիրներին պետք է ուշադրություն դարձնել (ծրագիրը կհրատարակվի առաջիկա օրերին): Yerkir.am-ը զրուցել է գրող, Հրանտ Բագրատյանի շտաբի անդամ Համբարձում Համբարձումյանի հետ:

 

-Մտավորականները հիմնականում ի՞նչ հարցեր էին բարձրացնում:

-Հիմնական խնդիրը ապակենտրոնացումն է. մշակութային քաղաքականությունը չի կարող կառավարվել մեկ կետից: Մենք պետք է ուշադրություն դարձնենք մշակութային ժառանգության պահպանմանը, ինչը պետության խնդիրն է: Այսօր մի շարք պատմական արժեքներ ուղղակի թաղվում են հողի տակ: Պետության խնդիրը պետք է լինի նաև աշխարհում սփռված հայկական մշակութային արժեքների պահպանումը: Բայց, իհարկե, առաջիկա տարիներին մենք պետք է այստեղի հուշարձանների խնդիրները լուծենք: Սա վերաբերում է նաեւ տուն-թանգարաններին: Մշակութային ժառանգության պահպանման առումով պետության խնդիրը պետք է լինի թվայնացնել կերպարվեստի, գրականության մեր արժեքները: Ես գիտեմ, որ, օրինակ, Աշոտ Գաբրիելյանը զբաղվում է գրականության թվայնացմամբ, այսինքն` դա պետք է լինի ոչ թե ինչ-որ մեկի էնտուզիազմի հիման վրա, այլ պետությունը պետք է միջոցներ ներդնի դրա մեջ:

 

-Կարելի է ենթադրել, որ, եթե Բագրատյանը նախագահ դառնա, մշակութային ոլորտում հանրային խորհուրդ կունենա՞նք:

-Մտածում ենք ստեղծել մի մեծ հիմնադրամ, որը քաղաքական եւ վարչական ճնշումներից ազատ է լինելու: Կառավարիչները պարբերաբար փոխվելու են, լինելու են անկուսակցական եւ հեղինակություն ունեցող մարդիկ: Հիմնադրամի նպատակը նոր գաղափարներին, նոր մտահղացումներին աջակցելն ու մրցակցային ազատ դաշտ ստեղծելն է: Հիմնադրամի գումարը գոյանալու է բյուջեից, սակայն որոշումներ ընդունող հանձնաժողավը ազատ է լինելու որոշումները ընդունելիս:

 

-Ի՞նչ քայլեր պետք է արվեն` արվեստագետին մարզերում պահելու համար:

-Ըստ Հրանտ Բագրատյանի տնտեսական ծրագրի` եկամտահարկի եւ շահութահարկի 50 տոկոսը պետք է թողնել տեղում, այսինքն` տեղական ինքնակառավարման մարմինները շատ ավելի մեծ բյուջե կունենան: Պետք է քննարկվի նաեւ հարցը, թե որքան գումար պետք է տրամադրել տեղում մշակութային արժեքների պահպանման համար: Մշակութային վերականգնողական աշխատանքները պետք է լինեն համայնքների, հասարակական կազմակերպությունների հսկողության տակ, այլ ոչ թե, այստեղ նստած, նախարարը միանձնյա որոշումներ ընդունի: Պարոն Բագրատյանի տնտեսական ծրագիրն ազատականացում է բերելու. մարդիկ սկսելու են արվեստի միջոցով նաեւ դրամ վաստակել: Սակայն կան արվեստի ճյուղեր, որ չեն կարող ինքնաֆինանսավորմամբ զարգանալ, այս դեպքում էլ նրանք պետք է պետբյուջեից ֆինանսավորում ստանան:

 

-Ի՞նչպես պետք է ստեղծվի ազատ մրցակցության դաշտը, արդյո՞ք միայն տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական անկախությամբ խնդիրը կլուծվի:

-Պետք է հասկանալ, որ մշակույթը չի կարող զարգանալ չզարգացող տնտեսության պայմաններում: Կարող են լինել լավ երաժշտական, գրական գործեր, բայց դրանք ընդհանուր միջավայրի զարգացմանը չեն նպաստի:

 

-Բայց չէ՞ որ կան մի շարք մարզեր, որոնք թատրոնի շենք չունեն, կինոթատրոնների մասին, առհասարակ, չեմ խոսում:

-Երբ տեղական ինքնակառավարման մարմինները բյուջե ունենան, ինչ-որ տոկոս կհատկացնեն նման կենտրոնների վերականգման համար: Երբ փողը միայն Երեւանում է կենտրոնացած, մարդիկ նույնպես գալիս են Երեւան: Հարկային արտոնությունները, մեր կարծիքով, այնքան էլ ճիշտ չեն: Ինչքան տեղյակ եմ` աշխարհում այնքան էլ ընդունված չէ դա կիրառել:

 

-Իսկ այդ դեպքում, օրինակ, գրախանութ ունենալը Հայաստանում սիրողական ինչ-որ բան է դարձել, հարկային փոփոխություն գոնե այս առումով չպե՞տք է լինի:

-Գրախանութների դեպքում... պետք չէ սպասել հրաշքի, որ բոլորը միանգամից սկսելու են կարդալ, քանի որ մարդիկ հիմա տեսնում են, որ հաջողության են հասնում տգետները, ովքեր կարողանում են վախի մթնոլորտ ստեղծել: Պետք է նկատի ունենալ, որ գրախանութների և գիրք գնողների պակասը նաև սոցիալ-տնտեսական վատ պայմանների հետևանք է, և այդ պայմանները դեպի լավը փոխելով` կավելանան նաև գրքի գնորդները: Կարծում եմ` պետությունը և տեղական ինքնակառավարման մարմինները կարող են աջակցել` օրինակ, հողատարածք տրամադրելով գրախանությաների կառուցման համար:

 

-Հեռուստատեսության ոլորտում ի՞նչ պետք է փոխվի:

-Հայաստանում շատ ոլորտներ կան, որ ուղղակի կամք է անհրաժեշտ ինչ-որ բան փոխելու համար: Այսինքն` օրենքները կան, բայց չեն գործում: Մասնավոր հեռուստաընկերություններ կան, որոնց պետք է պահանջել, որ կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները: Հանրային հեռուստաընկերությունը պետք է ծառայի հանրությանը և ոչ թե օրվա իշխանությանը: Պետք է ստեղծվեն հաղորդումներ, որտեղ ակտուալ հասարակական, մշակութային խնդիրների շուրջ քննարկում, բանավեճ կա:

 

-Մշակույթի նախարարության գործառույթների մեջ ի՞նչ պետք է փոխվի:

-Կարծում եմ` նախարարության խնդիրը պետք է լինի արդի մշակութային գարծընթացների կազմակերպման համար արդյունավետ մեխանիզմների մշակումը և մշակութային արժեքների պահպանության խնդիրը: Այսինքն` նախարարությունն իր լծակներով չպետք է խառնվի ստեղծագործական աշխատանքներին եւ ինչ-որ բաներ թելադրի` սա լավ է, սա` վատ:

 

-Մշակույթի նախարարն իր «տեղո՞ւմ» է:

-Նախ` ինքը մշակույթի մարդ չէ, և կասկածում եմ, թե ունակ է ճիշտ որոշումներ ընդունել: Բայց խնդիրը նախևառաջ համակարգային է, և համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
Դուք եք որոշում
13 Նոյեմբերի 2018, 21:30 Դուք եք որոշում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica