close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+4°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դու երբեք չե՛ս մեռնի, Հովհաննես Գրիգորյան, քանի դեռ սիրում ենք

Թուղթուգիր

7 Փետրվարի 2013, 12:20
 Դու երբեք չե՛ս մեռնի, Հովհաննես Գրիգորյան, քանի դեռ սիրում ենք

2005-ին Հովհաննես Գրիգորյանի 60-րդ տարելիցի կապակցությամբ ՀԳՄ-ում տոնական երեկո էր կազմակերպվել: Առաջին անգամ պետք է տեսնեի Հովհաննես Գրիգորյանին, նրան, ում գործերը կարդում էի բոլորից թաքուն, որովհետեւ էդ ժամանակ բժիշկն արգելել էր ինձ կարդալ: Էդ տարիներին մենակ Գրիգորյան ու Էլիոթ էի կարդում /միակ գրքերը, որոնք պահել էի մերոնցից թաքուն/ ու մեր` երեքիս մեջ ստեղծված կապը մի տեսակ ուրիշ էր: Կարդում էի, երբ մաման քնում էր, վերմակիս տակ մտած` ֆանառով:

 

Ու էն, ինչ զգում էի էդ տարիքում, միայն իրենց հետ էի կիսում: Ու եթե Էլիոթ կարդալիս մի տեսակ ինձ ավելի մեծ զգացի, Գրիգորյանը ստիպեց սիրահարվել` ամենաիսկական սիրով:

 

Պետք է տեսնեի Հովհաննես Գրիգորյանին. կուրսեցիներով էինք, մտանք դահլիճ, ու մինչ մերոնք փորձեցին նստելու տեղ գտնել, ես առաջին շարքում սկսեցի փնտրել գրողին: Կենտրոնում մի տղամարդ էր նստած` գլուխը բարձր տնկած, ով ձեռքը բանաստեղծորեն այս ու այն կողմ էր տանում` փորձելով կողքինին ինչ-որ բան բացատրել: «Պետք է որ սա լինի»,- մտածեցի ու մոտեցա նրան /չնայած վերջինս էնքան էլ նման չէր իմ ունեցած միակ գրքի վրայի նկարին/:

 

-Բարեւ Ձեզ, Դուք Հովհաննես Գրիգորյա՞նն եք:

 

-Չէ, ես չեմ: Ես ես եմ: Հենա Հովհաննեսը:

 

Պատի տակ, բեմի անկյունում մի տեսակ շատ փոքր թվաց ինձ Գրիգորյանը: Մոտեցա... Ողջ երեկոյի ընթացքում Գրիգորյանն իրեն մի տեսակ անհարմար էր զգում, ոնց որ թե նեղվում էր, որ էսքան մարդ է հավաքվել իր համար ու անընդհատ իրեն գովում են, իր գործերը կարդում: Կենտրոնում նստած տղամարդն արդեն հասցրել էր բարետես մի կին «կպցնել»:

 

Էդ օրը Գրիգորյանի` արդեն նոր նվեր ստացած գիրքը տանը կարդացի բոլորի ներկայությամբ. սպառնալիքները, թե գիրքը հաջորդ օրը կպահեն, չանցան: Գիրքը երեկոյան դրեցի հյուրասենյակի սեղանին, բոլորի աչքի առջեւ. առավոտյան իր տեղում էր...

 

Երեկ երեկոյան մաման պատմեց, որ ծանոթներից մեկի մոտ թոքի քաղցկեղ են հայտնաբերել:

-Մամ, ոչինչ, Հովհաննես Գրիգորյանի մոտ էլ էին հայտնաբերել: Դրսում բուժման կուրս անցավ, հիմա արդեն լավ ա: Եթե փող ունեն, թող տանեն դուրս` բուժման:

 

Այսօր առավոտյան Լեւոն Ջավախյանն էր խմբագրություն եկել, ասաց, որ Հովհաննես Գրիգորյանը լավ չի: Չհավատացի...

 

Հիմա հերթով նրա բանաստեղծություններն են մտքիս մեջ պտտվում...

 

Գիտեմ, որ դու երբեք չե՛ս մեռնի, Հովհաննես Գրիգորյան, քանի դեռ սիրում ենք:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica