close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+22°
+24°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չեմ ուզում քաղաքացուն տանել պարտության, նոր հիասթափության. Նիկոլ Փաշինյան

Հարցազրույց

25 Հունվարի 2013, 16:40
 Չեմ ուզում քաղաքացուն տանել պարտության, նոր հիասթափության. Նիկոլ Փաշինյան

Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

 

-Պարո'ն Փաշինյան, նախ մի հարց Ձեր հեղինակած «Քաղաքացիական պայմանագրի» վերաբերյալ: Ինչի՞ համար է դա:

-Վերջին շրջանի քաղաքական գործընթացների արդյունքում որոշակի ուրվագծեր, կարծես, ավելի անտեսանելի են դարձել, գործընթացներն անորոշության որոշակի չափաբաժին են ձեռք բերել, եւ տվյալ դեպքում այս փաստաթղթով ես ցանկանում եմ ուղենշել հստակ կետեր, հստակ գծեր, ուղիներ, որոնց շրջանակում ես պատկերացնում եմ հետագա պայքարը ՀՀ-ում իրական ժողովրդավարություն հաստատելու համար:

 

Քաղաքականությունը մի գործընթաց է, երբ առաջին հերթին քաղաքացիների հետ փոխադարձ պայմանավորվածության բազա պետք է լինի: Քաղաքականությունը կոմպրոմիսների փնտրտուք է, բայց, միեւնույն ժամանակ, ամեն կոմպրոմիս չէ, որ արդարացված է: Սա որոշակի շրջանակ է, որի ներսում, իմ պատկերացմամբ, պետք է տեղի ունենան հետագա գործընթացները: Իսկ թե ինչպիսի՞ արձագանք կգտնի այն հանրության շրջանում, դա արդեն այլ հարց է: Սա վերջնական փաստաթուղթ չէ:

 

՞նչ է կատարվում ՀԱԿ-ում:

-Ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած գործընթաց ունենում է վայրէջքներ եւ վերելքներ: Կատարյալ հարթ միայն անէությունը, մահը կարող է լինել: Հենց ինքը կյանքը` տատանումների, վայրիվերումների, հաջողությունների, անհաջողությունների փորձությունների մի շղթա է, եւ ես կարծում եմ, որ ՀԱԿ-ն իր կենսագործունեության, կյանքի շատ կարեւոր մի փուլում է գտնվում, երբ կա քննարկելու, խոսելու, հասկանալու շատ մեծ տեղեկատվություն, կենսագրություն: Ես նորմալ եմ վերաբերվում այն ամեն ինչին, ինչ կատարվում է ՀԱԿ-ում եւ ինձանից կախված ամեն ինչ կանեմ, որ ՀԱԿ-ն այդ գործընթացից շահած դուրս գա:

 

-Բայց հիմա ՀԱԿ-ի մոտ, կարծես, դեռ կանգ չառնող վայրէջքի գործընթացն է:

-Ես չեմ ուզում վիճել դրա շուրջ` իջնում է, թե` բարձրանում: Եթե անգամ իջնում է, դրա մեջ ոչ մի ողբերգություն չկա: Խնդիրն այն է, որ եթե ՀԱԿ-ն, իրոք, իջնում է, ապա մենք կկարողանա՞նք հավաքել մեր ուժեր եւ նրան բարձրացնել: Անկախ նրանից` իջնում է, թե` բարձրանում` քաղաքական թիմի խնդիրը պետք է լինի տվյալ քաղաքական ուժը բարձրացնելը:

 

-Հակասությունները, որոնց մասին շատ խոսվեց մամուլում, մեծացե՞լ են ՀԱԿ-ում:

-Այն, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում հրապարակային, ինչի համար ես շատ գոհ եմ: Ինձ համար անընդունելի է, երբ փակ սենյակում փակ հարցեր են քննարկում ու փակ որոշումներ կայացնում: Քաղաքականությունը պետք է լինի հրապարակային: Կան հարցեր, եւ այդ հարցերը քննարկվում են: Դա լավ է, այլ խնդիր է, որ մենք` բոլորս, պետք է այդ հարցերը քննարկենք այնպիսի ձեւաչափով ու այնպիսի տրամաբանությամբ, որ, ի վերջո, կարողանանք իրապես հանրության առջեւ մեր ստանձնած պարտավորությունները կատարել:

 

-Հիմա նորմա՞լ են Ձեր հարաբերությունները Լեւոն Զուրաբյանի հետ:

-Ի՞նչ նկատի ունեք` նորմալ հարաբերություն ասելով:

 

-Այնպիսի՞ն են, ինչպիսին ամիսներ կամ, ասենք, մեկ տարի առաջ էին:

-Այո, նույնը:

 

-Կկանգնե՞ք Հրանտ Բագրատյանի կողքին:

-Ես հարգանքով եմ վերաբերվում Հրանտ Բագրատյանի` նախագահի թեկնածու առաջադրվելու որոշմանը եւ շատ բարձր եմ գնահատում Բագրատյանին` որպես տնտեսագետ, պատգամավոր, քաղաքական գործիչ եւ որպես նախագահի թեկնածու: Խնդիրն այն չէ, թե արդյո՞ք Հրանտ Բագրատյանը  նախագահի արժանի թեկնածու է: Իհարկե, միանշանակ, Հրանտ Բագրատյանն անհամեմատ շատ ավելի արժանի է ՀՀ նախագահի պաշտոնին, եւ նրա նախագահությունը շատ ավելի օգտակար կլինի ՀՀ-ին, քան դա տեսականորեն կամ գործնականում կարող է լինել Սերժ Սարգսյանի պարագայում: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող:

 

Խնդիրը հետեւյալն է` այսօր հանրությունը ցանկանում է ռեալ փոփոխություններ, եւ իմ առաքելությունը, իմ գործը համարում են ծառայել հանրությանը` հանուն ռեալ փոփոխությունների: Ես կարծում եմ, որ մենք պետք է շատ ուշադիր լինենք` հանրությանը դեպի նոր, ակնհայտ պարտությունների չմղելու համար: Ես նախկինում էլ ասել եմ, որ ամենակարեւոր պայմանն ինձ համար մարդկանց հետ մաքսիմալ անկեղծ լինելն է, երբեք չեմ խաբել այն մարդկանց, ում հետ խոսել եմ եւ երբեք չեմ խաբի:

 

Խնդիրն այն է, որ այսօր մենք չունենք այնպիսի իրավիճակ, երբ ես` որպես քաղաքացի, քաղաքական գործիչ, հանրությանը կոչ անեմ, որ մենք գնանք, կանգնենք այս կամ այն քաղաքական գործչի կողքին, եւ դա կբերի փոփոխություն: Արդյո՞ք Հրանտ Բագրատյանը արժանի է նախագահ լինելու, այո, արժանի է: Ես անգամ Հրանտ Բագրատյանին չեմ համարձակվի համեմատել Սերժ Սարգսյանի հետ, համեմատության եզր անգամ չկա, որովհետեւ Հրանտ Բագրատյանը բոլոր առումներով անհամեմատ բարձր է:

 

Խնդիրը հետեւյալն է` իմ անձնական դիրքորոշումն այլ բան է, իմ քաղաքական ասելիքն` այլ բան, երբ որ ես մարդուն կոչ անեմ գնալ եւ քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին, ինքն ինձ հարց է, չէ՞, տալու` որ ի՞նչ լինի: Այս հարցի պատասխանն է պետք ձեւակերպել: 2003թ.-ին ես ջանքեր եմ գործադրել, որ քաղաքացին քվեարկի Ստեփան Դեմիրճյանի օգտին, 2008թ.-ին ես քաղաքացիներին կոչ եմ արել քվեարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին: Այն ժամանակ ես կոչ եմ արել, որովհետեւ ես տեսել եմ, որ դրա շանսը ռեալ է, որ հնարավորություն կա այդ թեկնածուների առաջնորդությամբ գնալու եւ հասնելու իրական փոփոխությունների: Այսօր, ցավոք, իրականությունն այնպիսին է, որ որեւէ չափանիշով այդ հեռանկարը գոյություն չունի:

 

-Դուք է՞լ եք կարծում, որ ընտրությունները կանխորոշված են եւ բարձր չեք գնահատում ո'չ Բագրատյանի, ո'չ էլ, ասենք, Րաֆֆի Հովհաննիսյանի շանսերը:

-Եթե իրապես ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ լինեն` ե'ւ Հրանտ Բագրատյանը, ե'ւ Րաֆֆի Հովհաննիսյանը կհաղթեն Սերժ Սարգսյանին: Բայց քանի որ այսօր մենք չենք խոսում ժողովրդավարության, դասական ընտրությունների մասին, խոսում ենք ապօրինի իշխանությունից ազատվելու մասին, ապա պետք է փաստենք, որ այդ մեխանիզմի գործելու համար որոշակի պայմաններ են հարկավոր, որոնք դեռեւս այս պահին գոյություն չունեն: Իմ խնդիրը քաղաքացու հետ է, ես չեմ ուզում քաղաքացուն տանել պարտության, նոր հիասթափության, նոր սթրեսի, ես ուզում եմ մաքսիմալ անկեղծ լինել քաղաքացու հետ:


-Իրավիճակը, իրականությունը, որում ապրում ենք, կարծում եմ, հիանալի է հասկանում Հրանտ Բագրատյանը: Զրուցե՞լ եք նրա հետ, ի վերջո, հասկացա՞ք, ինչու առաջադրվեց:

-Հրանտ Բագրատյանը շատ կարեւոր ասելիք ունի ՀՀ քաղաքացիներին եւ փորձում է, ջանքեր է գործադրում` այդ ասելիքը քաղաքացիներին հասցնելու համար:

 

-Քաղաքացի Նիկոլ Փաշինյանը ձայնը տալո՞ւ է Բագրատյանին:

-Քաղաքացի Նիկոլ Փաշինյանն անպայման գնալու է ընտրությունների, եւ կարելի է ենթադրել, որ ձայնը տալու է Հրանտ Բագրատյանին:

 

-Պարո'ն Փաշինյան, ի՞նչ եք կարծում, ո՞ր ճանապարհով կտանի երկիրը նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը:

-Անկեղծ ասած` զարմանում եմ այս հարցից: Այն ճանապարհը, որով պետք է երկիրը տանի Սերժ Սարգսյանը, նոր չպետք է ընտրի, ինքն արդեն ընտրել է: Նա վաղուց է ընտրել այդ ճանապարհը` 1998թ.-ին է ընտրել, 2003թ.-ին է ընտրել, 2008թ. մարտի 1-ին:

 

- Ես նկատի ունեի` ի՞նչ փոփոխությունների կգնա:

- Փոփոխությունները տեղի են ունենում այնքանով, որքանով հանրությունն է պարտադրում: Հայաստանում որեւէ փոփոխություն հանգեցնելու է զրոյի, քանի դեռ մենք չունենք իշխանության փոփոխություն:

 

-ՀԱԿ-ն ի՞նչ է անելու ընտրություններից հետո եւ հետագա հինգ տարիներին: Ի զորո՞ւ է այդ փոփոխությունները պարտադրել:

-Եթե մենք մինչեւ հիմա այդ փոփոխությունը չենք արել, նշանակում է`  այսպես, թե այնպես, ի զորու չենք եղել: Բայց եթե փոփոխությունը չենք արել, չի նշանակում, որ հրաժարվել ենք այդ փոփոխության պահանջից:

 

-Եվ ի՞նչ է կատարվելու, ի՞նչ է փոխվելու, որ ի զորու լինեք փոփոխություններ պարտադրել:

-Այն ամեն ինչը, ինչ որ արվում է, արվում է այդ հնարավորությունը մեծացնելու համար: Դա քաղաքական գործընթաց է, տարբերակներից մեկը ես շարադրել եմ «Քաղաքացիական պայամագրում»: Մենք պետք է մտածենք, թե ի՞նչն ենք սխալ արել, որ չենք կարողացել այն խնդիրը, որ պետք է լուծեինք, լուծել:

 

Զրուցեց Ագնեսա ԽԱՄՈՅԱՆԸ

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica