close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2019
USD1476.13
GBP1596.40
EUR1525.98
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծանրոցից ծանրոց կյանք ունեցող հերոսները

Թուղթուգիր

18 Հունվարի 2013, 11:40
 Ծանրոցից ծանրոց կյանք ունեցող հերոսները

Լինում են, չէ՞, մարդիկ, ովքեր կյանքում շրջապատված են լինում հարազատներով, բայց այդպես էլ մենակությունը հաղթահարել չեն կարողանում. Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» պատմվածքում մենակ են բոլորը: Պատմվածքում ոչ մանրամասնորեն, բայց ամբողջական կարծիք ձեւավորելու տեսքով ներկայացված են Սովետական Հայաստանից մինչեւ Հայաստանի անկախանալն ընկած ժամանակահատվածի կարեւոր դետալները: Ասլիբեկյանի պատմվածքը բազմածավալ է. կարճ, բայց ամփոփ խոսքով հեղինակը վեր է հանել մի քանի կարեւոր թեմաներ: Պատմվածքը խիտ է եւ տարբեր եզրեր ունի: Պատմվածքի ընթացքը սահուն է, դինամիկ, տեսարանների արագ փոփոխությունը ընթերցողին անընդհատ հետոն իմանալուն գծի վրա է պահում: 

 

Հունաստանում ապրող ազգությամբ հայ երկու քույրերից մեկին` Զարուհուն, հանգիստ չեն տալիս Սովետական Հայաստանի մասին լսածները, որոնք այնքան ուռճացված էին, լուսավոր, որ քչերն էին դիմանում Հայաստան վերադառնալու գայթակղությանը: Զարուհու քույրը` Մերսեդեսը, ավելի իրատես էր. արդյունքում Մերսեդեսն այդպես էլ հայրենիք չվերադարձավ: Չնայած բոլոր գործողությունները ծավալվում են Զարուհու շուրջ, սակայն պատմվածքում Մերսեդեսն «առկա» է ամենուր: Թվում է, թե քույրերն ապրում են իրարով, սակայն նրանց միջեւ պատ կար, քանի որ չնայած Զարուհին խոստացել էր քրոջը Հայաստանում առկա իրավիճակի մասին տեղեկացնել նամակով  եւ անհրաժեշտության դեպքում քրոջը կանչեր Հայաստան, սակայն Զարուհին այդպես էլ քրոջը Հայաստան գալու մասին բառ անգամ չասաց:

Անդրադառնանք պատմվածքում շոշափվող խնդիրներին. դրսում ապրող հայերը սովորաբար գունավոր պատկերացումներ են ունենում Հայաստանի մասին /քանի որ այդպես ներկայացվում է, ինչպես, օրինակ, Զարուհին էր անում, ով չնայած գոհ չէր Հայաստանից, սակայն քրոջն այդպես էլ բավական երկար ժամանակ ոչինչ չէր ասում/, բայց գալով Հայաստան` բախվում են իրականությանը եւ ծոր է տալիս հիասթափությունը: Հոգեբանական ծանր վիճակում հայտված սփյուռքահայերն այդպես էլ հայրենիքում ընկալվում են որպես դրսեկներ կամ ախպարներ:

 

Վեպում արծարծված մյուս կարեւոր հարցը Հայաստանի սոցիալական վատ վիճակն է, որը չի փոխվում ոչ մի հասարակարգի ժամանակ: Սովետական Հայաստան` Հայաստանում տիրում է աղքատությունը.«Լե­նի­նա­կան: Կա­յա­րան: Թշ­վա­ռու­թյան հոտ, թա­փա­ռող սո­ված շներ, աղ­քա­տիկ հագն­ված, բայց զվարթ մար­դիկ: Աղ­մուկ­-ա­ղա­ղակ, առևտուր, ամե­նու­րեք շր­ջում էր աղքատության ուր­վա­կա­նը: Ասես սա­ռը ջուր լց­վեց Զա­րու­հու գլ­խին այս տե­սա­րա­նից, նա այսպե’ս չէր պատ­կե­րաց­րել հայ­րե­նի­քի հետ առա­ջին հան­դի­պու­մը: Մի պահ իրեն կորց­րած անո­րոշ­ու­թյու­նից գամ­վեց տե­ղում: Աջ ու ձա­խից ինչ­-որ բան վա­ճա­ռող մարդ­կանց ձայ­նե­րից մի­այն մե­կը որ­սաց. լայ­նաժ­պիտ տղա­մար­դը բղա­վում էր` քյալ­լա, քյալ­լա, ու Զա­րու­հին մի­ան­գա­մից չհաս­կա­ցավ` ինչ է ասում»: Հետո արդեն գալիս է 1953 թիվը, երբ մահանում է Ստալինը. մարդիկ մի տեսակ թեթեւանում են, բայց շարունակում նույն աղքատության մեջ ապրել: Դրան հաջորդում են Հայաստանի հետանկախության տարիները, որտեղ ավելի է սրվում ամեն ինչ… Այս ամենի ֆոնին հեղինակը հեգնանքով է ներկայացնում կուսակցությունների դերը, ավելի ճիշտ այն, թե որքան անդեմ ու անդեր էին դրանք, եւ ոչ թե ժողովրդի կողքին էին, այլ ժողովրդի դեմ, քանի որ հասցնում էին սովի տարիներին ոչ միայն իրենց կանանց պահել շքեղության մեջ, այլ նաեւ սիրուհիներին: Դառը ժամանակներ էին, մարդիկ ապրում էին, ինչպես կարող էին` միմյանց հաշվին` տրորելով իրար, խորտակելով դիմացինի կյանքը: Ժամանակները փոխվում են, պատմության մեջ մնում են կուսակցությունները` իրենց համար խիստ կարեւոր գործերով, բայց այդպես էլ անտեսանելի եւ անշոշափելի արդյունքով եւ… տարեթվերով. մարդկանց ճակատագիրը ոչ մեկին չի հետաքրքրում:

 

Զարուհին աչքի է ընկնում իր միայնությամբ. ո՛չ քույրն է իրականում նրա կողքին եղել, ո՛չ էլ ամուսինն ու երեխաները: Հեղինակը փորձում է ներկայացնել, թե ինչպես են մարդիկ կենցաղով տարված լինելով` հեռվանում միմյանցից ու շատերն անգամ չէին էլ զգում, որ մենակ են. պատմվածքի հերոսները մենակության են մատնված: Ի տարբերություն քրոջ, Զարուհին հասցնում է մահից առաջ գոնե իր երազանքի կատարման մասին... լսել.«Այդ օրե­րին Զա­րու­հին հրճ­վան­քով լսեց իր հայ­րե­նի­քի ան­կա­խու­թյան լու­րը, կան­չեց դս­տե­րը, գո­րո­վան­քով նա­յեց երե­խա­նե­րին` ասաց. «Փառք Աստ­ծո, գո­նե թոռ­ներս իրենց ազատ­-ան­կախ երկ­րի մեջ կմեծ­նան»: Ասաց` վս­տահ էր, որ այդ հե­քի­ա­թա­յին օրը գա­լու է, որ վերջ տա­ռա­պան­քին, շու­տով նրանք կապ­րեն ար­դար երկ­րում»:

 

Ի՞նչն է ստիպում Զարուհուն մնալ Հայաստանում, երբ Հայաստան գալուց հետո պարզում է, որ կյանքն այստեղ մեռած է. հավա՞տը, թե արված քայլի արդյունքը շտկելու ներքին ձայնը: Խնդիրն ավելի շուտ հոգեբանական էր, սակայն, մյուս կողմից, Զարուհին մնում է Հայաստանում ապագայի հանդեպ ունեցած հավատի ու հայրենասիրության շնորհիվ, որն այնքան խեղճ ու կրակ էր թվում հերոսուհի գլխին անցած իրադարձությունների կողքին: Զարուհու կերպարը հավաքական է եւ տրագիկ, բայց ոչ` չափազանցված: Զարուհուն բախտը չի ժպտում նաեւ ամուսնության դեպքում. վերջինիս` կարիքից Ռուսաստանում հայտնված ամուսնուն ձերբակալում են եւ տարիներ հետո, ինչպես լինում է մեծամասամբ` «մի լուր հա­սավ Ռոս­տո­վից եկած մի հա­յից, թե ամու­սի­նը բան­տից դուրս եկել ու նոր ըն­տա­նիք է կազ­մել ռուս կնոջ հետ: Զա­րու­հին ո՛չ հա­վա­տաց, ո՛չ էլ չհա­վա­տաց, ըն­դու­նեց իբրև կյան­քի հեր­թա­կան հար­ված, իբրև` իրո­ղու­թյուն»:

 

Զարուհուն չի հաջողվում նաեւ երջանիկ մայր դառնալ. տղան հոգեկան խանգարում ուներ, իսկ աղջիկն ամուսնանալուց հետո նախընտրում է մոռանալ մորը եւ նրա մոտ վերադառնում միայն այն ժամանակ, երբ ուներ նրա կարիքը, սակայն մայրը դրանից էլ էր գոհ, որ կարողանում է կյանքի վերջին տարիներին ինչ-որ կերպ օգտակար լինել դստերը:

 

Հայրենասիրությունը կարծես Զարուհուն մաքրել էր ներսից, նա չափից դուրս միամիտ եւ բարեսիրտ էր տվյալ ժամանակների համար, ինչի պատճառով էլ օրերը մի տեսակ մեծ էին իր հագով: Անգամ կյանքի վերջին տարիներին, երբ Զարուհու աչքերը գրեթե չէին տեսնում, շարունակում էր օգնել հարեւաններին` ձեւափոխելով նրանց հագուստները: Զարուհին մահանում է` չիմանալով, որ «հե­ռա­նա­լով փրկ­վեց այն սև-մութ տա­րի­նե­րից, որոնք հետևելու էին ան­կա­խու­թյա­նը, ու որոնց հա­մե­մատ դրախտ կթ­վար իր ապ­րած տա­ռա­պա­գին կյան­քը»: Սակայն նա վստահ էր, որ շուտով գալու է այն հեքիաթային օրը, երբ մարդիկ ապրելու են արդար երկրում:

 

Ուշագրավ է հեղինակի` ժամանակի դեմքը բնորոշող  պատումները, որոնք շատ բնական եւ հայկական են ստացվել եւ ընթերցողին ամբողջական պատկերացում են տալիս ազգի կոլորիտի մասին: Օրինակ, սուրճը մուտք գործելով Հայաստան` կարծես միավորում է մտավորականությունը, որոնք գնում էին առաջին բացօթյա սրճարան` Կազերյոկ, «որ­տեղ հավաք­վող եր­կա­րա­մազ Բիթլզ լսող տղա­նե­րը, կարճ կի­սաշր­ջազ­գեստ­նե­րով աղ­ջիկ­նե­րը, տար­բեր նկուղ­նե­րից դուրս եկած ար­վես­տա­գետ­ներն ու մտա­վո­րա­կան­նե­րը պնակ­նե­րից էին ըմ­պում նո­րա­հայտ հե­ղու­կը, պնակ­նե­րի շուրջ էին վա­յե­լում ար­գել­քից ազա­տագր­ված արտասահ­ման­յան գրող­նե­րի ու փի­լի­սո­փա­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը: Կյան­քի որակն իսկա­պես փոխ­վեց»:

 

Մերսեդեսը… Մերսեդեսն ավելի իրատես էր եւ որքան էլ որ Զարուհին քրոջից փորձում էր թաքցնել Հայաստանում տիրող վատ վիճակը եւ իր դժբախտ կյանքը, վերջինս հասկանում էր` ինչ է կատարվում: Այս մասին է փաստում այն հանգամանքը, որ վերջինս այդպես էլ Հայաստան գալ չի ցանկանում, ինչպես նաեւ քրոջ նամակում առկա շռայլ երախտագիտության խոսքերը` իրենց պարբերաբար ծանրոցներ ուղարկելու առթիվ:

 

Բնավորությամբ ծանր ու նստակյաց Մերսեդեսը կարծես հոգու պարտքն է համարում քրոջն օգնել, անգամ խոր ծերության ժամանակ անձնվիրաբար շարունակում է ծանրոցներ ուղարկել քրոջը: Մերսեդի անձնվիրությունն իր կուլմինացիային է հասնում, երբ վերջնիս աճյունի փոշին համեմունքի փոխարեն կերակուրների մեջ է օգտագործում Զարուհու դուստրը: Ի տարբերություն մորը, Զարուհու աղջիկը չար էր, սակայն կյանքն էր նրան չարացրել.«Նա  չէր նե­րում տի­կին Զա­րու­հուն այն բա­նի հա­մար, որ հա­սա­րակ դեր­ձակ էր, որ նրա հայ­րե­նա­դարձ լի­նե­լու պատ­ճա­ռով իրեն ամե­նու­րեք «ախ­պա­րի ճուտ» էին կան­չել, հոր սպե­կուլ­յան­տի համ­բա­վի հա­մար, ին­չի պատ­ճա­ռով, վեր­ջի­վեր­ջո, բան­տում հայտն­վեց, իր չկայա­ցած ճոխ հար­սա­նի­քի հա­մար, որ պի­տի ամե­նա­հիշ­վո­ղը լի­ներ սա­րի­թաղ­ցի­նե­րի կյանքում, հո­գե­կան հի­վանդ եղ­բոր հա­մար, ում պատ­ճա­ռով շատ էր ամա­չել հա­սա­րա­կու­թյան մեջ ու վեր­ջա­պես այն բա­նի հա­մար, որ Հու­նաս­տա­նի քա­ղա­քա­ցի մայ­րը մա­տը մա­տին չխ­փեց ժա­մա­նա­կին հե­ռա­նա­լու հա­մար այդ անիծ­յալ երկ­րի»:

 

Աղջիկն անգամ մի պահ չի տատանվում մոր մահից հետո հոգեկան խանգարվածություն ունեցող եղբորը գժանոց տեղափոխել: Սակայն պատմվածքի վերջում աղջիկը կարծես փորձում է դարձի գալ, եւ մոր թաղումն ու տարին նշում ամենայն ճոխությամբ, որի ձեւականությունը եւ անիմաստությունը ցույց տալու համար գալիս է լրացնելու մորաքրոջ աճյունի փոշին «ուտելու» հանգանամքը:

 

Զարուհու դստեր չարությունն արտագծվում է, երբ նա մոր մահվան լուրը չի հայտնում մորաքրոջը` մեծ կին է, ծանր կտանի պատրվակով, սակայն իրականում նրանք չէին ցանկանում կտրվել դեռւես ուղարկվելիք ծանրոցներից:

 

Կենցաղով ապրող աղջիկը կարդում էր արդեն անկողին ընկած մորաքրոջ` մորն ուղղված նամակները եւ զարմանում, թե ինչու է «պառավը այդքան անկարեւոր բաներ գրելու վրա ժամանակ ծախսում այնտեղից այստեղ»` հիշեցնելով մորն իրենց երջանիկ մանկությունը: Զարուհու դստերը հասու չէր այդ նամակների խորքերը չափչփելու հնարավորությունը:

 

Պատմվածքը շատ ավելի խորն է, քան թվում է. հեղինակին հաջողվել է յուրաքանչյուր բարձրացված հարցի մասին տալ ամբողջական պատկերացում` արհեստական ոչ մի նկարագրություն չմտցնելով պատում: Պատմվածքի հերոսների արարքները պատճառաբանված են, ունեն հոգեբանական խորք, իսկ հերոսները հավաքական են եւ ստացված: Պատմվածքը թուլացնում է միայն վերջին տողերը.«Հարևանու­հին ծան­րոցն ու նամա­կը ու­ղար­կել էր մեկ ամիս առաջ, մի­այն թե թյու­րի­մա­ցու­թյա՞ն, թե՞ ան­հե­թեթ պատահակա­նու­թյան բե­րու­մով ինչ­-որ խառ­նաշ­փոթ էր առա­ջա­ցել ու նա­մա­կը տեղ հա­սավ ծան­րո­ցից մեկ ամիս անց: ...Դժ­բախտ Մեր­սե­դես, ի՞նչ իմա­նար, որ մի օր կե­րա­կուր էր դառ­նա­լու իր ամ­բողջ գեր­դաս­տա­նի հա­մար»:

 

Սա պարզեցնում է պատմվածքը, որի ընթացքն ամենեւին էլ նման վերջ չի կանխատեսում: Կարծում եմ, եթե հեղինակը Մերսեդեսի աճյունի փոշին ուտելու փաստը բացապարզելուց հետո վերջին վերջակետը դներ, ավարտն ավելի ուժեղ կլիներ: Քանի որ դրանից հետո եկող վերոնշալ բացատրությունները թուլացնում են ստացված տպավորությունը: Ուշագրավ մի բան եւս` պատմվածքը շատ «տեսանելի» է եւ որոշ փոփոխությունների դեպքում` հիանալի ներկայացում կստացվի: 

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Անկախության երթ՝ Երևանում
21 Սեպտեմբերի 2019, 19:41 Անկախության երթ՝ Երևանում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica