close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2018
+8°
+11°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քրեագետը Դեդ Հասանի հայկական շրջապատի եւ ընտրությունների մասին

Հարցազրույց

18 Հունվարի 2013, 03:07
 Քրեագետը Դեդ Հասանի հայկական շրջապատի եւ ընտրությունների մասին

Yerkir.am-ը շարունակում է քրեական աշխարհի ամենամեծ հեղինակություններից մեկի՝ Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) մասին  զրույցը գրող, քրեագետ Սերգեյ Գալոյանի հետ: Ի՞նչ կապ կա Ուսոյանի և հայերի միջև. բացահայտումները տանում են ՀՀ նախագահական ընտրություններ:   

 

-Ո՞վ է, ի վերջո, Դեդ Հասանը՝ հա՞յ, վրացի՞, թե՞ եզդի:

- Դեդ Հասանի ծնողները ծնվել են Ապարան քաղաքից 20 կմ հեռավրությամբ գտնվող եզդիական մի գյուղում, այնուհետև՝ 1930-ականներին գաղթել են Թիֆլիս, որտեղ և 1937-ի փետրվարին ծնվել է Ասլան Ուսոյանը: Նա երբեք չի թաքցրել, որ ազգությամբ եզդի է:

 

-Ինչո՞վ էր պայմանավորված նրա համակրանքը հայերի նկատմամբ:

-Թիֆլիսը հայաշատ քաղաք էր, Ասլանը մեծացել է մի բակում, որտեղ շատ հայ ընտանիքներ են բնակվել: Այնտեղ նա ծանոթացել է եզդի Դոլշա Ավդոյանի հետ, ով ապրել և մեծացել է նույն բակում, որտեղև`  Նատաշա Պալասյանը՝  Ռաֆայել Բաղդասարյանի (Սվո Ռաֆի) կինը: Երկուսն էլ  շատ մտերիմ են եղել՝ քույրերի պես: Ստացվում է, որ Սվո Ռաֆն ու Դեդ Հասանը, մտերիմ ընկերներ լինելուց զատ, նաև բաջանաղներ են եղել: Նա միշտ էլ սերտ կապեր է ունեցել հայերի հետ:

 

-Այս տարի կլրանա Սվո Ռաֆի սպանության 20-րդ տարելիցը, և լուրեր կային, որ  Դեդ Հասանն է կազմակերպելու այդ արարողությունը: Ընդհանրապես նա հաճա՞խ էր Հայաստան գալիս:

-Որքանով տեղյակ եմ` նա ամեն տարի փետրվարին` Սվո Ռաֆի ծննդյան օրը, ժամանում էր Հայաստան, այցելում  ընկերոջ գերեզմանին, հանդիպումներ ունենում ոչ միայն հայկական քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ, այլև այլ մարդկանց: 1993-ին, երբ Սվո Ռաֆը մահացավ, հունիսի 27-ի նրա հուղարկավորությունը պատշաճ կերպով կազմակերպեց Դեդ Հասանը: Եվ մի հետաքրքիր հանգամանք՝ այդ օրերին Երևանը 3 օր լույս ունեցավ, այն դեպքում, երբ այդ տարիներին օրական 1-2 ժամ էին լույս տալիս: Դա բացառիկ երևույթ էր Երևանի պատմության մեջ, ինչը կատարվեց Դեդ Հասանի հանձնարարականով:

 

 -Ի՞նչ հետևանքներ կթողնի այս կորուստը հայկական քրեական աշխարհի վրա:

-Յուրաքանչյուր  մեծ հեղինակության սպանություն նոր փոթորկի ալիքներ է բերում: Աստվա՛ծ չանի` այդ ալիքները հասնեն Հայաստան: Դեդ Հասանը բավականին ջերմ հարաբերությունների մեջ էր հայերի հետ: Դա արդեն իսկ բավական է, որ այդ զարգացումները հասնեն Հայաստան: Իմ ձեռքի տակ կան բացառիկ տեսագրություններ, որտեղ Դեդ Հասանը հայ տարբեր հեղինակությունների (և ոչ միայն քրեական աշխարհի) ծնունդներին և տարբեր այլ առիթների է ներկա, որոնք առայժմ չեմ պատրաստվում հրապարակել:

 

-Սվո Ռաֆից հետո կրիմինալ կայսրությունում հայերը դիրքերը զիջեցին չեչեններին, ադրբեջանցիներին, վրացիներին: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է վերականգնել հայկական քրեական աշխարհի նախկին հեղինակությունը: Կա՞ն այսօր Սվո Ռաֆին արժանի փոխարինողներ:

-Հայաստանում այսօր հզոր օրենքով գող չունենք, իսկ արտերկրում՝ կան:

 

-Որտե՞ղ են ապրում առավել հայտնի հայ օրենքով գողերը ՝ ամերիկյան, թե ռուսական «արևի տակ» :

-Մեր «հայրենիքում»՝ Լոս Անջելեսում: Ինչքան վատ բան կա, տարել ենք այնտեղ: Այսօր  մեր սերունդը Վիլյամ Սարոյանից  և Արշիլ Գորկիից շատ հիշում է Armenian power-ին, Պզոյին (Արմեն Ղազարյան), և դա շատ ցավալի է:

 

-Քրեական հեղինակությունները բոլոր ժամանակներում, իհարկե, ոչ բացահայտ, սակայն դերակատարում ունենում են երկրի քաղաքական կյանքում: Հայաստանում մոտ ժամանակներս լուրջ քաղաքական զարգացումներ են սպասվում: Ի՞նչ եք կարծում, քրեական հեղինակություններն այս անգամ մասնակցություն կունենա՞ն այդ գործընթացին:

-Հայաստանում այժմ քաղաքական անդորր է: Կանխատեսելի ընտրություներ են լինելու, ամեն ինչ խաղաղ է անցնելու:


-Նորահայտ թեկնածուների ընտապայքարը գնալով նմանվում է խեղկատակության՝ վարկաբեկելով գործող նախագահի հեղինակությունը: Ի՞նչ եք կարծում, նման թեկնածուների ի հայտ գալը հնարավո՞ր է քրեական աշխարհից եկած պատվեր լինել:

-Քրեական աշխարհն այս անգամ չի խառնվել, քանի որ դրա կարիքը չկար, սա ուրիշ բեմադրություն է:

 

-Իսկ եթե լուրջ ընդդիմություն լինե՞ր:

-Այդ դեպքում, գուցե հարկ լիներ՝ կրիմինալ աշխարհն էլ խառնվեր:

 

Զրուցեց՝ Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica