close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+21°
+23°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այն, ինչ մեզ սպասում է վաղը, պետք է կերտենք այսօր

Հարցազրույց

24 Հոկտեմբերի 2012, 11:33
 Այն, ինչ մեզ սպասում է վաղը, պետք է կերտենք այսօր

Յուրաքանչյուրն ունի իր մանկության մուտֆիլմն ու մուլտֆիլմի հերոսը, որի անունը տալիս՝ անմիջապես մանկության որեւէ գունավոր հուշ ենք մտաբերում: Կա՞ մեկը, ով նայել է «Գտնված երազն» ու հիմա մուլտֆիլմի անունը լսելիս՝ դեմքի վրա ոչ մի գիծ չի փոխվումSmile Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը վստահեցնում է, որ լավ մուլտֆիլմը կրթում է երեխային, նպաստում, որպեսզի նրանց մանկությունն ավելի գունագեղ դառնա եւ նրանք սկսեն աշխարհի լավ կողմերն էլ տեսնել: Սահակյանցը կարծում է՝ եթե այսօր ուշադրություն չդարձնենք մշակույթին, հետագայում կունենանք մշակութապես հիվանդ սերունդ:

 

-Որպես մուլտիպլիկատոր՝ ի՞նչ կարծիք ունեք KilDim-ի մասին:

-Կարծում եմ՝ KilDim-ի հեղինակները որոշակի նպատակ են հետապնդում՝ վարկաբեկել մեր հարեւան ժողովրդին եւ ցույց տալ, եւս մեկ անգամ հիշեցնել այդ ազգի վատ կողմերը, ինչն իրենց մոտ շատ լավ է ստացվում: Վատ չի, որ եւս մեկ անգամ հիշենք՝ ով է մեր հարեւանը. ծաղրել, հեգնանքով վերաբերվել նրանց արարքներին՝ համարժեք հարված է այն քարոզչությանը, որն ադրբեջանցիներն են իրականացնում:

 

-«Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշնը հիմա զբաղված է Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիման վրա համանուն մուլտֆիլմի նկարահանման աշխատանքներով. ե՞րբ այն պատրաստ կլինի եւ ընտրե՞լ եք արդեն դերասաններին, ովքեր կրկնօրինակելու են ձայնը:

-Մենք գնացինք այն ճանապարհով, որն ընդունված է ամբողջ աշխարհում. սկզբից ձայնագրեցինք դերասաններին, որոնց դերասանական խաղի հիման վրա էլ «կկանգնեցնենք» որոշ տեսարաններ, որոնք կկրեն այն էմոցիոնալ հիմքը, որը տալիս է դերասանը: Դերասանական կազմի մեջ են մտնում Հրանտ Թոխատյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Դավիթ Բաբայանը, Շուշան Պետրոսյանը, Խորեն Լեւոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Վարդան Զադոյանը եւ Մկրտիչ Արզումանյանը /Մկոն/: Կոմպոզիտորը Արմեն Մարտիրոսյանն է, ով արդեն 2 երգ է գրել, մի երգ էլ գրել է Վարդան Զադոյանը. եւս երկու երգ ունենք գրելու՝ արդեն մյուս տարի: Մենք էլ կուզեինք արագ ավարտել ֆիլմը, քանի որ դժվար է 4-5 տարի աշխատել մի նախագծի վրա: Փառք Աստծո, մշակույթի նախարարությունը ֆինանսավորում է մեզ, բայց այն գումարը, որը գնում է Ազգային կինոկենտրոն, բավականացնում է տարեկան 20 րոպե նկարահանել: Այժմ ֆիլմի ստեղծման երրորդ տարին է լրանում. մեզ անհրաժեշտ է եւս մի տարի՝ վերջին 20 րոպեն պատրաստելու համար: Սակայն սա դեռ ամենը չէ, պետք է եւս կես տարի՝ ֆիլմի մոնտաժային սպեցէֆեկտների, գունաբաժանման համար /post production կոչված/. 2014-ի վերջին նոր այն լիովին պատրաստ կլինի:

 

-Ասացիք՝ դժվար է մեկ նախագծի վրա աշխատել. ի՞նչն է խանգարում, որպեսզի կողքից այլ նախագծեր սկսեք՝ ֆինանսնե՞րը, մարդկային ռեսո՞ւրսը…

-Ֆակտորները շատ-շատ են: Մենք ստիպված ենք կողքից փոքր աշխատանքներ էլ կատարել: Ունենում ենք տարբեր պատվերներ, օրինակ՝ գովազդի: Նման պատվերները ստիպված ենք վերցնում, չնայած, մյուս կողմից, գովազդ պատրաստելը հետաքրքիր գործընթաց է՝ կարծես կարճ ժամանակում ստուգում ես քո ուժերը՝ գովազդը կապրի՞, թե՞՝ ոչ. այսինքն՝ ե՛ւ ստիպված ենք վերցնում, ե՛ւ ինչո՞ւ չէ՝ մեզ նաեւ բուն պրոցեսն է հետաքրքրում: Հիմա մենք աշխատում ենք մի քանի նախագծերի վրա. «Թաթար» մուլտֆիլմ ստուդիայի հետ /Ռուսաստանի եւ Թաթարստանի/՝ մի շարք միջազգային ասացվածքներ ենք էկրանավորում: Իսկ տղաս՝ Հայկ Սահակյանցը, արդեն երկրորդ եռաչափ իր ֆիլմն է նկարահանում:


-Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի մասնավոր սեկտորի ներդրումն ուղղվի դեպի մուլտիպլիկացիա:

-Մուլտֆիլմ նկարահանելը մի մեծ շղթա է, որը մեզ մոտ նոր-նոր է սկսվում քանդվել. առաջին իսկ փուլից առաջանում են խնդիրներ, քանի որ ֆիլմը պետք է ստեղծվի արդեն վաճառված վիճակում: Այսինքն՝ դու նախօրոք պայմանավորվում ես այն մատակարարների հետ, ովքեր ֆիլմը պետք է ցուցադրեն այս կամ այն կինոթատրոնում ու երկրում եւ երբ ամեն ինչ պատրաստ է լինում, նոր միայն սկսվում է ֆիլմի ստեղծման բուն գործընթացը: Իսկ մեզ մոտ՝ չգիտենք՝ մեր ներկայացուցիչն ո՞վ է լինելու, ո՞ր երկրում է ցուցադրվելու, քանի որ միայն Մոսկվա կինոթատրոնով հնարավոր չէ ծախսած գումարը հետ բերել: Այս ամենին գումարած «պիրատները», որոնք, մի կողմից, թեկուզ իրենց սխալ մոտեցմամբ՝ աջակցում են քո փիարին, մյուս կողմից, խանգարում են ֆիլմի առաջընթացին: Մեզ մոտ կարգավորված չէ նաեւ կինովարձույթ հասկացությունը, չկան կինոթատրոններ, որտեղ դու կարող ես 10-15 կինոթատրոններում միանգամից ցուցադրել ֆիլմդ եւ ծախսած գումարդ հետ բերել: Այսպիսով, անիմացիայի՝ պետության կողմից ֆինանսավորումը զուտ հովանավորչական աշխատանք է դառնում՝ ոչ մի շահ չհետապնդելով, եթե, իհարկե, արտասահմանյան շուկա դուրս գալու հնարավորություն չկա:

 

-Ինչ-որ ժամանակ առաջ մուլտդպրոց բացելու ցանկություն ունեիք. ի՞նչն է խանգարում մտահղացման իրականացմանը:

-Այո, եւ գաղափարը չի կորել, մինչեւ հիմա էլ կա: Մենք ուզում էինք մի կենտրոն ստեղծել, որտեղ կլինի հայկական անիմացիայի թանգարան, կինոդահլիճ, կինոդպրոց: Մենք, որքան էլ տարօրինակ հնչի, 74 տարվա պատմություն ունենք. հայկական անիմացիան ավելի հին է, քան՝ գերմանականը: Պայմանավորվածություն ունեինք ֆրանսիական 2 դպրոցի հետ, ըստ որի՝ մենք պետք է երեխաներ ուղարկեինք այնտեղ սովորելու եւ այնտեղից մասնագետներ պետք է հային այստեղ դասավանդելու: Բայց դրա համար տարածք է հարկավոր, եւ տարածքի խնդիրն արդեն 2 տարի է՝ չենք կարողանում լուծել /դրա համար էլ այսօր մի բնակարանում 25 հոգով ենք աշխատում/: Այս եւ ուրիշ մի շարք պատճառներով էլ այդ ամենը դեռեւս ուղղակի երազանք է մնում:

 

-Շատերը բողոքում են, որ եթերը ողողված է աղբով, եթերի դաստիարակչական դերն այժմ հակառակ էֆեկտն է գործում. արդյոք դրա պատճառներից մեկն էլ մուլտֆիլմերի /հատկապես հայկական/ գրեթե ամբողջովին բացակայությունն չէ՞ եթերում:

-Այո, եւ ցավալին այն է, որ ֆիլմեր կան, եւ հենց Կինոկենտրոնում կան մի քանի ռեժիսորներ՝ Գայանե Մարտիրոսյանը, Նաիրա Մուրադյանը, ես, եղբայրս. տարեկան 2-3 ֆիլմ ենք նկարահանում: Ես դա մառազմ եմ համարում, քանի որ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ունենալ քո արտադրանքը եւ միայն շահ հետապնդելու պատճառով դա չցուցադրել: Տարածաշրջանում ո՛չ Վրաստանը, ո՛չ Ադրբեջանը եւ ո՛չ էլ Թուրքիան մուլտիպլիկացիա չունեն: Մենք տարածաշրջանում միակ երկիրը լինելով, որն այդպիսի արվեստի ճյուղ ունի՝ չգիտես թե ինչու արհամարված ենք, եւ երեխաները ստիպված նայում են այն ամենը, ինչ նկարահանում է «Դոդըրսը», ինչը շատ անգամ անորակ է: Սրանք հայտնվել է մեր եթերում, քանի որ էժան են. երեխաներն այլընտրանք չունեն:

 

-Դրա համար էլ մուլտֆիլմերը հաճախ երեխայի մոտ ագրեսիոն վա՞րք են դրսեւորում:

-Իհարկե, դեր խաղում է՝ նայած, թե ինչպես ես երեխային դաստիարակում, ինչ ֆիլմ է դիտում եւ ինչ գիրք կարդում: Տվյալ պահին, իրոք, վտանգը կա, եւ սա այլ ամբողջ աշխարհին է սպառնում: Այն, ինչ եթերում է, պետք է կամաց-կամաց վերացնել՝ կամ մի որոշմամբ արգելել նման արտադրանքը եթեր հեռարձակել, կամ էլ այլընտրանքի հնարավորություն թողնել:

 

-Մուլտիպլիկացիան ի՞նչ է Սահակյանց ընտանիք համար. կարծես այն միայն աշխատանք չէ, քանի որ շատ ժամանակ գումար էլ չի բերում:

-Ես կասեի՝ մուլտիպլիկացիան ապրելակերպ է՝ գումարած մասնագիտություն: Ինձ միշտ գերել է գաղափարը, որ այն, իրոք, եզակի ժանր է. շատ քիչ մարդ կա, որ կարող է մուլտիպլիկացիայով զբաղվել եւ լավ աշխատանք կատարել: Այն միայն թեւեր է քեզ տալիս, քո արտահայտվելու միջոցը դառնում: Եթե մուլտիպլիկացիայով չզբաղվեի, գեղանկարիչ կդառնայի: Սա արտահայտվելու միջոց է, որն ուղղված է երեխաները, ինչը շատ կարեւոր եմ համարում: Այն, ինչ մեզ սպասում է վաղը, պետք է կերտենք այսօր:

 

-Մշակութային կյանքն ըստ ձեզ որքանո՞վ է քաղաքականացված:

-Ինձ թվում է՝ շատ է քաղաքականացված, բայց ես դրան ոչ դեմ եմ, ոչ էլ առանձնապես կողմ, քանի որ մենք եփում ենք մի քաղաքում, որը շատ փոքր է եւ այնպես է ստացվում, որ բոլորիս էլ ինչ-ինչ չափով առնչվում են այս կամ այն իրադարձությունները: Ուղղակի անտեսել, արհամարհել ու ոչինչ չխոսել այդ մասին, բնականաբար, սխալ է: Բնական պրոցես եմ սա համարում, նույնիսկ ողջունելի, քանի որ եթե մշակույթը ուշադրություն չդարձնի քաղաքականությանը, կտուժի. այսօր մշակույթը կանգնած է գոյատեւելու եզրին՝ կշարունակվի՞ արդյոք հայկական մշակույթը, թե՞ ոչ: Եւ եթե այս հարցը կախված է քաղաքականությունից, ապա անպայման մշակույթը պետք է սեղմի քաղաքականությանը, քաղաքական գործիչներին՝ լինի դա ԱԺ-ն, թե կառավարությունը: Մշակույթը պետք է միշտ ուշադրության կենտրոնում լինի, մշակույթը ներդրման կարիք ունի, վերջիվերջո, դա արվում է ոչ թե նրա համար, որ մշակույթի գործիչները լավ ապրեն /ինչը չնայած նորմալ բան է/, այլ՝ հետագա սերունդներին կերտելու համար: Եթե մենք ուշադրություն չդարձնենք մշակույթին, փաստի առաջ կկանգնենք, կունենանք մշակութապես հիվանդ նոր սերունդ:

 

-Չե՞ք կարծում՝ մշակութային գործիչներից շատերը ոչ թե քաղաքականությամբ են հետաքրքրվում, այլ կուսակցական կռիվ տալիս:

-Ես շատ չեմ մանրացել: Միգուցե կոնկրետ ինչ-որ դեպքեր կան, որոնց մասին ես տեղյակ չեմ: Բնականաբար, եթե դու ինչ-որ կուսակցության անդամ ես դառնում, եթե դու կիսում ես այդ կուսակցության հայացքները, պետք է պաշտպանես անպայման դրանք, այլապես իմաստ չունի քո՝ կուսակցական դառնալը: Բայց պարզապես կարիերայի համար կուսակցական դառնալը լրիվ ուրիշ հարց է. մարդկային ֆակտրի հարց է: Ես անձամբ ոչ մի կուսակցության չեմ պատկանում, բայց ունեմ գաղափարներ, որոնք համընկնում են այս կամ այն կուսակցության հետ: Բոլորս էլ գիտենք Ռոբերտ Սահակյանցի ակտիվ մասնակցությունը քաղաքական կյանքում. մի կարեւոր բան կա՝ չեմ ուզում զբաղվել քաղաքականությամբ միայն այն բանի համար, որ հայրս էլ է դրանով զբաղվել: Հայրս դա արել է շատ մեծ ինֆորմացիա ունենալով եւ շատ մեծ փորձ անցած փուլում: Մեր ստուդիայի այսօրվա խնդիրն այն է, որ նախ անհրաժեշտ է կայանալ որպես ստուդիա եւ դառնալ «Ռոբերտ Սահակյանց» պրոդաքշն, այսինքն՝ մենք պետք է մեր աշխատանքով ապացուցենք, թե ինչ ենք անում մեր երեխաների, ազգի, երկրի համար, հետո նոր գովենք կամ փնովենք մարդկանց. միայն այդ դեպքում քեզ կլսեն եւ կընդունեն:

 

-Կա՞ ինչ-որ հեքիաթ, որ միանգամից դրա էկրանային տարբերակն եք տեսնում:

-Այո, շատ են նման հեքիաթները: Ցավալին այն է, որ չես հասցնում մտահղացումներս իրականացնել. ամեն օր ինչ-որ մի գաղափա է ծնվում, բայց շատ անգամ ես մոռանում եմ դրանց մասին:Կուզեի, օրինակ, Վրթանես Փափազյանի «Կլոր աստվածները» էկրանավորել, քանի որ այն շատ արդիական հեքիաթ է. այնտեղ պատմվում է դրամի, նյութականացման այսօրվա հաղթանակի մասին, ինչպես նաեւ այն մասին, թե ինչն է այդ ամենի հիմքում:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica