close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2019
USD1476.13
GBP1596.40
EUR1525.98
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայելին, երկվորյակներն ու իրենց արեւը

Թուղթուգիր

15 Հունվարի 2013, 15:05
 Հայելին, երկվորյակներն ու իրենց արեւը

Յուրաքանչյուր քայլ ունի իր ստվերը, սակայն երբեմն ստվերն է քայլի հիմքը դառնում, նոր քայլ ստեղծում. ստվերի մեջ պետք է կարողանալ արված քայլը տեսնել. Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արեւը» վեպում /«Անտարես», 2012թ./ ստվերը /մահվան տեսքով/ ամենուր է, եւ դրանից է սկիզբ առնում վեպում ծավալված յուրաքանչյուր գործողություն:

 

Վեպի միջոցով գրողը փորձել է վերադառնալ մանկություն, հիշել մանուկ հասակում ունեցած պատկերացումները, զգացողությունները: Վեպում ծավալվում է գյուղական կյանքը` երբ ցերեկներն այնքան լուռ են, որ թվում է, թե գյուղում մարդ չկա: Գյուղ, որտեղ ժամացույցներն աշխատում էին, ուղղակի «ժամանակը չափելու նրանց կարողությունն էր սպառված» /8/:

 

Եվ, ինչպես միշտ, մանուկները մատնված են անուշադրության եւ նրանց հարցերը կա'մ անպատասխան են մնում, կա'մ էլ իրենք են իրենց հարցերի պատասխանները հորինում: Իր հոգսերով զբաղված մայրն այդպես էլ չի իմանում, թե ինչով են ցերեկները զբաղված տղաները, ինչի մասին են նրանք գիշերները երազում: Վեպում յուրաքանչյուրն ունի իր աշխարհը, որը շատ տարբեր է մյուսների աշխարհից, դրա համար էլ հերոսները միայնակ են, օտարացված մյուսներից: Անգամ երկվորյակները, որոնք չնայած զգում էին իրար, բայց անհաղորդ էին մեկմեկու արարքներին: Երկվությունը վեպում ամենուր է. Արեգի հայրն ու պապն ունեցել են իրենց երկվորյակներին, իսկ Արեգն էլ իր տեղը չէր գտնում ո'չ մանուկների, ո'չ էլ մեծերի աշխարհում: Հորեղբայր Թովմասին հանգիստ չէին տալիս եղբոր որբերի` հոր վերադարձի մասին հարցերը, ինչի պատճառով էլ նա հանկարծ «հանում» է հոգեւորականի հագուստը, սակայն, մարդկանց մեջ իրեն չգտնելով, վեպի վերջում կրկին Աստվածաշունչն է ձեռքը վերցնում: Պապն էլ երկրային ու երկնային սահմաններում էր խճճվել:

 

Պարզ չէ` երկվորյակներից ո՞վ է վեպի գլխավոր հերոսը` Հարութը, ով վեպի հենց սկզբից անհետանում է, բայց իր գոյությունը պահպանում եղբոր` Արեգի մեջ, թե՞ վերջինս, ով ապրում է կիսով չափ եղբոր կյանքով եւ օրով, տեսնում կորած եղբոր երազները: Երկվորյակները, որքան էլ որ բնավորությամբ տարբեր, մեկ հոգի ունեին, նրանց նույն ուժն էր առաջնորդում: Արեգի հոգեվիճակը, արարքներն այնքան տրամաբանված եւ հոգեբանորեն ճիշտ են ընտրված, որ ընթերցողը նույնպես մանկություն գնալու փաստից չի կարող խուսափել:

 

Վեպի ընթացքում ճերմակ մազերով երեխան փնտրում է հորը` չիմանալով, որ «անհետացած մարդուն որոնելը նույնն է, ինչ Աստծուն փնտրելը» /111/: Վեպում, սակայն հավատի ընկալման առումով հակասական իրավիճակներ են ստեղծվում: Հարցեր են ծնվում ոչ միայն երեխայի մոտ, այլ նաեւ իր ողջ կյանքն Աստվածաշնչի խորհուրդներին հետեւած պապի, կուսակրոն դարձած Թովմաս հորեղբոր մոտ: Վեպի հերոսներն ունեն իրենց հավատը, որը վեր է գրքային լինելուց, ինչով էլ պայմանավորվում է նրանց արարքների երկվությունը: Ինչպես օրինակ` պապը կուրացնում է իրեն, հետո կրկին սկսում Աստվածաշունչ կարդալ տալ, հետո ինքնասպան լինում, իսկ քահանա հորեղբայրը հանկարծ եղբոր որբերին հայրություն անելու համար մի կողմ է գցում հոգեւորականի հագուստը, իսկ ինքնասպան եղած հոր համար Աստվածաշնչից հատվածներ կարդում /սակայն, ինչպես գիտենք, եկեղեցին չի ընդունում ինքնասպաններին, իսկ եկեղեցում մոմակալի փոխարեն գանգ է դրված/: Իսկ Արեգը դեռ փոքր է հավատն ընկալելու համար, այդ իսկ պատճառով էլ նա կորած հորն Աստծո տեղ է դնում: Արեգը, սակայն հայտնվում է նաեւ Աստվածաշնչյան կերպարների դերում. եթե մի դեպքում նա առանց եղբոր չի կարող վերադառնալ տուն /14/, ապա մյուս դեպքում արձակում է մատաղացու գառան կապը` ազատություն տալով նրան:

 

Գրողն ինքը հավատն ինչ-որ սահմաններում դնել չի կարողանում, դրա համար էլ երբեմն քմծիծաղ է տալիս /«մատաղից Աստծուն միայն հոտն է հասնում» 125/, երբեմն փոքրիկի լեզվով իր ներսում կուտակված հարցերը տալիս /«պապս` մեռել, սրանք գա՞ռ են մորթել, որ ուտեն» 189/:

 

Արեգը որոնում է հորը` կարծելով, որ հոր գալուց հետո ինչ-որ կարեւոր բան է փոխվելու: Սակայն ինչ-որ բան փոխվելուց առաջ երեխան անպայմանորեն գլխի էր ընկնում այդ մասին:

 

Ճերմակ մազերով փոքրիկին հանգիստ չէին տալիս երազները, որոնք կամ կատարվելիքն էին կանխորոշում, կամ էլ` եղածը վերլուծում, չնայած, մյուս կողմից, երազները գալիս են լրացնելու վեպում առկա էքզիստենցիալիզմի հիմնական խնդիրների ցանկը: Սակայն դրանք սովորական երազներ էին տղայի համար, որոնց սկիզբը ջրվում էր իրադարձությունների քաոտիկությունից: Եւ տղան սովորաբար դրանք չէր էլ հիշում, բացառությամբ մի դեպքի, երբ ոչ միայն հիշում է երազը, այլ նաեւ վերլուծելով` հանգում ճշմարտությանը` հայրը, ով, վերջիվերջո, վերադարձել էր տուն, հորեղբայրն էր: Արեգն ինքն է պապի կուրության եւ ինքնասպանության գլխավոր գործող անձը, քանի որ աղը, որը պապը լցրել էր աչքերի մեջ եւ կուրացել, տղան էր պապուն տվել, ինչպես նաեւ ինքնասպանության համար անհրաժեշտ պարանը կապել: Սակայն սա չենք կարող հիմք ընդունել` ասելու, որ տղան դժբախտություն էր բերում /չնայած որ եղբայր անհետանալուց առաջ նրանք միասին էին խաղում/, քանի որ այս դեպքում պարզ չէ` պապու կուրությունը եւ ինքնասպան լինելը` դժբախտություն, թե փրկություն էր նրա համար:

 

Վեպում մի շարք սիմվոլներ կան` հայելի, դրամ, ժամացույց ու ոսպնյակ, որոնցից չի կարողանում կտրվել հերոսը. Սարիբեկյանը նույնպես: «Գուշակություններ հայելիներով» աշխատանքից հետո էլ Սարիբեկյանը դեռ հայելիների «ազդեցության տակ» է: Սակայն վեպում հայելին մարդու մեջ թաքնված մարդուն է փորձում ցույց տալ, մարդուն` առանց դիմակների: Հայելին քեզ մոտեցնում է քեզ, քո արած քայլի շարունակությունն արտացոլում, քարացնում պահը` ցույց տալու համար արարքիդ ահավորությւոնը: Ուշագրավ է նաեւ Արեգի եւ Արեւի կապը. տղան հայտնաբերում է, որ եթե ոսպնյակը պահես ինչ-որ բանի վրա այնպես, որ արեւի շողն էլ ընկնի ոսպնյակի վրա, իրը կայրիվի: Սա տղայի «հայտնագործությունն» էր, որն էլ նրա եւ Արեւի կապի հիմքն է դառնում:

 

Տղան կարծում է, թե Արեւը աստվածային ուժ ունի եւ մարդիկ իրականում Արեւին են պաշտում: Վեպում մութն իր հետ դժբաշխություն է բերում /հիշենք` պապու կուրանալը, թունելում երկաթգծերի վրա Արեգի պառկելը/:

 

Վեպում արտասովոր տղան մի շարք մասերում ուղղակի փոքրիկ է, ով այնքան հարցեր ունի, ում ինչուները հանգիստ չեն տալիս, իսկ հարցերն այնքան պարզ են, այնքան մանկական, որ թվում է, թե քեզ նույնպես այդ հարցերը հուզել են. «ինչո՞ւ ե թիթեռը հենց թիթեռ, իսկ մարդը` ծնվում հենց մարդ» /40/, «իսկ ինչի՞ց են կույրերն իմանում, որ լույսը բացվել է» /70/, «ինչքա՞ն քար է հարկավոր շպրտել, որ անդունդը լցվի» /151/:

 

Տղայի միակ խաղընկերը Շողերն է, սակայն նրա հետ նույնպես տղան իր գաղտնիքներով չէր կիսվում, քանի որ այդ ժամանակ տղան գաղտնիքներ էր հավաքում:

 

Վեպում կան նաեւ հրաշալի տեսարաններ. տեսարաններ, որոնք տեսնում ես, այլ ոչ թե պատկերացնում: Տեսարաններն անկախ են, բայց ոչ կտրված տեքստից, դրանք հիմնականում նոր մտքի սկիզբ են դառնում: Տեսարաններ, որոնց համար «ճոխ» բառեր պետք չեն. «ծառերը գիշերով են ճանաչում իրենց ստվերները» /15/, «հեղուկ գիշերվա մեջ գորտերը գաղտնիք էին կռռում» /20/, «պապն աչքերը փակ` օրը թաքցրած կոպերի տակ, ընկղմվել էր ճոճաթոռի մեջ, անցյալը տվել ճոճքի. ներկան տարուբերում էր նրա անցյալը» /32/:

 

Ամփոփելով` կարող ենք փաստել, որ Սարիբեկյանի վեպն ունի դինամիկա, սյուժե, որն ընթերցողին չի ձանձրացնում, եւ որպես էքզիստենցիալ վեպ` կարող է հիանալի հիմք հանդիսանալ` Սարիբեկյանի հետագա աշխատանքների համար:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica