close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2018
+6°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2018
USD1484.29
GBP1618.87
EUR1551.32
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չեզոքություն` հանուն սիրիահայության անվտանգության

Հարցազրույց

6 Հունվարի 2013, 13:04
 Չեզոքություն` հանուն սիրիահայության անվտանգության

France-Arménie ֆրանսալեզու  ամսագրի 2013թ. հունվարյան  համարում , որը հիմնականում նվիրված է սիրիահայության խնդիրներին, հրապարակվել է  Վահե Տեր-Մինասյանի հարցազրույցը  ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ։

 


- Ինչպե՞ս կվերլուծեիք սիրիահայ համայնքի ներկա վիճակը:

 

- Սիրիահայության հարցը երկար ժամանակ է, ինչ մտահոգում է բոլորիս: Այստեղ ամենակարեւոր՝ անշուշտ սիրիահայության ֆիզիկական անվտագության հարցն է: Անվտանգությունը հնարավոր չէ պաշտպանել ֆիզիկական ուժով, զենքի միջոցով: Նախ դա անընդունելի է, որովհետեւ հարցը սկզբունքային է. Սիրիայի այս պատերազմին՝ հայությունը մասնակից չպետք է դառնա՝ անգամ ինքնապաշտպնության առումով, բացի դա, այն չի կարող իրագործվել: Նկատի ունենալով սիրիահայության տեղաբաշխումը՝ ակնհայտ է, որ չի կարող համընդհանուր ինքնապաշտպանություն լինել:

 

Սիրիահայության ամենակարեւոր հարցը՝ նրա ֆիզիկական անվտանգությունն է կամ այս թոհուբոհից նվազագույն վնասով դուրս գալը: Այն կարելի է ապահովել միայն քաղաքական-հարաբերական աշխատանքների շնորհիվ: Նաեւ պետք է գիտակցենք, որ այդ քաղաքական հարաբերական աշխատանքը ամբողջությամբ սիրիահայությունից ակնկալել չենք կարող: Այսինքն, այն պետք է լինի ամենուր եւ համընդհանուր: Այնտեղ, որտեղ մենք ունենք ուժ եւ միջոցներ պետք է օգտագործենք եւ ծավալենք անհրաժեշտ հարաբերական աշխատանքները, ստեղծենք կապեր: Խոսքը հայկական պետականության, քաղաքական կազմակերպությունների, հայկական եկեղեցիների եւ անգամ առանձին ազդեցիկ անհատների մասին է:

 

Աշխատանքային թիրախներ պետք է դառնան սիրիական եւ Սիրիայի հետ առնչված բոլոր ուժերը՝պետություններ, միջազգային հաստատություններ, քաղաքական ուժեր, խմբակցություններ, կրոնական կազմակերպություններ:

 

Քաղաքական աշխատանքների հիմնական նպատակը պետք է լինի՝ պարզաբանել սիրիահայության յուրահատուկ կարգավիճակը:

 

Սիրիահայությունը իբրեւ ազգային-կրոնական փոքրամասնություն, յուրահատուկ կարգավիճակ ունի: Այն նման չէ Սիրայում գտնվող մյուս փոքրամասնությունների կարգավիճակին: Նրանք չունեն մյուս փոքրամասնությունների «ազատությունն» ու առավելություները: Քրդերը թվով ավելի շատ են եւ ունեն աշխահագրական հատուկ միջավայր: Արաբ քրիստոնյաները, որ համարկված են ողջ հասարակության հետ, համարվում են բնիկ սիրիացիներ եւ առանձին հավաքական համայնքի ընկալում իրենց մասին չեն ստեղծում: Նրանք անհատ քրիստոնյաներ են եւ յուրաքանչյուրը իր կեցվածքի եւ կամ պահվածքի համար անհատապես է պատասխանատու: Հայությունը, սակայն, առանձին համայնք է, եւ իբրեւ այդպիսին, այս պարագաներում ու այս ժամանակահատվածում դարձել է խոցելի ու դյուրաբեկ: Անհատ հայերի կողմից կատարված որեւէ գործողություն կարող է վերագրվել ամբողջ համայնքին եւ յուրաքանչյուր անհատին պատժելը կարող է պատժի վերածվել ամբողջ համայնքի համար:

 

Սա այն զգայուն, դյուրաբեկ վիճակն է, որ մենք պետք է նկատի ունենանք սիրիահայության պարագայում: Ի վերջո, հայերն էլ են Սիրիայի քաղաքացի եւ կարող են ունենալ իրենց քաղաքացիական, անհատական դիրքորոշումը՝ այս կամ այն հարցի վերաբերյալ, բայց այս ժամանակահատվածում, այդ ազատությունը սիրիահայ մարդուց խլված է: Սիրիահայը պետք է զգույշ լինի՝ զգոն, որ իր կողմից կատարված որեւէ գործողություն, չվերագրվի համայնքին: Եվ եթե այդպիսին է հարցը անհատ քաղաքացի սիրիահայի համար, ապա այն կրկնակի անգամ կարեւոր է Սիրիայում գործող հայ քաղաքական խմբակցությունների եւ ազգային-համայնքային ղեկավարության համար: Սա պատասխանատվության բարձր աստիճան է պահանջում թե՛ հայկական խմբակցությունների եւ թե՛ համայնքի ղեկավարության որդեգրած յուրաքանչյուր քաղաքական կեցվածքի համար, որովհետեւ այդ դիրքորոշումների արդյունքում ամբողջ համայնքը կարող է դառնալ խնդրո առարկա:

 

Մի կողմից սիրիահայության այս զգայուն վիճակը, մյուս կողմից՝ Սիրիայի իշխանությունները եւ ընդդիմության որոշ ծայրահեղական խմբեր, ընդունակ են շատ խիստ եւ դաժանորեն պատժել «հակառակորդին»: Առանձին անձանց կամ խմբերի սխալ համարված կեցվածքների համար համայնքը կարող է արժանանալ անհամաչափ դաժան վերաբերմունքի:


- Մասնավորապես, ի՞նչ պետք է անել։

 

- Մենք պետք է կարողանանք խնդիրը ներկայացնել աշխարհին՝ առանձին պետությունների, միջազգային կազմակերպություններին , հանրային կարծիք ստեղծող լրատվամիջոցներին, քաղաքկան ուժերին, նույնիսկ՝ քաղաքական, կրոնական խմբակցություններին: Այս աշխատանքը պետք է տանենք եւ այս աշխատանքով է, որ պետք է կարողանանք պաշտպանական պարիսպ ստեղծել, պաշտպանական վահան՝ սիրիահայության շուրջ: Պաշտպանության առումով, սա է որ այսօր ակնկալվում է բոլորիցս:

 

Անկախ յուրաքանչյուրիս տածած համակրանքներից ու հակակրանքներից, հանուն սիրիահայության անվտանգության, տեղի ունեցող կործանիչ պատերազմում պարտավոր ենք լինել չեզոք, անկողմնակալ, կռվին ուղղակի կամ անուղղակի ձեւով մասնակից չդառնանք: Անշուշտ այս դիրքորոշումը եւս չի կարող ամբողջությամբ բացառել հավանական վտանգների ու սպառնալիքների դիմագրավումը, բայց այս դեպքում դրանք կարող են լինել միայն կարճ ժամանակամիջոցի համար, պարագայաբար եւ կհետապնդեն հիմնականում մի նպատակ՝ որեւէ կողմին հարելու համար պարտադրված ճնշման չեզոքացում:

 

Յուրահատուկ է սիրիահայության իրավիճակը եւ այս իրողությունն է, որ պետք է բացատրել բոլորին, որպեսզի սահմանափակվեն ակնկալիքները, սպասելիքները, որպեսզի սխալ կարծիք չստեղծվի սիրիահայության կեցվածքի ու պահվածքի մասին՝ ի նպաստ կամ ի վնաս որեւէ կողմի, որովհետեւ այդպիսի դիրքորոշում ուղղակի չի կարող ունենալ սիրիահայությունը՝ իբրեւ համայնք, իբրեւ փոքրամասնություն:

 

Մյուս խնդիրը, որին պետք է անդրադառնանք օգնության աշխատանքն է:


- Ինչո՞ւ նկատի չառնել սիրիահայության տարհանման հնարավորությունը։

 

- Նախ՝ սիրիահայությունը պե՞տք է մնա Սիրիայում, թե՞ չպետք է մնա: Պե՞տք է կազմակերպված տարհանում կազմակերպել, թե՞ չպետք է կազմակերպել: Եվ ապա՝ մեր օգնությունը ի՞նչ ձեւով եւ ինչ չափերով պետք է լինի: Այս հարցերի մասին եւս մենք պետք է ժամանակագրական առումով ճիշտ պատկերացումներ ունենանք:

 

Սիրիահայության մնալ-չմնալու, արտագաղթել-չարտագաղթելու, տեղափոխել-չտեղափոխելու առումով մի հարց գոյություն ունի՝ հնարավո՞ր է դա, թե՞ ոչ: Արդյոք հնարավո՞ր է 60-80 հազար սիրիահայությանը տեղափոխել Հայաստան եւ կամ մեկ այլ երկիր: Դա անհնար է: Անհնար է, հատկապես այս պայմաններում: Եվ եթե հնարավոր չէ, ուրեմն չի կարելի նույնիսկ խոսել այդ մասին, որոհետեւ դրանով միայն խուճապ կստեղծվի, իրարանցում, իսկ արդյունքում՝ միայն կարող ես 10-20 հազարի հարցը կարգավորել՝ վտանգելով, մյուս՝ 50-60 հազարին: Սա, կարծում եմ, խոհեմ քայլ չէ: Եւ սա շատ լավ հասկանում է նաեւ սիրիահայը, որը նման դժվարին պայմաններում, դիմանում է, փորձում է հաղթահարել ստեղծված իրավիճակները՝ սպասելով լավ օրվա: Այսինքն այնպես չէ, որ զանգվածային արտագաղթ կլինի, թե ոչ կախված է մեր կամքից ու ցանկությունից: Նախ՝ եթե արտագաղթի ցանկությունը լինի, ոչ ոք չի կարող արգելք հանդիսանալ եւ մյուս կողմից որեւէ մեկ ուժ մի ողջ համայնքի ճակատագրի հետ չի կարող խաղալ: Այլ հարց է, որ Սիրիայից սեփական նախաձեռնությամբ հեռացողը մեր հայրենակիցն է: Այս դեպքում մենք պարտավոր ենք հոգ տանել նրա մասին: Բայց և մենք իրավունք չունենք մոռանալ այն մարդկանց, ովքեր դեռ բնակվում են այնտեղ: ճիշտ հակառակը՝ պետք է առավել կարեւորենք սիրիահայության այն հատվածին, որ շարունակում է բնակվել Սիրիայում:

 

Տարհանումը ճիշտ չէ նաեւ սկզբունքորեն: Սիրիան այն երկիրն է, որտեղ մենք երկար դարեր ապրել ենք իբրեւ հայություն: Ցեղասպանությունից առաջ էլ ենք ապրել այնտեղ, իսկ Ցեղասպանությունից հետո՝ կարելի է ասել՝ զանգվածաբար: Սիրիացին մեզ ընդունել է իբրեւ գաղթական ժողովուրդ: Արդյոք ճի՞շտ է լավ օրերին երկիրը վայելելը, իսկ դժվար օրերին՝ թողնել հեռանալը: Ինչպե՞ս կընկալի արաբ ժողովուրդը մեր փախուստն այս դժվար օրերին:

 

Մյուս հարցը, որ առկա է, այն է, թե այդ տարհանվողների հոսքը դեպի ո՞ւր է ուղղվելու: Լավագույն տարբերակը կլիներ, եթե ուղղվեր Հայաստան, ինչը դարձյալ հնարավոր չէ տարբեր պատճառներով: Դրանցից մեկը մեր երկրի սոցիալ-տնտեսական ոչ բարվոք վիճակն է՝ այդքան մեծ թվով մարդ ընդունելու համար պատրաստ լինելու առումով: Ճիշտ է, մենք հոգեբանորեն պատրաստ ենք անխտիր բոլորին մեր գիրկն առնելու, բայց երկիրն իբրեւ տնտեսություն, իբրեւ կառուցվածք ի վիճակի չէ այդ մարդկանց բավարարել եւ նման քայլ անելու մեծ դժվարություն կունենա: Եվ եթե Հայաստան չպետք է ուղղվի այդ տեղափոխությունը, այլ տարբեր երկրներ և, մասնավորաբար, դեպի Արեւմուտք, հազար անգամ նախընտրելի է, որ համայնքը մնա Սիրիայում:


- Այնտեղ մնացող հայությանը ուղղված օգնությունը ի՞նչպես  է կազմակերպվում:

 

- Թեպետ ասեկոսները հրապարակավ շատ են, մենք ունենք ամբողջական տեղեկություն ինչպես եւ վստահություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հատուկ հաշվեհամարի վրա փոխանցված եւ «Օգնիր եղբորդ» նախաձեռնության և հաշվեհամարի միջոցով տրամադրված օգնությունների վերաբերյալ: Կարող ենք պատասխանատվությամբ վստահեցնել, որ այդ միջոցները հասնում են սիրիահայությանը: Մյուսների մասին, չկամենալով կասկածի մթնոլորտ ստեղծել, ասեմ, որ մեր տեղեկություները քիչ են: Իհարկե, ցանկալի կլիներ, որ այս ամբողջ աշխատանքը կատարվեր միասնականության մթնոլորտում: Ի վերջո, դեպքերի առաջին օրերից մենք փորձեցինք ստեղծել միացյալ շտաբ: Երեք եկեղեցիների՝ առաքելական, կաթոլիկ եւ ավետարանական, երեք կուսակցությունների, Բարեգործական Միության և ՀՕՄ-ի մասնակցությամբ, համայնքի կողմից ստեղծվեց օգնության միասնական շտաբ: Սակայն, ինչ-ինչ պատճառներով, այդ միասնականությունը Սիրիայից դուրս միշտ չէ, որ տեղի ունեցավ: Որոշներ, ամեն մեկն առանձին-առանձին փորձեց իր հնարավորություններն ուղղորդել դեպի սիրիահայությունը: Անշուշտ, օգնելը ողջունելի է, բայց ցանկալի կլիներ, որ աշխատանքն ընթանար միասնական մթնոլորտում և ավելորդ ասեկոսների ու թյուրիմացությունների տեղիք չտար: Ի վերջո Սիրիայում փոխօգնության շտաբի մարմինների ղեկավարների միջոցով է բաժանվում այդ օգնությունը և այնտեղ բոլորի կողմից կա վերահսկողություն: Ավելի մեծ կլիներ վստահությունը, եթե մյուս օգնություններն էլ առանձնաբար չկատարվեին՝ դժվարացնելով հավաքական վերահսկողությունը: Այդուհանդերձ, այս հարցի մեջ չպետք է անիմաստ խնդիր ստեղծել՝ կարեւորն այն է, որ կարողանանք օգնել: Կարեւոր է նաեւ, գիտակցելը, որ սիրիահայության այս վիճակը կարող է դեռ երկար տեւել: Ուստի պետք է կարողանանք նաև մեր օգնությունը երկար ժամանակի վրա ապահովել: Այդ նպատակով՝ մենք համագործակցում ենք Հալեպի թեմի առաջնորդարանի հետ, որպեսզի կարողանանք ճիշտ անհրաժետ չափով օգնությունը տեղ հասցնել, և որ կարողանանք շարունակական ընթացքի մեջ պահել այդ կարևոր գործը:

 

Հարցազրույցը տեղի  է ունեցել 2012թ. դեկտեմբերի սկիզբին։ 


 Ապաշխարանք
21 Նոյեմբերի 2018, 22:24 Ապաշխարանք
Լավրովին հրավիրել են Իրաք
21 Նոյեմբերի 2018, 16:31 Լավրովին հրավիրել են Իրաք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica