close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+21°
+23°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Րաֆֆի Հովհաննիսյանը` ԲՀԿ-ի ''քննության'' եւ իր առաջադրման մասին

Հարցազրույց

14 Դեկտեմբերի 2012, 12:50
 Րաֆֆի Հովհաննիսյանը` ԲՀԿ-ի ''քննության'' եւ իր առաջադրման մասին

Դեկտեմբերի 22-ին տեղի է ունենալու «Ժառանգություն» կուսակցության համագումարը, որի ժամանակ էլ առաջիկա նախագահական ընտրություններում պաշտոնապես առաջադրվելու է կուսակցության հիմնադիր-նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: Կուսակցությունը որեւէ մեկին համագումարին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ուղարկել: Համագումարը լինելու է բաց:

 

«Իմ կանխատեսմամբ` դա կլինի ինքնատիպ հավաք, ոչ ստանդարտ կուսակցական համագումար, այլ ավելի քաղաքացիական համահավաք: Իմ հասուն տարիքի կենսագրության մեջ ամենապատասխանատու պահերից մեկն է, երբ արդեն պետք է պաշտոնական տեսք ստանա իմ տեսակետը եւ իմ մոտեցումը առաջիկա նախագահական ընտրություններին: Ներկա դրությամբ ես որեւէ հիմք չունեմ Ձեզ ասելու, որ նոյեմբերի 2-ին նախնական արտահայտած իմ որոշումը փոփոխման է ենթակա»,- Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Նա վստահ է, որ Հայաստանի շարքային քաղաքացու հաջողության համար անհրաժեշտ է միասնական թեկնածություն, դրա համար էլ կողջունի ցանկացած քաղաքական ուժի եւ հատկապես` ոչ իշխանական ուժի, ինչպես նաեւ հասարակական հոսանքների, շարքային քաղաքացիների, մտավորականների զորակցությունն այս հավաքական թեկնածությանը:

 

«Ես ընդառաջեցի ՀՅԴ հրավերին եւ համարեցի, որ այդ յոթ կետերն ինձ համար ես մեկնարկային փաստաթուղթ եմ համարում: Եվ եթե իսկապես կա ազգային քաղաքացիական հանձնառություն ծրագիր, ՀՅԴ-ն նաեւ պետք է կողմնորոշվի, թե այդ ծրագրի իրականացման մեխանիզմները, կոլեգիալ մոտեցումները որոնք են: Կարճ ասած` սա բերում է նրան, որ ես կողջունեին թե' ՀՅԴ-ի, թե' ԲՀԿ-ի եւ թե' ՀԱԿ-ի, ինչպես նաեւ այլ կուսակցությունների զորակցությունը այն ծրագրին, որն ընդհանուր է մեր, ՀՅԴ-ի եւ ուրիշների համար ու կոնկրետ այս հավաքական թեկնածության ուղղությամբ է»,- հայտարարեց Հովհաննիսյանը եւ պատասխանեց մեր հարցերին:


-Պարո'ն Հովհաննիսյան, Ձեզ համար ընդունելի են ՀՅԴ-ի առաջարկած 7 կետերը, բայց մյուս կողմից` Դուք արդեն իսկ առաջադրվելու որոշում եք կայացրել եւ դեկտեմբերի 22-ին առաջադրվելու եք: Ճիշտ չէ՞ր լինի` թեկնածուի հարցն էլ համաձայնեցվեր եւ նոր առաջադրվելու քայլին գնայիք:

- Գիտեք, եթե ԱՄՆ-ում նախընտրական պայքարը տեւում է տարիներ, մեզ մոտ` խիստ կարճ է, եւ մեզ մոտ նաեւ կա ազգային բնավորություն` մինչեւ վերջին րոպեն պահել ամեն ինչը, կարծում եմ, որ դա սխալ է: Մեր ժողովուրդը եւ շարքային քաղաքացին արժանի են բաց, թափանցիկ, հրապարակային, հաշվետու քաղաքական գործունեության, դրա համար ես ողջունեցի հատկապես ՀՅԴ-ի վերջին նախաձեռնությունը, որ հրապարակ բերեց այդ գործընթացը: Ես իմ մտադրության մասին հայտարարել եմ, ես աջ կամ ձախ չեմ նայել, ես որեւէ մեկի ակնարկը, «դաբրոն» կամ կանաչ լույսը չեմ հայցել արտասահմաններում կամ այստեղ: Ես որոշել եմ, որ առաջին անգամ ինձ հասնում է մասնակցել, եւ ես մասնակցում եմ: Առաջին իսկ օրվանից մինչեւ սահմանադրական ժամկետները, որն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 25-ից, ես չբացառեցի այլ լուծում, որը հավաքական էր, եւ որը կբերեր հաղթանակի: Իմ որեւէ քայլ կամ հայտարարություն կամ նպատակ որեւէ հյուլեով չի շեղվել այդ ճանապարհի հավատարմությունից, որ պետք է լինի հավաքական որոշում, բայց այդ հավաքական որոշումը, թեկնածությունը, հաղթանակի իրական գրավականը միայն ինձանից կախված չէ, դա կախված է բոլորից:

 

-Ձեզ ճի՞շտ հասկացա` Դուք Ձեզ որպես հավաքական, միասնական թեկնածո՞ւ եք առաջարկելու համագումարի օրը:

-Ես պատրատվում եմ պատասխանատու, ծրագրային հայտարարության դեկտեմբերի 22-ին: Այդ ելույթը հիմա պատրաստված չէ, ես հիմա չգիտեմ, չեմ կարող ասել, թե այդ օրը` 8 օր անց, ես ինչ եմ ասելու: Ծրագիրը ես արդեն հայտարարել եմ, ծրագրային ընդհանրությունները տարբեր ուժերի մեջ ես ընդգծել եմ եւ հրապարակավ ընդունել, հանդիպումներ եմ ունեցել տարբեր ներկայացուցիչների հետ: Ինձ համար կյանքի նպատակ չէ նախագահ դառնալը, բայց կյանքի նպատակ է, որ Հայաստանը լինի ազատ, արդար արժանապատիվ եւ ամբողջական երկիր, եւ ես ամեն ինչ պետք է անեմ, որ իմ համեստ միջոցներով այդ հավաքական ուժի մասնիկը դառնամ: Դրանից ելնելով` ես հայտարարություն եմ անելու, եւ եթե մինչ այդ որեւէ բան փոխվի, եթե որեւէ կուսակցություն, մտավորական համարի, որ ինքը եւս տեսնում է այդ հավաքական թեկնածության մեջ տրամաբանություն եւ համալիր մասնակցության հրամայական, ես միայն դա կողջունեմ: Ինչ էլ հայտարարվի պետք չէ, որ լինի միայն Րաֆֆու կամ միայն «Ժառանգության» որոշում: Եթե մենք ուզում ենք հաջողություն եւ հաղթանակ վերջին 20 տարվա ընթացքում, կարծում եմ, որ այս 10 օրվա ընթացքում հարցին պետք է լրիվ այլ տրամաբանությամբ մոտենանք: Ծրագի՞րն է հետաքրքրոմ, ուրեմն ես ասել եմ, որ ընդունելի է, հաջորդը ո՞րն է` քննարկենք:

 

Իհարկե, ես մեկ-մեկ սխալվել եմ, բայց, ընդհանուր առմամբ, ես միշտ եղել եմ հրապարակային եւ ժամանակ չեմ ձգում, ինտրիգային խաղերի մեջ չկամ, չեմ դիրքավորվում, որ մեկն ինձ սիրի կամ չսիրի, ես ասում եմ, որ մենք ունենք ընդհանուր նպատակ, ես քայլերս բացել եմ, ծրագրային ընդհանություններն ընդունել եմ: Ուզում եմ, որ դեկտեմբերի 22-ին լինի ոչ միայն իմ հայտարարությունը, այլ դրանից տրվի հավաքական պայքարի մեկնարկը:

 

-Քանի որ խոսեցինք ինտրիգներից, անդրադառնանք նախագահական ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ-ի որոշմանը: Երկրի երկրորդ ուժը մի քանի ամիս հանրությանը ինտրիգի մեջ պահելով` վերջում հայտարարեց, որ ո'չ թեկնածու է առաջադրելու, ո'չ էլ սատարելու է որեւէ թեկնածուի: ԲՀԿ-ի խաղից դուրս գալուց հետո ի՞նչ է փոխվելու քաղաքական դաշտում:

-Ես հարգում եմ ԲՀԿ-ի որոշումը: Այնտեղ կա հաշվարկ, կա համեստություն, կա իմաստություն եւ իրականության գնահատական: ԲՀԿ-ի բուն քննություն այն է լինելու, թե որքան սա կմնա անուղղակի մատուցված խոսք եւ որքան շարունակություն կունենա այս խոսքն առաջիկա գործընացներում: Ես, իհարկե, ընթերցել եմ ԲՀԿ-ի հայտարարությունը, իհարկե, խիստ, ոչ ուղղափառ իրականություն է, երբ նման ազդեցիկ ուժ եւ ուժի ներկայացուցիչ որոշում է որեւէ ձեւով չմասնակցել նախագահական ընտրություններին, դա ինքնին ոչ ստանդարտ է, կարող է` եւ ազնիվ լինի, բայց նաեւ չի բացառում որեւէ ստվերային շարունակություն: Ես կոչ եմ անում, որ հարգանքի արժանի այդ որոշման հետքերով այդ ազդեցիկ ուժի ղեկավարը հրապարակ բերի այդ ողջ այլընտրանքային նվիրումը, որով իրենք հանրությանը ներկայացան խորհրդարանական ընտրություններից հետո: Այդ այլընտրանքայնությունը եթե իրական է եւ իրական եղել է մինչեւ հիմա, պետք է այլեւս քայլերով երեւա: Ես ո'չ ուղղորդում եմ, ո'չ էլ խնդրում եմ, բայց ասում եմ, որ խոսքն ասվել է, բայց հիմա խոսքի եւ գործի համընկնման եւ համապատասխանեցման ամենակարեւոր պահն է: Եթե տրամաբանություն պետք է այն լինի, որ մնում են նախորդ կոալիցիայի, կուսակցապետական, ստվերային, ինտրիգային տրամաբանության մեջ, ինչը հակասահմանադրական է եւ մեր ազգի շահերին դեմ է գնում, այլ բան է, բայց եթե այս խոսքից հետո բխում է այն, որ այդ այլընտրաքայնությունը շարունակվում է` նվիրում նոր Հայաստանի, կառավարման նոր համակարգի, երեկվա սխալներից դուրս գալու հավատամքի, ուրեմն կարող ենք ասել, որ խոսքն ու գործը մեկ կարող է լինել: Ինձ համար իմ որոշման վրա ԲՀԿ-ի հայտարարությունը չի ազդել: Հիմա ազդեցիկ կուսակցության նախագահի որոշմամբ դաշտ է բացվել, պատուհան է ճեղքվել առ այն, որ այդ խոսքից հետո կա'մ պետք է նահանջ լինի դեպի հինը, կա'մ գործ դեպի նորը:

 

-Դուք ստվերայնության մասին խոսեցիք: Կասկածնե՞ր ունեք, որ ԲՀԿ-ն այս ընթացքում բանակցել եւ բանակցելու է իշխանությունների հետ:

- Մեր իրականության մեջ ամեն ինչ հնարավոր է, բայց երբեմն այն ինչ հնարավոր է` ճշմարիտ չէ, սխալ է, դրա համար գնահատական չեմ տա: ԲՀԿ-ի որոշումը վերջին ընտրական գործընթացներից հետո անսպասելի էր` չնայած որոշ մարդիկ ասում էին, որ կանխատեսելի էր: Կարծում եմ, որ խոսքին պետք է հետեւի գործողություն: Պետք չէ պասիվ մնալ, չմասնակցել ընտրություններին, դրանով նպաստում են իշխանությունների վերաարտադրմանը:

 

-ԲՀԿ-ի որոշումից հետո չվնասվե՞ց, չթուլացա՞վ միասնական դաշտ ստեղծելու, միասնական թեկնածով նախագահական ընտրություններին հանդես գալու գաղափարը:

-Եթե միասնական դաշտի, հավաքական թեկնածության հնարավորություն երբեւէ եղել է, ուրեմն դեռ կա: Այսինքն` ոչ մի բան այս որոշմամբ չի փոխվել, այսինքն` ի սկզբանե չկար եւ չի լինելու, կամ` կար եւ կլինի:

 

-Պարո'ն Հովհաննիսյան, ուշագրավ է, բայց բավականին լավատես եք եւ հավատում եք, որ հաղթելու եք: Վերջին շրջանում Ձեզ հաճախ են մեղադրում այդ չափից դուրս լավատեսության, ինչ-որ տեղ` միամտության, նաեւ ռոմանտիզմի մեջ:

- (Ծիծաղում է) Լավ է նման բաներում են մեղադրում: Մի շատ ճշմարիտ խոսք կա` չկա երազանք առանց հավատի, չկա հավատ առանց պայքարի: Այն հայը, որը երազանք չունի, մարդ արարած չէ: Երբ բանավիճելու այլ բան չունեն, սկսում են խոսել իմ ռոմանտիզմից, միամտությունից, իմ գեղապաշտությունից: Այո, ես իսկապես գեղապաշտ եմ` գեղեցիկ պաշտող: Եթե չկա այդ ամենը, չկա քաղաքականություն: Դրանք անտեղի քննադատություններ են, որովհետեւ մարդ արարածն այսպես է, եթե մարդ արարածը պետք է պայքարի, եթե հավատում է, որ կարող ենք ավելի լավն ունենալ, դա կարող եք միամտություն կոչել, ռոմանտիզմ, իդիալիզմ: Ես համարում եմ, որ իմ լավատեսությունը, իմ նվիրումը իրական հայկական արժեքներ են:

 

Զրուցեց Ագնեսա Խամոյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica