close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+25°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երջանիկ եմ, որ կարողանում եմ բնությունից ակնթարթներ գողանալ

Հարցազրույց

13 Դեկտեմբերի 2012, 16:50
 Երջանիկ եմ, որ կարողանում եմ բնությունից ակնթարթներ գողանալ

Մակրոլուսանկարիչ Նարե Ջան Մկրտչյանը բոլորովին էլ չի նեղսրտում այն հանգամանքից, որ լուսանկարչության մեջ իր բացած ճանապարհն անհարթ է` փոխարենն այդ ճանապարհն իրենն է. ինքն է ընտրում, թե ինչպես գունավորի իր աշխարհը: Նարե Ջանը մասնագիտությամբ տնտեսագետ-ապրանքագետ է, սակայն էությամբ` լուսանկարչուհի: Նարեն սիրում է նկարել այն, ինչը թաքնված է շատերի աչքից: Նա կարծում է, որ մակրոլուսանկարչությունը քիչ բացահայտված աշխարհ է, որի դռները քո առջեւ կբացվի միայն այն դեպքում, եթե վառ երեւակայություն ունես եւ համբերատար ես, քանի որ երբեմն 10 000 կադր նկարելուց հետո միայն կարող ես ստանալ այն միակ կադրը, որը հանգիստ սրտով կարող ես կոչել ՀՐԱՇՔ: Ի դեպ, Նարե Ջանն այնքան էլ չի սիրում խոսել, ասում է` թող նկարներս պատմեն իմ մասին, սակայն այս դեպքում նա «ստիպված» էր խոսելSmile   

 

-Ինչի՞ց սկսվեց ամեն ինչ:

-Առաջին անգամ նկարելու փորձ արել եմ հեռախոսով: Հետո թվային տեսախցիկով սկսեցի մի քիչ ավելի լրջորեն զբաղվել լուսանկարչությամբ եւ հենց այդ ժամանակ էլ հասկացա, որ լուսանկարչությունն ինձ գրավում է: Երբ ծնողներս տեսան ձգտումս, պրոֆեսիոնալ լուսանկարչական ապարատ գնեցին, որով էլ սկսեցի խորանալ լուսանկարչության ու, հատկապես` մակրոլուսանկարչության մեջ: Մանրադիտակով արված լուսանկարները կոչվում են միկրոլուսանկարներ, իսկ փոքր իրերի խոշորացված նկարը կոչվում է մակրոլուսանկար: Մակրոն այնքան հետաքրքիր է` գուները, շարժումը, դա անտեսանելի, բայց շատ գրավիչ աշխարհ է: Հասարակ երևույթներն այնպես էի նկարում, շատերը դժվարությամբ էին հասկանում, թե դա ինչ է:

 

-Ինչո՞ւ ընտրեցիր մակրոն. այնտեղ ավելի խորը գնալու հնարավորությո՞ւն կար: Ո՞րն էր առաջին մակրո աշխատանքդ:

-Մակրոն հետաքրքիր է, քանի որ, կախված երեւակայությունից, դրա տված հնարավորություններն անսահման են: Լուսանկարչության այս ուղղությունը հնարավորություն է տալիս ստանալ այն ամենը, ինչ պատկերացնում եմ: Սիրում եմ բնության տարերքներ նկարել: Փորձում եմ աշխարհը ներկայացնել իմ աչքերով: Առաջին մակրո աշխատանքս ցող էր` նստած ծաղիկների վրա: Ես անհարթ ճանապարհով եմ անցնում, որն էլ օգնում է ստեղծել իմ ձեռագիրը:

 

-Ի՞նչ կարող ես տեսնել դու, որը հաստատ կվրիպի իմ աչքից:

- Հաճախ մարդիկ տեսնում են միայն իրերի արտաքին կողմը` չմտածելով անգամ, որ դրանց խորքում «կյանքն» ավելի գեղեցիկ է: Օրինակ` դուք չէիք նկատի ջրի կաթիլի մեջ արտացոլված ինչ-որ պատկեր, ասենք` մայրամուտը, ծովը, կրակը:

 

-Լինո՞ւմ են դեպքեր, որ նկարելուց հետո ես ինչ-որ նոր պատկեր հայտնաբերում:

-Իհարկե: Նկարելու ընթացքում իմ աչքը չի հասցնում որսալ նկարվող կադրի մանրամասները: Օբյեկտիվը շատ ավելի զգայուն է, քան մարդու աչքը:

 

-Մեծ իրերը չունե՞ն թաքնված կողմեր:

- Մարդիկ, իրերն ու երևույթները բոլորն էլ ունեն իրենց թաքնված կողմերը: Մակրոլուսանկարչությունն ինձ հնարավորություն է տալիս ներկայացնել հենց այդ թաքնված կողմերը: Մակրոլուսանկարչությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան բարդ տեխնիկա, լուսավորման սարքեր, նյութեր և այլն: Բայց, քանի որ Հայաստանում այս ճյուղը զարգացած չէ, հնարավոր չէ ձեռք բերել անհրաժեշտ տեխնիկան: Չունենալով այդ ամենը` ես իմ ֆոտոստուդիայում ինքնուրույն եմ ստեղծում տեխնիկային փոխարինող միջոցներ, որոնց շնորհիվ էլ կարողանում եմ ստանալ արտասահմանյան մակրոլուսանկարներին ոչնչով չզիջող նկարներ:

 

-Հայաստանում որքանո՞վ է զարգացած մակրոլուսանկարչությունը:

-Յուրաքանչյուր լուսանկարիչ պետք է փորձի իրեն բոլոր ուղղություններում ու այդ բոլորից ընտրի հենց իրենը: Շատ հայ լուսանկարիչներ ունեն մակրոլուսանկարների շարքեր, բայց ոչ մեկը չի խորացել այս ճյուղի մեջ: Իսկ ես առաջին իսկ փորձից հետո տարվեցի այս ուղղությամբ և խորանալով ստեղծեցի բազմաթիվ չկրկնվող ֆոտոշարքեր:

 

-Վախ չկա՞ շատ խորը գնալու:

-Չէ, հակառակը: Ուզում եմ տարերքները խառնել, ներկայացնել իմ աչքերով, ու այնպիսի լւսանկարներ անել, որ աշխարհի մասշտաբով նորություն կլինեն: Ինչքան շատ բան ես բացահայտում, այնքան ավելի շատ ես տարվում:

 

-Մակրոլուսանկարչությամբ մարդուն ցուցադրելիս ինչպե՞ս կներկայացնեիր:

-Հիմնականում աչքերը կնկարեի, ուրիշ խորություն ունեցող օրգան, որն ավելի լավ կպատմի մարդու մասին, չկա: Աչքերը մակրոյով շատ գեղեցիկ են, բայց պետք է նշեմ նաեւ, որ մարդիկ մակրոյով այդքան էլ հետաքրքիր չեն: Մարդկանց մակրոօբյեկտիվով չեմ նկարում, ես նրանց նկարում եմ իմ ստուդիայում տարբեր կերպարներով, տարբեր լուսավորության պայմաններում և էքստրեմալ պայմաններում: Մակրոյում իմ տարերքը ջուրն է, ջուրն ամենաանկանխատեսելի երևույթն է, այն կարելի է համադրել մյուս տարերքների հետ: Եթե անգամ մի քանի այլ տարերքներ եմ նկարում, մեկ է, ջուրը պետք է նրանց միացնողը լինի:

 

-Եթե Հայաստանը ներկայացնեիր մակրոլուսանկարի տեսքով, ի՞նչը հատկապես կնկարեիր:

-Փորձել եմ եւ նման մի շարք ունեմ, բայց չեմ ուզում այդ մասին պատմել, քանի որ շուտով ուզում եմ այն ցուցադրել: Մակրոլուսանկարներով ներկայացրել եմ Հայաստանի և' բնությունը, և' խորհրդանիշերը:

 

-Մակրոն չսպառվո՞ղ թեմա է:

-Այո, այս ուղղությունը անընդհատ զարգացում է ապրում: Հիմա ուզում եմ նոր նյութերով մակրոլուսանկարների շարք անել: Նյութերի ֆիզիկական և քիմիական հատկություններն ինձ օգնում են նոր դռներ բացել այս ուղղության մեջ:

 

-Որքանո՞վ է քո չարչարանքը գնահատվում:

-Կարելի է ասել` չի գնահատվում: Հայաստանում մակրոլուսանկարչությունը ոչ եկամտաբեր ուղղություն է, դրանով կզբաղվի միայն նվիրյալը: Իմ լուսանկարները ներկայացնում եմ համացանցում, կայքերում և ֆեյսբուքյան իմ էջերում: Մի շարք նկարներ ունեմ, որոնք շատ տարածված են եւ իրենք իրենց ճանապարհը հարթել են` առանց իմ միջամտության:

 

-Տանեցիները չե՞ն ասում, որ թողնես լուսանկարչությունը եւ մի «կարգին» գործով զբաղվես:

-Այո, ասում են, բայց մեկ է, սիրում եմ լուսանկարչությունը: Չի բացառվում, որ հետագայում տնտեսագիտությամբ զբաղվեմ, բայց լուսանկարչությամբ չզբաղվել չեմ կարող:

 

-Թվում է, թե իրերի ներսում այնքան էլ գույներ չկան, բայց քո լուսանկարները շատ գունավոր են,ս ինչպե՞ս է ստացվում:

-Այո, ճիշտ է, մակրոյում գույները քիչ են, բայց բնական գույներ են: Ես չեմ սիրում արհեստական ձևով գույներ ստանալ, եւ հետո դրա կարիքը չկա. ի՞նչ գույն պետք է ստանաս, որ բնականից ավելի գեղեցիկ դիտվի: Մակրոլուսանկարչության մեջ ամենահետաքրքիրը այն է, որ դու իրականում չես կարող տեսնել այն, ինչ ֆիքսում է ֆոտոապարատը, միայն լուսանկարելուց հետո ես հայտնաբերում այդ ամենը: Ես երջանիկ եմ, երբ ինձ հաջողվում է գողանալ բնությունից այդ ակնթարթը:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
Ղազախստանի դեսպանը ԱԱԾ-ում էր
20 Սեպտեմբերի 2018, 10:50 Ղազախստանի դեսպանը ԱԱԾ-ում էր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica