close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պ․գ․թ․ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը Լոնդոնում հանդես է եկել հայկական կորուստների մասին դասախոսությամբ

Հասարակություն

28 Նոյեմբերի 2021, 12:23
 Պ․գ․թ․ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը Լոնդոնում հանդես է եկել հայկական կորուստների մասին դասախոսությամբ

2020 թ․ փետրվարին, երբ Լոնդոնում և Օքսֆորդում կայացավ «Թաթուլ Կրպեյան․ Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» խորագրով գրքիս անգլերեն թարգմանության շնորհանդեսը, առիթ ունեցա ճանաչելու բրիտանահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների։

Այս աշնանը, կրկին այցելելով Լոնդոն, գործնական ու աշխատանքային հանդիպումներ ունեցա հայ համայնքում։

Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Լոնդոնի մասնաճյուղի հրավերով սույն թվականի նոյեմբերի 5-ին դասախոսությամբ հանդես գալու հնարավորություն ունեցա Լոնդոնի Նավասարդեան կենտրոնի դահլիճում, որտեղ «Կովիդ-19»-ի համավարակի համաշխարհային բռնկումից ու դրանով պայմանավորված խստացումներից ու սահմանափակումներից գրեթե մեկ տարի անց առաջին մեծ միջոցառումն էր տեղի ունենում։

Դասախոսությունը, որը ներկայացրեցի, վերնագրել էի․ «Հայկական տարածքային և պատմամշակութային կորուստները վերջին հարյուրամյակում»։ Թեև նյութի հստակ ժամանակագրական սահմանները նշված էին, սակայն այն ընդգրկում էր ավելի ընդարձակ, գրեթե երկու հարյուր տարվա կտրվածքով հայկական պատմական ծանրագույն կորուստները՝ տարածքային, հոգևոր, մշակութային և այլն։

Երկու հարյուր տարվա պատմություն՝ սկսած 19-րդ դարի առաջին քառորդում կատարված անցքերից, ներկայացված ավելի քան երկու ժամ տևած դասախոսությամբ՝ հագեցած պատմական փաստերով, արխիվային տվյալներով, մեջբերումներով, քարտեզներով, լուսանկարներով, նաև, բնականաբար, իմ ընդգծված բացատրություններով ու մեջբերումներով․ ահա այն ամենը, որ ինձ հաջողվեց պատմել, վերլուծել, համեմատել, նկարագրել ու բացատրել։

Երբ այժմ հետահայաց վերաքննության եմ ենթարկում, զարմանում եմ ինքս իմ համարձակության վրա, եթե համեստություն չանեմ։ Որովհետև այդ լայն, խրթին պատմական անցքերով ու դեռևս բազմաթիվ «սպիտակ» էջերով հարուստ ժամանակաշրջանում տեղի ունեցած յուրաքանչյուր իրողություն՝ լինի պատերազմ, կնքված պայմանագիր, հեղափոխություն, նոր ձևավորված կամ անկում ապրած պետական կազմավորում, անհատներ և այլն, առանձին վերցրած ո՛չ թե մեկ, այլ բազմաթիվ դասախոսությունների նյութեր են։ Դրանցից յուրաքանչյուրն արդեն իսկ քննարկման առարկա է եղել բազում գրքերում, հոդվածներում։ Իսկ մի շարք հարցեր ոչ պատշաճ կամ սակավ ուշադրության են արժանացել՝ քաղաքական, գաղափարախոսական, իմաստասիրական և տիրապետող համակարգային տարատեսակ սահմանափակումների պատճառով։

Իսկ, ինչ վերաբերում է իմ դասախոսությանը, ապա ես այն կազմակերպել էի՝ որպես պատմական զարգացման համընդհանուր գործընթացի բաղկացուցիչ մաս, պատճառահետևանքային հստակ կապերով փորձելով ցույց տալ գաղութատիրական, կայսրապաշտական քաղաքականության ընթացքը, որի խորխորատներում գալարվել են մետրոպոլիայի ծայրամասերում բնակվող, փոքրամասնություն համարվող ազգությունները և ժողովուրդները, այդ թվում, մասնավորապես, մենք՝ հայերս։ Իմ առաջ խնդիր էի դրել ունկնդրին պատկերավոր ցույց տալ այն հստակ քաղաքական գիծը, որը դարերի ընթացքում անշեղորեն տարվել ու այժմ էլ տարվում է մեր ժողովրդի հանդեպ։ Մասնակիցների արտահայտած կարծիքները վերլուծելով, կարծում եմ, ինձ հաջողվեց կատարել նախանշված խնդիրը։

Դասախոսությանը ներկա էին լոնդոնահայ համայնքի տարբեր տարիքի բազմաթիվ ներկայացուցիչներ՝ թե՛ ղեկավարներ, և թե՛ շարքային անդամներ։ Հանդիպումն ավարտվեց ներկաների՝ ինձ ուղղված հարցերի քննարկմամբ և լուսանկարվելու սիրալիր արարողությամբ։

Ընդհանուր և անհատական քննարկումների ընթացքում հնչած կարծիքներն ու տեսակետները կարևոր էին ինձ համար, ինչպես, որ դրանք էական են յուրաքանչյուր բանախոսի համար, քանի որ նպաստում են հետագայում դասախոսություններ պատրաստելիս ավելի կառուցողական ու ստեղծագործ մոտեցում ցուցաբերելուն։ Այդ իսկ պատճառով, դրանցից մի քանիսը հարկ եմ համարում ներկայացնել նաև ընթերցող հանրությանը։

Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան

«Ես հազիվ էի նստած տեղում դիմանում՝ լսելով մեր ժողովրդի հանդեպ հետևողականորեն իրականացված այս անարդարությունների մասին։ Նույնը դարեր առաջ էր և նույնը այժմ է։ Ադրբեջանը շարունակում է հայատյաց քաղաքականությունը և հսկայական ֆինանսական միջոցներ է ներդնում լոբբինգ իրականացնելու, պատմական փաստերն ու եղելությունները կեղծելու, մեր մշակութային ժառանգությունը սեփականացնելու ուղղությամբ։ Որքան, որ այս թեմաները մեզ համար կարևոր են, կրկնակի կարևոր է այս փաստերը օտարերկրացիներին՝ թե՛ միջազգային կազմակերպություններին, և թե՛ անհատներին ներկայացնելը»։

Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Լոնդոնի մասնաճյուղի ատենապետ Դոկտ․ Հրաչ Պօղոսեան

«Տիկ․ Իրինա Բարսեղյան-Կրպեյանի դասախօսութիւնը «Հայկական տարածքային եւ պատմամշակութային կորուստները վերջին հարյուրամեակում» (Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութիւն – Լոնտոն, Նաւասարդեան Կեդրոն, 5 նոյեմբեր, 2021) չափազանց հետաքրքրական դասախօսութիւն էր։

Տիկ․ Կրպեյան կարողացաւ իր դասախօսութեամբ փոխանցել մանրամասն ուսումնասիրուած այն բոլոր եղելութիւնները, որոնք վերջին հարիւրամեակին զանազան առիթներով պատճառ հանդիսացած են մեր պապենական երկրի տարածքային կորուստներու։

Դասախօսութիւնը իր բովանդակութեամբ, պատմական բազմազանութեամբ, կառուցուածքով եւ ներառուած քարտէզներով բացայայտումն էր Հայ Ժողովուրդի դէմ գործուած անարդարութիւններուն՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար, տասնըիներորդ դարու վերջին եւ քսաներորդ դարու սկիզբին, առաջին համաշխարհային պատերազմի նախօրեակին, խորհրդային շրջանին եւ այսօր։

Դասախօսութիւնը կը պարունակեր տեղեկութիւններ, որոնք նորութիւն կրնան ըլլալ ոչ միայն սփիւռքահայի համար, այլ Հայաստանաբնակ մեր հայրենակիցներուն նաեւ։ Խորհրդային Հայաստանի տարածքէն կորուստներ, որոնք կատարուած են ոչ պատերազմական, այլ  խաղաղ ժամանակներուն, որոնք ոչ մի միջազգային կամ տեղական համաձայնագրերով վավերացուած չեն։ 

Ներկայացուած տարածքային կորուստներու շարանն ու հանգամանքները նկատի ունենալով՝ հարկ է ազգովին սթափուիլ, արթննալեւ լիակատար լծուիլ նախ ինքնազարգացման եւ ապա լիարժէք դիւանագիտութեան՝ պատրաստ ըլլալու ու դիմագրավելու յառաջիկայ մարտահրավէրները»։

Դոկտ․ Հրաչ Չիլինկիրեան (հասարակաբան, սփյուռքագետ)

«Պատմական փաստերով խիտ, գիտելիքներով հարուստ եւ յատկապէս Հայաստանի ներկայ իրականութիւնը լուսաբանող յագեցուցիչ դասախօսութիւն էր։

Այս նիւթերը կարելի է աւելի լայն շրջանակներու մատչելի դարձնել, որպէս դասեր, որոնք անհրաժեշտ են ներկային եւ ապագային համար. եւ ոչ թէ լոկ որպէս «կորուստներու պատմութիւն», այլ աւելի մտածուած, իրապաշտ եւ հեռուն նայող քաղաքական մտածողութիւն մշակելու համար»։

Բրիտանահայ համայնքային խորհրդի ատենապետ Արմանդ Աբրահամեան. «Որպէս մեր պատմութեան ծանոթ մի Հայ անհատ՝ սովորել ենք մեր պատմական հողերի, հարուստ հոգեւոր ճարտարապետութեան և յուշարձանների մասին։

Մենք տեղեակ ենք, որ պատմութեան ընթացքին մեր երկրի սահմանները ենթարկւել են փոփոխութիւնների՝ օտար ուժերի ներխուժման կա՛մ պատերազմների հետևանքով։

Սահմանների այս փոփոխութիւնը երբէք չեն եղել այսքան հաճախակի, ինչքան վերջին 120 տարրիների ընթացքին և չեն ունեցել այսպիսի ընդգծւած ազդեցութիւն մեր ազգաբնակչութեան վրայ։

Մեր այս բոլոր կօրուստների ծանրութիւնը և մասշտաբը շատ աւելի ընկալելի դարձաւ,երբ ներկայացւան պատմութեան վերջին շրջանի դէպքերի հետ զուգահեր և քննարկւան դրանց ազդեցութիւնը մեր սահմանների և ազգաբնակցութեան վրայ։

Մեր թշնամիները և հակառակորդները, հազարամեակների ընթացքին ճզմել են մեր սահմանները և իրենց շահերին են վերարտադրել պատմութիւնը։

Նիւթը, թեկուզ ցաւալի, բայց և այնպէս հետաքրքիր և լուսաբանական ներկայացում էր Տիկ․ Իրինա Բարսեղյան-Կարպեյանից»։

Լոնդոնահայ համայնքի երկարամյա պատասխանատուներից, ազգային-հասարակական ճանաչված գործիչ Հայաստան Վարդանեան

«Նախ ըսեմ, որ առաջին անգամն էր, որ մենք Լոնտոնի մէջ բաղտը եւ պատիւը ունեցանք ներկայ ըլլալու դասախօսութեան մը, որ ներկայացուեցաւ մեզ ականաւոր պատմաբան Դոկտոր Իրինա Կրպեյանի կողմէ։

Նիւթը բովանդակալից էր եւ գիտական, թէ ինչպէս Հայաստանի, հարեւան եւ ոչ-հարեւան, անողոք պետութիւններ, ցարական, թէ սովետական, բզկտեցին մեր հայրենի հողերու փետուրները եւ թողեցին մեզ միջնապատ հողեր - Հայու ճակատագիր, որոշուած օտար պետութիւններու կողմէ։

Դժուար է, որեւէ դասախօսի մը համար, հարիւրամեակներու պատմութիւն մը ներկայացնել տարեթիվերով, մեկ ժամուայ մէջ - (Լոնտոնեան նորմալ դասախօսութիւններու համար սահմանված ժամով) - սակայն, ներկաները հետագրքրութեամբ եւ համբերութեամբ ունկնդրեցին շուրջ երկու ժամ տեւող, տարեթիվերով լի դասախօսութիւնը, որը, անկասկած, հոգնեցուցիչ եւ հուզիչ էր նաեւ հմուտ դասախօսին համար։

Ինծ համար ամենից աւելի հուզող տարեթիվը 1921-ն էր, երբ անողոք ձեռքեր, թուղթէ քարտեսի մը վրայ գծելով, պոկեցին ԱՐԱՐԱՏԸ իր հարազատ մօրմէ եւ յանձնեցին «որդեգիր» մօր մը – Ինչու՞։

Այնուամենայնիւ, կը շարունակենք հավատալ եւյուսալ որ մենք հզոր Հայաստանով ու հզոր Սփիւռքով միասնաբար ի վիճակի կրնանք ըլլալ մենք մեր իւղով տապկուելու եւ որոշելու մեր ազգի ճակատագիրը․․․»։

Լոնդոնում գտնվելուս առիթը բաց չթողնելով, ես կրկին հարցազրույցներ ունեցա մի շարք հայ մտավորականների, ազգային-հասարակական ու հոգևոր գործիչների, նաև լոնդոնահայ երիտասարարդության ներկայացուցիչների հետ։ Այդ ուշագրավ հարցազրույցները, որոնք արծարծում են Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ու դրանից հետո լոնդոնահայ համայնքի ձեռնարկումները, մտահոգությունները, ներկայի ու առաջիկայի անելիքները, հաղորդումների տեսքով մոտակա շաբաթներին կլինեն Հայաստանի հանրային ռադիոյի՝ իմ հեղինակային «Ժամանակի վկան» հաղորդաշարի եթերում։ Հետաքրքրվողները հեշտությամբ կարող են դրանք գտնել Հանրային ռադիոյի համացանցային պաշտոնական կայքէջում՝ «Ժամանակի վկան» հաղորդաշարի հարթակում։

 

Իրինա Բարսեղյան-Կրպեյան (պ․գ․թ․),

«Ժամանակի վկան» հաղորդաշարի հեղինակ,

Լոնդոն-Երևան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica