close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշնակցության և ժողովրդի հոգևոր կապի անքակտելիությունը

Քաղաքական

27 Նոյեմբերի 2021, 16:12
 Դաշնակցության և ժողովրդի հոգևոր կապի անքակտելիությունը

Հայ Յեղափոխական Դաշնակցության 131-ամյակի առիթով Yerkir.am-ը վերահրապարակում է հայ մեծանուն մտավորական Ռազմիկ Դավոյանի մտորումները Դաշնակցության մասին՝ տպագրված «Մունետիկ» թերթում (1990 թ., թիվ 13-14, սեպտեմբեր 7)

 

Հայ ժողովրդի յոթանասուն տարվա թանձր մտասևեռումը վերջապես լուսավորվեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի 1990 թվականի օգոստոսի 8-ի Հայտարարագրով, որը Դաշնակցության գործելակերպի ոճին հարազատ անպաճույճ ձևով ընթերցվեց Հայոց Խորհրդարանի նիստերից մեկի հայտարարությունների բաժնում, առանց դրսևորելու հայ ժողովրսի այն բուռն սպասումը, որ նախորդել էր դրան, և առանց հիշեցնելու այն անհամար զրկանքներն ու տառապանքները, որ կրել է հայոց ազգային կուսակցությունն իր յոթանասունամյա վտարանդիության ճանապարհին:  Նրա շարքային անդամները բազմապատիկ դաժան հալածանքների են ենթարկվել իրենց հայրենիքում, ետպատերազմյան հայրենադարձությունից հետո, և նրանցից շատերն են իրենց մահկանացուն կնքել Սիբիրի աքսորավայրերում: Տուն վերադարձավ ժողովրդի առաքինի զավակը՝ հայոց պահանջատիրության, Հայ Դատի, օտար ափերում հայապահպանության անասելի ծանր ու նվիրական բեռը շալակին, իր գոյության հարյուր տարիները բոլորած, մաքուր խղճով ու մաքուր ձեռքերով, իր լուսավոր ճակատին՝ հայ ազգի այսօրվա և վաղվա ծանր մտահոգության կնճիռներով: «Տուն վերադարձավն» այս պարագայում և՛ ճիշտ, և՛ սխալ արտահայտություն է: Ճիշտ է, որովհետև, որքան հայտնի է, Դաշնակցությունը խորհրդային իշխանության տարիներին Հայաստանի տարածքում ո՛չ թաքուն, ո՛չ էլ բացահայտ գործունեություն չի ծավալել: Նաև սխալ է, որովհետև որքան հայտնի է հայ ժողովուրդը դժվար թե դիմանար խորհրդային պետության մսաղացում, եթե հոգում չկրեր Դաշնակցության հուսատու պատկերը, նրա վաղ կամ ուշ վերադարձի ամփոփիչ հույսը, և այդ իսկ պատճառով անգնահատելի է նրա գոյության արժեքը հայրենի ժողովրդի կյանքում:

Հայ մտքի լուսավոր բևեռացումներից մեկը՝ Նիկոլ Աղբալյանը, դաշնակցականի տիպարը բնորոշող իր էսսեատիպ հոդվածում գրում է՝ «Դաշնակցակցության մեջ չկա և չի կարող լինել մասնագիտացում, որովհետև մեր կուսակցությունը ոչ թե մասնագետների միություն է, այլ հանրային որոշ տիպարների ընկերություն. մարդիկ, որ սուր ականջ ունեն հայության տառապանքի ճիչը լսելու, ուր և նա հնչե…(ընդգծումն իմն է՝ Ռ.Դ.)»: Արդարության սիրույն պետք է նշել, որ 70 տարվա պատվիրատուի «ցնծությունների» տակից անընդհատ հնչում էր հայ ժողովրդի տառապանքի ճիչը, Դաշնակցությունն էլ ականջ ուներ դա լսելու և հիմնականում դրա շնորհիվ կարողացավ գոյատևել աշխարհում: Դաշնակցության և ժողովրդի ներքին կապը ակնհայտ է և անուրանալի: Դա հարազատ ծնողի և զավակի արյան կապն է՝ խորթ աշխարհի մեջ խորաթափանցելու ապարդյուն փորձությանը ենթարկված: Իմ կարծիքով, հենց այդ է, որ գրված է՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը բացահայտում է… (ընդգծումն իմն է՝ Ռ.Դ.) իր կազմակերպական ներկայությունը Հայաստանի ամբողջ տարածքում….»։ Ուղղակի այդպես՝ «բացահայտում է» ներկայությունը, ոչ թե հռչակում:

Մի՞թե պատահական պիտի համարենք այն փաստը, որ երբ սկսվեց Ղարաբաղի ազգային-ազատագրական շարժումը, խորհրդային մամուլը վայնասուն բարձրացրեց, թե այդ շարժումը հրահրված է դրսից՝ Դաշնակցության կողմից: Իրողությունը բոլորիս հայտնի է, որ այդպես չէր. Դաշնակցությունն իրատեսորեն գտնում էր, որ հարցը նախապատրաստված չէ: Սակայն խորհրդային թելադրիչներն ու նրանց տեղական հուշարարներն այդ կարծիքը տարածելով, ինչպես ասում են՝ մի գնդակով երկու նապաստակ էին խփում.  մեկ՝ իրենց բուռն զայրույթն էին արտահայտում Դաշնակցության և հայ ազգի հոգևոր կապի անքակտելիության վերաերյալ, մել էլ՝ մի անգամ ևս հնչեցնում էին իրենց բռնատիրության անսասանելության սպառնալիքը, փորձելով նրան սևացնել միամիտ ընթերցողի աչքում: Սակայն ուշադրության արժանի է, որ այս ակնհայտ միտումնավոր ենթատեքստում իսկ Դաշնակցությանը վերագրվող գործողությունները կապվում են ժողովրդի նվիրական իղձերի հետ: Սա ոչնչով չես գրի և ոչնով չես կարող ջնջել:

Դաշնակցության իրական պատմությունը նոր հռչակված Հայաստանի Հանրապետությունում հարազատ ձևով ուսումնասիրելու ժամանակը եկել է դեռ երեկ, և դա պետք է միաժամանակ սկսվի թե՛ դպրոցական նստարանների վրա, թե՛ ակադեմիաներում: Դրա անհրաժեշտությունն այսօր ավելի քան ակնառու է, երբ քաղաքական, հոգևոր ու ֆիզիկական պարբերական հալածանքների ենթարկվող Հայոց Հանրապետությունը մտնում է քաղաքական ու տնտեսական նոր ուղեծիր, որտեղ անակնկալներն ավելի շատ են, քան ծրագրված իրագործումները կարող են լինել: Այդ պատմությունը փակի տակ պահելն ու խեղաթյուրված պատառիկներ ներկայացնելը ահռելի կողոպուտ է եղել հայ ժողովրդի ազգային-քաղաքական կյանքում, անցած յոթանասուն տարիների ընթացքում:

Թող իմ խոսքը չարագուշակ մարգարեության նման չհնչի, բայց ես ուզում եմ ուշադրության հրավիրել մի, ըստ իս, շատ կարևոր հանգամանքի վրա. այն, որ ինչպես մենք ինքներս ենք վերաբերվում մեր ժողովրդի արժանավոր զավակներին, ողնաշարային գոյություններին, դրա համարժեքով վերաբերվում են օտար ժողովուրդները մեր ամբողջ ազգին, օտար պետությունները՝ մեր պետությանը: Եթե մենք օտարում ենք մեր միջից զորավար անհատին, որ նա չի ուզում և չի կարող տեղավորել մեր առաջարկած կաղապարների շրջանակներում,  օտարում ենք մեր հասարակության մեջ ստեղծված և մեր ժողովրդի գերագույն շահերին ծառայող ուժեղ կառույցը, ապա օտար ժողովուրդներ և պետություններ, համանմանության զարմանալի օրինաչափությամբ, փորձում են օտարել մեզ ամբողջովին՝ աշխարհի հասարակությունից: Որքան մենք իրատեսորեն բարձր գնահատենք մեր իրական արժեքները և համախմբվենք դրանց շուրջ, այնքան բարձր կգնահատի աշխարհը մեզ, հաշվի կնստի մեզ հետ, և այնքան ավելի քիչ առիթներ կունենանք աշխարհի անարդարություններից բողոքելու:

Իմ կարծիքով, սա է նաև իրական ինքնուրույնության ամենազորավոր գործոններից մեկը: Այսօր Դաշնակցությանը մեր վերապահած տեղից ու գնահատականից է կախված զգալապես մեր Հանրապետությանը օտարների վերաբերմունքի դրական կամ բացասական բովանդակությունը:

Մի կարճառոտ խոսքի սահամաններում, որպիսին իմ այս խոսքն է, հնարավոր չէ թեկուզ ընդհանուր ուրվագծերով ներկայացնել ազգօգուտ այն հսկայական աշխատանքը, որ Դաշնակցությունը տանում է արտասահմանում համայն հայության նպատակների և խնդիրների ուղղությամբ, այդ պատճառով ես դրան  չեմ անդրադառնում, հուսալով, որ այդ գործընթացը կսկսվի շուտվ: Եվ ի լրումն սրա, այն, ինչ ձեռնարկել է Դաշնակցությունն այս վերջին երկու և կես տարիների ընթացքում՝ Ղարաբաղի և Աղետի գոտու ժողովրդին օգնելու ուղղությամբ, արժանի է ամենայն հարգանքի և հիացմունքի: Ընդհանուր հայ գաղութի ջանքերն ու տագնապները երբեք չնսեմացնելով, մանավանդ Բարեգործականի և մյուս կուսակցական, մշակութային ու կրոնական կազմակերպությունների ամբողջական նվիրումի փաստը ակնհայտ է: Բայց եթե մյուս կազմակերպությունների արածների մասին մենք լիարժեք և դեռ ավելիով տեղյակ ենք պահել մեր ժողովրդին և երախտագիտության խոսքն ենք ուղղել նրանց, Դաշնակցության արածը միտումնավոր թաքցրել ենք ժողովրդից, և մարդիկ չգիտեն, թե որո՞նք են Դաշնակցության ծառայությունները, այդ Ավագ Որդին ի՞նչ է մտածում Հայաստանի մասին, ի՞նչ ծրագրեր է նախապատրաստում մեր ժողովրդի այսօրվա ապագայի համար: Դաշնակցությունն այսօր, առանց վերամբարձ խոսքերի և հայտարարությունների, Հայաստանի տնտեսական ընդհանուր զարգացման հեռանկարային ծրագիր է ներկայացրել պետական մակարդակով, և ինչպես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց նստաշրջանին տված իր հաղորդման մեջ, պատրաստ է գործակցելու մեր իշխանություների հետ՝ այդ դժվարագույն խնդրի իրականացման համար: Այդ գործակցությունից կշահեն միայն մեր հանրապետությունը, մեր ժողովուրդը, միայն թե այդ գործակցության համար պետք է պայմաններ ստեղծել: Այս գործի համար Դաշնակցությունը դրսում պատրաստել է հրաշալի կադրեր՝ տնտեսության ու քաղաքականության գրեթե բոլոր մարզերում, միջազգային փորձով ու հմտությամբ հարուստ, որոնց ներկայությունն այսօր Հայաստանում օդի պես անհրաժեշտ է: Դաշնակցության «Հայ Դատի»  հանձնախումբ կազմակերպության ջանքերի շնորհիվ է, որ վերջապես ամերիկյան սենատը տեղից շարժվեց՝ առաջին հինգ միլիոն դոլարը հատկացնելով Հայաստանի վերաշինությանը, գործունեության բնագավառները սահմանափակելով ըստ իր ուզածի և երկրորդ հինգ միլիոնը հատկացնելու որոշում ընդունեց, առանց այդ սահմանափակումների: Հիմա աշխարհի որ ծայրում էլ հայության ճակատագրին վերաբերող մի որևէ վճիռ ընդունվի, դժվար թե դա կատարվի առանց Դաշնակցության ներկայությունը հաշվի առնելու:

Ընկերվարական կացութաձև ստեղծելու մեր հսկայական երկրի դառը փորձը հուսանք, որ ուսանելի դաս եղավ Դաշնակցության համար, խաբկանքների ժամանակն անցավ, մնաց միայն ազգի համար ապահով հայրենիք կերտելու նվիրական գաղափարը, մնաց միայն ապահով հայրենիքում սուրբ ժողովրդավարությունը իրական գործի վերածելը, որի ճանապարհը տատասկոտ է չափազանց, բայց՝ երանելի: Դաշնակցության շարքերում սրա մասին երազել են հայ ժողովրդի այնպիսի հավերժական պայծառ անուններ ինչպիսիք են՝ Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Թումանյանը, Լևոն Շանթը, Ավետիս Ահարոնյանը, Սիամանթոն, Նիկոլ Աղբալյանը, Ակսել Բակունցը և շատ ուրիշներ: Ազգային ցավի և ազգային երազանքի ծանր բեռով հալածված նրանց հոգիները հիմա ցնծում են Դաշնակցության հետ իրենց նվիրական իղձերի տունդարձով և աղերսում են, որ հին սխալներն այլևս չկրկնվեն: Նրանց ձայնը լսելի պիտի լինի յուրաքանչյուր հայի համար, քանի որ Դաշնակցությունը մնում է ազգային միասնության իր սրբազան ուխտին հավատարիմ:

 

Ռազմիկ Դավոյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica