close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը ՀՀ ամբողջական կապիտուլյացիան է

Քաղաքական

17 Նոյեմբերի 2021, 13:21
 Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը  ՀՀ ամբողջական կապիտուլյացիան է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի կնքման, դրա հետևանքների և դրանից բխող վտանգների մասին զրուցելու ենք քաղաքագետ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հետ։

- Մենք գրեթե ամեն օր լսում ենք հայտարարություններ Բաքվից, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը և Արցախին: Բացի այն, որ ադրբեջանցիները հետևելով իրենց ղեկավարի օրինակին, հավատում են, որ «Զանգեզուրն» իրենցն է, դեռ մի բան էլ կարծում են, թե իրենք այս տարածաշրջանի ամենահին ժողովուրդն են։ Այս ամենը համարե՞նք քննարկում ՀՀ-ի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի շուրջ։

- Խաղաղության պայմանագիրը հարաբերական է ասված։ Ադրբեջանցիների պատկերացրած խաղաղությունը Հայաստանի ամբողջական կապիտուլյացիան է և անվտանգային համակարգի տոտալ կազմաքանդումը։ Խաղաղության համար պետք է լինի երկկողմանի ձգտում։ Այսօր մենք ինչ տեսնում ենք Ադրբեջանում՝ և՛ ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարություններում, և՛ քաղաքական շրջանակներում, հատկապես՝ հասարակության մեջ առկա տրամադրություններով, նրանք չեն պատրաստվում խաղաղ գոյակցության, նրանք պատրաստվում են տարածքային ընդլայնման՝ ի հաշիվ ՀՀ-ի։ Մենք վերջին պատերազմից հետո Ադրբեջանի կողմից չենք տեսել դրական կամ տարածաշրջանային համակեցությանը միտված որևէ քայլ։ Ընդհակառակը՝ բարձրագույն մակարդակով հնչեցվում են տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, որով փորձ է արվում փակել Ղարաբաղյան հիմնախնդրի թեման։ Կան խնդիրներ, որոնց լուծման պարագայում, միմիայն կարող ենք խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման մասին։

Իմ կարծիքով՝ ամենակարևոր հանգամանքը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն է` Արցախի ժողովրդի իրավունքների իրացման ճանաչմամբ և, որ ամենակարևորն է, Ադրբեջանի կազմից դուրս։ Եվ պետք է Ադրբեջանը հրաժարվի տարածքային պահանջներից Հայաստանի նկատմամբ։ Կարելի է հասկանալ, որ Ադրբեջանը, Թուրքիայի օրինակով, միտված չէ տարածաշրջանային համագործակցության, այլ ունի հեռահար նպատակներ։

- Տասնամյակներ շարունակ հակահայ քարոզչություն է ընթացել և այժմ էլ ընթանում է Ադրբեջանում։ Ինչպիսի՞ գնահատական կտաք. արդյո՞ք տասնամյակներով արմատացած ատելությունը կվերանա հնարավոր խաղաղության պայմանագրի կնքմամբ։

- Այն, ինչ սերմանվել է Ադրբեջանում տասնամյակներով, դժվար թե վերանա մի քանի ամսվա կամ մեկ տարվա ընթացքում։ Ադրբեջանում այլատյացության մակարդակը չափազանց բարձր է։ Այն միշտ իրեն զգացնել է տալու հարևանների, հատկապես՝ Հայաստանի հետ հարաբերություններում։

- ՀՀ  իշխանությունները որևէ քայլ  ձեռնարկո՞ւմ են, որ կարողանան միջազգային հարթակներում պայքարել Ադրբեջանի հակահայկական քարոզչության դեմ։

- Եթե ներկայիս իշխանությունները որևէ լուրջ քայլ ձեռնարկեին Ադրբեջանից եկող սպառնալիքը կառավարելու կամ չեզոքացնելու համար, չէինք ունենա այն իրավիճակը, որն ունենք։

- Ներկայիս իշխանությունները մեծ հույսեր են կապում խաղաղության պայմանագրի և դրան հաջորդող գործընթացների հետ։ Ի՞նչ եք կարծում, դա ճի՞շտ է։

- Ես ընդհանրապես չեմ պատկերացնում խաղաղության պայմանագիր ասվածը, որովհետև խաղաղության պայմանագիր պետք է կնքվի, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա գլխավոր հիմնախնդիրը լուծվի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմաթիվ խնդիրներ կարող են լուծվել խաղաղության պայմանագրի կնքմամբ, բայց Ղարաբաղյան հիմնախնդիրը չի կարելի «ծածկադմփոց» անել խաղաղության պայմանագրով։ Խաղաղության պայմանագիրը կաշխատի միայն այն դեպքում, երբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը ճանաչվի։

- Ներկայումս շատ է խոսվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների վերսկսման մասին, հայաստանյան իշխանությունները հիմա պատրա՞ստ են և կարո՞ղ են դիվանագիտական հաղթանակ տանել Ադրբեջանի նկատմամբ՝ վերականգնելով նախկին ԼՂԻՄ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը։

- Ներկայիս իշխանությունները, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, եթե պատկերացնենք, որ ուզում են Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել ի շահ հայ ժողովրդի, չեն կարող, որովհետև պատերազմ են պարտվել, կապիտուլյացիոն հայտարարություն են ստորագրել։ Միջազգային ընկալումը այս իշխանությունների մասին չափազանց բացասական է, և ընդհանրապես, նրանց միջազգային հեղինակությունը, ուժը, կշիռը չափազանց ցածր են։ Նման պարագայում խոսել, թե ներկայիս իշխանությունները կարող են դիվանագիտական ճանապարհով լուծել Ղարաբաղյան հիմնախնդրը, երբ պատերազմը պարտվել են, և, ըստ էության, կորցրել դիվանագիտական հարաբերություններում ճնշման՝ մեր կողմից ունեցած  խաղաքարտերի մեծ մասը, դժվար է պատկերացնել, որ նրանք կարող են հաջողության հասնել։

- Մենք  ականատես եղանք, թե ինչպես Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհին  տեղադրեց սահմանային և մաքսային հսկողության կետ։ Եթե դեմարկացիա և դելիմիտացիա գոյություն չունի, ապա ի՞նչ հիմքով, ի՞նչ միջազգային պայմանագրով է դա արվում։

- Մաքսակետ դնելը պետք է արգելվեր Ադրբեջանին, քանի որ դեմարկացիա և դելիմիտացիա չի արվել։ Դեմարկացիայի և դելիմիտացիայի իմաստն այն է, որ դրանք կատարվեն այն տրամաբանությամբ, որ երկու ժողովուրդները որևէ խնդիր չունենան, և տեղում ապրող բնակչության կենսական իրավունքը չխախտվի։ Եթե միջազգային պայմանագրերով սահմանված կարգով դեմարկացիա և դելիմիտացիա արվեր, ապա վստահաբար այդ ճանապարհը կմնար Հայաստանի վերահսկողության տակ։ Քանի որ Ադրբեջանը տվյալ հատվածում բնակավայրեր չունի, այդ ճանապարհը չի խոչընդոտում ադրբեջանցիների կենսագործունեությանը, դա պետք է մնար Հայաստանի վերահսկողության ներքո։ Առանց դեմարկացիայի ճանապարհը հանձնել Ադրբեջանին՝ սխալ էր։ Պետք է կանխվեր դա։ Առանց դեմարկացիայի վիճելի տարածքում ադրբեջանական ներկայության ճանաչումը շատ վտանգավոր է։

- Կառավարության վերջին նիտերից մեկում Փաշինյանը հայտարարեց, որ Սյունիքի մարզում նոր տեղադրված ադրբեջանական մաքսակետերը «գտնվում են Ադրբեջանի սուվերեն տարածքում»։ Կարո՞ղ ենք եզրակացնել, որ դեմարկացիա և դելիմիտացիա կատարվելու է ոչ թե 1920-ական թթ. քարտեզներով, այլ ԽՍՀՄ տարիների ավելի ուշ ստեղծված քարտեզներով։

- Ես չգիտեմ` իրենք ինչ են բանակցում։ Բայց, ինչպես նշեցի, դեմարկացիայի իմաստն այն է, որ մեր սահմանամերձ բնակչության նկատմամբ իրավունքի խախտում չլինի։ Այստեղ ամենակարևոր հանգամանքն այն է, որ սահմանագծումը սպառնալիք չհանդիսանա մեր սահմանամերձ բնակչության համար։

- Վարչապետ Փաշինյանը հայտարարեց նաև, թե  ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ հսկողություն չսահմանելու գինը միջանցքն էր, ինչն անընդունելի է մեզ համար: Փաշինյանի նման հայտարարությունը արդյո՞ք հերթական մանիպուլյացիոն հնարք չէր, որով հող է նախապատրաստում ժողովրդին տանելու նոր կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրմանը։

- Ես չգիտեմ՝ ի՛նչ է մտածել Փաշինյանը նման հայտարարություն անելիս, բայց չեմ բացառում, որ Ադրբեջանը հնարավոր ամեն ինչ փորձի օգտագործել` հասնելով միջանցքին։ Ներկայիս իշխանությունների խնդիրը պետք է լինի այդ ամեն ինչին դիմակայելը, ոչ թե որոշակի զիջումներ անելը և հետո ասելը, թե՝ դա արել եմ, որ հետագայում ավելի մեծ զիջումներ չանեմ։ Այստեղ խնդիրն ադրբեջանական ճնշումներին դիմակայելն է։

Հայաստանյան փորձագիտական շրջանակները պնդում են, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը տարածաշրջանում ձեռնտու է միայն Ադրբեջանին ու Թուրքիային, իսկ ՀՀ իշխանությունն այլ բան է պնդում։ Մենք նաև ականատեսն ենք, թե ինչպես է Ադրբեջանի նախագահը սպառնում Երևանին. Սյունիքի հանդեպ նրա ոտնձգությունները ու այս ամենը մնում են անպատասխան: Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում, որքանո՞վ են մեր շահերը ոտնահարված նման պարագայում:

- Մենք կարող ենք խոսել կոմունիկացիաների ապաշրջափակումից, կարող ենք խոսել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից, բայց հարցերի հարցը Ղարաբաղյան հիմնախնդիրն է։ Առանց Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ցանկացած հարաբերություն ի սկզբանե դատապարտված է ձախողման։ Որովհետև միջազգային փորձն էլ այդպիսին է. եթե դու փորձ ես անում երկու պետությունների միջև հարաբերություններ զարգացնել՝ առանց այդ երկրների միջև առկա գլխավոր խնդրի լուծման, ապա այդ հարաբերությունները դատապարտված են ձախողման։ Այնպես որ՝ պետք է աշխատել այս ուղղությամբ, պետք է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների իրացման՝ միջազգայնորեն ճանաչման ուղղությամբ և Ադրբեջանին պարտադրել ճանաչել այն։

Լենա Կարապետյան

Հարցազրույցը տեղի է ունեցել 2021 թ. նոյեմբերի 14-ին

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica