close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Զանգեզուրի միջանցքի» բացմամբ` Թուրքիան կդառնա տարածաշրջանային գերտերություն

Հարցազրույց

26 Հոկտեմբերի 2021, 11:56
 «Զանգեզուրի միջանցքի»  բացմամբ` Թուրքիան կդառնա տարածաշրջանային գերտերություն

Արցախյան վերջին պատերազմից հետո Հարավային Կովկասում իրավիճակը կտրուկ փոխվել է։ Թե ինչպիսի՞ փոփոխություններ է տեղի ունեցել, և այդ փոփոխություններն ինչպե՞ս կանդրադառնան Հայաստանի հետագա զարգացման վրա՝ զրուցելու  ենք լրագրող, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանի հետ։

 

-Պարո՛ն Հոխիկյան, ուժերի ինչպիսի՞ դասավորություն է Հարավային Կովկասում   Արցախյան վերջին պատերազմից հետո: Մասնավորապես՝ Թուրքիան, կարծես, բավականին ամրացրել է դիրքերը:

-   2020թ․ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիային հաջողվեց իր զորքերը տեղակայել Իրանի գրեթե ամբողջ հյուսիսային սահմանի մոտ և շրջափակել Հայաստանի հարավային ու կենտրոնական շրջանները։ Միաժամանակ, տարածաշրջանում հաստատվեցին ռուսական զորքերը, որոնք, լավագույն դեպքում, Հայաստանի և Թուրքիայի սահմանին էին, իսկ պատերազմից հետո հաստատվեցին նաև Արցախում և Սյունիքում։ Կարող ենք նշել, որ տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը ուժեղացրեց նաև Իրանը՝ զորքեր կուտակելով հյուսիսային շրջաններում՝ մտավախություն ունենալով Ջրականի և Կովսականի շրջանից ադրբեջանա-թուրքական զորքի ագրեսիայից։ Դրան զուգահեռ, տեղեկություններ կան, որ Արցախի հարավային գրավյալ շրջաններում են տեղակայվել իսրայելական զինված ուժեր՝ գործելու ընդդեմ Իրանի։

- «Զանգեզուրի միջանցքի»  բացման պարագայում Թուրքիան կարո՞ղ է իրագործել իր դարավոր երազանքը` իրականացնել պանթուրքիզմի ծրագիրը։

-   Ես առաջարկում եմ զերծ մնալ ադրբեջանա-թուրքական տերմիններից։ Թեպետ Զանգեզուրը բուն հայկական տեղանուն է, բայց «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը գործածության մեջ է դրվել մեր թշնամու կողմից, և եթե այն մտնի մեր բառապաշարի մեջ, դա կնշանակի, որ մենք կամա, թե ակամա ընդունում ենք թշնամու խաղի կանոնները։

Վերադառնալով հարցին․ եթե տեսականորեն համարենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի պահանջած միջանցքը կյանքի կկոչվի, ապա Հայաստանի հարավը կարճ ժամանակ անց կանջատվի մեր պետությունից, իսկ Թուրքիան կդառնա տարածաշրջանային գերտերություն՝ ձգտելով ավերիչ հարված հասցնել նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը։ Չմոռանանք, որ հենց Հայաստանն է խանգարում Թուրքիային՝ ցամաքային կապով հասնելու մինչև Ուրալյան լեռներ, Ղազախստան և Տիբեթ՝ թյուրքական նախահայրենիք։

- Հայաստանյան փորձագիտական շրջանակները պնդում են, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը տարածաշրջանում ձեռնտու է միայն Ադրբեջանին ու Թուրքիային, իսկ ՀՀ իշխանությունն այլ բան է պնդում։ Մենք նաեւ ականատեսն ենք, թե ինչպես է Ադրբեջանի նախագահը սպառնում Երեւանին՝ Զանգեզուրի հանդեպ նրա ոտնձգությունները, ու այս ամենը մնում է անպատասխան: Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում, որքանո՞վ են մեր շահերը ոտնահարված նման պարագայում:

-   Ադրբեջանն, իհարկե, չի  կարողանա միայնակ կամ նույնիսկ Թուրքիայի օգնությամբ գրավել ՀՀ Սյունիքի մարզը, եթե չլինեն տարածաշրջանային պայմանավորվածություններ։ Այս պահին Հայաստանի պետական շահերը ամբողջովին ոտնահարված են, քանի որ չկա այդ շահերը սկզբունքորեն առաջ տանող իշխանություն, և հայկական հարցերը քննարկում ու որոշում են տարածաշրջանային ու համաշխարհային գերտերությունները։

-Պատկերացնենք՝ եթե կոմունիկացիաների ապաշրջափակում, այնուամենայնիվ, լինի, և, ըստ Ադրբեջանի պահանջների, նրան հանձնվեն, այսպես կոչված, անկլավները, ինչպիսի՞ լուրջ խնդիրների առջև է կանգնում Հայաստանը։

-    Նախ՝ այդ դեպքում Հայաստանը վերջնականապես կկորցնի իր անկախությունը և ինքնիշխանությունը։ ԽՍՀՄ տարիներին այդ անկլավները հատուկ են նշվել այդ հատվածներում, որպեսզի վերահսկող դեր կատարեն Հայաստանի միջազգային մայրուղիների վրա։ Եթե մի պետության հիմնական մայրուղիները հսկում է այլ պետություն, ապա դա նշանակում է, որ տվյալ պետությունը չունի ինքնիշխանություն։ Անկլավները Ադրբեջանին հանձնելը անթույլատրելի է։ Ինչ վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելուն, ապա դա նորմալ և ցանկալի երևույթ է, բայց՝ քիչ հավանական։ Ադրբեջանի և Թուրքիայի նպատակն է վերջնական մեկուսացնել և ծնկի բերել Հայաստանը, դուրս մղել Ռուսաստանը մեր տարածաշրջանից, տիրանալ Իրանի հյուսիսային շրջաններին։ Տրանսպորտային հաղորդակցությունը թույլ չի տա, որ իրականություն դառնան մեր թշնամու նպատակները։

-Ռուս-թուրքական հարաբերությունները վերջին տարիներին բազմաթիվ լարված պահեր են ունեցել, բայց, վերջին զարգացումների ֆոնին, կարծես, նոր մերձեցման ենք ականատես լինում: Թեպետ այս ամենը հնարավոր է նաեւ՝ թվացյալ մերձեցում է, ակնհայտ է, որ ամեն մեկն իր շահն ունի մեր տարածաշրջանում: Ինչպիսի՞ն է իրավիճակը:

-   Այս պարագայում Ռուսաստանը և Թուրքիան խաղում են Նապոլեոնի սիրած քաղաքական խաղը՝ թշնամուն խեղդիր սեփական գրկի մեջ։ Երկու մրցակից պետությունները լուրջ նկրտումներ ունեն մեր տարածաշրջանում, երկուսն էլ ձգտում են հնարավորինս շատ ռեսուրսների տիրանալ, բայց վախենում են միմյանցից, ահա, թե ինչու փորձում են միմյանց ժպտալու և կարծեցյալ համագործակցության անվան տակ թիկունքից ոչնչացնել միմյանց։ Վստահ եմ, որ հենց Արցախում կարճ ժամանակ անց Ռուսաստանը և Թուրքիան կսկսեն պատերազմել միմյանց դեմ։ Գուցե դա լինի հիբրիդային, այլ ուժերի օգտագործմամբ, բայց որ դա կլինի հանուն ռեսուրսների ու տարածքների պայքարի, կասկածից վեր է։ Այդ պարագայում մենք պետք է հնարավորինս արագ զինվենք, ինքնակազմակերպվենք և պատրաստվենք առաջիկա մարտահրավերներին։ Դա մեզ կօգնի անհրաժեշտության դեպքում ոչ միայն պաշտպանել սեփական տարածքը, այլև ազատագրել այն, ինչ գրավել է թշնամին։ Դա հնարավոր է։

 

Լենա Կարապետյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica