close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանի պաշտամունքի ձևավորումը Թուրքիայում կամ Յենի Սուլթան Էրդողան (հոդված 1)

Քաղաքական

22 Հոկտեմբերի 2021, 12:51
 Էրդողանի պաշտամունքի ձևավորումը Թուրքիայում կամ Յենի Սուլթան Էրդողան (հոդված 1)

Թուրք հասարակությունը Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր շարունակաբար ենթարկվել է անհատի պաշտամունքի ազդեցությանը, որը, կախված երկրի ղեկավարող էլիտայի քաղաքական առանձնահատկություններից և քաղաքական օրակարգի թելադրած առաջնահերթություններից, պարբերաբար ուժեղացել կամ թուլացել է: Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահից հետո որևէ քաղաքական գործչի անձի պաշտամունքը երբևէ չի ընդունել հանրության նկատմամբ ճնշման այնպիսի չափեր, ինչպիսիք եղել են Աթաթուրքի իշխանության տարիներին` ընդհուպ մինչև «Արդարություն և զարգացում» կուսակցության` իշխանության գալը: ԱԶԿ-ի՝ իշխանության գալուն զուգընթաց` անձի պաշտամունքը աստիճանաբար տարածվում է Ռ. Թ. Էրդողանի անձի շուրջ, իսկ դրա բացարձակ տիրապետության ճանապարհին հիմնական խոչընդոտը քեմալիզմն է և Աթաթուրքի քաղաքական ժառանգությունը՝ վերջինիս խամրող, սակայն դեռևս կենսունակ պաշտամունքով: ԱԶԿ իշխող վերնախավը Էրդողանի գլխավորությամբ լուրջ ջանքեր և ռեսուրսներ է ներդնում այն փոխարինելու Էրդողան անհատի պաշտամունքով՝ անսահման և անվերապահ իշխանություն հաստատելու նպատակով, և դրան հասնելու համար հիմնականում արդիական միջոցներով կիրառվում են այն մեխանիզմներն ու հնարքները` որոնք ժամանակին կիրառվել են Աթաթուրքի կողմից: Սա տանում է Աթաթուրքի անձի պաշտամունքի աստիճանական փոխարինման Էրդողանի անձի պաշտամունքով, և այս գործընթացում լայնորեն կիրառվում է քաղաքական իսլամի գործոնը՝ ընդդեմ աշխարհիկ քեմալականության:

Հասարակության իսլամականացման և քաղաքական իսլամի դիրքերի ամրապնդման համար նվազեցվում, ապա և չեզոքացվում է զինվորական էլիտայի քաղաքական դերակատարությունը, քաղաքական հետապնդումների և այլ ճնշումների են ենթարկվում ընդդիմադիր ԶԼՄ-ներն ու ընդդիմադիր քաղաքական խմբավորումները, օրինակ՝ գյուլենականները: Այս ամենը հանգեցնում է Թուրքիայի քաղաքական դաշտի ավտորիտարացմանը` տոտալիտարիզմի միտումներով: Քաղաքացիական հասարակության դիմադրությունը (օրինակ՝ Գեզի այգու ցույցերը) և զինվորական էլիտայի քաղաքական վերահսկողությունն իր ձեռքը վերցնելու փորձը (2016 թվականին տապալված ռազմական հեղաշրջումը) էլ ավելի սրեցին քաղաքական դրությունը՝ պատճառ դառնալով քաղաքական ճնշումների նոր ալիքի: Այս ամենով պայմանավորված` տեղի է ունենում հասարակության ճեղքում և բևեռացում՝ իր բոլոր անցանկալի հետևանքներով:

Թուրքական խարիզմատիկ առաջնորդության առանձնահատկությունները հասկանալու համար նախ և առաջ պետք է համակողմանիորեն և խորազնին կերպով դիտարկել մերձավորարևելյան խարիզմատիկ առաջնորդության երևույթն ընդհանրապես, որի օրգանական մասերից մեկն էլ թուրքական խարիզմատիկ առաջնորդությունն է:

Խարիզմատիկ առաջնորդությունը Մերձավոր Արևելքում ունի որոշակի առանձնահատկություններ, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Աշխարհաքաղաքական, մշակութային և պատմական առանձնահատկությունները այս տարածաշրջանը խարիզմատիկ առաջնորդության հետազոտողների համար վերածել են ուսումնասիրության մի յուրօրինակ դաշտի:

Հասկանալու համար մերձավորարևելյան խարիզմատիկ առաջնորդության առանձնահատկությունները անհրաժեշտ է նախ և առաջ անդրադառնալ մերձավորարևելյան երկրների պատմաքաղաքական և բնականաբար էթնո-կրոնական պատկերին: Այս աշխարհաքաղաքական տարածաշրջանը բաժանվում է երկու մասի՝ միապետական և հանրապետական կառավարման ձևերով: Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում անկախություն ձեռք բերած երկրները, փոքր բացառություններով, ղեկավարվում էին թագավորական ընտանիքների և զինվորական էլիտաների կողմից: Հենց որ «թագավորներն» ու «գնդապետները» եկան իշխանության, նրանց առաջնային խնդիրը իշխանությունն իրենց ձեռքում պահելն էր: Այդ նպատակով նրանք մշակեցին և իրագործեցին որոշակի ծրագրեր՝ իրենց իշխանությունը լեգիտիմացնելու և իշխողների ու իշխվողների միջև եղած անդունդը կրճատելու համար : Այդ ծրագրերը վերաբերում էին անհատի պաշտամունքի կառուցարկմանը` հենվելով ավանդական կամ խարիզմատիկ լեգիտիմության ձևավորման և կիրառման վրա: Միապետությունների համար, ըստ այդմ, առաջնորդության և անհատի պաշտամունքը կառուցարկվում էր ավանդույթի հիման վրա:

Հանրապետական կառավարման կարգ ունեցող երկրների համար այդ ուղին հեղափոխական խարիզմատիկ առաջնորդի կերպարի կառուցարկումն էր: Այս գործընթացներն ընթանում էին կոշտ և փափուկ ուժերի միջոցով ու դրանց համատեղ կիրառմամբ: Կոշտ ուժը բնականաբար դրսևորվում էր տարբեր ձևերով: Փափուկ ուժը հովանավորչությունն էր (Ծոցի` նավթով հարուստ միապետություններում) և պոպուլիզմը (ոչ հարուստ ռազմական հանրապետություններում): Չնայած կիրառված տարբեր մեթոդներին ու մոտեցումներին` նպատակը երկու հատվածների համար էլ նույնն էր՝ ամբողջական վերահսկողություն պետության ու իշխանության լծակների վրա և ամբողջական վերահսկողություն քաղաքական դաշտում :

Գտնվելով էներգակիրների համաշխարհային պաշարների մեծագույն մասի աշխարհագրական գոտում` այս տարածաշրջանում համեմատաբար մեծ թիվ են կազմում, այսպես կոչված, «նավթային միապետությունները», ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Բահրեյնը, Քաթարը, ԱՄԷ-ն և Օմանը: Այս երկրներում միապետությունը դոգմատիզացված իրողություն է, ինչն ունի նաև կրոնական հիմնավորում՝ պայմանավորված իսլամի գերակայությամբ: Վեբերյան ավանդական լիդերության ավելի լավ օրինակ, քան առկա է վերոնշյալ երկրներում, այսօր դժվար է գտնել: Այդ միապետությունների իշխող ընտանիքներն օգտագործել են նավթային ահռելի հարստությունը` ստեղծելու համար բարեկեցիկ սոցիալական համակարգ, ինչի շնորհիվ հպատակներն օգտվում են առաջնակարգ առողջապահական անվճար ծառայություններից, աշխարհի լավագույն համալսարաններից որևէ մեկում սովորելու համար ֆինանսական աջակցությունից, անվտանգության ապահովման բարձր մակարդակից և այլն : Այս «առատաձեռնությունը», անշուշտ, հետապնդում է քաղաքական նպատակ, այն է՝ առաջ բերել հպատակների բարյացակամությունն առ իշխող ընտանիքը և ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդիկ, օգտվելով նման բարիքներից, հրաժարվեն պետական իշխանության դեմ դժգոհության ամեն տեսակ դրսևորումներից: Իշխող ընտանիքների քաղաքական հաշվարկները միաժամանակ շատ հստակ են: Քանի որ նրանք պատասխանատու են ստեղծված բարիքների բաշխման պետական ինստիտուտների համար, ժողովուրդը միայն նրանց կարող է վստահել դրանց պաշտպանությունը:

Միապետական երկրներում իշխող ընտանիքները «լիազորված» են նաև պաշտպանելու իրենց պետությունները արտաքին վտանգից: Այստեղ մեծ կարևորություն ունեն Միացյալ Թագավորության, իսկ Բրիտանական կայսրության փլուզումից հետո՝ ԱՄՆ-ի հետ ունեցած «նավթային» դիվանագիտական սերտ հարաբերությունները, ինչպես նաև այդ միապետությունների մշտական արևմտամետ կողմնորոշումը:

Այս միապետությունների ղեկավարների և նրանց դաշնակիցների առանցքային գաղափարը կայունությունն է: Ի թիվս այլ գործոնների` կայունության համար դրական դերակատարում ունի այդ երկրների հասարակությունների պահպանողական բնույթը, որը բխում է կրոնից: Կրոնական և քաղաքական իշխանությունները, հատկապես Սաուդյան Արաբիայում, տարանջատված են, և հասարակությունն արդյունավետորեն բաժանված է երկու մասի, որտեղ քաղաքական իշխանությունը պատկանում է միապետներին, իսկ հանրային ոլորտը կարգավորվում է հոգևորական դասի կողմից: Սաուդյան Արաբիայում սա շատ արդյունավետ «զիջում» է իշխող ընտանիքի կողմից: Կրոնական գործիչներին հանրային հարցերի ոլորտում այդքան լիազորություններ տալով` իշխող ընտանիքը նրանց ներգրավել է իշխանության համակարգ և այդպիսով երաշխավորել կրոնական աջակցությունն իր իշխանությանը: Իշխանական էլիտայում կրոնական տարրի ներգրավումը այլ առավելություն ևս ունի: Առաջնորդի այդքան սերտ կապը հոգևոր ոլորտի հետ անհավատալիորեն դժվար է դարձնում, եթե ոչ անհնար, քննադատել նրան, քանի որ նրան քննադատելը կնշանակի քննադատել կրոնը :

Հորդանանում և Մարոկկոյում կրոնն ավելի մեծ դեր ունի թագավորական լեգիտիմությունն ամրապնդելու և թագավորի անձի պաշտամունքը կառուցարկելու համար: Երկու միապետությունների արքայատոհմերը Մուհամմադ մարգարեի հետնորդներն են, և այս հանգամանքը նրանք արդյունավետորեն օգտագործում են իրենց իշխանության լեգիտիմացման և սեփական անձի պաշտամունքի կառուցարկման համար: Հորդանանի միապետները Հաշեմյան տոհմից են (Հաշեմը Մուհամմադի մեծ պապն էր) , և Մուհամմադ մարգարեի հետ ունեցած «արյունակցական» կապի մասին մշտական հիշատակումները բացառում են թագավորի նկատմամբ քննադատությունները, քանի որ նա «սովորական» թագավոր չէ, այլ մարգարեի հետնորդը, և նրան ուղղված քննադատությունը քննադատություն է` ուղղված մարգարեի ընտանիքին: Այսպիսի հանգամանքներն ազդում են իշխանությունն առավելագույնս անձնավորված դարձնելու վրա, և դա արվում է կանխամտածված կերպով: Իշխանության անձնավորումը արաբական աշխարհի քաղաքական դիմագծի հիմնական հատկանիշներից է, որը դրսևորվում է մեծավ մասամբ անկախացումից հետո: Պետության գլխի նույնացումը պետության հետ անձի պաշտամունքի կառուցարկման այնպիսի արդյունավետ մեթոդ էր, որ կիրառվում էր թե՛ միապետություններում, թե՛ հանրապետություններում: Պետական իշխանության անձնավորումը առաջնորդին տալիս է տնտեսական ու քաղաքական անսահմանափակ իշխանություն և ուժի կիրառման լեգիտիմ իրավունք: Դրա հետևանքով խամրում են հանրային և մասնավոր ոլորտների միջև բաժանարար գծերը: Ստեղծվում է այնպիսի իրադրություն, որ բոլոր ընդդիմադիր ուժերը՝ քաղաքական կուսակցությունները, արհմիությունները, ուսանողական խմբերը, ճնշվում են, և խորհրդարանը, եթե այդպիսին գոյություն ունի, դառնում է ղեկավարի որոշումները հաստատող կցորդ կառույց :

Այս ամենը հանգեցնում է անհատի պաշտամունքի զարգացմանը այն աստիճանի, որ հասարակական միջավայրում տեղի է ունենում ֆաշիստական հավաքույթի ու «1984» հայտնի վեպի ամբողջատիրական մթնոլորտի յուրահատուկ միախառնում: Առաջնորդի պատկերն ամենուր է՝ սկսած հյուրանոցների ընդունարաններից մինչև փողոցի ամեն մի անկյուն: Առաջնորդներն իրենց մեծամասշտաբ նկարներից հայրաբար կամ եղբայրաբար նայում են իրենց ժողովրդին և միշտ ներկա են ամենուր : Որպես կանոն, այս պատկերները ցույց են տալիս առաջնորդին որպես ազգի հայր հայրական հոգածությամբ իր ժողովրդին հսկելիս, սակայն իրականությունն այլ է: Հոգեբանական ազդեցությունը՝ տեսնելու պետության գլխին ուր էլ որ գնաս, անսահմանորեն ուժեղ է: Սա քարոզչության ձև է, որը ներթափանցում է մարդկանց ենթագիտակցության ոլորտ, անգամ աննկատ, և ձևավորում է վերջիններիս վարքագիծը` անկախ նրանց ցանկությունից և գիտակցությունից : Սա անհատի պաշտամունքի ձևավորման հոգեբանական կողմն է: Իսկ քաղաքական առումով անհատի պաշտամունքի կառուցարկման և կիրառման հետևանքները շատ ավելի ուժեղ են: Իշխանության անձնականացումը տարածաշրջանի երկրները պահում է ինստիտուցիոնալ խրոնիկ թերզարգացածության մեջ և վերացնում է ցանկացած հնարավորություն` դարձնելու իշխանություններին հաշվետու և պատասխանատու :

Մերձավորարևելյան միապետություններում իշխանության անձնավորումը հանգեցնում է իշխող ընտանիքի անդամների կողմից պետական գրեթե բոլոր գլխավոր պաշտոնները զբաղեցնելուն: Դիվանագիտական պաշտոնները, նախարարական կարևորագույն պորտֆելները՝ ներքին գործերի, պաշտպանության, արտաքին գործերի, զբաղեցնում են միապետի որդիները, եղբայրները կամ զարմիկները, և այդ ընտանիք ու իշխանական համակարգ մուտք գործելու ընդամենը երկու հնարավորություն կա՝ ծնվել այնտեղ կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի դստեր հետ ամուսնանալ (Էրդողանի փեսաները դրա վառ օրինակն են):

Ռազմական էլիտայի ղեկավարման ներքո գտնվող հանրապետություններում իշխանության լեգիտիմացումը և անձի պաշտամունքի կառուցարկումը այլ հիմքի վրա են իրականացվում: Եթե միապետություններում շեշտադրված են ավանդույթն ու կրոնը, ռազմական հանրապետություններում շեշտադրվում են հեղափոխությունն ու ազգը/ժողովուրդը:

Ազգն օգնում է խթանելու ընդհանուր ինքնության զգացողությունը: Մինչդեռ պահպանողական միապետությունները այդ զգացողության զարգացման համար կիրառում են իսլամը, ռազմականացված հանրապետություններն այդ անել չեն կարող: Այդ երկրներից շատերն ունեն քրիստոնեական մեծ համայնքներ, որոնք ևս պետք է իրենց զգան որպես նոր հասարակարգի մաս: Եգիպտոսը, օրինակ, ունի ազգային ինքնության լավ զարգացած հասարակական զգացողություն: Համեմատաբար նոր կազմավորված երկրները, ինչպիսիք էին Իրաքը, Սիրիան, չունեին ազգային ինքնության զգացողություն: Ուստի այդ երկրների առաջնորդները պետք է ստեղծեին այն: Հայրենասիրությունը ընձեռեց նման հնարավորություն: Կար մեկ այլ պատճառ ևս, որ հանրապետությունները ղեկավարող զինվորականությունը լեգիտիմացման միջոց տեսավ ազգը և ոչ թե կրոնը: Զինվորական էլիտան իրեն դիտում էր որպես արդիական, առաջադիմական, անգամ ծայրահեղական քաղաքական ուժ և գտնում էր, որ այդ աշխարհայացքը լավագույնս կարող է կիրառվել աշխարհիկ պետություն կառուցելու գործում , և այս համատեքստում կրոնը տեղ չուներ:

Ի հակադրություն նախկին իշխանական համակարգի` հետհեղափոխական արաբական երկրների առաջնորդները մարդիկ էին, ովքեր հանդես էին գալիս և խոսում էին ինչպես փողոցի սովորական մարդիկ:

Նրանք դուրս չէին եկել էլիտար ընտանիքներից և կրթություն չէին ստացել արտերկրում: Նրանք իրենց առաջընթացն ապահովել էին դժվարին ճանապարհով: Այս ամենի լավագույն օրինակը Եգիպտոսի երկրորդ նախագահ Գամալ Աբդել Նասերն է : Հեղափոխությունից առաջ անհնար էր պատկերացնել, որ Եգիպտոսի առաջնորդը կլինի մեկը, որի պապը եղել է հողագործ-ֆելլահ, իսկ հայրը՝ գրասենյակային ծառայող: Նասերը միաժամանակ սովորական էր ու անսովոր, ինչի համար ամբոխը պաշտում էր նրան:

Նասերը հրաշալի պատկերացում ուներ քաղաքականության զգացմունքային կողմի մասին, և երբ 1954 թ. նոյեմբերին դարձավ նախագահ, հմտորեն օգտագործեց զանգվածային խանդավառությունն ու հասարակական լայն աջակցությունը` իր անձի պաշտամունքը կառուցարկելու, իշխանությունն իր անձի հետ նույնացնելու և այնպիսի քաղաքական համակարգ ստեղծելու համար, որտեղ դաժանաբար ճնշվում էր ցանկացած ընդդիմություն : Միջինարևելյան միապետների նման Նասերը ձևավորեց անհատի պաշտամունք, որի միջոցով նույնացվեց պետության հետ: Մրցել նրա հետ նշանակում էր դավաճանել հեղափոխությանը, և նրան քննադատելը հավասար էր իմպերիալիստների կողմը բռնելուն: Հավատարմությունը ազգին և հավատարմությունը Նասերին դարձան միևնույն բանը: Նասերը արդյունավետորեն օգտագործեց Սուեզի պատերազմը` զարգացնելու համար այն գաղափարը, որ միայն ինքը և իրեն աջակցող բանակը կարող են պաշտպանել Եգիպտոսը արտաքին հարձակումից : Նասերը լավագույնս կիրառում էր պոպուլիզմի մեխանիզմները` գեներացնելու իր անփոխարինելիության գաղափարը` ստեղծելով Եգիպտոսի համար արտաքին թշնամիներ, ինչպիսիք էին Իսրայելը և Արևմուտքը, և ներքին թշնամիներ, ինչպիսին էր «Մուսուլման եղբայրները» կազմակերպությունը: Վերջիններիս դեմ Նասերը մղում էր անհաշտ պայքար: 1954 թ. օրենքից դուրս հայտարարելով` Նասերը նրանց մեղադրում էր հետադիմության, Եգիպտոսի զարգացումը խոչընդոտելու և հեղափոխության թշնամի լինելու մեջ:

Անհատի պաշտամունքի կառուցարկումը հանգեցրեց Նասերի նկատմամբ ժողովրդական մեծ համակրանքի, և դրա դրսևորումներից մեկն էլ 1956 թ. հունիսի նախագահական ընտրություններն էին, որոնցում Նասերը հաղթեց՝ ստանալով ձայների 99,9 տոկոսը :

Եգիպտոսը հետհեղափոխական արաբական հանրապետություններում անհատի պաշտամունքի կառուցարկման և կիրառման վառ օրինակն է: Եգիպտոսի օրինակին հետևելով` ռազմական էլիտայի ղեկավարման տակ գտնվող մյուս հանրապետությունների առաջնորդները որդեգրեցին անհատի պաշտամունքի կառուցարկմամբ լեգիտիմություն ստեղծելու քաղաքականությունը, որի միջոցով երկրի առաջնորդը ներկայացվում էր որպես հեղափոխության, պետության անկախության պաշտպան և ազգի մարմնացում: Խարիզմատիկ առաջնորդության կառուցարկման հիմնական մեխանիզմ շարունակում էին մնալ հանրային վայրերում տեղադրված` առաջնորդի մեծամասշտաբ պատկերները, թղթադրամների և մետաղադրամների վրա առաջնորդին պատկերելը և այլն :

Անկախություն ձեռք բերելուց հետո Մերձավոր Արևելքում ռազմական ռեժիմների պայմաններում հասարակության մեջ բանակը կենտրոնական դիրք էր զբաղեցնում: Այս երկրներում հասարակության մեջ ոչինչ ավելի կարևոր չէր, քան բանակը :

Տիգրան Չանդոյան

«Դրօշակ» թիվ 10 (1659), հոկտեմբեր 2021 թ.

 
 
Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica