close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ արյամբ շաղախված հողը ձրի տալիս են, մատաղ սերնդի արժանապատվությունն է խոցվում․ Վիգեն Ավագյան

Հասարակություն

19 Հոկտեմբերի 2021, 22:53
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ արյամբ շաղախված հողը ձրի տալիս են, մատաղ սերնդի արժանապատվությունն է խոցվում․ Վիգեն Ավագյան

Վտանգը Արցախից արդեն փոխադրել ենք Սյունիք, Սյունիք նշանակում է մեր շնչերակը դեպի Հարավ, սա Հայաստանի ներկային և ապագային սպառնացող մեծ վտանգ է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Բեյրութի «Վանա ձայն» ռադիոկայանի տնօրեն Վիգեն Ավագյանը։

«Սա միայն ճանապարհի հարց չէ, այդ ճանապարհով անցնող տնտեսության հարց է, որով պիտի շնչեր Հայաստանը դեպի Հարավ Հյուսիսից իր ճամփան ապահովելու համար, այդ ճանապարհը գնում է նաև դեպի Արցախ՝ ռազմավարական ուղի է, մեծ նշանակություն ունի, հետևաբար, ադրբեջանցիների մուտքը Կապան և դեպի Հայաստանի մարզեր լուրջ խախտում է ինքնիշխանության, որի դիմաց զարմանում ենք հատկապես Սփյուռքի մեջ, թե ինչո՞ւ աղմուկ չի բարձրանում»,-ասաց Վիգեն Ավագյանը։

Եթե այլ երկրներում նման բաներ պատահեին, նվազագույն ոտնձգությունը կատարվեր, մարդիկ կդիմեին ՄԱԿ-ին, տարակուսեց նա, մինչդեռ մեր պարագայում կառավարական մակարդակով որևէ արձագանք չկա, ժողովուրդն էլ կարծես հաշտված է և ընդհանուր հոլովույթ է կարծես՝ տևական զիջումների, պարտվողականության, որ այսօր հանձնեցինք այս, վաղը պիտի հանձնենք այն, փոխարենը, սակայն, ոչինչ չստանալով։

«Թշնամին գոհացնելու ընթացքը մինչև ո՞ւր կրնա հասցնել, այս պարտվողականությունը, նահանջականությունը մեզի ո՞ւր կրնա հասցնել․ անկախ նրանից, որ հող ենք տալիս, մենք հողից ավելի արժանապատվություն ենք տալիս, ազգային հպարտություն ենք տալիս»,-նկատեց նա։

Յուրաքանչյուր նահանջի քայլ, Վիգեն Ավագյանի խոսքով, անկախ հողաշերտի արժեքից, բարոյական և ազգային իմաստով մեծ վնաս է հասցնում մեր մատաղ սերնդին։

«Մեր այն դպրոցականներին, մեր նորահաս սերնդին, որ անցնող 30 տարիներին սովորել էր, որ հայը հաղթական ժողովուրդ է, այն սերունդը, որ սովորել էր, որ բեկորների, աշոտների, թաթուլկրպեյանների արյամբ ազատագրված հողը սրբազան է, և այսօր, երբ տեսնում է այդ սրբազան հողը, արյամբ շաղախված հողը, որի համար ինքը սովորում է, որ այդ հողի համար պիտի քրտինքը թափի, և եթե  պետք լինի՝ մի օր էլ արյունը թափի, այդ հողի այսպես ձրի տալը, անհատույց տալը իր ազգային արժանապատվությանը մեծ հարված է հասցնում, ազգային հպարտությունն է խոցում։ Եվ հպարտությունը, արժանապարտվությունը վերականգնելը, հավատացեք, շատ ավելի դժվար և վտանգավոր է, քան հողը․ թերևս, հողը հնարավոր լինի վերականգնել, բայց արժանապատվությունն ու հպարտությունը վերականգնելու համար տասնամյակներ են պետք»,-ասաց Վիգեն Ավագյանը։

Ընդհանուր ապազգային տեղեկատվական համակարգ է գործում, որ մեզ մղում է՝ հաշտվելու իրականության հետ, նշեց նա, պիտի հաշտվենք նոյեմբերի 9-ի համաձայնության հետ, պիտի հաշտվենք Հադրութի կորստի հետ, պիտի հաշտվենք Շուշիի կորստի հետ, պիտի հաշտվենք այսինչ գյուղի կամ ճանապարհի կորստի հետ, լավ, մինչև ե՞րբ։

«Մինչև ո՞ւր այդ հաշտվողականությունը․ ինքնին մեր ազգային տենչերի, երազանքների իրականացման դեմ է։ Մենք ժողովուրդ ենք, որ ձգտում ենք ազատ, անկախ, միացյալ Հայաստանի, կերազենք միացյալ Հայաստանը և այդ ազատ, անկախ, միացյալի ճամփի  վրա մենք հանգրվաններ ենք կերտել, զոհողություններ ենք արել՝ ազատագրելով Արցախը, կերտելով հզոր Հայաստան, հզոր Արցախ, բայց ահա 3 ու կես տարի է՝ կտեսնենք, հատկապես վերջին 1 տարին՝ ինչպես մեր տասնամյակների ձեռքբերումները հօդս ցնդեցին, և մեր նվաճումներից բացի մեր ազգային երազանքներն են, որ մեզանից հեռանում են, այնտեղ է, որ մենք մեծ հարված ենք ստանում, երբ տեսնում ենք մեր երազանքների չքացումը»,-նշեց Վիգեն Ավագյանը։

Լիբանանի «Վանա ձայն» ռադիոկայանի տնօրենն ասաց՝ դրսից իրենք խորը մտահոգությամբ են հետևում Հայաստանի քաղաքական իրադարձություններին, հատկապես, ազգային անվտանգության հետ կապված հարցերին։

«Համայն հայությունն այսօր աշխարհով մեկ շատ լավ գիտի, թե այն, ինչ արցախյան պատերազմում կորցրինք, դրա հետևանքների շարունակությունն է, որ կրում ենք այսօր։ Ճակատամարտը վերջացավ, բայց պատերազմը վերջացած չէ և, փաստորեն, թշնամին կանգնած է դռան շեմին՝ հայրենիքի շեմին և մենք դրան խորը մտահոգությամբ ենք հետևում»,-ասաց նա։

Վիգեն Ավագյանը փաստեց, որ մտահոգ են, որովհետև «սահմանագծում», «սահմանազատում» ասված խոսքերը, որ անցած ամիսներին լսեցին, և որոնք կատարվեցին ինչ-ինչ խորհրդավոր պայմաններում, իրենց համար տարօրինակ թվացող իրականություններ էին։

«Սահմանագծում, սահմանազատում կատարվում է միջպետական համաձայնություններով, համապատասխան մարմիններով և բանակցություններով, ո՛չ Գուգլով, ո՛չ գյուղացիներին սպանելով։ Նաև մեկ այլ իրողություն․ այս սահմանները ճշտելու հարցը, երբ ազերիները ավելի համարձակ և լկտի քայլեր են անում, գալիս է այն իրողությունից, թե ով և ինչպես է այդ սահմանները ճշտել։ Որպես պատմական գիտություններին ծանոթ մարդ մենք գիտենք, թե Խորհրդային Հայաստանի ժամանակվա այս սահմանները միջազգային ընտանիքի կողմից ընդունված, ճանաչված, իրավական հիմք ունեցող սահմաններ չէին, կային Խորհրդային Միության սահմանները, որոնց մեջ կային ազգային ինքնություներ, որոնց համար դրված էին վարչական սահմաններ, այդ սահմանները վարչականորեն ճշտված սահմաններ էին, և գալ ու ասել՝ Խորհրդային Հայաստանի ժամանակ սահմաններն այս էին, պիտի վերադառնանք այստեղ և այս անցակետը մերն է, այս ճամփան մերն է՝ վտանգավոր է»,-ասաց Վիգեն Ավագյանը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica