close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ մեկտեղվում են պարն ու սպորտը. ակումբային 6-րդ բաց առաջնություն

Սպորտ

18 Հոկտեմբերի 2021, 16:23
 Երբ մեկտեղվում են պարն ու սպորտը. ակումբային 6-րդ բաց առաջնություն

Մեկ տարվա ընդմիջումից հետո՝ կրկին պարային տոն: Վեցերորդ անգամ Երեւանում անցկացվել է սպորտային պարերի «Կրիստալ» ակումբային բաց առաջնությունը: Ամենամյա դարձած այս առաջնությունն, ավանդույթի համաձայն, անցկացվում է աշնանը: Բացառություն էր միայն 2020 թվականը. համավարակն ու պատերազմը չեղարկեցին բոլոր ծրագրերը: 2021-ի աշունը վերականգնեց ավանդույթը, իսկ սպորտային պարերի ակումբային բաց առաջնության մեկնարկը տրվեց հոկտեմբերի 17-ի առավոտյան:

- Առաջին հերթին սա շփում է պարողների միջեւ, որոնք պատկանում են տարբեր ակումբների եւ կազմակերպությունների: Հայաստանում սպորտային պարերի երկու մեծ կազմակերպություն կա՝ Պարի եւ սպորտային պարերի համահայկական խորհուրդը, որին պատկանում է մեր ակումբը, եւ Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիան, որոնք էլ իրենց հերթին անդամակցում են համապատասխան միջազգային կառույցներին: Ընդհանրապես, աշխարհում քիչ են երկրները, որտեղ այս երկու կազմակերպությունները կարողանում են աշխատել իրար հետ: Հուրախություն մեզ՝ մենք կարողանում ենք: Երբ առանձին ես պարում՝ ներփակված ինքդ քո մեջ, պարողի համար սա կարող է ձանձրալի դառնալ, նա կարող է կորցնել իրեն առաջ մղող ուժը: Որքան պարողների շրջանակը մեծանում է, այնքան մեծանում է մրցակցությունն ու հաղթելու ձգտումը: Այստեղից էլ սկսվում է զարգացումը,- նկատեց առաջնության կազմակերպիչ եւ գլխավոր մրցավար, «Կրիստալ» պարային ակումբի ղեկավար Ժորա Մխիթարյանը:

Սպորտային պարերի ակումբային այս առաջնությանը մասնակցել են ավելի քան 400 պարողներ: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ արտասահմանից ժամանած մասնակիցներ չկային: Պատճառը կրկին համավարակն էր եւ դրա հետեւանքով առաջ եկած բազմաթիվ սահմանափակումներ ու խնդիրներ: Այդ պատճառով չեն անցկացվել նաեւ վարպետության դասեր: Այսպիսով, այս անգամ առաջնությանը մասնակցել են Հայաստանի եւ Արցախի պարողները Երեւանից, Արմավիրից, Էջմիածնից, Գյումրիից եւ Ստեփանակերտից: Պարահրապարակում լատինաամերիկյան եւ եվրոպական պարաձեւերում իրենց ուժերն են փորձել 4-18 տարեկան պարողները:

-  Մինչեւ պատանիների կարգ մենք ունենք շատ ուժեղ երեխաներ, բայց դրանից վերեւ, կարծես, կանգ կա: Դեռ պետք է հասկանալ, թե որն է խնդիրը: Գուցե պատճառն այն է, որ ավելի մեծ տարիքում հեռանկար չեն տեսնում: Ի վերջո, սա թանկ սպորտաձեւ է, իսկ Հայաստանում սպորտային պարերի մեջ ներդրում գրեթե չի արվում: Պետական աջակցության մասին խոսք անգամ չկա: Խնդիր է նաեւ մեծահասակ տղաների բացակայությունն այս սպորտաձեւում: Տղաներ գրեթե չկան, ինչն էլ զույգով պարերի խնդիր է առաջ բերում: Դա է նաեւ պատճառը, որ առաջնությունում գերակշռող են սոլո համարները: Այս հարցը եւս պետք է ուշադրության արժանացնել. համոզել, խթանել տղաներին, որ սպորտային պարերը եւս ոչ պակաս հետաքրքիր սպորտաձեւեր են, քան բոքսն ու ըմբշամարտը: Սա, իհարկե, նաեւ մենթալիտետի խնդիր է,- նշեց Ժորա Մխիթարյանը:

Նա դժվարացավ մտաբերել, թե վերջին անգամ երբ են իրենք պրոֆեսիոնալներով հետեւել Հայաստանը ներկայացնող պարային զույգի միջազգային բարձր մրցույթներում: Նա նկատեց, որ սա եւս պատճառ է, որպեսզի ներդնեն բոլոր հնարավոր եւ անհնարին ջանքերն ամեն տարի «Կրիստալ» ակումբային բաց առաջնություն անցկացնելու համար: Ըստ նրա՝ սա պարային տոն է, որին սպասում են, բայց, առաջին հերթին, սա լավ միջոց է սպորտային հետաքրքրասիրությունը խթանելու եւ դեպի բարձր բեմեր մղելու համար:

Եղանակը Հայաստանում
4 Դեկտեմբերի 2021, 18:00 Եղանակը Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica