close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքական իշխանության հաջորդ թիրախը Դավիթ Տոնոյանից հետո Օնիկ Գասպարյանն է․ Նաիրի Հոխիկյան

Քաղաքական

11 Հոկտեմբերի 2021, 22:02
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքական իշխանության հաջորդ թիրախը Դավիթ Տոնոյանից հետո Օնիկ Գասպարյանն է․ Նաիրի Հոխիկյան

Քաղաքական իշխանության հաջորդ թիրախը Դավիթ Տոնոյանից հետո Օնիկ Գասպարյանն է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանը՝ անդրադառնալով Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի գրառմանը՝ իբրև թե «Հադրութը գրավվեց բանակի որոշ պաշտոնյաների ու գլխավոր շտաբի բացարձակ անկոպիտենտության արդյունքում», իսկ «Նիկոլ Փաշինյանը վաղուց է հայտնի է սխալ մարդկանց վստահելու խասյաթով (հիշեք գոնե Վանեցյանին), Դավիթ Տոնոյանին, Օնիկ Գասպարյանին ու բանակի ղեկավարությանը իր անտեղի վստահելը շատ թանկ նստեց բոլորիս վրա»։

Նաիրի Հոխիկյանը վստահ է, որ շատ մոտ ապագայում՝ ամիսների ընթացքում, գուցե շաբաթների, Օնիկ Գասպարյանը կհայտնվի թիրախում։

«Մանավանդ որ, այդ պատերազմական գործողությունները քննող հանձնաժողովը պիտի սկսի աշխատել, Օնիկ Գասպարյանին պիտի հրավիրեն հանձնաժողովում հարցաքննության, և ի՞նչ պիտի լինի, պիտի սկսեն Օնիկ Գասպարյանին թիրախավորել այնպես, որ հենց նա՛  է գլխավոր մեղավորը ռազմական գործողությունների ժամանակ տեղի ունեցած այդ բոլոր խնդիրների»,-պարզաբանեց լրագրողը։

Եթե անգամ Օնիկ Գասպարյանը՝ ԳՇ պետ եղած ժամանակ բարձրաստիճան սպայակազմի հետ չպահանջեր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Հոխիկյանի համոզմամբ,  Նիկոլ Փաշինյանը, միևնույն է, կմեղադրեր նրան կամ մեկ ուրիշի, քանի որ Փաշինյանը սովոր է բոլորին մեղադրել և քավության նոխազ փնտրել։

«Ի վերջո, դուք տեսնում եք, որ հանրության մեջ աստիճանաբար մարդիկ հասկանում են՝ ինչ է տեղի ունեցել, մարդիկ շատ լավ են սկսում հասկանալ, նույնիսկ այն մարդիկ, ովքեր մինչև հիմա Նիկոլ Փաշինյանին պաշտպանել են, այդ մարդիկ հասկանում են, սկսում են գիտակցել, որ իրենք խաբվել են, իսկ հայրենիքը գործարքով վաճառվել է»,-ասաց Նաիրի Հոխիկյանը։

Եվ ո՞վ պիտի դրա համար պատասխանատվություն կրի․ եթե ոչ իրական մեղավորը, ապա մարդիկ, որ իրական մեղավորի դեմ են դուրս եկել՝ նշեց նա։

«Հետևաբար, մենք առաջիկա ամիսներին գործ ենք ունենալու կոնկրետ մարդկանց թիրախավորման հետ և չեմ բացառում, որ սկսեն արդեն հայրենիքի դավաճանների փնտրել, գտնել, ամեն ինչ կհեռացնեն Նիկոլ Փաշինյանից, այնպես կանեն, որ Նիկոլ Փաշինյանը սուրբ է, և նրան պարզապես խաբել են»,-ասաց լրագրողը։

Այս գործընթացով փորձում են Նիկոլ Փաշինյանի ձեռքերը մաքրել ոչ միայն Հադրութը, այլև Շուշին հանձնելու արյունից, քանի որ եթե Հադրութը պաշտպանված մնար, թշնամին չէր կարողանա հասնել Շուշի։ Հոխիկյանը համոզված է, որ Շուշիի ճանապարհը պաշտպանվել է մեր զորքի, կամավորականների անձնական նվիրվածության, ոչ թե համակարգված պաշտպանության շնորհիվ։

«Շուշիի անկման ճանապարհը» ֆիլմում Նաիրի Հոխիկյանը զրուցել է Հադրութից մինչև Շուշի մարտական գործողություններին մասնակցած շատ-շատ մարդկանց հետ, հատկապես բարձր սպայակազմի հետ, և բոլորը միաբերան ասել են, որ սա կազմակերպված նահանջ էր, կազմակերպված հանձնում էր։

«Իսկ առանց Հադրութը հանձնելու՝ թշնամին որևէ ճանապարհ չուներ Շուշի հասնելու։ Թշնամին սկզբում փորձեց Բերձորի՝ Լաչինի ուղղությամբ, չհաջողվեց, այդտեղ բավական մեծ ջարդ կերավ։ Հետո փորձեց դեպի Մարտունի-Ճարտար ուղղությամբ, այսինքն, Վարանդա-Ֆիզուլիից մտնել դեպի Մարտունի, շարժվել դեպի Ճարտար և այդպես շարունակ, էլի չստացվեց, Մարտունու ճակատամարտը այս 44-օրյա պատերազմի գլխավոր ճակատամարտներից մեկն էր, որն արժանի է հիշատակման, և Մարտունու ճակատամարտի մասին պետք է նաև լուրջ աշխատություններ լինեն, թե ինչպիսի հերոսություններ են արել մերոնք՝ առանց քաղաքական իշխանության թույլտվության։ Միակ տարբերակը մնացել էր Հադրութը»,-բացատրեց Նաիրի Հոխիկյանը։

Եվ հանկարծ Հադրութը, որը շատ լավ պաշտպանվում էր, Հադրութի հրամանատարությունը՝ գնդապետ Սերգեյ Շաքարյանը, ով նաև հադրութեցի էր, ադրբեջանցիներին ջարդու էր, հանկարծ անակնկալ Հադրութը հանձնում են և թշնամին մարշով հասնում է Շուշի։

Նաիրի Հոխիկյանը նաև պատմեց, թե ինչպես է Փաշինյանի մերձավոր օլիգարխներից մեկն իրեն ասել, որ Սերգեյ Շաքարյանն իր զորախմբով ջարդում էր Հադրութի տակով դեպի Շուշի գնալ փորձող հազարավոր ադրբեջանցիների ու թշնամու հարյուրավոր տանկեր․ «բա դա մարդ ա՞․․․»,-ասել էր օլիգարխը։

«Նիկոլ Փաշինյանը և նրա խունտան շատ լավ հասկանում են, որ հնարավոր չէ մարդկանց աչքից թաքցնել իրողությունը, մարդիկ տեսել են, ովքեր չեն տեսել՝ լսել են, գիտեն, աստիճանաբար ավելի ու ավելի են համոզվում, որ Հադրութ, որից հետո արդեն Թաղավարդ, հետո Զարդանաշեն, Սղնախները, Քարինտակ և ապա Շուշի, այդ ամբողջ ճանապարհը լուրջ պաշտպանությամբ չի հանձնվել, հանձնվել է կազմակերպված նահանջով, թեպետ զինվորականությունը և կամավորականները դիմադրություն ցույց են տվել, բայց համակարգված գործողություններ չեն եղել, խրամատներ չեն փորվել, այսինքն, պաշտպանական համակարգ չի ստեղծվել, և դա կարող էր արվել միայն գերագույնի հրահանգով»,-ասաց Նաիրի Հոխիկյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը և նրա խունտան լավ են հասկանում, որ ի վերջո մարդկանց աչքից դա հնարավոր չէ ծածկել, այդ պատճառով իրականությունն այլ կերպ են ներկայացնում, ասում են՝ այո, իհարկե, Հադրութը լավ չի պաշտպանվել, Շուշին հանձնվել է, բայց դա Նիկոլը չի արել, դրա մեղավորը, ասենք, Օնիկ Գասպարյանն է, Դավիթ Տոնոյանն է, և մյուսները։

«Իհարկե, ես մեղադրում եմ և՛ Օնիկ Գասպարյանին, և՛ Դավիթ Տոնոյանին և զինվորականության մյուս հրամանատարությանը, որովհետև եթե դու տեսնում ես, հասկանում ես, որ գերագույն գլխավոր հրամանատարը դավաճանում է երկրին, դու պետք է նախ և առաջ արգելափակես այդ մարդուն, և երկրի կառավարումը քո ձեռքը վերցես։ Ոչ թե անես այն, ինչ քեզ հրահանգում են, հետո ասես՝ դավաճանեցին»,-ասաց Հոխիկյանը։

Նա նշեց, որ այս առումով է մեղադրում, բայց եթե անգամ նրանք մեղավոր են, Հադրութն ու Շուշին հանձնելը ա՛յդ մարդկանց նախաձեռնությունը չի եղել, այլ, ամենայն հավանականությամբ, գերագույն հրամանատարի, որին խաբելն, ի դեպ, այդքան էլ հեշտ չէ։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica