close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապրել ու պաշտել հայրենիքը Արտակի նման. մեկ տարի առաջ հայ ազգը զրկվեց իր «նոր Խորենացուց»

Հասարակություն

2 Հոկտեմբերի 2021, 11:39
 Ապրել ու պաշտել հայրենիքը Արտակի նման. մեկ տարի առաջ հայ ազգը զրկվեց իր «նոր Խորենացուց»

2020 թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի ու Արցախի դեմ սկսվել էր սարսափելի և, ինչպես հետագան ցույց տվեց, աղետալի պատերազմ. պատերազմի առաջին իսկ օրերից սահմանից ստացվում էին ցավալի տեղեկություններ զոհերի, կորուստների վերաբերյալ։

Սակայն հոկտեմբերի 2-ի երեկոյան նմանատիպ օրերից ամենացավոտն էր. հայ ազգը սկսել էր զրկվել ոչ միայն իր հայրենիքի մի մասից, այլև զրկվեց «մերօրյա Խորենացուց», զրկվեց մի մարդուց, որն իր կեսդարյա կյանքի ընթացքում հայ պատմագիտության մեջ թողել է այնպիսի հետք, որի մասին կխոսվի դարեր-հազարամյակներ. 50 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայ մեծանուն պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը։

Հրաշալի ընկեր, հայր, ուսուցիչ ու ֆենոմենալ հայ Արտակ Մովսիսյանը դարձավ մերօրյա պատմագիտության խորհրդանիշը։ Նրա հեղինակած աշխատությունները, գրքերը, ֆիլմերը չէին ստեղծվել պարզապես ժամանակի հրամայականով, նրա բոլոր աշխատությունները ծառայելու են սերունդներին, կրթելու են հայ երիտասարդին, դարձնելու են իսկական հայ, այնպիսի հայ, ինչպիսին ընկեր Մովսիսյանն էր։

Երբ երկրում իշխանության եկան ապազգային ուժեր և սկսեցին փոփոխություններ կատարել հայագիտական առարկաների չափորոշիչներում (ապազգային մոտեցումներ ներդնելով այնտեղ), Արտակ Մովսիսյանն առաջիններից ու ամենահամառ ընդդիմախոսներից էր ապազգային այդ քաղաքականության։

Մեծանուն պատմաբանի գիտական ժառանգության զգալի մասը վերաբերում է հայկական վաղ պետական կազմավորումներին՝ սկսած Արատտայից, Հայասայից, մանրակրկիտ ուսումնասիրել է այդ դարերը՝ այնպես, ինչպես չէին ուսումնասիրել ոչ մի դարում։

Արտակ Մովսիսյանն իր կյանքի ընթացքում հասցրել է թողարկել 8 պատմական ֆիլմ, զբաղվել Ադրբեջանի պատմակեղծարարությունները ջրի երես հանելով՝ հեղինակելով «Պատմության կեղծարարները. Ադրբեջան» եռալեզու ֆիլմը։

Բազմաթիվ սերունդներ կրթած մեծանուն պատմաբանն իր ֆենոմենալ մարդկային, մանկավարժական, գիտնականի տաղանդի շնորհիվ ուսանողներին «ներարկել» է հայ լինելու արժեքը հասկանալու կարողությունը։

Նույնիսկ նրա անժամանակ մահից հետո էլ թողարկվում են Արտակ Մովսիսյանի անտիպ աշխատությունները։ Այսպես՝ օրեր առաջ՝ սեպտեմբերի 23-ին, տեղի ունեցավ Արտակ Մովսիսյանի «Հայաստանի նախամաշտոցյան գրավոր մշակույթի պատմություն» գրքի շնորհանդեսը: Մենագրությունը նվիրված է Հայկական լեռնաշխարհում գրի ծագման և զարգացման վաղ փուլերին, Մեսրոպ Մաշտոցից առաջ Հայաստանում կիրառված գրային համակարգերին, դրանցով թողնված գրավոր հուշարձանների ուսումնասիրությանը։

«Հայրենի հողը չի կարելի զիջել ոչ մի գնով», - ասում էր պատմաբանը։ Արտակ Մովսիսյանը չտեսավ իր հայրենիքի մի մասի ցավալի կորուստը, և պատերազմից հետո տեղի ունեցած և ունեցող զարգացումներում անփոխարինելի կլիներ մեծ պատմաբանի դերը՝ ինչպես նրա ծանրակշիռ կարծիքի, այնպես էլ ներկա և ապագա սերունդներին ազգային գաղափարներ սերմանելու հարցում։

Ցավոք, Արտակ Մովսիսյանը ապրեց քիչ, սակայն նրա կյանքի օրինակը բավական է, որ ցանկացած հայ գիտակցի, վերաձևի և վերակերտի իր ազգային պատկանելությունն ու ազգային գիտակցությունը։

Հայոց պատմության ամեն ժամանակաշրջան ունի իր պատմագիրը, պատմաբանը. մենք հպարտ և ուրախ ենք, որ ունեցել ենք Արտակ Մովսիսյան, որ նրա հետ ապրել ենք նույն ժամանակաշրջանում, նույն հայրենիքում։

 

Արգամ Եղիազարյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica