close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համայնքների խոշորացման վտանգները

Հասարակություն

24 Սեպտեմբերի 2021, 15:35
 Համայնքների խոշորացման վտանգները

Մեզանում միջհամայնքային միավորների ձեւավորումը, 90-ականների երկրորդ կեսից սկսած, չի խրախուսվել։ «Հնարավորությունը կար, բայց մենք դա չենք արել։ 2000-ականների կեսերին մենք սկսեցինք մտածել՝ ինչ պարամետրերի հիման վրա պիտի լինեն այդ բաժանումները, նույնիսկ հատուկ խումբ էր աշխատում։ Որոշում կար միավորել այն համայնքները, որոնք կապված են մեկ ընդհանուր, ենթադրենք, համապետական կամ հանրապետական ենթակառուցվածքով՝ ճանապարհ, ջրագիծ, էլեկտրականություն, հաղորդակցություն կամ միավորել այն համայնքները, որոնց ընդհատվող սահմանները առնվազն միմյանց հետ 15 կիլոմետր են, համայնքի կենտրոնից մինչեւ ծայրամաս հեռավորությունը չլինի 5 կմ-ից ավելի։ Փորձեցինք տեսնել՝ ինչ կունենանք Սյունիքում։ Պարզվեց՝ համայնքների խոշորացումն այս սկզբունքով մեծ օգուտ չի տալիս․ այնտեղ կիրճերը շատ են, ռելիեֆը խիստ ընդհատումներով է, համայնքները խիստ տարանջատված են։ Արդյունքում՝ 110 համայնքը խոշորացվելու դեպքում դառնում էր մոտ 80 համայնք։ Էֆեկտ չտվեց։ Նույնը եղավ Տավուշում»,-Yerkir.am-ին ասաց Հայաստանի նախկին վարչապետ, տարածքային կառավարման նախկին նախարար Խոսրով Հարությունյանը։

Նրա խոսքով՝ համայնքների խոշորացումն արդյունավետ կլինի, եթե հաշվի առնվեն մի շարք լուրջ եւ կարեւոր հանգամանքներ։ Ըստ նրա՝ Եվրոպայում միայն Ֆրանսիան է, որ չի գնացել այս ճանապարհով, բայց մյուս երկրներում եղել են անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու միջոցները՝ համայնքները խոշորացնելու համար։

«Սկզբից սա պիլոտային ծրագիր էր Դիլիջանում, որին միացնում էին մոտակա համայնքները։ Բայց հետո այս խոշորացումները սկսեցին օրենքով ամրագրել։ Սա սխալ մոտեցում է։ Համայնքների խոշորացման ժամանակ միշտ փոքր բնակավայրերը, դրանց ազգաբնակչությունը մտահոգություն են արտահայտում, որոնք անհիմն չեն։ Եթե համայնքային կենտրոնը մի տեղ է՝ այդ փոքր բնակավայրից դուրս, եւ տեղական ինքնակառավարման մարմինները գտնվում են այն համայնքում, բնական է՝ բոլորի մոտ առաջանում է մտավախություն, որ առկա ռեսուրսները նախեւառաջ կծառայեցվեն այն համայնքի խնդիրների լուծմանը, որտեղ տեղակայված են ՏԻՄ-ը, համայնքային իշխանությունները։ Սա անհիմն մտահոգություն չէ։ Խոսքն այն մասին էր, որ միգուցե ավագանու  ձեւավորման գործընթացում օգտագործեն այնպիսի հնարավորություններ, որ փոքր համայնքները կարողանան ֆինանսական ռեսուրսների օգտագործման կամ բաշխման ընթացքում իրենց դերակատարությունը կամ մասնակցությունն ունենան։ Ամենամեծ պրոբլեմն այն է, որ այն խոշորացված համայնքների փոքր բնակավայրերը, որոնք մինչեւ այսօր ունենք, իրենց ապրելու պայմանների առումով էական տեղաշարժեր չեն արձանագրել․ սա փաստ է։ Որովհետեւ համայնքների խոշորացման քաղաքականությունը պետք է ուղեկցվեր նաեւ պետության աջակցության նոր մեխանիզմների եւ նոր հնարավորությունների ներդրմամբ, որովհետեւ բնակիչը, մտնելով մեկ միասնական համայնքի մեջ, իր կյանքում, իր ապրելու պայմաններում որակի փոփոխություններ չի արձանագրում, նրա մոտ խոշորացման քաղաքականությունը արժեզրկվում է, դառնում անիմաստ։ Եթե սրան էլ ավելացնենք այն, որ փոքր բնակավայրերում միշտ լինում են մեծ ընտանիքներ, այսպես ասած՝ ընտանեկան ազգություններ, որոնք, որպես կանոն, տեղական իշխանությունը վերցնում են ընտրությունների ճանապարհով, նրանք դառնում են համայնքների խոշորացման հիմնական դիմադրող ուժը, որովհետեւ կորցնում են տեղական իշխանության ձեւավորման հնարավորությունը։ Նման պարագայում առաջանում է նաեւ այդ քաղաքականության դեմ ըմբոստանալու ձգտում։ Հիմա ներկայացրեցին օրենք, որով համայնքները դարձնում են ընդամենը մի քանի տասնյակ։ Սա շատ ծայրահեղ որոշում է։ Ես զգում եմ արդեն, որ մեզանում տեղական ինքնակառավարումն աստիճանաբար կարող է վերածվել տեղական կառավարման»,-Yerkir.am-ին ասաց Խոսրով Հարությունյանը։

Սա, Հարությունյանի խոսքով, ժողովրդավարության խնդիրներ է առաջացնում։ Ըստ նրա՝ սա ոչ էֆեկտիվ ծրագիր է, իսկ ավելի լուրջ է, երբ հարյուրավոր համայնքները հավաքվում են մի քանի տասնյակի մեջ։

«Տեղական ինքնակառավարումը, ըստ համանուն եվրոպական խարտիայի, որին մենք միացել ենք դեռեւս 2000-ական թվականների սկզբին, հանրային կյանքի ժողովրդավարացման օգտակար ինստիտուտներից է։ Եթե դուք խոշորացնում եք ամբողջ հանրապետությունը, դա նշանակում է, որ, մեծ իմաստով, մենք ունենում ենք այսօրվա գործող համայնքներում կառավարում, կառավարիչներ։ Չկա տեղական ինքնակառավարում, հետեւաբար, հանրության մասնակցային պրոցեսը, ներառական գործընթացը ձախողում ենք։ Մի քանի տասնյակը ծայրահեղ լուծում է։ 

Մենք խորհրդային տարիներին ունեցել ենք 450-460 համայնք։ Կարելի էր խոշորացման դեպքում դարձնել 450, նույնիսկ՝ 400, բայց ոչ՝ այսքան քիչ։ Սա հարված է հանրային կյանքի ժողովրդավարացմանը։ Ես լուրջ մտահոգություն ունեմ։ Եթե դուք խոշորացնում եք եւ դարձնում այսքան քիչ, համայնքների ճնշող մեծամասնությունը վերածվում է բնակավայրերի, որտեղ դուք ունենալու եք կառավարիչներ։ Այս պայմաններում խոսել այդ բնակիչների տեղական նշանակության պրոցեսներին մասնակցության մասին, դա բացառվում է»,- Yerkir.am-ին ասաց Խոսրով Հարությունյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարան է եկել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխության՝ հապճեպ կազմված նախագիծը, որով առաջարկվում է միավորել համայնքները եւ կրճատել առանձին համայնքների թիվը։ Խորհրդարանական ընդդիմությունը դեմ է նախագծին, քանի որ համարում են այն ապօրինի, ընդդեմ ոչ իշխանական հայացքներ ունեցող համայնքապետերի եւ սահմանադրության խախտումներով։


Արմաշում շչակ է գործարկվելու
20 Հոկտեմբերի 2021, 13:25 Արմաշում շչակ է գործարկվելու

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica