close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տարո՛ն, Երևանում թուրք տեսնելը հենց քո ու շեֆիդ երազանքն է

Խմբագրի անկյուն

20 Սեպտեմբերի 2021, 13:36
 Տարո՛ն, Երևանում թուրք տեսնելը հենց քո ու շեֆիդ երազանքն է

Երեկ Yerkir.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, «Ոսկու Աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել երկու թուրքեր կամ ադրբեջանցիներ, իսկ նրանց հետ եղած երրորդ անձը, որը, ըստ ականատեսների, թափահարել էր Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները, դիմել էր փախուստի: 

Yerkir.am-ի հրապարակման առնչությամբ պարզաբանում էր տարածել ոստիկանությունը՝ տեղեկացնելով հետևյալը.  «…սեպտեմբերի 19-ին` ժամը 18.07-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին, հայտնեց, որ մայրաքաղաքի ոսկու շուկաներից մեկի մոտ կասկածելի 3 անձ են բռնել և կարծում են, որ նրանք Ադրբեջանի լրտեսներ են:

Րոպեներ անց նշված վայր ժամանած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները և պարեկային ծառայության աշխատակիցները ինքնությունը պարզելու նպատակով ոստիկանություն բերման են ենթարկել 3 անձի: Պարզվել է, որ նրանք ԻԻՀ-ից ժամանած զբոսաշրջիկներ են: Կատարվել են պարզաբանումներ և բերման ենթարկվածները բաց են թողնվել: Կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել»:

Փաստենք, որ ոստիկանության հաղորդագրությունից պարզ չէ՝ բերման ենթարկված իրանցի զբոսաշրջիկներն ազգությամբ պարսի՞կ են, թե՞ ադրբեջանցի, այն ադրբեջանցիներից, որոնք 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում Արաքսի դիմացի ափից ոգեշնչում էին ադրբեջանական օկուպացիոն զորքերի մուտքը Արցախի հարավային շրջաններ: Կամ՝ ինչո՞ւ պետք է իրար խառնվեին ոսկու շուկայի բազմաթիվ աշխատակիցներ, սեփական ուժերով մեկուսացնեին նշյալ անձանց և զանգեին ոստիկանություն: Ի՞նչ է, ԻԻՀ-ից ժամանած հազարավոր զբոսաշրջիկների առաջին անգա՞մ էին տեսնում Երևանում: 

Մեզ համար անհասկանալի է նաև ոստիկանության կոչը: Այն թեժ պահին մեզ զանգահարած և վրդովված քաղաքացիներին պետք է խնդրեինք մանրամասն հարցաքննե՞լ կասկածյալներին, որոնք, ըստ ականատեսների, թափահարել են ադրբեջանական և թուրքական դրոշներ: Պարզ չէ՞, որ մենք հրապարակել ենք տեղեկությունը՝ հիմնվելով ականատեսների ահազանգի վրա, իսկ ոստիկանության գործը դա քննելն ու պարզաբանումներ տալն է:

Դե, բնականաբար, զարմանալի կլիներ, որ այստեղ ի հայտ չգային հանրությանը մոլորեցնելու գործում Փաշինյանի հայրենավաճառ իշխանությանն անձնվիրաբար օժանդակող և դրանով իրենց օրապահիկը ստացող որոշ ողորմելիներ: Զորօրինակ՝ ստի ու կեղծիքի մարմնացում հանդիսացող ոմն Տարոն Չախոյան (Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ) միանգամից ցուցադրել է իր կեղտոտ փեշակին հարիր դեմքը՝ նշելով, թե, իբր, «…yerkir.am կայքի պատասխանատուների երազանքն է Երևանի կենտրոնում թուրք կամ ադրբեջանցի տեսնելը»:

Հիշեցնենք, թե ինչպես էր մեր հարկերից ռոճիկ ստացող սույն կեղծարարը 2021 թ. մարտին լկտի կեղծիք տարածել՝ Ուկրաինայում դեռևս 2017 թվականին արված նկարը ներկայացնելով որպես Բաղրամյան պողոտայում արված նկար։ Նպատակը՝ Հայրենիքի փրկության շարժմանը վարկաբեկելն էր, որն այդ ժամանակ հայտարարել էր վրանները պողոտայից դուրս բերելու և ճանապարհը բացելու մասին։

Տարո՛ն, կարիք կա՞ ապացուցելու այլևս, որ ոչ թե Yerkir.am կայքի պատասխանատուների, այլ թուրքերի հետ քիրվայության մեջ մտած շեֆիդ ու նրա խունտայի երազանքն է Երևանի կենտրոնում թուրք կամ ադրբեջանցի տեսնելը: Ավելին՝ շեֆդ իր կործանարար քայլերով փորձում է իրականացնել այդ երազանքը՝ Արցախը դավաճանաբար հանձնելուց հետո սովետական կոլխոզ-սովխոզների սահմանների հենքի վրա միանձնյա գծելով պետական սահմաններ, դրանով իսկ մասնատելով ու թշնամուն հանձնելով հայրենիքի տարբեր հատվածներ, ռազմավարական նշանակության բարձունքներ ու միջպետական ճանապարհներ: 

Եվ հիշի՛ր, Տարո՛ն, հրեշավոր այդ ծրագրի իրագործմանը տեղեկատվական ոլորտում օժանդակելու, շեֆիդ հրահանգով մարդկանց մոլորեցնելու համար դու ևս ստանալու ես «արժանի հատուցում», քանզի ոչ ոք և ոչինչ չի մոռացվելու:

Վահե Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica