close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկական պետությունների անվտանգության համակարգի վերականգնման հեռանկարները

Քաղաքական

16 Սեպտեմբերի 2021, 14:05
 Հայկական պետությունների անվտանգության համակարգի վերականգնման հեռանկարները

Ս.թ. օգոստոսի 9-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան, որտեղ նա հանդիպել է երկրի բարձրագույն ղեկավարության հետ, եղել Ադրբեջանի հետ սահմանում, հանդես եկել որոշակի քաղաքական հայտարարություններով։ Հայ հանրությունն այդ այցը առավելապես ընկալել է որպես ՀԱՊԿ քարտուղարին և ընդհանրապես այդ ողջ կառույցին «լավ դասեր տալու» հնարավորություն։ Սկզբում բոլորը ոգևորված պատմում էին, թե որքան կոշտ էին Զասին ուղղված ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանի խոսքերը, իսկ հետո էլ նույն եռանդով տարածվում էր ՀԱՊԿ քարտուղարի այն «խոստովանությունը», որ Ադրբեջանն իսկապես սպառնալիք է Հայաստանի համար։

Այսքանով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայաստանյան այցի հանրային օրակարգը, ցավոք, սպառվեց։ Հայ քաղաքական ու փորձագիտական շրջանակները նույնիսկ ուշադրություն չդարձրին այն փաստին, որ Փաշինյան-Զաս հանդիպումից երկու օր անց Հայաստանի վարչապետը հանդես եկավ մի հայտարարությամբ, որում նա բացահայտեց մեր երկրի անվտանգության ապահովման տեսանկյունից կարևոր միջազգային այդ կառույցի հետ հարաբերություններում առկա լուրջ խնդիրները։ Փաշինյանը մասնավորապես ասել է, որ եթե ՀԱՊԿ-ն հետաքրքրված չէ հայ-ադրբեջանական սահմանում մոնիթորինգ իրականացնելու առաքելության ստանձնմամբ, ապա այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի հենակետեր տեղակայելու մասին առաջարկը Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հանրայնացրել է դեռևս մայիսի 27-ին՝ ՀՀ Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում։ Միևնույն ժամանակ նա նշել էր, որ ՀԱՊԿ-ն էլ իր հերթին կարող է մոնիթորինգային առաքելություն ստանձնել։ Թե որքան ժամանակ է պաշտոնական Երևանը քննարկում ռուսական կողմի հետ այդ երկու հնարավորությունները, պարզ չէ։ Բայց, ամենայն հավանականությամբ, այս հարցերում Փաշինյանը լուրջ հաջողություններ չի ունեցել։ Համենայնդեպս, ինչպես արդեն նշեցինք, Ստանիսլավ Զասի այցից հետո Հայաստանի վարչապետը սկսեց ավելի շատ խոսել ՀԱՊԿ-ի փոխարեն այդ առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին փոխանցելու մասին, իսկ ՌԴ ԱԳՆ-ն էլ նշել է, որ սահմանապահ զորքեր տեղակայելու համար անհրաժեշտ են միջազգային համապատասխան իրավական փաստաթղթեր, և այդ ուղղությամբ դեռևս աշխատանքներ են տարվում։

Ինչևէ, հասկանալի է, որ այս բոլորը բավական բարդ գործընթացներ են, որոնք կարող են նաև երկար ժամանակ պահանջել, բայց մինչ այդ խնդիրներին անցնելը հայկական կողմը պետք է ունենա մեզ համար կենսական նշանակություն ունեցող ամենակարևոր հարցի պատասխանը՝ ո՞րն է մեր անվտանգության ապահովման մարտավարությունը։ Ի՞նչ խնդիրներ ենք մենք փորձում լուծել այս ոլորտում և ինչպե՞ս։ Որովհետև մինչ այս պահը հիմնական տպավորությունն այն է, որ Հայաստանը պարզապես փորձում է իր անվտանգային խնդիրները փոխանցել Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբին, Ֆրանսիային և այլն, մի խոսքով՝ ցանկացած մեկի, ով կստանձնի նման պատասխանատվություն, միայն թե ինքներս չզբաղվենք դրանով։ Ավելին, դատելով որոշ հայ բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերից, կարելի է անգամ հանգել այն եզրակացությանը, որ պաշտոնական Երևանը պատրաստ է այդ հարցը վստահելու նույնիսկ Ադրբեջանին ու Թուրքիային։ Համենայնդեպս, նոր պատերազմից խուսափելուն ուղղված ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության քայլերը, օրինակ` զինված ուժերին թելադրված արգելքը` չկրակելու ՀՀ տարածք ներխուժած թշնամու վրա, այլ ենթադրությունների առիթ չեն տալիս։ Բայց սա քննարկման այլ թեմա է։

Այժմ ցանկանում եմ վերադառնալ գլխավոր հարցին՝ ո՞րն է մեր անվտանգության նոր համակարգի ստեղծման մարտավարությունը։ Հստակ է, որ այս հարցը կարող է ունենալ ինչպես պարզ պատասխան, զորօրինակ` մարտունակ բանակի առկայությունը, այնպես էլ իրապես խորությամբ մտածված և լրջորեն մշակված մոտեցում։ Ցավալին, սակայն, այն է, որ երկու պարագայում էլ ՀՀ իշխանությունների քայլերն ու մարտավարությունը հստակ չեն։ Ավելի ճիշտ՝ դրանք պարզապես բացակայում են. ուժեղ և մարտունակ բանակ ունենալու հարցում նրանք շարունակում են առաջնորդվել պոպուլիստական հայտարարությունների տրամաբանությամբ, իսկ երկրորդ դեպքում ընդհանրապես ոչինչ չեն խոսում։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ պատերազմի ավարտից գրեթե մեկ տարի անց ՀՀ և Արցախի սահմաններում տեղակայված մեր նոր մարտական դիրքերը, մեղմ ասած, հեռու են հուսալի լինելուց։

Այս փաստը, իհարկե, բավական հուսահատեցնող է։ Բայց եկեք դեռևս փորձենք խուսափել սուր քննադատություններից և հասկանալ, թե առաջնային ինչ քայլեր են անհրաժեշտ հայկական պետություններին՝ սեփական անվտանգության համակարգը վերականգնելու, իսկ ապա նաև դրա որակական հատկությունները շարունակաբար կատարելագործելու համար։ Սկսենք թերևս առկա ռեսուրսներից։
Պատերազմում ցավալի պարտություն կրելուց հետո հայկական երկու պետությունների զինված ուժերը գործում են եղածը պահպանելու, փրկելու տրամաբանությամբ։ Դատելով բանակից ու սահմաններից ստացվող լրատվությունից՝ հայկական բանակը մինչ օրս կառավարվում է ճգնաժամային պայմաններին հատուկ ձևերով։ Ընդհանուր կարգուկանոնի բացակայությունն ակներև է։ Եվ սա դեռևս ամենամեծ խնդիրը չէ։ Առավել վատն այն է, որ բանակում անհասկանալի սպասումների մթնոլորտ է տիրում։ Այդ սպասումներն առավելապես վերաբերում են սահմանների անվտանգության ապահովման գործում ռուսական ներգրավվածության մեծացմանը և բխում են ՀՀ ռազմաքաղաքական իշխանությունների բառամթերքից ու գործողություններից։ Սա չափազանց վտանգավոր իրողություն է, որովհետև այդ սպասումն էլ իր հերթին զինված ուժերին մղում է անգործության։ Տրամաբանությունը պարզ է. ինչո՞ւ խրամատ փորել, եթե, միևնույն է, ռուսն է գալու և վերահսկելու իրավիճակը սահմանում։ Կամ էլ` որտե՞ղ փորել, եթե դեռ հայտնի չէ, թե ապագայում սահմանն ինչ տեսք է ունենալու։

Ահա այս սպասողականությունից ու դատարկ հույսերից պետք է հրաժարվել։ Հայ զինվորից բացի` ոչ ոք չի կարող Հայաստանի ու Արցախի անվտանգության իրական երաշխավոր լինել։ Այս պահին փորված խրամատից առավել անվտանգ վայր չկա հայ զինվորի համար։ ՀՀ ռազմաքաղաքական իշխանությունը պետք է լավ հասկանա այս պարզ ճշմարտությունները և հետևողական լինի, որ բանակը հենվի բացառապես սեփական ուժերի և կարողությունների վրա։ Եթե վաղը այդ խրամատներն առաջ տանելու հնարավորություն բացվի, կամ սահմաններն անվտանգ դարձնելու միջազգային նոր երաշխիքներ ստեղծվեն, ավելի լավ, բայց մինչ այդ, որքան էլ դա դժվար լինի, մեր զինված ուժերը պետք է կատարեն իրենց բաժին աշխատանքը։ Եվ շատ կարևոր է, որ զինվորականներն ունենան հստակ նպատակներ ու թիրախներ։ Նրանք պետք է հասկանան` ինչն ինչի համար են անում և ինչ արդյունք կունենան ապագայում։ Սա է բանակի մարտական ոգին ու արդյունավետությունը վերականգնելու միակ ճանապարհը, որի ուղղությամբ մենք դեռևս ոչ մի քայլ չենք արել։ Իհարկե, այս ամենին պետք է գումարել նաև ժամանակակից սպառազինության ձեռքբերումը, զորքերի վերակազմակերպումը, որակյալ կադրերով համալրումը, մատակարարման խնդիրների լուծումը, ինժեներական աշխատանքները և այլն, և այլն, բայց սրանք բոլորը խիստ մասնագիտական հարցեր են, որոնցով պետք է զբաղվեն ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամկազմն ու ռազմական փորձագետները։

Սա վերաբերում է բանակաշինությանը։ Բայց հայտնի փաստ է, որ անվտանգության համակարգը միայն ուժեղ բանակը չէ։ Այդ համակարգի գործունեությունն ապահովող ու արդյունավետ դարձնող բազում այլ գործոններ կան, որոնցից կարևորագույնը թերևս միջազգային համագործակցությունն է։ Եվ ահա այստեղ է, որ ՀՀ իշխանությունների գործունեությունը խիստ թերի է։ Ասվածը փաստերով հիմնավորելու համար առաջարկում ենք կրկին որպես օրինակ դիտարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ մեր երկրի հարաբերություններն ու մոտեցումները։

2021 թ. սեպտեմբերի 16-ին Հայաստանը ստանձնելու է այդ կազմակերպության նախագահությունը։ Թվում է՝ պաշտոնական Երևանի համար սա պետք է լավ առիթ դառնար, որ վերանայվեին և հաղթահարվեին այն բոլոր կնճռոտ հարցերը, որոնք կուտակվել են ՀԱՊԿ-ի հետ Փաշինյանի կառավարության փոխգործակցության ընթացքում։ Խնդիրներն իրոք շատ են, և դրանք թվարկելու անհրաժեշտություն չկա։ Բայց հիմա Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը։ Եվ ուրեմն ինչո՞ւ էր պետք այդ կարևոր իրադարձությունից ընդամենը մեկ ամիս առաջ ամբողջ աշխարհով մեկ կրկին վարկաբեկել այդ կառույցը։ Դա հասկանալի կլիներ, եթե հստակ տեսանելի լիներ, որ Հայաստանի նպատակը ՀԱՊԿ կազմաքանդումն է։ Հաշվի առնելով ՀԱՊԿ անդամ որոշ պետությունների դիրքորոշումը մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցերում՝ այդպիսի տեսական նպատակադրումը կարող էր ոմանց կողմից անգամ ընկալելի լինել։ Բայց պարզ է, որ Հայաստանը նման խնդիր չունի իր առջև դրված։ Ավելին՝ պաշտոնական Երևանը ցանկանում է օգտագործել ՀԱՊԿ կարողությունները` սեփական անվտանգային խնդիրները լուծելու համար։ Հետևաբար ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության նման մոտեցումները ՀԱՊԿ-ի հանդեպ վկայում են առնվազն այն մասին, որ պաշտոնական Երևանը անվտանգային այդ կառույցի վերաբերյալ որևէ հստակ ծրագիր, անգամ մոտավոր պատկերացում չունի։ Եվ սա մեծ խնդիր է։ Մինչդեռ իրավիճակը, որում հայտնվել են հայկական պետությունները և ընդհանրապես մեր տարածաշրջանը, պահանջում է, որ անվտանգության ապահովման հարցում Հայաստանի հաշվարկները առավել քան ճշգրիտ լինեն։ Դրանք չեն կարող սահմանափակվել միայն Ադրբեջանի կամ Թուրքիայի ռազմական պոտենցիալի հետ մեր կարողությունների համադրմամբ և այդ համատեքստում քիչ թե շատ ընդունելի լուծումների որոնումով։ Այդ հաշվարկն իրականում պետք է ներառի Միջին Ասիայից մինչև Մերձավոր Արևելք, Պարսից ծոցից մինչև Սև ծովի ավազան և Եվրոպայից Չինաստան ընկած տարածքներում ընթացող բոլոր զարգացումները։ Ասել է թե` հայկական անվտանգային համակարգն այլևս չի կարող լոկալ բնույթ կրել։ Այն պետք է դառնա աշխարհաքաղաքական լուրջ գործընթացներին մեր ճիշտ հաշվարկված մասնակցության արդյունք։ Եվ միայն այդ դեպքում կարելի կլինի հուսալ, որ Ռուսաստանի կամ ցանկացած այլ գերտերության ռազմական պոտենցիալը կծառայի նաև հայկական երկու պետությունների անվտանգության համակարգին։ Հակառակ պարագայում Հայաստանն ու Արցախը դատապարտված են ձախողման, իսկ լավագույն դեպքում՝ ընդամենը մեծ տերությունների ձեռքում մանրադրամ լինելուն։

Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար

«Դրօշակ», թիվ 9(1658), սեպտեմբեր, 2021 թ.

Մեր ընտանիքի նահապետը
21 Հոկտեմբերի 2021, 23:35 Մեր ընտանիքի նահապետը
Մահացել է Տիգրան Կարապետյանը
21 Հոկտեմբերի 2021, 20:17 Մահացել է Տիգրան Կարապետյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica