close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանցիները դժգոհ են, որ Հայաստանը չի պատասխանում բեռնատարների դեմ Բաքվի գործողություններին․ իրանագետ

Քաղաքական

14 Սեպտեմբերի 2021, 16:19
 Իրանցիները դժգոհ են, որ Հայաստանը չի պատասխանում բեռնատարների դեմ Բաքվի գործողություններին․ իրանագետ

Իրանում սոցցանցային դաշտը և վերլուծական արձագանքները բավականին բացասական են Հայաստանի միջազգային համբավի առումով ադրբեջանցիների՝ Գորիս-Կապան ճանապարհին իրանական բեռնատարները ստուգելու և գումար պահանջելու գործընթացից՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը։

«Արձագանքները բացասական են Հայաստանի միջազգային համբավի առումով, քանի որ Հայաստանը չի կարողանում ապահովել իր տարածքների անձեռնմխելիությունը կամ իր տարածքով սեփական ապրանքաշրջանառությունը։ Նաև իրանցիների կողմից դժգոհություններ կան Բաքվի գործողություններից, որոնց չի պատասխանվում հայկական կողմից»,-ասաց նա։

Իրանական լրատվամիջոցները հիմնականում տարածում են Իրանի ԱԳՆ հայտարարությունը, նաև տեղեկացնում են, որ նման դեպքեր են եղել։

Իրանի արտգործնախարարության արձագանքը Գարիկ Միսակյանը բավական հավասարակշռված է համարում, այսինքն, միայն շեշտադրում եղավ, որ Իրանը առաջնահերթություն է համարում հարևան երկրների, հատկապես, Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, ինչը մի քիչ ընդհանրական դրսևորում է։

«Սա որոշ չափով նաև նշանակում է, որ, չնայած այս խնդիրներին, Իրանը շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման իր ձգտումները։ Սակայն խնդիրը նաև այնտեղ է, որ հայկական կողմից նույնպես որևէ հայտարարություն չեղավ քաղաքական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից այս խնդրի հետ կապված, ինչի հիման վրա իրանցիները կարող էին գոնե մի քիչ հայամետ հայտարարություն անել։ Այսինքն, մեր կողմից դեռևս արձագանք չկա, իսկ Իրանի կողմից ընդամենը մի հատ չեզոք հայտարարություն էր»,-արձանագրեց իրանագետը։

Առաջին կառույցը, որն արձագանքեց այս խնդրին և Իրանի կողմից առաջին հայտարարություններից մեկը կատարեց, հայ-իրանական առևտրային ոչ պետական կազմակերպությունն էր, որը տեղակայված է Իրանում և նաև զբաղված է Հայաստանի և Իրանի գործարար կապերի ընդլայնմամբ։

«Այսինքն, գործարար շրջանակներում նույնպես կա անհանգստություն ապահով առևտուր իրականացնելու, քանի որ նախ՝ ցանկալի չէ, որ հայկական ապրանքաշրջանառությունը վերահսկողություն անցնի, նաև Իրանի գործարարների համար է անցանկալի հավելյալ մաքսային կամ հարկային գումար վճարել Ադրբեջանին, և գտնվել վերահսկողության տակ, որ վերահսկվի ինչ ապրանքներ են տեղափոխվում դեպի Հայաստան»,-ասաց իրանագետը։

Նրա համոզմամբ՝ այս գործողությամբ Ադրբեջանը ոչ միայն Իրանի հետ առևտուրն է թիրախավորում, այլ, ընդհանարապես, Հայաստանի հարավային դարպասների առևտրաշրջանառությունն է թիրախավորում։

«Արդեն սոցցանցերում կային հայտարարություններ, որ Իրանից կամ այլ երկրներից մարդատար ավտոբուսներ են կանգնեցրել, ստուգել։ Խնդիրը միայն Իրանը չէ․ Հայաստանին անվտանգային առումով հնարավորին չափ թուլացնելուն, նաև տնտեսական առումով հայ-իրանական հարաբերությունները խաթարելուն են ուղղված Ադրբեջանի գործողությունները, նաև Սյունիքի աշխարհաքաղաքական դիրքի թուլացմանը»,-ասաց Գարիկ Միսակյանը։

Այս ամենը չի կարող բացասական ազդեցություն չունենալ հայ-իրանական գործարար կապերի վրա, ասաց նա, բավականին բացասական է ազդեցությունը, և եթե քայլեր չձեռնարկվեն կամ գոնե այլընտրանքային ճանապարհներ չբացվեն, հետևանքները կարող են ծանր լինել։

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին ամիսներ առաջ հայտարարել էր, որ Իրանի դիրքորոշումը շատ պարզ է՝ իրենք չեն ընդունելու տարածաշրջանի սահմանների ոչ մի փոփոխություն, թույլ չեն տալու փոխել իրենց հյուսիսային սահմանները Հայաստանի հետ։

Գարիկ Միսակյանն ասաց՝ սա Իրանի խորհրդարանի դիրքորոշումն է, սակայն այստեղ խնդիրը Իրանի սահմանների փոփոխությունը չէ, քանի որ հայկական սահմաններն են դեր խաղում, և եթե հայկական կողմից չկան համապատասխան գործողություններ այս ուղղությամբ, ապա իրանական կողմում դա կարող է գնահատվել այնպես, որ հայկական կողմն էլ է համաձայն այդ տարածքների անցմանը թշնամական պետության։

«Գորիս-Կապանով անցնող հայ-իրանական միջպետական մայրուղին կարևորվում է նրանով, որ միակն է, նախ՝ շնչելու հնարավորություն է տալիս Հայաստանին, երկրորդը՝ ապահովում է արտաքին աշխարհի հետ Հայաստանի կապը։ Ադրբեջանը Նախիջևանին կապող հաղորդակցական ուղին, որը նախատեսում են կառուցել, եթե անգամ աշխարհագրորեն նայենք՝ ոչ մի կերպ չի կարող հայ-իրանական առևտրաշրջանառություն ապահովել, ընդհակառակը, կարող է վնասել դրան՝ ընդհատելով հայ-իրանական ցամաքային սահմանի բնականոն գործունեությունը»,-պարզաբանեց իրանագետը։։

Դատելով Ալիևի ծավալապաշտական հայտարարություններից, նրա համոզմամբ, այդ պետությունը խաղաղասիրական որևէ ձգտում չունի, այլ ընդհակառակը՝ «Զանգեզուր» են անվանում Սյունիքի տարածքները և իրենց նկրտումներն են դրանով ցուցաբերում։

Իրանական կողմում անհանգստությունները բավկանին մեծ են և՛ Թուրքիայի ազդեցության աճից, և՛ պանթյուրքիստական տարածքի ձևավորումից, և՛ Հայաստանի թուլացումից Հարավային Կովկասում, նկատեց Գարիկ Միսակյանը, սակայն գնահատել, թե ինչ գործողությունների կդիմի Իրանը, նրա կարխիքով՝ սխալ է։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica