close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապօրինի սահմանահատում կլիներ, եթե լիներ սահման և չլիներ զինվորական․ Արամ Օրբելյանը՝ հայ ռազմագերիներին դատելու մասին

Քաղաքական

9 Սեպտեմբերի 2021, 21:34
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապօրինի սահմանահատում կլիներ, եթե լիներ սահման և չլիներ զինվորական․ Արամ Օրբելյանը՝ հայ ռազմագերիներին դատելու մասին

Ռազմագերիների հետ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը եթե խիստ գաղտնի է, ապա ցանկացած պետություն իրավունք ունի այլ պետության տարածքում գտնվող իր ռազմագերիների իրավունքները պաշտպանելու համար ընտրել հովանավորող պետություն, որի աշխատանքը հրապարակային է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը՝ խոսելով Ադրբեջանում պահվող մեր ռազմագերիների մասին։

Նա վստահեցրեց, որ հովանավորող պետություն ունենալու՝ կոնվենցիոն հնարավորության մասին իրենք տեղեկացրել են մեր իշխանություններին, բայց թե ինչու նրանք այդ քայլին չեն գնում՝ դժվարացավ ասել։

«Հովանավորող պետությունը հետևում է Ժնևյան կոնվենցիաների պահպանման պայմաններին։ Դա նշանակում է, որ եթե հաստատում ենք, որ մեր ռազմագերիները գտնվում են բանտում, դա ինքնին արդեն խնդրահարույց է, քանի որ նրանք պետք է ներկալված լինեն զորանոցում։ Եթե մեր ռազմագերիները պահվում են ոչ այն պայմաններում, որում պահվում են ադրբեջանցի զինվորները իրենց մոտ՝ դա խնդրահարույց է։ Եթե մեր ռազմագերիների նկատմամբ տրված չէ մի շարք իրավունքներ՝ հիգիենայի իրավունք, սառը, տաք ջուր՝ քանի ժամ պետք է լինի, դրսում սպորտով զբաղվելու իրավունք, հոգևոր զարգացման իրավունք․․․ Ժնևյան կոնվենցիայի փաստաթղթում մի քանի էջ միայն նկարագրված են այս իրավունքները»,-մանրամասնեց Արամ Օրբելյանը։

Նա նշեց, որ սխալ է մեր ռազմագերիներին Ադրբեջանի սահմանը հատելու մեղադրանքով դատելը, քանի որ սահման հատելու համար նախ՝ պետք է ունենալ այդ սահմանը, հետո հատողը պետք է լինի մասնավոր անձ, ոչ թե զինվորական։

«Ապօրինի սահմանահատում կլիներ, եթե լիներ սահման․ ադրբեջանցի զինվորի՝ ՀՀ սահմանը հատելը ապօրինի սահմանահատում չէ, և հակառակը, երբ մեր զինծառայողը հատել է Ադրբեջանի սահմանը՝ լինելով ծառայության մեջ, դա ապօրինի սահմանահատում չէ։ «Ապօրինի սահմանահատում» երևույթը վերաբերում է այն դեպքերին, երբ կա սահման՝ սահմանը որոշված է, կանգնած են սահմանապահներ և փորձ է կատարվել սահմանը ապօրինի հատել որպես մասնավոր անձ։ Տվյալ դեպքում, երբ անձը եկավ, հայտնվեց մեր իշխանության ներքո, պետք է տրվի ռազմագերու կարգավիճակ, ոչ թե դատել ապօրինի սահմանահատման համար։ Նույնն էլ հակառակը՝ երբ մեր զինվորը հայտնվեց այնտեղ, իրեն պետք է ներկալել որպես ռազմագերի և վերադարձնել»,-ասաց Արամ Օրբելյանը։

Իրավագետը չցանկացավ մեկնաբանել՝ ինչու են ՄԻԵԴ-ում մեր ռազմագերիներին առնչվող գործերը մասնավոր գանգատի շրջանակում, ոչ թե պետության, քանի որ ինքը ներառված չէ այդ պրոցեսում և մանրամասներին տեղյակ չէ, բայց արձանագրեց, որ այդ անձինք ոչ թե ձերբակալվել են Ադրբեջանում, որովհետև այնտեղ ինչ-որ մի հանցագործություն են արել և, հնարավոր է, նրանց իրավունքները խախտում են, այլ այդ անձանց ազատազրկել են, երբ նրանք իրականացնում էին իրենց պաշտոնական ծառայությունը Հայաստանի Հանրապետության  զինված ուժերում կամ Արցախի Հանրապետության զինված ուժերում, ակնհայտորեն այդ մարդկանց՝ հանրային պետական գործ անելու համար են ազատազրկել, զինծառայության ժամանակ, հետևաբար, այստեղ խնդիր կա պետության, որպես «գործատուի», այդ պատասխանատվությունը կիսելու և դրանով ակտիվ գործողություններ անելու։

Մինչդեռ մենք առայօր չունենք հստակ ձևակերպում, թե մոտավորապես քանի գերու մասին է խոսքը, ովքեր են նրանք, և չկա շատ հստակ պահանջ՝ տվյալ անձանց անհապաղ, առանց հետագա քննարկման վերադարձնելու Հայաստան։

«Տարբեր հանդիպումների ժամանակ մենք տեսնում ենք «գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտություն» կամ նմանատիպ այլ ձևակերպումներ, բայց մեր արտգործնախարարությունը, մեր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, մեր կառավարությունը պարտավոր է անընհատ և ամեն տեղ արձանագրել Ադրբեջանի կողմից Ժնևյան կոնվենցիաներով և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների չկատարում։ Հիմա տպավորություն է ինձ մոտ ձևավորվում, որ մեր կառավարությունը մոտավորապես ընդունում է Ադրբեջանի այն ձևակերպումները, որ եթե նրանք ամսի 9-ից հետո են գերի ընկել, հայտարարությունը նրանց վրա չի տարածվում․ դա չի կարող լինել մոտեցում, որովհետև  ամսի 9-ի հայտարարության մեջ որ գրված է՝ բոլորը բոլորի դիմաց, նկատի չունի՝ մինչև այսօր ով կա՝ վերադարձնենք, վաղը նորից գերի վերցնենք»,-ասաց նա։

Որովհետև, ասաց Արամ Օրբելյանը, եթե մենք խոսում ենք ռազմական գործողությունների դադարման մասին, ուրեմն խոսում ենք ռազմական գործողությունների դադարման մասին։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․

Ինչո՞ւ չեղարկվեց Նոր տարին
26 Հոկտեմբերի 2021, 10:59 Ինչո՞ւ չեղարկվեց Նոր տարին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica