close
Եղանակը Երևանում
13 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շուշին մենք անգիր գիտենք, բայց թուրքացման տանող իշխանությունների պարագայում ասել, որ կարող ենք ազատագրել, ճիշտ չի լինի․ Ս․ Օհանյան

Քաղաքական

2 Ապրիլի 2021, 20:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շուշին մենք անգիր գիտենք, բայց թուրքացման տանող իշխանությունների պարագայում ասել, որ կարող ենք ազատագրել, ճիշտ չի լինի․ Ս․ Օհանյան

Շուշին մենք անգիր գիտենք՝ և՛ այդ բարձրավանդակը, և՛ նրա աշխարհագրական դիրքը, առանձնահատկությունները, և՛ այն ճանապարհները, որոնք տանում են դեպի Շուշի, բայց Հայաստանը թուրքացման տանող ներկա իշխանությունների պարագայում ասել, որ Շուշին մենք կարող ենք կարճ ժամանակում ազատագրել, ճիշտ չի լինի՝  Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նա վստահ է, որ Կոմանդոսը դեռ կարող էր ապրել՝ Շուշիի կորուստը նրա առողջությանը հարվածներից մեկը եղավ։

«Բոլորս խորը ցավ ենք ապրում, որ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ մեր սիրելի Կոմանդոսը, այսօր մեզ հետ չէ։ Ես եթե իրեն բնութագրեմ, ապա պետք է առաջին հերթին նշեմ Կոմանդոսի մարդկային վսեմ հատկանիշները, նրա ընկերականությունը, ծառայողական պարտականությունները կատարելու շրջանակում նրա հրամանատարական աջակցությունը, անձնական օրինակը, և, իհարկե, նրա հրամանատարական ունակությունները, որ արտահայտվել են մի քանի օպերացիաների ընթացքում՝ հատկապես Շուշիի օպերացիայում, որովհետև անմիջական ղեկավարն ինքն է եղել։ ես ուզում եմ մեր ողջ ժողովրդին համբերություն ցանկանալ, ցավակցել նրա բոլոր հարազատներին, զավակներին, ընտանիքի անդամներին, բոլոր մեր մարտական ընկերներին, որովհետև նման մարդիկ ծնվում են հարյուր տարին մեկ և Կոմանդոսի վառ օրինակը պետք է գրված լինի մեր պատմության մեջ»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Շուշիի ազատագրման գործողության ուղղություններից մեկն էլ ղեկավարել է Սեյրան Օհանյանը։ Ի՞նչ է իրականում զգում մարդը, որն ազատագրել է անառիկ բերդաքաղաքը, որը հետո իր աչքի առջև հանձնում են թշնամուն․ Սեյրան Օհանյանն այս հարցին սեղմ է պատասխանում՝ խորը ցավ եմ ապրել։

«Իհարկե, չեմ լացել․․․ որովհետև տարիների ընթացքում տեսնել այդ ամենը՝ մարտական գործողությունների դաժանությունները, դժվարությունները, զրկանքները, մարդկանց մոտ որոշակի իմունիտետ են ձևավորում, և դու կարողանում ես քեզ զսպել։ Բայց նաև այդ զսպելը, երբ մարդ տարիքով մեծանում է, ավելի արտահայտիչ են դառնում այդ զգացմունքները։ Իհարկե, ես հոգու խորքում եմ լացել, երբ կորցրել ենք Շուշին, կորցրել ենք իմ ծննդավայրը և կորցրել ենք մեր հարգելի, սիրելի Կոմանդոսի ղեկավարությամբ ազատագրած Շուշին»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Կարծում եմ, որ խորը ցավ է ապրել նաև մեր սիրելի Կոմանդոսը՝ ասաց նա։

Այսուհանդերձ, Արկադի Տեր-Թադևոսյանը զինվորականի զսպվածությամբ ընդունեց Շուշիի դավադիր հանձնումը։ Սեյրան Օհանյանն ասում է՝ զինվորական նրբակրթության նորմերը հասունանում, հղկվում են և մարդկային հարաբերությունների մեջ հասնում են իրենց գագաթնակետին։

«Ինձ, օրինակ, երբ հարցնում են՝ ինչո՞ւ դու չես ջղայնանում, զգացմունքներդ արտահայտում, ես ասում եմ՝ կարող եմ զգացմունքներս արտահայտել, եթե զգամ, որ դա ինչ-որ մի բան կփոխի։ Եթե այդ ըմբոստությունը որևիցե ձևով՝ դրական կամ բացասական, չի կարող ազդել իրադրության վրա, այդ ամենը իմ մեջ եմ պահում։ Կարծում եմ, Կոմանդոսն էլ նույն պահվածքն ուներ»,-ասաց Սեյրան Օհանյանը։  

Վերջին պատերազմին, երբ Շուշիում մարտեր էին, Կոմանդոսը վստահ էր, որ կպահենք բերդաքաղաքը։ Սեյրան Օհանյանը ևս փաստում է՝ Շուշիի պաշտպանությունը իրականում դյուրին է, որովհետև բարձրավանդակ է և անառիկ է, բայց, մյուս կողմից, եթե ինչ-որ տեղ բացթողում ունես, մանավանդ այն տեղում, որտեղ հակառակորդը հնարավորություն է ստացել խորը ներթափանցել քո թիկունք և խառնաշփոթություն առաջացնել, դժվար է։

«Բայց այստեղ բացթողումները ռազմական են․ նաև նրանում են, որ ժամանակին վերախմբավորում չի իրականացվել և ճիշտ խմբավորում չի ձևավորվել Շուշիի պաշտպանությունն իրականացնելիս։ Մյուս կողմից, ամբողջ այս պատերազմն է ցույց տվել, որ Անվտանգության խորհուրդը իր դերակատարությունը չի իրականացրել։ Որովհետև Անվտանգության խորհուրդը այն տեղն էր, որտեղ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է ամբողջ պետությունը մոբիլիզացնեին, տեղափոխեին ռազմական ռելսերի վրա։ Եվ Անվտանգության խորհրդում ճիշտ եզրակացություններ պետք է տրվեր ռազմաքաղաքական իրադրություններին, որի հիմնական տվողները 4 հոգի են՝ Պաշտպանության նախարարը, ԳՇ պետը, Արտաքին գործերի նախարարը, Արցախի Պաշտպանության բանակն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը, որոնք համակողմանի վերլուծության արդյունքում ճիշտ առաջարկություն պետք է անեին գերագույն հրամանատարին՝ որոշում ընդունելու համար»,-մանրամասնեց Սեյրան Օհանյանը։

Նա նշեց մեկ օրինակ․ ՀՀ վարչապետը փոխանակ գնա՝ զոհվածների հարազատների առջև ձևական խոնարհվի, ծնկի իջնի գերեզմանների վրա, Օհանյանի համոզմամբ, այդ ամենը պետք է իրականացներ պատերազմի օրերին առաջին գծում՝ խոնարհվեր, ծնկի իջներ առաջին գծում գտնվող հրամանատարների և նրանց զինվորների առջև, որպեսզի ոգին զգային, և այն տեղերում, որտեղ թուլություններ ենք ունեցել, վերականգնվեին և իրենց առջև դրված խնդիրը կատարեին։

Մինչդեռ այսօր ռազմական և պետական պարտությունից հետո պարտությունների շարանը շարունակվում է՝ ընդգծեց Սեյրան Օհանյանը։ Եվ միայն միջազգային երաշխիքների և ազգային երաշխիքների վերականգնման արդյունքում մենք կարող ենք մեր ոտքերը ամրացնել և հետագայում ունենալ հաջողություններ։

Աննա Բալյան

Սեյրան Օհանյանը խոսել է նաև Արտակ Դավթյանի հագուկապի և Սերբիայի դրոշով ընդունելության, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի ընտրացուցակում իր անվան ընդգրկվելու լուրերի մասին։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica