close
Եղանակը Երևանում
18 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանություններն ուղղակի ի վիճակի չեն արձագանքել արտաքին սպառնալիքներին․ «Փաստ»

Մամուլի տեսություն

9 Մարտի 2021, 08:38
 Իշխանություններն ուղղակի ի վիճակի չեն արձագանքել արտաքին սպառնալիքներին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Անցած տարվա աշնանը տեղի ունեցած պատերազմի արդյունքներով պայմանավորված՝ Հայաստանը շատ լուրջ արտաքին սպառնալիքների առաջ է կանգնել։ Այնպես որ, նույնիսկ շարքային քաղաքացու համար ակնհայտ է, որ այդ սպառնալիքների չեզոքացմանն ուղղված քայլերը Հայաստանի կողմից մեծ ջանքեր են պահանջելու։ Եվ թվում էր, թե այս մի քանի ամիս ժամանակահատվածը պետք է բավարար լիներ, որպեսզի մեր երկիրը կարողանար քիչ թե շատ պատրաստվել այդ մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ, բայց արի ու տես, որ պատերազմից հետո ընկած ժամանակահատվածը ի վիճակի չենք եղել արդյունավետ օգտագործել։ Փաշինյանի կառավարությունը իր ողջ էներգիան կենտրոնացրել է միայն իշխանությունը պահելու խնդրի վրա, ուր մնաց, որ ի վիճակի լինի արձագանքել արտաքին սպառնալիքներին։

Բայց այդ սպառնալիքներն այնքան խորն են, որ անմիջականորեն շոշափում են Հայաստանի ինքնիշխանությանը վերաբերող հարցեր։ Այսպես, օրինակ՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը քիչ չէ, որ հայտարարում է, թե Զանգեզուրն իրենց պատմական տարածքն է, մի բան էլ Մեղրիով նախատեսվող ճանապարհը, որով Ադրբեջանը կապվելու է Նախիջևանի հետ, միջանցք է համարում։ Ու սա դեռ ամբողջը չէ, Ալիևն իր անունից հրավիրում է այլ երկրներին ևս մասնակցություն ունենալ այդ նախագծի իրականացման գործում։ Այդպես նա Տնտեսական համագործակցության կազմակերպության առցանց գագաթաժողովի անդամ երկրներին, որոնց մեջ են մտնում Հայաստանի նկատմամբ թշնամական տրամադրված Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը, առաջարկեց օգտագործել «զանգեզուրյան միջանցքը»։

Սա բացահայտ կերպով ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնահարում է, քանի որ առանց Հայաստանի համաձայնության որևէ երկիր իրավունք չունի մասնակցություն ունենալ ՀՀ տարածքում իրականացվող նախագծերի կյանքի կոչմանը, թեկուզ դրանք լինեն ճանապարհների տեսքով։ Բացի դրանից, Ադրբեջանը փորձում է տարբեր երկրների ներկայացուցիչների և կազմակերպությունների հետ խորհրդակցություններ անցկացնել Արցախից գրաված տարածքներում այդ երկրներից ներդրումներ ապահովելու ուղղությամբ՝ այնպիսի շղարշի ներքո, թե վերականգնում է այդ տարածքները։ Դրանով պաշտոնական Բաքուն փորձում է ևս մեկ միջազգային ճնշման գործիք կիրառել հայկական կողմի նկատմամբ։ Իսկ Հայաստանը ոչ միայն չի կարողանում ադրբեջանական ակտիվությանը հակակշռող քայլեր ձեռնարկել, այլև ԱԳՆ-ի միջոցով վախվորած պատասխան է ուղարկում Ալիևի հոխորտանքներին, որն ավելի շատ կիսապատասխանի է նման։

Իսկ երկրի ղեկավարությունն ընդհանրապես լուռ է այն պարագայում, երբ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, բայց պահանջում է, որ Հայաստանը դրանք լիարժեքորեն կատարի։ Եթե Ադրբեջանը չի կատարում հայտարարությամբ նախատեսված՝ գերիների վերադարձի մասին կետը, ապա ինչո՞ւ պետք է Հայաստանը կատարի Ադրբեջանը Նախիջանին կապող տրանսպորտային ուղու ապահովման հարցը։ Բացի դրանից, հարց է, թե ինչո՞ւ Հայաստանը գերակտիվ աշխատանք չի տանում Ադրբեջանի վրա միջազգային ճնշումներ բանեցնելու և միևնույն ժամանակ Հայաստանի տնտեսության վերականգնման ուղղությամբ ներդրումներ ապահովելու հարցում, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերի չափազանց հզորացումը չի բխում տարածաշրջանային և արտատարածաշրջանային շատ դերակատարների շահերից։ Հայաստանին այս հարցում մեծ օժանդակություն կարող է ցույց տալ հայկական սփյուռքը։ Սակայն ինչո՞ւ գործի չի դրվում սփյուռքի ունեցած պոտենցիալը։

Թերևս պատերազմում պարտությունից հետո սփյուռքում խորը հիասթափություն կա, բայց տարբեր երկրներում մեր համայնքներին պետք է արթնացնել ու ցույց տալ, որ անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամեն ինչ չի ավարտվում, դրանով հնարավոր չէ կայուն խաղաղություն ապահովել, անհրաժեշտ է պայքարը շարունակել նոր թափով։ Միջազգային հարթակում անգործության պատճառներից մեկն էլ այն է, որ ՀՀ իշխանությունները սպառել են իրենց, այլևս հանրային և միջազգային վստահություն չկա նրանց նկատմամբ։ Ուստի իշխանությունների հեռանալուց հետո պետք է ժամ առաջ գործի անցնել, որովհետև հսկայական աշխատանք կա կատարելու։ Բայց դրա համար ժամ առաջ պետք է հասնել հեռացմանը...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica