close
Եղանակը Երևանում
20 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Եթե բնակչության մեծ մասն արդեն վարակվել է, ալիքային բռնկումներ դժվար թե ունենանք»․ «Փաստ»

Մամուլի տեսություն

6 Մարտի 2021, 09:18
 «Եթե բնակչության մեծ մասն արդեն վարակվել է, ալիքային բռնկումներ դժվար թե ունենանք»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում, ըստ առողջապահության նախարարության տվյալների, կորոնավիրուսի վարակման դեպքերի աճ է գրանցվում: Զուգահեռ՝ ոլորտի պատասխանատուները նշել են պարտադիր դիմակ կրելու ռեժիմին անցնելու անհրաժեշտության մասին: Կան նաև դիտարկումներ հնարավոր նոր սահմանափակումների անցնելու մասին, ինչի անթույլատրելիության մասին մի շարք տնտեսվարողներ արդեն իրենց դժգոհությունն են հայտնել: Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը «Փաստի» հետ զրույցում խոսել է մեր երկրում առկա համաճարակաբանական իրավիճակից, անդրադարձել նաև նշված հայտարարություններին:

«Առհասարակ, յուրաքանչյուր երկիր համաճարակի զարգացման իր տեմպերն ու առանձնահատկություններն ունի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ժամանակին հակահամաճարակային ինչպիսի միջոցառումներ են իրականացվել: Մասնավորապես, որքան համաճարակի տարածումը ժամանակին շատ է զսպվել, այնքան հիմա կարող է համաճարակի զարգացման մի քիչ ավելի շատ հնարավորություն լինի: Այսինքն, համաճարակի զարգացումը կարող է լինել այն դեպքում, եթե դու ունես չվարակված բնակչության որոշակի քանակ: Մարդիկ, որոնք վարակվում են, դեռ հստակ չէ որքան, բայց որոշակի ժամկետով իմունիտետ են ձեռք բերում:

Հետևաբար, օրինակ՝ արդեն 30 տոկոս վարակված բնակչություն ունեցող երկիրը չի կարող ունենալ նույն տեմպերը, ինչն, օրինակ՝ 50-60 տոկոս վարակված բնակչություն ունեցող երկիրը: Այսինքն, ավելի մեծ ինտենսիվությամբ ալիքների հավանականությունն ավելի բարձր է այն դեպքում, երբ բնակչության քիչ տոկոսն է վարակվել»,- ասաց մասնագետը: Վերջինիս խոսքով, մեր երկրում, սակայն, մինչ օրս նշված առումով ոչ մի հետազոտություն չի իրականացվել:

«Տարբեր գնահատականներ են տրվում: Ամեն դեպքում, մենք վարակվածների բավականին մեծ տոկոս ունենք: Ես մի քիչ թերահավատորեն եմ մոտենում այն կանխատեսմանը, թե մենք կարող ենք ունենալ համաճարակի տարածման այնպիսի ինտենսիվության, ինչպիսին նախորդ տարվա ամռանը կամ աշնանն առկա իրավիճակն էր: Եթե բնակչության մեծ մասն արդեն վարակվել է, ալիքային բռնկումներ ու ակտիվություն դժվար թե ունենանք: Եթե կոնկրետ կորոնավիրուսի դեպքում վարակվածների ցուցանիշը մոտ է 50-60 տոկոսի, արդեն ունենալու ենք ստաբիլ ու թեթև գործընթաց, ինչպես բոլոր ինֆեկցիոն շնչառական հիվանդությունների ու սուր շնչառականների դեպքում. մի քիչ ակտիվ, մի քիչ պասիվ իրավիճակներ կլինեն, բայց մեծ ալիքներ չեն լինելու»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է պարտադիր դիմակ կրելու ու հնարավոր սահմանափակումների թեման առաջ մղելուն՝ Է. Հովհաննիսյանը նշեց. «Կրկին մանիպուլյացիաներ են արվում: Ավելի վաղ կառավարության նիստերից մեկի ժամանակ Արսեն Թորոսյանն ասաց՝ տեսեք, մենք միջոցառումներ ենք իրականացրել, դրա համար էլ ամռանն ու աշնանը հաջողություններ ենք ունեցել: Այն, որ ուժեղ բռնկումները պետք է նվազման գնան, համաճարակաբանական գործընթացի կանոն է: Այսինքն, և՛ ամռանը, և՛ աշնանն ալիքներն աճել ու նվազել են ինքնուրույն՝ ենթարկվելով համաճարակաբանական գործընթացի կանոններին: Այս գործընթացը բացարձակ կապված չի եղել դիմակային ռեժիմի հետ: Հիշենք նաև, որ պատերազմի ժամանակ ոչ ոք չէր մտածում դիմակ կրելու ու կանոններ պահպանելու մասին, բայց վարակի բռնկման մեծ ալիք ու նվազում եղավ:

Իհարկե, որոշ տեղերում դիմակ կրելը կարևոր է, կարող է նվազեցնել վարակման վտանգը, բայց բազմիցս ենք ասել, որ դիմակ կրելը պետք է ընդհանուր միջոցառումների մի մասնիկը լինի, ու այն ամենաարդյունավետն ու կարևորը չէ: Կանխարգելիչ բազմաթիվ այլ միջոցառումներ կան, որոնք շատ ավելի արդյունավետ են, բայց մեզ մոտ չեն իրականացվել, չեն էլ իրականացվելու: Այդ առումով արդեն խորհուրդ տալու իմաստ էլ չկա: Ամռանը հույս ունեինք, որ կլսեն խորհուրդները, ինչ-որ կերպ կօգտագործեն, բայց, ցավոք, ունեցանք այն, ինչ ունեցանք»:

Անդրադառնալով հնարավոր սահմանափակումների հիմքում հատկապես քաղաքական ենթատեքստ տեսնելու մտահոգություններին՝ համաճարակաբանը շեշտեց. «Փորձը ցույց տվեց, որ այս չինովնիկների հետ կապված ոչինչ չի կարելի բացառել: Նրանցից ամեն ինչ սպասելի է: Վերջին մեկ տարվա բոլոր իրադարձությունները ցույց են տալիս, որ որոշումների մեծ մասը մասնագիտական հիմնավորումներ չունեն կամ այդ հիմնավորումները թերի են: Հետևաբար, այլ դրդապատճառները չի կարելի բացառել: Միգուցե իսկապես համաճարակաբանական գործընթացի որոշակի ակտիվացում կա, բայց որ արդեն վստահություն չկա, միանշանակ է: Սա է պատճառը, որ բոլորն արդեն հնարավոր որոշումների մեջ այլ ենթատեքստեր են տեսնում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica