close
Եղանակը Երևանում
12 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լույս է տեսել Նիկոլ Դումանի նամականին

Մշակույթ

3 Մարտի 2021, 21:13
 Լույս է տեսել Նիկոլ Դումանի նամականին

Լիբանանահայ ականավոր հասարակական-քաղաքական գործիչ, մանկավարժ, պատմաբան Երվանդ Փամբուկյանի ծանոթագրություններով և խմբագրմամբ «Վէմ» մատենաշարով (թիվ 3)  լույս է տեսել հայ ազգային-ազատագրական շարժման ականավոր գործիչ Նիկոլ Դումանի (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան, 1867-1914) անտիպ նամակների ժողովածուն:

Ընթերցողի դատին ներկայացվող նամակների այս ժողովածուի մեջ տեսնում ենք Նիկոլ Դուման գաղափարի մարտիկի, անվեհեր հեղափոխականի կերպարի համեստ, անկեղծ և ակամա արտացոլանքը հենց նրա կողմից։

Ժողովածուի մեջ արժեքավոր են Ատրպատականում գործունեության տարիներին Նիկոլ Դումանի կողմից դաշնակցական տարբեր գործիչներին, «Դրօշակ»-ի խմբագրությանը գրած նամակները, որոնցում հետաքրքիր մանրամասնություններ են բացահայտվում տեղում Դաշնակցության գործունեության, զինատար խմբերի համալրման և զենքի տեղափոխման մասին: Այս առումով նամակներում բացահայտվում են գոյություն ունեցած բազմաթիվ դժվարություններ, որոնց մասին ժամանակին բարձրաձայնել էր Դումանը: Վերլուծելով զինման կարևորության վերաբերյալ նամակներում առկա դիտարկումները՝ գալիս ենք այն եզրակացության, որ անկրկնելի ռազմագետ Նիկոլ Դումանի համար զինվելը և կազմակերպվելը սահմանվել են որպես հայ ժողովրդի փրկության բանալի:

Նիկոլ Դումանի նամակների հաջորդ ահազանգը ներկուսակցական և միջկոսակցական անհաշտություններն են: Հեղինակն իր նամակներում ցույց է տալիս այդ անհաշտությունների բնույթը: Միաժամանակ Նիկոլ Դումանի անձի օրինակով ընթերցողը համոզվում է հանուն ընդհանուր գործի ներկուսակցական և ներազգային հակասությունները ստորադասելու անհրաժեշտությունը, մանավանդ, որ այդ հակասությունները ուժերի անիմաստ և ավելորդ վատնումի պատճառ էին հանդիսանում:

Առանձին հետաքրքրություն է ներկայացնում հայ-քրդական հարաբերությունների տարաշերտ ծալքերի, արևմտահայ-ազգային ազատագրական շարժման մեջ գոյություն ունեցած քրդական գործոնի վերհանումը Նիկո Դումանի նամակներում: Նիկոլ Դումանը մի կողմից կարևորում է քրդերի հետ լեզու գտնելը, մյուս կողմից էլ փաստում է, որ դրա համար անհարժեշտ է քրդերին բացատրել դրա կարևորությունը, և ցույց տալ մեր ուժը, որի հետ քուրդը հաշվի կնստի:

Վանի 1896 թ. ինքնապաշտպանական կռիվների մասին բացառիկ տեղեկությունները, որոնք նա քաղել է բացառիկ փրկվածների պատմածներից, ինչպես նաև նույն թվականի աշնանը տեղի ունեցած «Պստիկ» կռիվների մասին պատառիկները (թեև ժլատ), թուրքական վայրագությունների մասին նոր վկայությունները գիտական նոր բացահայտումների հնարավորություն են ստեղծում:

Նամակներում բացառիկ և մինչ այժմ անհայտ և նոր մանրամասնություններով փաստերմ դրվագներ են բերվում Սարայ-Բողասքյասանի, Դերիկի վանքի կռիվների, Խանասորի արշավանքի նախապատրաստության, հայ-թաթարական ընդհարումների մասին:

Նիկոլ Դումանի նամակները նոր լույս են սփռում նաև անցյալ դարասկզբին պարսկական սահմանադրական շարժմանը հայության մասնակցության արդարացիության վերաբերյալ: Նամակները մեզ համոզում են, որ դրանք պայմանավորված էին ոչ միայն պարսկահայության ինքնապաշտպանությունը կազմակերպելու, այլև հայության գործոնը Պարսկաստանում արժեքավորելու տեսանկյունից:

Մի խոսքով, Նիկոլ Դումանի նամակների հրատարակումը նոր լույս է սփռում ոչ միայն Նիկոլ Դուման մեծանուն հեղափոխականի գործունեութեան դեռեւս չլուսաբանուած էջերի վրա, այլև նոր նյութ է տալիս ուսումնասիրողներին ինչպես հայ ազատագրական շարժման գաղափարական ծալքերի ուսումնասիրության, այնպէս էլ հայկական շարունակականութեան բանալին փնտրելու համար։ Մեզ մնում է մեր երախտիքի եւ հարգանքի խոսքը փոխանցել ազատագրական շարժման պատմության լուսաբանման անխոնջ նվիրյալ Երվանդ Փամբուկյանին, այս ժողովածուն կազմելու համար։ Միաժամանակ լիայոյս ենք, որ շարքը շարունակելի է լինելու, և ավարտին են հասցվելու նմանատիպ այլ ժողովածուների հրատարակումը։

Խաչատուր Ստեփանեան

Պատմագիտութեան դոկտոր, պրոֆեսոր

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica