close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանը հավատարիմ է մնում բանակցային գործընթացին. Արա Այվազյան

Քաղաքական

27 Փետրվարի 2021, 16:43
 Երևանը հավատարիմ է մնում բանակցային գործընթացին. Արա Այվազյան

ԱԳ նախարարությունը հրապարակել է «РИА Новости» տեղեկատվական գործակալությանը նախարար Արա Այվազյանի տված հարցազույցը:

 

Հարցին՝ ինչպե՞ս է Երևանը տեսնում ԼՂ կարգավիճակի հարցը, բանակցային ի՞նչ ձևաչափի շրջանակներում այն պետք է որոշվի՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան, թե՞, այնուամենայնիվ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, արդյո՞ք Երևանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի՝ որպես անկախ պետության ճանաչումը նոյեմբերի 9-ի հայտարարությունում նշված սահմաններում, Այվազյանը պատասխանել է.

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցմանը, ինչպես նաև Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը: Այս հայտարարությունն, ըստ էության, ուրվագծում է դրա ընդունման պահին առկա իրավիճակը՝ այն ըմբռնումով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական քաղաքական կարգավորման հարցը լուծված չէ։ Ելնում ենք նրանից, որ բացառապես բանակցությունների միջոցով կարելի է հասնել այնպիսի լուծման, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկաս։  Եվ նման կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի (Լեռնային Ղարաբաղի) կարգավիճակի որոշումը:

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն է: Այդ իրավունքը չի կարող ճնշվել կամ սառեցվել ուժի միջոցով:  Հայաստանը հանդես է եկել և շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչման դիրքերից: Որևէ կարգավիճակով և որևէ պայմաններում Արցախը չի կարող գտնվել Ադրբեջանի իրավասության ներքո: Վերջին ագրեսիան ևս մեկ անգամ հաստատեց, որ Արցախն Ադրբեջանի կազմում կնշանակի Արցախ՝ առանց հայերի։ Մենք բոլորս հիշում ենք 80-ականների վերջին և 90-ականների սկզբին կազմակերպված էթնիկ զտումները Ադրբեջանի խոշոր քաղաքներում, որոնք անմիջական կապ չունեին Լեռնային Ղարաբաղի հետ։ Փետրվարի 27-ին լրանում է Ադրբեջանի իշխանությունների մասնակցությամբ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 33-րդ տարելիցը։ Սումգայիթում տեղի ունեցած իրադարձությունները և դրան հաջորդած Բաքվի ջարդերը, որոնք տեղի էին ունենում «փառք Սումգայիթի հերոսներին» կարգախոսների ներքո, ինչպես նաև ռազմական հանցագործություններն ու զանգվածային վայրագությունները, որոնք իրականացվել են 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի կողմից Արցախի օկուպացված տարածքներում, մասնավորապես Հադրութի շրջանում, ակնառու վկայությունն են այն իրողության, որ միայն ինքնորոշման իրավունքի իրացումը կարող է ապահովել հայ բնակչության կյանքն ու անվտանգությունն իր իսկ պատմական հայրենիքում:

Կարգավորման ձևաչափի վերաբերյալ մենք բազմիցս հայտարարել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, որի շրջանակներում պետք է ձեռք բերվի հակամարտության վերջնական քաղաքական լուծումը։ Այս առնչությամբ մեր դիրքորոշումն անփոփոխ է. խաղաղ կարգավորման առանցքային հարցերն այսօրվա դրությամբ լուծված չեն։  Դա լիովին համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների տեսակետի հետ, որը հստակ ամրագրված էր նաև 2020 թ. դեկտեմբերի 3-ի հայտարարության մեջ։

Արցախի դեմ ագրեսիան, որպես հակամարտության լուծման մեթոդ ուժի կիրառումը մարտահրավեր են ողջ միջազգային հանրությանը, որոնք նաև խաթարում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող համանախագահ երկրների միջնորդական ջանքերը ու հեղինակությունը: Մենք իրապես հույս ունենք, որ համանախագահները գործնականում կհաստատեն իրենց մանդատը և արդյունավետորեն կգլխավորեն խաղաղ գործընթացը։

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Արցախի՝ որպես  անկախ պետության ճանաչմանը, ապա Երևանը հավատարիմ է մնում բանակցային գործընթացին։  Այսօրվա դրությամբ մեր օրակարգում դրված է հենց խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման հարցը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգություն և կայունություն»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica