close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանությունը կեղծիքով է պատում նախապատերազմյան իրադրությունն ու բուն պատերազմի ընթացքը․ Արա Գասպարյան

Քաղաքական

25 Փետրվարի 2021, 09:24
 Իշխանությունը կեղծիքով է պատում նախապատերազմյան իրադրությունն ու բուն պատերազմի ընթացքը․ Արա Գասպարյան
Արցախյան երրորդ պատերազմից անցել են ամիսներ, և իշխանությունը փորձում է մեր խայտառակ պարտության պատասխանատվությունը բարդել մի շարք հանգամանքների, բանակի ու հասարակության վրա։ Այն պարբերաբար փորձում է լղոզել իրականությունը, մանիպուլացնել հանրային գիտակցությունն ու անորոշություններով պատել նախապատերազմական իրադրությունն ու բուն պատերազմի ընթացքը։ Այդ նպատակով շրջանառվում են մի շարք թեզեր (բացի հանրահայտ հներն են մեղավոր կամ Արցախը արդեն 30 տարի ծախված էր մանիպուլյատիվ շահարկումներից), որոնցով մեր հասարակությանը փորձում են համոզել՝
-Չհասցրեցինք պատրաստվել պատերազմին.
Իսկ համարժեք պատրաստվելու համար ի՞նչ արեցին. արդյոք սպառազինությունների գնումները համապատասխանեցվել էին ապագա պատերազմի կանխատեսելի սցենարներին, քանի՞ իրական (կրակային փուլերով) զորավարժություն արվեց այս իշխանության կառավարման տարիներին, քանի պահեստազորի մասնագիտական (տանկիստներ, հրետանավորներ, հակաօդային պաշտպանության, կապի մասնագետներ և այլն) վարժական հավաք կազմակերպվեց։ Իրականում իշխանությունը «հաջողությամբ» տապալել է զորահավաքային քաղաքականությունը և ոչինչ չի արել պատրաստելու բանակային մեծաքանակ պահեստազոր, որը պատերազմի առաջին օրերին կհամալրեր կանոնավոր բանակի շարքերը։ Նույնիսկ պատերազմի առաջին օրերին իշխանությունը դադարեցրել է զինուժի լրահամալրումը՝ առկա զորամասերի թափուր հաստիքների համալրումը։ Լրահամալրումը կարևորագույն գործընթաց է, որի արդյունքում կամավորականը և «մոբը» կհայտնվեին արդեն իսկ գործող կանոնավոր բանակային ստորաբաժանումների կազմում և կիրականացնեին մարտական ծառայություն՝ ըստ իրենց զինվորական մասնագիտությունների։ Այնինչ նրանց հիմնականում ներառել են առանձին խմբերում որպես հետևակայիններ (կապավորին, հրետանավորին, ՀՕՊ մասնագետին, տանկիստին և այլն) և առանց նախնական պատրաստության ռազմաճակատ ուղարկել։ Վերջիններս այնտեղ հայտնվել են հաճախ առանց սպաների հրամանատարության, առանց կապի միջոցների, առանց տեղանքում կողմնորոշվելու հնարավորությունների, առանց մարտադաշտում իրենց հարևանությամբ գործող այլ մարտական միավորների հետ ծանոթության և գործողությունների համադրման, առանց հրետանու աջակցության, առանց իրենց առջև դրված հստակ մարտական խնդիրների․ այս շարքը կարելի անվերջ շարունակել։ Այս պայմաններում պարբերաբար հայտնվելով հրետակոծության տակ և տալով զգալի զոհեր՝ «մոբը» և կամավորական ջոկատները՝ բացառությամբ ՀՅԴ կամավորական վաշտերի և լավ նախապատրաստված մի քանի այլ ջոկատների, նահանջել են, ինչն այս պատերազմում զինուժի քաոտիկ կառավարման պայմաններում գրեթե անխուսափելի էր։ Անհրաժեշտ է արձանագրել, որ գործող իշխանախումբը համարժեք և գործուն միջոցներ չի կիրառել իրավիճակը փոխելու ուղղությամբ։
 
Վերոգրյալ իրադրությունը, որի միակ պատասխանատուն և մեղավորը քաղաքական-ռազմական ղեկավարությունն է, իշխանությունն օգտագործում է կամավոր ռազմաճակատ մեկնած հայրենասեր և անձնազոհ հազարավոր մարդկանց դասալքության մեջ մեղադրելու համար և փորձ է անում հասարակությանը համոզել, որ շարքային մարտիկներն են հանդիսանում պատերազմում Հայաստանի պարտության հիմնական պատճառներից։
 
-Թշնամին մեր դեմ վարում էր 5-րդ սերնդի պատերազմ։
Ընդհանրապես 5-րդ սերնդի պատերազմ որակումները, ինչպես նաև դրա բնութագրիչները խիստ պայմանական են, իսկ մեր դեպքում հաճախ այն օգտագործվում է թշնամու ռազմական կարողությունների չափազանցմամբ մեր պարտության իրական պատճառները քողարկելու նպատակով։ Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակի տեխնոլոգիական բաղադրիչներին, հարկ է նշել, որ Ադրբեջանը վերջին տարիներին ստեղծել է ԱԹՍ-ներից բաղկացած օդուժ (կարգերով էժան է իրական ավիացիայից), որը պատերազմի ժամանակ հաջողությամբ իրականացնում էր օպերատիվ-տակտիկական ավիացիայի բոլոր գործառույթները։ Մեր խնդիրն էր դրան ի պատասխան ժամանակին արդյունավետ օգտագործել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները ու ՀՕՊ համակարգերը, որոնք նախատեսված են անօդաչուների և այլ փոքրածավալ թիրախների խոցման համար, կազմակերպել էշելոնավորված և արագ տեղաշարժվող, լավ քողարկված, կեղծ թիրախներով հագեցված հակաօդային պաշտպանություն, իսկ մեր զինանոցում առկա հրթիռներով լուծել և՛ մարտավարական խնդիրներ, և՛ թիրախավորել հակառակորդի ռազմավարական օբյեկտները։ Մենք դա չենք արել, դրա փոխարեն հսկայական միջոցներ ենք ծախսել այս պատերազմում այդպես էլ չօգտագործված ինքնաթիռների և հնացած ՀՕՊ համակարգերի գնման վրա (պարզվեց ինքնաթիռներն էլ գնել են առանց հրթիռների)։ Ընդհանուր առմամբ Հայաստանի քաղաքական-ռազմական ղեկավարությունը բացարձակ անարդյունավետ է օգտագործել արտաքին քաղաքական գործընկերների հետ ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունները։ Դրան ի հակառակ՝ Ադրբեջանը, համաձայն առկա տեղեկությունների, օգտագործել է Ֆրանսիայից գնված գեոդեզիական արբանյակ, որը ֆրանսիական 2 արբանյակների հետ համակցված 5-6 ժամվա ընթացքում տալիս էր մեր տարածքի իրական պատկերը։ Մինչդեռ կարելի էր պարգևավճարների տարեկան գումարներից մի քանի անգամ էժան միջոցներով թշնամու տարածքի սկանավորման հարցը լուծել, իսկ փոխարենը մենք հրճվում էինք Արցախի ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի կողմից հնչեցված անհետևանք հայտարարություններով։ Մինչ պատերազմը պարզ էր, որ Ադրբեջանը լայնորեն օգտագործելու է հատուկ նշանակության ջոկատներ։ Մեր զինված ուժերում դրանց քանակի ավելացման անհրաժեշտության մասին բազմիցս է խոսվել, սակայն հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ պայքարի արդյունավետ ստորաբաժանումներ և մեթոդներ հիմնականում չեն նախապատրաստվել և կիրառվել։
 
Արցախա-ադրբեջանական 283 կիլոմետրանոց ճակատում թշնամին առաջ էր եկել՝ հյուսիսում 5 կիլոմետր ճակատով 5 կիլոմետր խորությամբ և կանգնեցվել, իսկ հարավում ճեղքել էր 15 կիլոմետրանոց հատվածը և անցել բացազատման։ Ռազմաճակատի մյուս հատվածներում թշնամին չէր ունեցել որևէ էական առաջխաղացում։ Հարավ-արևելյան ճեղքման ուղղությամբ չէր ստեղծվել առաջնային կառավարման կետ, ժամանակին չէին կատարվել արագ և ճշգրիտ վերադասավորումներ, չէր ապահովվել կազմակերպված նահանջ և նահանջող ստորաբաժանումների միջև պատշաճ կապ, չէին ստեղծվել լրացուցիչ պաշտպանական գծեր, չէին օգտագործվել տեղանքի պաշտպանիչ ու քողարկման հնարավորությունները, որոնք կապահովին զորքերի բավարար շարժունակություն։ Թվարկվածը տարրական գործողություններ են, որոնք նախանշված են ՀՀ ռազմական դոկտրինում ու այլ փաստաթղթերում, և որոնց իրականացմամբ պետք էր ապահովել ՀՀ զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի ներդաշնակ փոխհամագործակցությունը հարավ-արևելյան ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ ռազմաճակատի տվյալ հատվածում մեր կողմից կորցվել էր իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը և զորքի կառավարելիությունը, այն դեպքում, երբ ՀՀ զինուժի համար դա պետք է լիներ հատուկ պատասխանատվության գոտի՝ հաշվի առնելով Մեղրիի ուղղությամբ և հանդիպակաց հարվածի հնարավորությունը նաև Նախիջևանի կողմից։ Հարկ է նշել նաև, որ չնայած հարավում մեր կրած ծանր պարտությանը, Հադրութի և հատկապես Շուշիի՝ տրամաբանությանը չենթարկվող «գրավումը» ռազմական առումով բացատրություն չունի։ Դժվար է ենթադրել, որ հայկական կողմից ռազմական գործողությունների նման կառավարումը համապատասխանում է գեներալական գիտելիքներին։ Սրանով են պայմանավորված մեր աննախադեպ մարդկային, տարածքային և զինտեխնիկայի կորուստները։ Հատկանշական է, որ այդ տապալման պատասխանատուները ոչ միայն շարունակում են պաշտոնավարել, այլև ունենում են առաջխաղացումներ, նույնիսկ դեռ մարտական գործողությունները չավարտված՝ ստանում պետական պարգևներ և կոչումներ։
 
-Չունենք մարտունակ հայկական բանակ։
Ներկայումս իշխանությունների կողմից շրջանառվող այս խիստ վտանգավոր և ազգադավ թեզը միտված է հանրության մոտ վախի և անպաշտպանվածության մթնոլորտի ձևավորմանը և բանակում բարոյահոգեբանական վիճակի վատթարացմանը՝ շարունակվող տարածքային և արտաքին քաղաքական կորուստների դեմ հնարավոր ընդվզումների կանխարգելման նպատակով։ Հակառակ դրան՝ հարկ է նշել, որ պատերազմում ՀՀ-ն օգտագործել է իր ԶՈւ կարողությունների փոքր ծավալը և շարունակում է պահպանել կազմակերպչահաստիքային կառուցվածքն ու զինտեխնիկայի զգալի մասը, և ունենք փորձառու զինվորականություն։ Սակայն Արցախյան պատնեշի վերացմամբ և երկրի ստրատեգիական խորության նվազմամբ ահագնացել են անվտանգային սպառնալիքները, ինչով պայմանավորված՝ մեր բանակը պետք է արագ փոփոխվի ավելի և ադապտացվի օպերացիոնալ նոր միջավայրին, որն անհնար է իրականացնել առանց այս իշխանախմբի հեռացման։
Ըստ էության, այս պատերազմի կառավարման հայկական կողմի գործողությունների տրամաբանությունը հանգեցնում է այն համոզման, որ տեղի է ունեցել պետական կառավարման և հատկապես ռազմական անվտանգության համակարգի կազմաքանդում՝ արդյունքում Հայության կազմակերպված պարտություն, հեռահար աշխարհաքաղաքական օրակարգի սպասարկման նպատակով։ Այժմ Հայաստանը կանգնած է ինքնիշխանության կորստի առջև, և գործող իշխանխմբի վարած հետևողական քաղաքականության արդյունքում մեր պետությունը շարունակ քայքայվում է ու վերածվում ընդամենը ռազմաքաղաքական իրադրության։ Այսօր Հայաստանում դեռևս իշխող քաղաքական ուժի վարքագծում առկա է հանցավոր արարքների համակցություն, և նրանք պետք է շատ մոտ ապագայում պատասխանատվություն կրեն քրեաիրավական և քաղաքական տիրույթներում։
 
Արա Գասպարյան
ԱՕԿ գործադիր քարտուղար 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica