close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աղավնոյի կարգավիճակը շարունակում է մնալ անորոշ

Արցախ

24 Փետրվարի 2021, 23:35
 Աղավնոյի կարգավիճակը շարունակում է մնալ անորոշ

Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում բնակիչները փորձում են անցնել բնականոն առօրյայի, սակայն նրանց համար գլխավոր խնդիրը շարունակում է մնալ գյուղի կարգավիճակի հարցը։

«Ես որևէ կողմից բացատրություն չեմ ստացել՝ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր, ինձ որևէ զանգ, խոսք չի եղել, որ այս գյուղը պետք է լքենք։ Գոնե, եթե նման զանգ լինի, կհարցնենք՝ ինչո՞ւ պետք է լքենք։ Ինձ համար հստակ է, եթե մինչև օրս մնացել ենք, ուրեմն՝ մնալու ենք։ Մենք այստեղից դուրս չենք գա, ով ինչ ուզում է՝ թող անի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աղավնո համայնքի ղեկավար, ՀՅԴ անդամ Անդրանիկ Չավուշյանը։

Նրա խոսքով՝ գյուղից մեկ օրով է դուրս եկել՝ Եռաբլուր գնալու համար, դրանից հետո նույնիսկ 1 ժամով գյուղից դուրս չի եկել։

«Դուրս գալու նպատակ էլ չկա՝ գիտակցելով, որ Քարվաճառի ճակատագիրն էլ ենք այստեղ որոշում։ Պատերազմից հետո մենք հսկում էինք այստեղ, թալանի դեմ պայքար էինք տանում, որ մարդկանց տները չթալանվի։ Մենք այդ ժամանակ հստակ ասել էինք, որ մենք մեր գյուղից դուրս եկողը չենք։ Դրա համար էլ այս ողջ ընթացքում դուրս չենք եկել գյուղից, Երևան չենք գնացել»,- հավելեց Անդրանիկ Չավուշյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ բնակիչների մի մասը վերադարձել է Աղավնո։

«Մարդկանց տունը կա, չի թալանվել, պետք է որ բոլորն էլ վերադառնան, չնայած բնակիչներն անվտանգության երաշխիքներ են ուզում, ես նրանց հետ համաձայն եմ։ Պետական մարմիններից անվտանգության երաշխիքներ են ուզում, երևի որևէ մեկը չի կարողանա երաշխավորել։ Բայց մենք ասել ենք, որ մեր երաշխիքը մեր ընտանիքն է, ես իմ ընտանիքով Աղավնոյում եմ։ Հիմա ով գա՝ բարով գա, ով էլ չգա, նրա փոխարեն մեկ ուրիշ հայ կգա»,- շեշտեց նա։

Անդրանիկ Չավուշյանի խոսքով՝ Աղավնոյի վարչական շրջանի վարելահողերի մի մասն անցել է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, մի մասն էլ ուղիղ նրանց նշանառության տակ է։

«Չնայած այս ամենին, մենք մեր հողերը մշակելու ենք, ադրբեջանցին այդքան չկա, որ արգելք լինի մեզ, ի՞նչ պետք է անեն, կրակե՞ն։ Թող պատկան մարմինները մտածեն, թե ինչպես են վերաբերվելու այս հարցին։ Հայն իրավունք ունի ապրելու իր հողի վրա, աշխատել ու արարելու իրավունք՝ ևս։ Չնայած քաղաքական դաշտն այդքան էլ հստակ չէ, անորոշություն է, բայց դե, ժողովուրդը պետք է ամեն ինչ անի։ Նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանական կողմը փորձել է երկու անգամ մտնել մեր տարածք, կանխարգելել ենք, կապ ենք հաստատել խաղաղապահների հետ ու կոչ արել, որ գան ու հարցին լուծում տան։ Խաղաղապահները եկել են, նրանց հետ են տվել ու արձանագրել են, որ խախտում է տեղի ունեցել, քանի որ թշնամին 2,5 կմ մետր առաջ էր եկել»,- նշեց նա։

Աղավնոյի համայնքապետը նաև տեղեկացրեց, որ գյուղում վերաբացվել է դպրոցը, և դպրոցահասակ երեխաներն արդեն վաղուց հաճախում են դպրոց։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica