close
Եղանակը Երևանում
4 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հյուսիս գնալու համար մեզ առաջարկում են ճանապարհ բացել դեպի հարավ՝ աբսուրդ․ Գագիկ Աղաջանյան

Հասարակություն

27 Հունվարի 2021, 15:24
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հյուսիս գնալու համար մեզ առաջարկում են ճանապարհ բացել դեպի հարավ՝ աբսուրդ․ Գագիկ Աղաջանյան

Ռուսաստանը գտնվում է հյուսիսում, Նախիջևանը գտնվում  է հարավում, մեզ առաջարկում են հյուսիս գնալու համար ճանապարհ բացել դեպի հարավ, աբսուրդ, այդպիսի բան չի լինում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց  «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության ղեկավար Գագիկ Աղաջանյանը՝ մամուլի ասուլիսում մեկնաբանելով եռակողմ պայմանավորվածությամբ նախատեսվող ճանապարհի բացումը, որ ներկայացվում է իբրև տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակում։

Գագիկ Աղաջանյանն ընդգծեց, որ տարածաշրջանում կառուցված բազմաթիվ այլ ուղիներ կան, որոնցով հնարավոր է Նախիջանը կապել Ադրբեջանին ու Թուրքիային, Հայաստանն էլ Ռուսաստանին և դրանք այսօր իսկ կարելի է շահագործել, բայց ընտրվել է հատկապես այն մեկը, որը շրջանցում է Հայաստանը և որը դեռ պետք է կառուցվի։

«Մեղրիի ճանապարհը տալը նշանակում է Հայաստանը շրջափակող երկաթուղի, վերջապես։ Եթե ուզում են Ադրբեջանը կապել Նախիջևանին՝ ունենք այդ ճանապարհը՝ Աղստաֆայով, Իջևանով, Դիլիջանով, հանգիստ կարելի է գալ և մտնել էլի Նախիջևան՝ գոյություն ունեցող հայկական երկաթուղին՝ Հարավկովկասյան երկաթուղու ճանապարհը շահագործելով։ Բայց իրենք անպայման ուզում են այն ճանապարհը, որը Հայաստանը շրջանցելու է՝ Հայաստանի տարածքով  Հայաստանը շրջանցող ճանապարհ է»,-մտահոգություն հայտնեց Գագիկ Աղաջանյանը։

Նա այստեղ քաղաքական մոտեցում է տեսնում, հակառակ դեպքում, Հայաստանն էլ Ռուսաստանին կարելի էր կապել Աղստաֆա-Ղազախ ճանապարհով, որը գոյություն ունի այսօր և կարելի է շահագործել։

«Ավելին ասեմ, այդ ճանապարհը երկուգծանի է, այսինքն, մետրոյի նման երկու ուղղությամբ գնում-գալիս է ու տասնյակ և տասնյակ անգամ բարձր է, քան հարավային ճանապարհը, որը նոր-նոր պետք է կառուցվի»,-ասաց բեռնափոխադրող ընկերության ղեկավարը։

Եթե ապաշրջափակման մասին է խոսքը, ապա պետք էր բացել այդ ճանապարհը։

«Մենք այսօր ունենք «Երասխ» կայարան, որը Նախիջևանի սահմանից ընդամենը 500 մետրի վրա է։ Նախիջևանը ապաշրջափակելու համար մեզ պետք է մի քանի օր ժամանակ․ 500 մ երկաթուղի կառուցում ենք և «Սադարակ» կայարանից իրենք «Երասխ» կայարանով դուրս են գալիս Հայաստան, Հայաստանով, խնդրեմ, «Ախուրի» կայարանով թող գնան Թուրքիա․ մենք Թուրքիան Նախիջևանի հետ կապում ենք։ Երկրորդը՝ մենք Երասխով ճանապարհը բացելով՝ Նախիջևանին հնարավորություն ենք տալիս Հայաստան, հետագայում Վրաստան, մինչև սևծովյան նավահանգիստներ դուրս գալ․ ապաշրջափակում չէ՞, բա ի՞նչ է․ հենց այսօր ենք մենք դա պատրաստ անել»,-վստահեցրեց Գագիկ Աղաջանյանը։

Նույնիսկ եթե Մեղրիի մասին է խոսքը, նրա մոտ հարց է առաջանում՝ որտեղի՞ց այն միջոցները, որ մենք կարող ենք դնել և այդ 45 կմ-ը կառուցել (իսկ հաշվարկը 250 միլիոն է)․ «Այդ գումարները մենք պետք է դնենք, որ իրենք ճանապարհ ունենան»։

Այս ամենը հաշվի առնելով՝ Գագիկ Աղաջանյանը համարում է, որ Հորադիզից երկաթուղային ճանապարհի կառուցումը դեպի Մեղրի, Մեղրիից դեպի Նախիջևան, Նախիջևանով, Երասխով՝ նորից Հայաստան, այս ճանապարհի մասին խոսելը կամ ընդհանրապես քննարկման դնելը չափազանց վաղաժամկետ է՝ դա վերջին թեման է տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման, որի մասին կարելի է խոսել։

«Դա անթույլատրելի թեմա է նույնիսկ մեզ համար այս էտապում քննարկելու։ Եթե խոսքը տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին է, ապա մենք ունենք այսօր գործող տրանսպորտային կոմունիկացիաներ, որոնք կարող են շահագործվել՝ հենց այսօր կարող են շահագործվել։  Ինչի՞ մասին է խոսքը, ինչի՞ մասին է թեման, որ տասնյակ, հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհների ոչ միայն վերականգնման, այլ կառուցման մասին են խոսում։ Այսինքն, Հորադիզից դեպի Հայաստանի սահման ճանապարհը չի վերականգնվում, ճանապարհ կառուցվելու է, այն տարածքով, որտեղով Խորհրդային Միությունը ժամանակին անցկացրել է երկաթուղի։ Այդտեղով չի կարող անցնել նույն երկաթուղին, որովհետև եթե քարտեզին պարզապես նայեք, կտեսնեք՝ այդ տարածքում կառուցվել է Խուդաֆերինի ջրամբարը, որը  ներառեց հսկայական տարածություն՝ տասնյակ և տասնյակ կիլոմետրեր, հետևաբար երկաթուղին նույն տարածքով չի կարող անցնել և երկաթուղին պետք է բարձրանա դեպի հյուսիս»,-ասաց Գագիկ Աղաջանյանը։

Այս պատճառով էլ նա կողմ է, որ ցանկացած ճանապարհ կոնկրետ դիտարկվի, կոնկրետ այդ ճանապարհի նպատակահարմարությունը, նրա վերականգնման նպատակահարմարությունը, նրա շահագործման նպատակահարմարությունը, նրա դերը, նշանակությունը մեր տնտեսության մեջ։

«Այդ դեպքում կարելի է ընդհանրացված խոսել, բայց որպես տեսական գիտելիք հայտարարել, որ ճանապարհ է բացվում, ուրեմն բոլորի համար դա լավ է՝ ես համաձայն չեմ։ Որովհետև այս դեպքը մեզ տանում է դեպի ընդհանրապես վերջնական տրանսպորտային իզոլյացիայի»,-ասաց Գագիկ Աղաջանյանը։

Բացի այս, նա ընդգծում է, որ ոչ մի կոնկրետ գործողություն, պրակտիկ քայլ ճանապարհների բացման, վերաբացման, ռեկոնստրուկցիայի, նորերի կառուցման հետ կապված չի կարող լինել, քանի դեռ եռակողմ հայտարարության 8-րդ կետի հարցը չի լուծվել․ չի կարող լինել համագործակցություն, քանի դեռ այնպիսի ցավալի, զգայուն հարց կա, ինչպիսին է գերիների կամ մարմինների վերադարձի հարցը։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica