Վիգեն Ստեփանյանը ոչ միայն փայլուն դերասան էր, այլև սկզբունքային քաղաքացի. Հայրենիքի փրկության շարժում
Քաղաքական

Հայրենիքի փրկության շարժումը ցավակցագիր է տարածել Վիգեն Ստեփանյանի մահվան կապակցությամբ.
«ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի մահը մեծ կորուստ ու ցավ է բոլորիս համար:
Վիգեն Ստեփանյանը ոչ միայն փայլուն դերասան էր, տաղանդավոր բեմադրիչ ու ռեժիսոր, այլև մտավորական, սկզբունքային քաղաքացի, որն ուներ հստակ քաղաքացիական կեցվածք, պատասխանատվության բարձր զգացում իր երկրի ու ժողովրդի առաջ:
Նա անհաշտ էր բոլոր այն բացասական երևույթների նկատմամբ, որոնք արմատավորվել են մեր երկրում հատկապես վերջին ժամանակներում: Նա պատրաստ էր ակտիվ դերակատարում ունենալ այդ խնդիրների լուծման ճանապարհին, և ճանապարհներից մեկն էլ Հայրենիքի փրկության շարժումն էր:
Խորապես ցավակցում ենք անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու գաղափարակիցներին:
Վազգեն Մանուկյան
Հայրենիքի փրկության շարժում»:
Հիշեցնենք, որ այսօր 68 տարեկանում՝ ուղեղի կաթվածից մահացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը։