close
Եղանակը Երևանում
4 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանը շահագրգիռ է, որ հայկական բանակը հնարավորին արագ վերականգնվի․ Վարդան Ոսկանյան

Հասարակություն

19 Հունվարի 2021, 13:57
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանը շահագրգիռ է, որ հայկական բանակը հնարավորին արագ վերականգնվի․ Վարդան Ոսկանյան

Իրանական կողմը շահագրգիռ է, որ հայկական բանակը հնարավորին արագ վերականգնվի՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ոսկանյանը։

«Որովհետև մեր բանակը թե՛  արցախյան գոտում, թե՛ ՀՀ սահմանների երկայնքով ապահովելով մեր անվտանգությունը, զգալի ավանդ էր բերում Իրանի հյուսիսային նահանգների անվտանգության ապահովմանը՝ կրճատելով Ադրբեջան-Իրան սահմանը և զսպելով այն ռեսուրսների զգալի հատվածը, որոնք պետք է ուղղվեին Իրանի դեմ ադրբեջանաթուրքական դաշինքի կողմից, բայց ուղղվում էին մեր դեմ»,-պարզաբանեց Վարդան Ոսկանյանը։

Հետևաբար, նրա համոզմամբ, իրանցիների համար շատ կարևոր է հայկական բանակի վերածնունդն ու վերազինումը և իրանցիներն այս խնդրին մոտենում են լրջորեն։

Վարդան Ոսկանյանի գնահատմամբ՝ Իրանի ներքին քաղաքական դաշտում Արցախի հիմնախնդիրը է՛լ ավելի է կարևորվում։

«Եթե Իրանին հուզող տարածաշրջանային հիմնահարցերի շարքում արցախյան հիմնահարցը մինչև պատերազմը առաջնային դիրքերում չէր՝ ավելի առաջնային էին համարվում Սիրիայում, Իրաքում գործընթացները, ապա, եթե չասենք դա դարձել է առաջնային, գոնե դրա նշանակությունը շատ ավելի է արժևորվում այժմ Իրանի ներքաղաքական դիսկուրսում։ Մի քանի ասպեկտով․ նախ՝ Ադրբեջանի կողմից իրանաարցախյան սահմանի ժամանակավոր բռնազավթման պատճառով այդ գոտում ահաբեկիչների հայտնվելը»,-ասաց Վարդան Ոսկանյանը։

Իրանագետը նշեց, որ տարածաշրջանում, դե ֆակտո, նոր իրավիճակ է ստեղծվել, և այլևս հնարավոր չէ խոսել Թուրքիա-Ադրբեջան առանձին երկու պետությունների մասին, այլ գործ ունենք միասնական՝ թուրք-ադրբեջանական, տարածքի հետ։

«Սա ենթադրում է, որ Իրանի համար նախկինում դեպի հյուսիս ելքի այլընտրանքը երեքից կրճատվել է երկուսի․ եթե նախկինում դիտարկվում էր Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա՝ երեք այլընտրանքային ուղիներ, ապա այժմ կա երկու ուղի՝ ադրբեջանաթուրքական միասնական ուղի և հայկական ուղի»,-ասաց նա։

Այս առումով, Սյունիքի տարածաշրջանը կրկին կարևորվում է Իրանի հետ արտաքին հարաբերությունների համատեքստում․ իրանցիները հիմա ավելի են կարևորում Հայաստան-Իրան սահմանը Մեղրիի հատվածում՝ Սյունիքի մարզում, ուստի այս համատեքստում էլ չափազանց կարևոր զարգացումներ կան՝ նկատեց իրանագետը։

Նա, սակայն, ընդգծեց, որ միամտություն կլիներ կարծել, որ իրանցիները չեն աշխատում Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

«Բնականաբար, աշխատում են տարածաշրջանում իրենց բոլոր հարևանների հետ, որոշ դեպքերում չգրված ժամանակավոր դաշինքներ են կնքում, բայց հիմնական խնդիրները չեն վերանում, այլ սառեցվում են»,-նշեց իրանագետը։

Վարդան Ոսկանյանի գնահատմամբ՝ Իրանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նորամալացումն է լինելու, քանի որ Իրանը գտնվում է ԱՄՆ չափազանց լուրջ պատժամիջոցների ազդեցության տակ, ինչից տուժում են որ միայն տնտեսական, այլև արտաքին քաղաքական հարաբերությունները։

Նա համոզված է, որ եթե Բայդենը այս օրերին առանց որևէ լուրջ խոչընդոտի ստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը, իրանցիները ակնկալիք են ունենալու ստանալ ԱՄՆ վերադարձը միջուկային համաձայնության շրջանակներ։

«Իրան-Թուրքիա հարաբերությունները որոշակիորեն սերտացել են նաև այն պատճառով, որ Իրանը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ։ Մյուս կողմից, Թրամփի վերջին ժամանակների քաղաքականությունը նաև սպառնալիքի մեթոդաբանության կիրառման վրա էր հիմնված, ինչի հետևանքով Պարսից ծոցում հայտնվեց ԱՄՆ-ի նոր ավիակիրը, Իրանն էլ ողջ անցյալ տարվա ընթացքում կիրառեց ռազմական մանևրների, զորավարժությունների ռազմավարություն․ գրեթե անդադար Իրանը անցկացրեց զորավարժություններ, որը թե՛ ուժի ցուցադրություն էր, թե՛ իրանական զենք-զինամթերքի արդիական տեսակների փորձարկում՝ խոսքը նաև ԱԹՍ-ների մասին է»,-ասաց Վարդան Ոսկանյանը։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica