close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոսկվայում Փաշինյանը պայմանագիր կարող է կնքել նաև առանց նախագիծը ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնելու․ իրավագետ

Հասարակություն

8 Հունվարի 2021, 22:50
 Մոսկվայում Փաշինյանը պայմանագիր կարող է կնքել նաև առանց նախագիծը ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնելու․ իրավագետ

Հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանը կարող է ստորագրել միջազգային պայմանագիր, եթե անգամ դրա նախագիծն այժմ ՀՀ արդարադատության նախարարությունով և ներպետական այլ ընթացակարգերով չանցնի և չվավերացվի՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանույշ Սահակյանը։

Փաստորեն, քաղաքացիների մտավախությունը, որ Մոսկվայում ՀՀ վարչապետը կարող է ստորագրել փաստաթուղթ, որը վերջնականապես կվավերացնի թե՛ Արցախի Հանրապետության, թե՛ Հայաստանի Հանրապետության տարածքների հանձնումը Ադրբեջանին, արդարացված է։ Անգամ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հավաստիացումը, որ նախարարությունում չկա նման բովանդակությամբ որևէ փաստաթուղթ և ինքը տեղյակ չէ, որ որևէ այլ տեղ լինի, չի վերացնում կասկածը, քանի որ, ըստ Սիրանույշ Սահակյանի, վարչապետը կարող է «միջազգային պայմանագիր» համարվող փաստաթուղթ ստորագրել անգամ առանց ՀՀ գերատեսչությունների վավերացման։

«Միջազգային իրավունքը կարգավորում է դեպքեր, երբ պետությունը իր ներպետական ընթացակարգերը անտեսելով, արհամարհելով՝ կամայական կերպով կնքում է պայմանագրեր։ Եվ այստեղ կա կանոն, որ եթե նման անարխիստ, ոչ իրավական պետություն է՝ իրենց ներպետական ընթացակարգերի խախտումները հետագայում չեն կարող վկայակոչվել միջազգային պարտավորություններ չկատարելու համար»,-պարզաբանեց նա։

Սա նշանակում է՝ միջազգային պայմանագրում նշված դրույթները, միևնույն է, կյանքի կկոչվեն, եթե անգամ Փաշինյանը այն ստորագրի առանց ՀՀ արդարադատության նախարարություն, ԱԺ կամ ՍԴ ներկայացնելու։ Փաստորեն, ներպետական այս ապօրինությունները հենց մեր ժողովրդի և իշխանության խնդիրն է համարվում, ոչ թե միջազգային իրավունքի։

Սիրանույշ Սահակյանը, սակայն, մխիթարանքի մի թույլ կետ թողնում է․ ասում է՝ կա բացառություն՝ այն դեպքում, եթե ներպետական իրավունքի խախտումը վերաբերում է էական կարգավորման։ Մեր դեպքում՝ սահմանների ապօրինի տեղաշարժի հարցը հենց էական խախտում է՝ սահմանադրաիրավական խախտում, և հնարավոր կլինի հետագայում վիճարկել պայմանագրի օրինականությունը։ Սա, սակայն, նրա համոզմամբ, կմնա ապագա սերունդներին։

«Այն իշխանությունը, որը կնքել է առոչինչ պայմանագիր և իր իշխանության ուժով կյանքի է կոչում այդ դրույթները, վստահ եմ, որևէ իրավական գործընթաց չի նախաձեռնի։ Կմնա, որ պայմանագիրը կատարելուց հետո հետագա սերունդները վերանայեն և փորձեն վիճարկել այդ պայմանագիրը»,-ասաց նա։

Միջազգային իրավունքի մասնագետը չի բացառում, որ հունվարի 11-ին Մոսկվայում հենց այս պայմանագիրն էլ ստորագրվի, որը ոչ միայն վերջնականապես կլեգիտիմացնի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ զիջումները, այլև հստակ կնկարագրի և կամրագրի դրանից հետո Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից հանձնումները Ադրբեջանին։

ՀՀ արդարադատության նախարարն այսօր հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը «մտադրությունների մասին հայտարարություն» էր։ Արդյո՞ք «մտադրությունների մասին հայտարարությունը» կարող է համարվել միջազգային պայմանագիր․ Սիրանույշ Սահակյանն ասաց, որ պայմանագիրն ունենում է առարկա, իսկ հայտարարությունը՝ ոչ, այլ միայն մտադրություն է հայտնում։

«Պայմանագիր կնքելու մտադրություն է, որը պայմանագիր չէ, ընդամենը, որոշակի դեպքերում, մասնակիցները տեղյակ են պահում համաձայնագիր կնքելու իրենց մտադրության մասին։ Բայց մտադրությունը միտված է պայմանագիր կնքելուն, իսկ պայմանագիրը անպայմանորեն պետք է ունենա առարկա, և եթե առարկա կա, ձեռք է բերվում համաձայնություն, դա պայմանագիր է։ Իսկ մտադրությունը այն դեպքերին է առնչվում, երբ առարկան որոշակիացված չէ, բայց կողմերը համաձայնություն են ձեռք բերում, մտադրվում են ապագայում որոշակի հարցերի շուրջ կնքել պայմանագիր»,-հստակեցրեց նա։

Մեր եռակողմի դեպքում փաստն այն է, որ «մտադրությունների մասին հայտարարությունը» ուներ և՛ առարկա, և՛ դրանք իրագործելու ժամկետներ։ Ավելին, դա առաջացրեց հետևանք՝ փաստացի տարածքներ հանձնվեցին Ադրբեջանին։ Սա «մտադրությունների մասին հայտարարությանը» մի կողմից պայմանագրի կշիռ է տալիս։

«Եթե դա հստակ ժամկետներում առաջացրել է հետևանք և իր մեջ ունի տարածքային զիջում, դա արդեն իսկ պայմանավորվածություն է»,-ասաց Սիրանույշ Սահակյանը։

Մյուս կողմից, եթե անգամ այն պայմանագիր չէ, հետևանքները վերացնելու համար նոր պատերազմի անհրաժեշտություն կառաջանա, որպեսզի հնարավոր լինի առոչինչ համարել հայտարարությունը և վերականգնել Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների տարածքային ամբողջականությունը։ Հաջորդ կողմից էլ, ինչպես ասացինք, ոչինչ չի խանգարում, որ Մոսկվայում այս հայտարարությունը վերածվի միջազգային պայմանագրի։

Եվ խնդրի մեկ այլ ասպեկտը․ եթե ՀՀ արդարադատության նախարարը փորձում է ցրել քաղաքացիների մտահոգությունը՝ հայտարարելով, որ հունվարի 11-ին ստորագրվելիք միջազգային որևէ պայմանագրի նախագծի մասին ինքը տեղյակ չէ, ապա ի՞նչը պետք է խանգարի Նիկոլ Փաշինյանին Մոսկվայում ստորագրել թեկուզ ևս մեկ «մտադրությունների մասին հայտարարություն» և այդ առոչինչ փաստաթղթի հիմքով էլ Ադրբեջանին հանձնել արդեն Հայաստանի Հանրապետության տարածքները։

«Չենք բացառում, քանի որ գործելակերպի մաս է․ եթե մի շատ լրջագույն դրվագով նման վարքագիծ դրսևորել է պետությունը՝ անհաշվետու և անթափանցիկ կերպով վտանգել է պետական շահերը, գնացել է թշնամական պետության հետ տարածքային զիջումների, ի՞նչ է փոխվել իշխանության կյանքում, որպեսզի նույն հանցագործությունը չկատարվի երկրորդ անգամ»,-ասաց նա։

Իրավագետը չի տեսնում որևէ զսպող հակակշիռ, որը շրջադարձային կլիներ իշխանության կյանքում և այդ նույն սխալը չի կրկնվի։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica