close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատերազմում ձեռքը կորցրած մեծշենցի 33-ամյա գյուղապետ Դավիթը փախչում է հիվանդանոցից, վերադառնում ռազմաճակատ և փրկում ծուղակի մեջ հայտնված ստորաբաժանմանը

Արցախ

14 Դեկտեմբերի 2020, 00:17
 Պատերազմում ձեռքը կորցրած մեծշենցի 33-ամյա գյուղապետ Դավիթը փախչում է հիվանդանոցից, վերադառնում ռազմաճակատ և փրկում ծուղակի մեջ հայտնված ստորաբաժանմանը

Ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանը գրում է.

«Պատերազմի ժամանակ ծնվում են նաև խոնարհ հերոսներ, որոնց մասին եթե իմացածդ չպատմես՝ իրենց համեստությամբ նրանք երբեք չեն խոսի ու Ազգն իր արժանավոր որդիներին կարող է այդպես էլ չճանաչել։ Ինչ-ինչ պատճառներով, նրանց մասին չի խոսվում կամ քիչ է խոսվում, մեդալ ու կոչում չեն ստանում ու այդպես համեստաբար՝ շարունակում են ապրել իրենց հետագա կյանքը։

Այդ անձանցից է Մարտակերտի շրջանի Մեծշեն համայնքի 33-ամյա ղեկավար Դավիթ Գագիկի Անանյանը։ Անձամբ չեմ ճանաչում, քանի որ երբ 1998-1999 թվականներին աշխատում էի Մարտակերտի վարչակազմում՝ Դավիթը 11-12 տարեկան է եղել, իսկ հետագա տարիներին գրեթե առնչություն չեմ ունեցել Մեծշենի հետ։

Դավիթի մասին երեկ ինձ պատմեց իմ նախկին կուրսանտ, ՊԲ արդեն պահեստազորային սպա, իմ սանիկ մայոր Սամուրայը, որը սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի վերջ մասնակցել է Արցախյան 2-րդ պատերազմին և եղել է հետախուզական ստորաբաժանման հրամանատար։ Այն, ինչը նա պատմեց, մտածեցի, որ պարտավոր եմ գրել ու դարձնել հանրության սեփականությունը։

Դավիթը սեպտեմբերի 27-ի հենց օրվա սկզբից՝ որպես կամավորական, նետվում է ռազմաճակատ ու մասնակցում Մատաղիս-Թալիշ ռազմագծի թեժ պաշտպանությանը։ Դավիթը մասնակցել էր նույն տեղանքում նաև 2016-ի ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններին և դրա համար պարգևատրվել էր «Մարտական ծառայության համար» մեդալով։ Սա Դավիթի երկրորդ պատերազմն էր։ Հայրը՝ Գագիկ Անանյանը զոհվել էր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Եղբայրն էլ ներկայում ծառայում է ՊԲ զորքերում։

Մի քանի օր անց, հոկտեմբերի 1-ին, Դավիթը ստանում է ծանր վիրավորում. թշնամու արկի բեկորը հիմքից կտրում է նրա ձախ ձեռքն ամբողջությամբ։ Բժիշկները թե Արցախում և թե Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ գտնվում էր վերակենդանացման բաժնում, պայքարում են Դավիթի կյանքը փրկելու համար։ Հոկտեմբերի 20-ին, դեռևս թաց ու չապաքինված վերքով, «փախչում» է հիվանդանոցից, վերադառնում Արցախ, հայրենի գյուղ՝ Մեծշեն, որը բավականին մոտ էր ռազմագծին, և հոկտեմբերի 25-ից կրկին լծվելով ռազմական գործին՝ հավաքում է գյուղում գտնվող տղամարդկանց, համագործակցելով զորամասի հետ՝ կազմակերպում է գյուղի պաշտպանությունը, պատրաստում են ամրաշինություններ, սահմանում մարտական հերթապահություն, որ եթե թշնամին ճեղքեր և մոտենար գյուղին՝ դիմակայեն ոսոխին ու թույլ չտան գյուղը գրավել։

Հոկտեմբերի 26-ին լուր է հասնում, որ Մաղավուզ - Վարանգաթաղի մերձակա տարածքում կա հայկական ստորաբաժանում, որը կարող էր հայտնվել ծուղակում։ Դավիթն այդպես՝ մեկ ձեռքով, ավտոմատը վերցրած իսկույն մեկնում է ու տեղանքը հմուտ ճանաչելով՝ գտնում է արդեն գրեթե ծուղակում հայտնված ստորաբաժանումն ու անվտանգ դուրս բերում, դրանով փրկելով բազմաթիվ կյանքեր։

Սամուրայը հիացմունքով էր պատմում Դավիթի, նրա կամային հատկանիշների մասին։ Ձախ ձեռքը կորցնելուց դեռ մեկ ամիս չէր անցել, բայց զարմացնում էր բոլորին, թե ինչպես է մեկ ձեռքով լիցքավորում ու կիրառում ավտոմատ հրազենը։ Անգամ ուսապարկը թույլ չէր տալիս, որ մեկ ուրիշն իր փոխարեն տանի։

Հուսամ, որ հիմա, հրադադարից հետո, Դավիթն ավելի լավ է և կրկին վերադարձել է համայնքի ղեկավարի իր ընթացիկ աշխատանքներին։

Արժեր, որ պատկան մարմիններն էլ տեղեկանային, արժևորեին ու գնահատեին քաջ ու նվիրյալ հայորդի Դավիթ Անանյանին»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica