close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀԽ անդամներից շատերը հրաժարվել են մասնակցել վարչապետի հետ այսօր կայանալիք հանդիպմանը

Քաղաքական

1 Դեկտեմբերի 2020, 17:12
 ՀԽ անդամներից շատերը հրաժարվել են մասնակցել վարչապետի հետ այսօր կայանալիք հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է հանդիպի Հանրային խորհրդի անդամների հետ: Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը խորհրդի անդամներին երեկ հայտնել է, որ այսօր նախատեսվում է հանդիպում, սակայն հանդիպման օրակարգն ու հստակ ժամը դեռևս հայտնի չեն:

«Անկախ»-ի տեղեկություններով՝ խորհրդի անդամներից շատերն արդեն իսկ տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են մասնակցել կայանալիք հանդիպմանը: Նրանցից են, օրինակ, Արծրուն Պեպանյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Հովիկ Մուսայելյանը, Ռուզան Ղազարյանը, Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Գագիկ Եգանյանը, Վարդան Մարաշլյանը, Գագիկ Մանասյանը, Գևորգ Մկրտչյանը, Գաբրիել Ջեմբերջյանը, Վազգեն Յակուբյանը, Աիդա Թոփուզյանը, Էդուարդ Ղազարյանը և ուրիշներ:

Խորհրդի անդամ Ռուզան Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Իմաստ չեմ տեսնում հանդիպել երկիրը պարտության և նվաստացման մատնած վարչապետի հետ: Առաջարկել եմ Նիկոլ Փաշինյանին այդ անպտուղ հանդիպմանը տրամադրելիք ժամանակը հատկացնել իր պաշտոնից բխող պարտականության կատարմանը՝ գերիների վերադարձի խնդրի անհապաղ լուծմանը»:

ՀԽ անդամ Գագիկ Մանասյանն էլ ասաց, որ միանում է Ռուզան Ղազարյանին և կիսում նրա տեսակետը:

ՀԽ անդամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նույնպես մեզ հետ զրույցում հաստատեց, որ հրաժարվել է մասնակցել հանդիպմանը՝ համարելով հանդիպումն անիմաստ:

Ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանն ասաց, որ չի մասնակցելու հանդիպմանը, և իր դիրքորոշումն արտահայտված է ՀՀ ԳԱԱ նախագահության տարածած հաղորդագրության մեջ՝ որպես ԳԱԱ նախագահության անդամ: Հիշեցնենք, որ ակադեմիան օրեր առաջ հայտարարություն էր տարածել՝ պահանջելով կառավարության հրաժարականը:

ՀԽ անդամ Անահիտ Աղոյանը, որը նույնպես հրաժարվել է մասնակցել հանդիպմանը, կարծում է, որ այդ հանդիպումը պետք է տեղի ունենար մինչև պատերազմը կամ գոնե պատերազմի ընթացքում. «Արդեն ուշ է և անիմաստ նման հանդիպումը»,-նշեց նա:

ՀԽ անդամ Գագիկ Գինոսյանը, ընդհակառակը, կարծում է, որ պետք է մասնակցել այդ հանդիպմանը. «Պետք է գնալ և երեսին ինչ-որ պետք է՝ ասել: Չեմ  լռելու»,-ասաց նա:

Իսկ թե ինչ է պատրաստվում ասել, հանդիպումից հետո այդ մասին կխոսի:

ՀԽ անդամ Արամ Սաֆարյանը նույնպես մասնակցելու է հանդիպմանը, քանի որ իր համար կարևոր է ողբերգական իրադարձութուններից 20-25 օր հետո լսել և հասկանալ պաշտոնական, պետական մեկնաբանությունը:

«Իշխանությունները պետք է ականջալուր լինեն իմ առաջարկին, ըստ որի պետք է զարգացնել հայ-ռուսական դաշինքը, ուղղել նախկինում արված կոպիտ սխալները, վերացնել բոլոր խոչընդոտներն ու արգելքները հայ-ռուսական ռազմավարական դաշինքի ամրապնդման ուղղությամբ, որպեսզի մենք կարողանանք հույս դնել այդ ռազմավարական դաշինքի առավելությունների վրա»,-ասաց Սաֆարյանը:

Ճշտող հարցին, թե որոնք են այդ խոչընդոտները, Սաֆարյանը նշեց, թե բոլորին հայտնի են այդ խոչընդոտները: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica