ԵՄ-Թուրքիա հարաբերություններում զգալի առաջընթաց չկա. Մերկել
Տարածաշրջան

Եվրամիության և Թուրքիայի միջև հարաբերություններում էական առաջընթաց չկա: Այդ մասին նոյեմբերի 30-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մենք ԵՄ-Թուրքիա հարաբերություններում այնքան առաջընթաց չենք արձանագրել, որքան ցանկանում էինք»,- ասել է նա Եվրախորհրդարանի կոմիտեների անդամների տեսակոնֆերանսում:
Մերկելը, որպես «լավ նշան», նշել է, որ Թուրքիան հետ է բերել իր հետազոտական նավը Հունաստանի կղզիների շելֆերից, բայց նշել է, որ Թուրքիան շարունակում է հորատել Կիպրոսի տարածքներում:
Նա հայտարարել է, որ Թուրքիայի գործունեությունը «շատ ագրեսիվ է, կամ, ես կասեի, սադրիչ»: Սակայն, նրա խոսքով, Թուրքիան արժանի է «մեծ հարգանքի» և աջակցության՝ մեծ թվով սիրիացի փախստականներ ընդունելու համար: