close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆըրաթ Այդընքայա․ Քրդերը և Հայոց ցեղասպանությունը 8 հարցի միջոցով

Տարածաշրջան

25 Նոյեմբերի 2020, 17:14
 Ֆըրաթ Այդընքայա․ Քրդերը և Հայոց ցեղասպանությունը 8 հարցի միջոցով

Հարց 1 Քրդերը մասնակե՞լ են Հայոց ցեղասպանությանը, ովքե՞ր են մասնակցել և հայտնի մի քանի աշիրեթից բացի` մնացած քրդերը Ցեղասպանության հարցում ի՞նչ դիրքորոշում են որդեգրել։

-Այսօր մեր ձեռքում կան բավականաչափ տեղեկություններ և ապացույցներ, որ ցույց են տալիս, թե չպետք է թերագնահատել քրդերի դերը Ցեղասպանության գործում։ Ակնհայտ է, որ հատկապես այն վայրերում, որտեղ հայերի ու քրդերի միջև մահացու լարվածություն է եղել, ռազմական գոտուն մոտ, տեղահանության ճանապարհի վրա վերահսկողություն հաստատած աշիրեթական շրջաններում քրդերը մասնակից են եղել Ցեղասպանությանը։

Նախքան թեմային անդրադառնալը պետք է արձանագրել հետևյալը․ Ցեղասպանության կամ տեղահանության որոշումներն ընդունելիս, իհարկե, քրդերի կարծիքն ու հաստատումը չի եղել։ Այսինքն՝ Ցեղասպանության որոշումն ընդունելու հարցին քրդերը որևէ կերպ չեն ներգրավվել։ Սակայն ընդունված որոշումը կիրառելիս քրդերի մի կարևոր հատված ամոթալի մեղք է գործել։

Այնուամենայնիվ, դա պահանջում է խոսել Ցեղասպանությունը հնարավոր դարձրած մեքենայի՝ «Ցեղասպանական բյուրոկրատիայի» մասին։ Կարևոր է այն հարցը, թե քրդերը այդ բյուրոկրատական շղթայի որ մասում էին գտնվում։ Անկեղծ ասած գավառներում կասկածից վեր է շղթայի վերին և մեջտեղի հատվածներում  քրդերի առկայությունը։ Այս իմատով կարող ենք դիտարկել Խարբերդի քաղաքապետ Սաբիթ բեյի, Դիարբեքիր-Մարդին ցեղասպանությունների գավառական կազմակերպիչ Ֆեյզի Փիրինչիզադեի, Մուստաֆա Ջեմիլփաշազադեի,  Մուշում կազմակերպիչ Խոջա Իլյաս Սամիի կապը։ Այսինքն՝ Ցեղասպանության վերաբերյալ որոշումներն իրականացնողները, ցեղասպան բյուրոկրատիայի գավառական կազմակերպիչներից նշանավոր անձանց մեջ քրդեր եղել են։

Մի խոսքով` քրդերը հայերին ցեղասպանելու որոշման ընդունման ժողովին մասնակից չեն եղել։ Այնուամենայնիվ, այն ժամանակ, երբ Քուրդիստանում (Արևմտյան Հայաստան-Ակունք խմբ) ցեղասպանություն էր կատարվում, քննչական հանձնաժողովը, որը հիմնադրվել էր քաղաքներում, իրականացնում էր Ցեղասպանության վարչարարությունն ու ղեկավարումը։ Այդ հանձնաժողովները բավականին շատ էին։ Հայտնի է, որ քննչական հանձնաժողովներ ստեղծվել են բոլոր կարևոր կենտրոններում, և որ դրանք բավականին արդյունավետ են աշխատել։

Կարճ ասած՝ քրդերը շատ վայրերում եղել են քննչական հանձնաժողովների միջոցով Ցեղասպանության իրագործման տեղային բյուրոկրատիան։

Սա խոսում է առնվազն երկու բանի մասին։ Առաջին՝ եթե չլինեին Քուրդիստանում գտնվող Ցեղասպանության համակարգողները, ոճիրն այսքան անթերի չէր իրականացվի։ Երկրորդ՝  գավառների կենտրոններում գտնվող այդ համակարգողները դյուրին կերպով սադրում էին ժողովրդին։ Պարոն Ֆեյզին Դիարբեքիր-Մարդին գավառը, Հաջը Բեդիր աղան Մալաթիա-Ադըյաման ճանապարհը, Գուլո աղան Էրզինջան-Դերսիմ-Սվաս գիծը, Հոջա Իլյաս Սամին Մուշ-Բիթլիս գավառը, Սաբիթ բեյը Խարբերդ-Դերսիմ-Էրզինջան գավառները այդ գործի մեջ ներքաշեցին իրենց տեղային կապերով։ Վերջում ցանկանում եմ նշել, որ եթե Քուրդիստանում   Ցեղասպանության գործում քրդերը մասնակցություն չունենային, այսինքն՝ չպաշտպանեին հայերին, սակայն ոչինչ չանեին և անկախ լինեին, ապա այսօր այլ պատկեր կունենայինք։

Այդ պատճառով 1918 թ․ դրությամբ քուրդ-հայկական լեռնաշխարհում (Հայկական լեռնաշխարհ-Ակունք խմբ) գեթ մեկ հայ չմնաց, ինչը չենք կարող մեկնաբանել միայն հասարակության ղեկավարների ունեցած հսկայական մեղքով։ Կենտրոնական իշխանությունը չուներ հնարավորություն և կարողություն, որ սպաներ Քուրդիստանի լեռներում ապաստանած հայերին։

Եթե Քուրդիստանում քրդերը չմասնակցեին կոտորածին, գուցե միայն կենտրոնական և կենտրոնին մոտ քաղաքների բնակչությունը բնաջնջվեր։  Հիմնական հայ բնակչությունը գավառներում էր ապրում, և նրանց մեծամասնության քթից անգամ արյուն չէր գա։ Դրա պատճառով Քուրդիստանում բնակչության կարևոր հատվածին այս հարցի վրա կենտրոնացնելը ճակատագրական եղավ հայերի համար։

Հարց  2 Երբ խոսք է գնում Ցեղասպանության մասին, էական առարկություններ էլ են լինում։ Օրինակ՝ ձեր ասածները մեկնաբանող որոշ անձանց համաձայն՝ ձեր նշած ժամանակահատվածում «Քրդերի անունից որոշում կայացրած «քրդական ղեկավարություն» չկար և քրդերի, որպես ժողովուրդ, Ցեղասպանությանը մասնակից լինելու թեզը անհիմն ու չափազանցված պնդում է»։ Ի՞նչ կասեք այդ մասին։

– Այո՛, այս հակառակ պնդումը շատ է տարածված։ Ըստ այդ թեզը զարգացողների, այդ ժամանակ քրդերին ներկայացնող կենտրոնական կառավարություն չկար, հետևաբար եթե այդ հարցում որոշում կայացնող ղեկավարություն չկա, այդ գործողությունն էլ ինքնին պետք է անտեսել։ Նման մեղայականով են խոսում։ Ճիշտն ասած, այս փաստարկն ինձ համար շատ խնդրահարույց է։ Օրինակ՝ միևնույն տրամաբանությունը եկե՛ք կիրառենք Հոլոքոստի պարագայում։ Հայտնի է, որ Ցեղասպանության ընթացքում կենտրոնական «հրեական ղեկավարություն» չկար։ Ի՞նչ է, հիմա կենտորնական հրեական ղեկավարություն չլինելու պատճառով ասենք՝ «հրեաները ցեղասպանության չե՞ն ենթարկվել»։

Մյուս կողմից ձեր նշած մարդիկ քրդերի գոյությունը ժխտող քեմալականներին հերքելու համար իրավացիորեն ասում են, որ «քրդերին» գտել են Գյոբեքլիթեփեում (Պորտասար-Ակունքի խմբ), Թալմուդի տեքստերում և շումերական արձանագրություններում, այսինքն՝ հազարավոր տարիներ առաջ  հնագիտական գտածոների մեջ նրանց հետքն են գտել, որի պարագայում լուրջ պարադոքս է այն, որ նրանք ապավինում են հարյուր տարի առաջ «քրդական ղեկավարություն չկար» սյուրռեալիստական ձևակերպմանը։

Դարձյալ նույն շրջանակները պատմական ժամանակահատվածներում տեղի ունեցած Բեդիրխան բեյի, Շեյխ Ուբեյդուլլահի, Շեյխ Սայիդի ապստամբությունները պետք է համարեն անհատական ապստամբություն՝  քրդական ապստամբության փոխարեն։ Երկրորդ՝ իհարկե բոլոր քրդերը չեն հավաքվել ու ասել․ «Եկե՛ք հայերին կոտորենք»։ Այստեղ քննարկվում է այն հարցը, թե դա կատարվել է դերակատարների՞ միջոցով, թե՞ ժողովրդական «ինքնաբուխ դիրքորոշում» է եղել։

Այդ հարցն ուսումնասիրող որոշ ընկերներ հղում են անում դերակատար սոցիոլոգիային։ Ես համաձայն չեմ նրանց հետ։ Եթե այդ ամենը դիտարկենք դերակատար սոցիոլոգիայի տեսանկյունից, ապա աղաներից և շեյխերից այն կողմ չենք անցնի։ Այսինքն՝ ձախերը, ժամանակակից արտահայտությամբ, մեղադրում են «քրդական ֆեոդալիզմին» և ջրից չոր դուրս բերում նրանց։ Շատ լավ, իսկ ռայա՞ քրդերը։ Այսինքն՝ աշիրեթներից անկախ քրդե՞րը։ Շատ լավ, իսկ ցածր կամ միջին կարգավիճակ ունեցող աշիրեթնե՞րը։ Մյուս կողմից եթե դեպքերին մոտենանք դերակատար սոցիոլոգիայի տեսանկյունից, ապա պետք է հաշվի առնենք, որ այդ ժամանակ պետք է մեղադրենք ոչ թե ամբողջ պետական համակարգին կամ էլ ժողովրդին, այլ միայն Միություն և առաջադիմություն կուսակցության ղեկավարությանը։

Վերջում ցանկանում եմ շեշտել, որ Ցեղասպանությունը արտակարգ գործողություն է, հավաքական, համընդհանուր և անանուն։ Այդ պատճառով մի քանի աշիրեթների անուններ նշելով՝ այդ հսկայական սպանության մեքենան հնարավոր չէ մեկնաբանել։ Եթե խոսենք դերակատարների համատեքստում, ապա աշիրեթը Քուրդիստանում ամենաշատն էր կոտորած անում, սակայն Ցեղասպանության համար աշիրեթից ավելի շատ բան է անհրաժեշտ միշտ։

Հարց 3 Քրդերին այդ կոտորածին դրդած պատճառները որո՞նք էին, կարո՞ղ եք թվարկել ըստ կարևորության։

Իհարկե դասակարգերի հարցն ամենակարևոր դրդապատճառն էր, ըստ իս։  Ֆանոնի «Գաղութներում տնտեսական ենթակառուցվածքը վերնաշենքն է» արտահայտությամբ դասակարգային զայրույթն էր գործի գլխին։ Քրդական թալանի մշակույթը այդ դեպքերի հիմնական պատճառն  էր, իմ կարծիքով։ Փ․ Անդերսոնի կարճ արտահայտությամբ «թալանչի միլիտարիզմ»-ի մշակույթը այդ գործի գլխավոր դերակատարն էր։ Երկրորդը՝ պետության և շեյխերի դոկտրինին ուղղված մուսուլման ազգայնականությունը ամենակարևոր աստվածաբանական-քաղաքական գործիքն էր։ Շեյխերի կազմակերպած տեղերում քրդերը, հայերին սպանելով, ստանում էին մյուս կյանքում դրախտ գնալու երաշխիք, և կրոնական ընթացակարգով հայերի գույքը «արժանի» ավանդ էր դառնում։ Այսինքն՝ կարճ ասած մուսուլման ազգայնականությունը մի փոքր փորփրելուց հետո կրկին մեր առջև հառնում է «ավանդային տնտեսությունը»։

Երրորդը՝ քրդական միջին խավը երկար ժամանակ  ցանկացել է, որ հայերը պատժվեն։ Ըստ իրենց, հայերը երկար ժամանակ «հարստանում էին, արդիականանում, իրավունքներ պահանջում»։ Ըստ նրանց, այդ նոր իրավիճակը չեղարկում էր գավառներում գտնվող քրդերի և հայերի միջև առկա ենթադրյալ պայմանագիրը։ Քուրդ-հայկական լեռնաշխարհի բանավոր նորմը ձևավորվել է քրդերի ղեկավարության և հայերի՝ պաշտպանության կարիք ունենալու բնույթի շուրջ անհավասար հիերարխիայի հիման վրա։ Քրդական արիստոկրատիան դրան ղուլամ, իսկ քրդական իսլամը զիմմիների օրենք էր անվանում։ Քրդական արիստոկրատները հավասարությունը բացառում էին ղուլամ համարված հայերի հետ, իսկ քուրդ շեյխերն էլ մուսուլման-քրիստոնյա հավասարության պահանջը համարում էին զիմմիի օրենքի խախտում։ Այդ պատճառով, նրանց կարծիքով, պատիժն անհրաժեշտություն էր։

Երրորդ պատճառը մի խումբ մարդկանց մոտ քրդականության գործոնն էր։ Հին Քուրդիստան համարվող շրջանում ռուսական աջակցությամբ Հայաստան հիմնադրելու միտքը քուրդ մտավորականներին զգոնության էր դրդել։ Շեյխ Ուբեյդուլլահից հետո այդ տագնապի սոցիոլոգիան կրկնապատկվել էր։ Սակայն այդ տագնապը թերևս ոչ ոք մեծ բանաստեղծ Հաջի Քադիրի Քոյիի չափ հստակ չի նկարագրել․ «Xaki Cizir u Botan, ye’ni willatî Kurdan/ Sed heyf u mixabin deyken be Ermenistan”։

Վերջին գործոնը կարող ենք համարել պետության կատարած սադրիչ դերը։ Բեռլինի գագաթնաժողովից հետո պետությունն ամեն բան արել է քրդերին և հայերին միմյանց դեմ հանելու համար։ 1882 թ․ Բիթլիսում (Բաղեշ-Ակունքի խմբ) տեղի ունեցած քուրդ-հայկական բախումները պատճառ բերելով՝ Քուրդիստան և Հայաստան անուններն արգելվեցին, որից հետո պետությունը լծվեց երկու ժողովուրդներին միմյանց դեմ հանելու գործին։

Հարց 4 Շատ լավ, քրդական մամուլը և քուրդ մտավորականները կամ էլ, ավելի ճիշտ կլինի ասել, որոշ չափով քրդականության ներկայացուցիչները Ցեղասպանության ժամանակ ինչպիսի՞ դիրքորոշում ունեին։

– Սկսենք քուրդ մտավորականներից։ Պատմության քմահաճույքն էր այն, որ նրանց գրեթե երեք չորրորդը ծառայում էր այն ծայրամասում, որտեղ իրականացվեց Ցեղասպանությունը։ Մենք ամբողջությամբ չգիտենք, թե քուրդ մտավորականները ինչ են մտածել Ցեղասպանության մեջ քրդերի մասնակցության վերաբերյալ, քանի որ գրեթե համատեղ է այդ որոշումը կայացվել․ դրա մասին ոչ ոք մանրամասն չի խոսել։ Սակայն  բոլորին է հայտնի, որ Ցեղասպանությունից առաջ քուրդ մտավորականները լարված էին հայերի կամ գոնե հայկական քաղաքականության նկատմամբ։ Չեմ կարծում, թե որևէ մեկը մտածել կամ ցանկացել է Ցեղասպանության նման լայնածավալ կոտորած, սակայն քուրդ մտավորականները 1914 թ․ սկզբում վրդովված էին հայերի դեմ։

Ավելի պարզ ասած, նրանք մտածում էին, որ հայերին պետք է անմոռանալի դաս տալ միայն։ Երկու օրինակ բերեմ։ Այդ ժամանակ հրապարակվող «Rojî Kurd» հրատարակության հեղինակներից Սալիհ Բեդիրհանը վկայակոչում է իթթիհադականների ջարդարար լինելը և հայերի վերաբերյալ կիրառում «ներքին թշնամի» արտահայտությունը։ Դարձյալ այդ ժամանակ հրատարակվող «Hetawî Kurd»-ի հոդվածագիրներից Խելիլ Խեյալին (M.X) հայերին համարում է ներքին թշնամիներ և նրանց անվանում «ծառի բույն»։ Ցեղասպանությունից անմիջապես հետո հրատարակված «Jîn» պարբերականը, օրինակ, վարում էր և Ցեղասպանությունը խեղաթյուրող, և այնպիսի քաղաքականություն, որ Ցեղասպանության հետևանքով հայաթափված շրջաններում Վիլսոնի սկզբունքներով կարծես ոչինչ տեղի չի ունենում։

Մի խոսքով քուրդ մտավորականները քուրդ-հայկական լեռնաշխարհի հայաթափումից  շատ գոհ էին։ Նունիսկ Նուրի Դերսիմիի նմանները այնքան հեռուն էին գնում, որ ասում էին, թե հայերն են քրդերին սպանել։

Հարց  5 Բազմաթիվ մարդիկ կան, որ Ձեր նշած կոտորածները համարում են պատերազմի հետևանք։ Ի՞նչ կասեք այդ մասին։

– Ոչ,  կտրականապես ոչ։ Նախ՝ դա քրդերի ու հայերի, այսինքն՝ երկու ժողովուրդների միջև պատերազմ չէր մարտի դաշտում։  Սպանվողները ոչ թե պատերազմի դաշտում, այլ գոմում, դաշտում, իրենց գյուղում, տանը՝ անզեն վիճակում են սպանվել։ Գյուղեր են հրկիզվել, կանանց ու երեխաների են գոմերում այրել, տարեց ու անպաշտպան տղամարդկանց են նետել ժայռերից։ Այսինքն, սպանվածների մեծ մասն արդեն իսկ պատերազմի հետ որևէ առնչություն չուներ, նրանց մի կարևոր հատված արդեն իսկ ռազմաճակատից շատ հեռու տեղում են սպանվել։ Լավ, Վան քաղաքում պատերազմ էր, դա չհաշվենք։ Ցեղասպանության ժամանակ Մուշը, Բիթլիսը, Սղերդը, Դիարբեքիրը, Մարդինը, Ուրֆան, Խարբերդը, Էրզինջանը (Երզնկա-Ակունք խմբ), Ադըյամանը կապ ունեի՞ն ռազմաճակատի հետ։

Երբ Ցեղասպանությունը օրակարգ է բերվում, շատերը օգտագործում են «փոխադարձություն» բառը։ Մինչդեռ իրականում փոխադարձ լինելու մասին խոսք անգամ լինել չէր կարող։ Իհարկե Վանում, Էրզրումում (Կարին-Ակունքի խմբ), Բիթլիսիում (Բաղեշ-Ակունքի խմբ) և նման մի քանի այլ վայրերում հայ ֆիդայիները վրեժխնդրության անվան տակ քրդերի են կոտորել։ Սակայն այստեղ փոխադարձության մասին խոսք լինել չէր կարող, դրանք հիմնականում ինքնաբուխ վրեժխնդրության ակտեր էին։ Դրանք Ցեղասպանության հետ հավասարեցնելը համատեղելի չեն խղճի ու բարոյականության հետ։

Հարց 6 Քուրդ հասարակության առաջադեմ մարդիկ, երբ այդ հարցերը օրակարգ են բերվում, հաճախ ասում են, որ «քրդերը պետության կողմից խաբվել են» և ուշադրություն հրավիրում տգետ լինելու փաստի վրա, այդ մեկնաբանությունը հակադարձություն ունի՞։

– Երբ խոսում ենք քուրդ-հայկական կոտորածների մասին, տգիտություն արտահայտությունը նախ և առաջ «Քուրդիստան» թերթի խմբագրությունը մեջտեղ բերեց։ Ավելի ուշ Cegerxwî նման քուրդ մտավորականները և Ահմեթ Թյուրքի պես քաղաքական գործիչները այս «արդյունավետ» բառը կրկին շրջանառեցին։ Այնուամենայնիվ, ըստ իս, «չգիտեն, դրա համար են անում» մեղայականը դեպքի բնույթից հեռու բնորոշում է։ Պետք է տալ հետևյալ հարցը՝  ինչի՞ մասին չգիտեին։ Մարդ սպանելը, մի ժողովրդի գոմերը լցնելն ու հրկիզելը, մի ազգի այրելով ոչնչացնելը գիտակցության հետ առնչություն ունի՞։ Միայն տգետնե՞րն են սպանում։ Այդ պատճառով «տգիտության հետևանք էր», «դեպքերին խառնված քրդերին էլ հասկացեք» ասելը մի տեսակ կարեկցանք, մի տեսակ արդարացում է։

Մինչդեռ գլխավորապես Համիդիյե քրդերի, պոգրոմի և Ցեղասպանության մասնակից քրդերի մեծ մասի մասին ավելի ճիշտ կլինի ասել՝ «գիտեին, հենց այդ պատճառով էլ անում էին»։ Նրանք, ովքեր կատարում էին այդ գործը, գիտեին ամենօրյա գաղափարախոսությունը, որ հայերին սպանելը նրանց հեղինակություն կբերի հասարակության մեջ, իշխանություն՝ այլ ցեղերի առջև, ընդունելիություն՝ պետության կողմից, մոջահեդներ՝ շեյխերի մոտ, հող և լրացուցիչ արժեք՝ տնտեսական բռնագրավում, գույքային հարաբերությունների մեջ՝ գործընկերություն և վերջապես արտադրական միջոցների սեփականություն:

Հարց 7 Պետությունը Ցեղասպանությունը համառորեն ժխտում է, որի համատեքստում կան մեկնաբանություններ, ըստ որոնց՝ Ձեր ասած «Հայոց Ցեղասպանության մեջ քրդերը մասնակցություն են ունեցել» արտահայտությունը Ցեղասպանության ծանրությունը պետությունից առաջ գցում է քրդերի վրա։ Դրան ինչպե՞ս եք վերաբերում։

– Այո, այդ մեկնաբանությունը հաճախ է բարձրաձայնվում։ Սակայն ժխտման վերաբերյալ նման  քննարկումը թեման երկիմաստավորելու մեթոդաբանություն է։ Շատերն այդ հարցի թեմայով նման քննարկումը համարում են քրդականության վրա «բիծ գցել»։ Ոչ, այդպես չէ, այդպես չպետք է ըմբռնել։ Եթե պետք է պարզ խոսել, ապա քրդականությունը, մասնավորապես նոր քրդականությունը իմ երևակայութամբ ճնշվողի վրանն է։ Մեկ այլ բնորոշմամբ՝ նոր քրդականությունը ճնշվողի հայրենիքը պետք է լինի։ Եթե քրդականությունը ճնշվողի հայրենիքն է, ապա Հայոց ցեղասպանությանը քրդական մասնակցությանը պետք է բնորոշում տալ։ Քրդականության (մեր որոշ ընկերներ դրան անվանում են նաև ֆեոդալական քրդական ազգայնականություն) հիմնադրման գործընթացում եթե արվել են մահացու սխալներ, եթե աններելի  մեղք է գործվել, ապա դա ծածկելու փոխարեն դրա հետ առերեսվելն ամենաճիշտն է։ Քրդականությանը առաքելական խորհրդանշան է տրվում, այն կատարյալ են համարում, ինչը ռացիոնալ չէ։ Մինչդեռ հնարավոր է մտածել հետևյալ կերպ։ Քրդականության հիմնադիրները ինչպես որ միավորվեցին թշնամիների հետ և Քուրդիստանը բաժանեցին, այսինքն՝ ինչպես քրդերին անդառնալի վնաս հասցրեցին, այնպես էլ մահացու հարված հասցրեցին իրենց հարևաններին։ Ընդունենք, որ «Հայկական հարց» կար ոչ միայն պետության, այլև քրդերի և քրդականության համար։

Այստեղ խնդիրը թերևս հետևյալն է․ հայտնի է, որ ազգայնական-էսենցիալիստ քաղաքականությունը հաստ պատեր է կառուցել նրանց և անցյալի, կատարած մեղքերի միջև։ Անհրաժեշտություն է զգացվում ստեղծել երևակայական համայնք, եթե հնարավոր է մաս-մաքուր անցյալ, այսինքն՝ պետք է երևակայական պատմություն կերտել։ Ամեն գաղափարի հիմնադրման գործընթացում անհրաժեշտ է հակադիրի գոյությունը։ Քրդականության հիմնադրման մեջ հակադիրը հայերն էին,  հավանական Հայաստանն էր։ Շեյխ Ուբեյդուլլահից հետո «Հայկական պետություն է հիմնադրվելու» շշուկներ տարածելով՝ սադրում էին քրդական քաղաքական հանրությանը։ Իրականությունը դա է, դրանից չես փախչի։

Ավելին,  քրդականության հիմնադրման ժամանակաշրջանում նրանց միակ մեղքը միայն հայկական կոտորածներին մեղսակցությունը չէր։ Պետք է համաձայնենք, որ Բեդիրխան բեյի կողմից տասնյակ հազարավոր նեստորականների ջարդով սկսված կոտորածի շրջանը ուղեկցել է քաղաքական քրդականության հիմնադրմանը։

Շատերս մտածում ենք, որ «զոհը զոհ չի ունենում» կամ էլ «ճնշվածը չի ճնշում»։  Այսինքն՝ մտածում ենք, որ պատմության ընթացքում «անարդարության ենթարկվածը, կոտորվածն անարդար չի վարվում, չի կոտորում»։ Հասկանում եմ, որ այս մտածելակերպը անմեղ է և բարոյական, բայց այդ ճիշտ մտածելակերպը հնացած է և չափազանց էսենցիալիստ։ Ստորադասը երբեմն նոր զոհեր ունենալու մասին է խոսում։ Խոջա Իսրայիլօղլուի ավանդազրույցները լի են նման օրինակներով։

Մի խոսքով՝ քրդականությունը մինչև ինչ-որ մի տեղ տանող Ջեմիլփաշազադեների մի մասը, Ֆեյզի Փինրինչիզադեն, Խոյթիլի Մուսա բեյը, Քյոր Հուսեյն փաշան և այլք Ցեղասպանության ժամանակ ակտիվ դերակատարում են ունեցել։ Չմոռանանք, որ Ցեղասպանությունից քիչ առաջ Սեյիդ Աբդուլքադիրի ղեկավարությամբ քրդական «Թեավյուն թերաքքի» համայնքը Դիարբեքիրի ընտրությունների ժամանակ Փիրինչզադեների երաշխավորն է եղել, Ֆեյզի Փիրինչիզադեի առաջին երիտասարդական կազմակերպությունը հանդիսացող «Հևի»-ի ժողովներից մեկի ժամանակ գրություն է տարածվել։

Ընդունենք, որ քրդականության խմորման ժամանակ հակահայկականությունը ակնհայտ էր։ Դրա հետ առերեսվելու ժամանակը եկել է, ըստ իս։

Հարց 8 Քուրդ քաղաքական գործիչներն անցյալում Ցեղասպանության զոհերի հիշատակին ներողություն պարունակող հայտարարություններ են տարածել։ Քուրդ քաղաքական գործիչների՝ Ցեղասպանության դեմ դիրքորոշումը ինչպե՞ս եք գնահատում։

– Եթե պետք է համեմատություն անել, ապա պետությունից և թուրք ժողովրդից շատ առաջ ենք, դա հստակ է։ Մեկ դար անց հայերի անցած կոտորածների միջով անցնելու պատճառով քրդերը հայերին սկսել են կարեկցել։

Այնուամենայնիվ, այդ կարեկցանքն իր փոխադարձությունը գտնում է շատ ժամանակ տեխնիկական ու պրագմատիկ համատեքստում։ Այդ  ընթացքում կարեկցական լեզվում խնդիրներ են առաջանում։ Օրինակ՝ քուրդ աջերը մտածում են, որ հայերը կոտորել են քրդերին, իսկ քրդերը ինքնապաշտպանվել են։

Քուրդ պահպանողականները հայերի նկատմամբ կատարվածը համարում են պատերազմի անխուսափելի հետևանք, սակայն  անգամ այդ դեպքում կատարված ոճրագործությունը մասամբ անմարդկային են որակում։ Քուրդ ձախերը Ցեղասպանություն եզրույթն ընդունում են, սակայն կարծում են, որ մեղավոր են ոչ թե քրդերը, այլ քրդական ֆեոդալիզմը։ Քրդական քաղաքականության հիմնական հատվածն ամբողջովին ընդունում է, որ տեղի է ունեցել ցեղասպանություն։

Սկզբնական շրջանում «Serxwebun» ամսագրի որոշ հոդվածներում հարցը քննարկվել է հայ բուրժուա/լոբբի, քրդական ֆեոդալիզմ ու պետական բյուրոկրատիայի համատեքստում։ Սակայն 2012 թ․ հետո նույն ամսագրի նոր հոդվածներում այդ հարցում ավելի ճշմարիտ կետի են հասել։

Ինձ թվում է, որ այդ հարցը դեռ լիարժեք բնորոշում չի ստացել հողի խնդրի պատճառով։ 1860-ական թթ․ հրապարակված Հողային օրենսգրքից հետո հողի հարցը թունավորել է հայ-քրդական հարաբերությունները և դեռ շարունակում է թունավորել։ Մի խոսքով, քուրդ քաղաքագետները հիմնականում դեպքերին մոտենում են մարդկային հարթության վրա և հարցը շրջանցում են՝ միայն ներողություն խնդրելով։

Մինչդեռ անհրաժեշտ գործողությունը հեշտ է․ Ցեղասպանությունը ազնվորեն ընդունել և գոնե խորհրդանշական մակարդակում որոշ գեղեցիկ ժեստեր անել։

Խոսքս ուզում եմ ավարտել Հին կտակարանում եղբորը սպանած Կայենի և Աստծո զրույցով։ Աստված Կայենին հարցնում է․ «Որտե՞ղ է եղբայրդ»։ Կայենը պատասխանում է․«Ես եղբորս պահա՞կն եմ, ի՜նչ է»։  Քրդական քաղաքականությունը և քուրդ քաղաքական գործիչների մի մասը տարիներ շարունակ «Ես եղբորս պահա՞կն եմ, ի՜նչ է» վերաբերմունքով են արտաքին դիսկուրս տարել, և ներկայում ավելի ճշմարիտ կետի հասնելը լավ նշան է։

Անցել է 105 տարի։ Սուրբ տեքստի շարունակության մեջ Աստված Կայենին ասում է․ «Քո եղբոր արյան ձայնը հողի տակից կանչում է ինձ»։ Այո՛, 105 տարի շարունակ սպանվածների արյունը կանչում է հողի տակից։ Քուրդ քաղաքական գործիչները և հասարակությունը հողի տակից եկող ձայնին ամբողջովին ականջալուր չեն լինում։ Կայեն-Աբել դեպքը պատմող Ղուրանի «Աղախինը» սուրահը մեզ գուցե ուղեցույց լինի․ « ․․․ասելով, Աստված մի ագռավ ուղարկեց։ Որպեսզի ագռավը նրան ցույց տա, թե իր եղբոր դին ինչպես է թաղվել, հողը փորել է»։ Գուցե մի ընթացք պետք է  հետևենք «Քըջիքա ռեշ» ամսագրին, որ փորենք ու հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել 105 տարի առաջ։

https://nupel.net/firat-aydinkaya-8-soruda-kurtler-ve-ermeni-soykirimi-85131h.html?fbclid=IwAR3drSHMTUCKijuxQ76cKwTNeY-36vtyL0eWKm__vn7iJL7TAOkaREybQc4

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica