close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոտիկ կամ հեռու տանող հետեւություններ

Քաղաքական

25 Նոյեմբերի 2020, 15:40
 Մոտիկ կամ հեռու տանող հետեւություններ

Համացանցում աչքիս ընկավ նոյեմբերի 14-ին լույս տեսած մի հրապարակում, որի վերնագիրն էր. «Կորուստի Ահավորության Անհամաչափ ընդվզումի Լույսին Տակ»: Այս նյութի հրապարակման օրվանից որոշակի ժամանակ է անցել, բայց, ինչպես ասում են, արծարծված խնդիրները արդիականությունը չեն կորցրել եւ որոշեցի արձագանքել:

Նյութի հեղինակը այն մարդկանցից է, ովքեր 2018-ին Նիկոլի հեղափոխության փարոսն ուղեցույց դարձրած «Նոր ուղի» ընտրեցին իրենց համար: Ինչպես վերնագիրն է հուշում ասելքը հեղինակի ծանր ապրումներն է արտահայտում, որոնք էլ հետեւանք են հայ ժողովրդի ներկա ողբերգությունների: Նա հիմա այլ վերաբերմունք ունի Նիկոլ առաջնորդի նկատմամբ եւ ասածս հաստատելու համար կատարեմ մեջբերում տվյալ հրապարակումից. «Մեր կորուստը ահաւոր է:

Կորսնցուցինք հող, արժանապատուութիւն: Կորուստի ահագնութիւնը պէտք է փողոց հանէր ամբողջ ժողովուրդը, հայաշխարհի բոլոր տարածքներու բնակիչները պէտք է ոտքի կանգնէին, ողողէին հրապարակները, ճանապարհները, արտայայտէին իրենց ընդվզումը, բողոքը, հաշուետուութիւն պահանջէին իշխանաւոր պատասխանատուներէն»: Ավելին հրապարակման հեղինակը խոստովանում է, որ հավատացել է Նիկոլ Փաշինյանին եւ հիմա էլ գտնում է, թե Փաշինյանը կարող էր հաջողել եթե չաներ այս-այս սխալները եւ եթե աներ այս ու այն բաները. «Ի միջ այլոց, ես ալ այդ շատերու շարքին էի եւ տակաւին կը հաւատամ, որ յեղափոխութեան հետապնդած նպատակները կարելի էր իրականացնել, եթէ բաւարար ժամանակ ունենայինք, եթէ յեղափոխութեան ղեկավարները, յատկապէս վարչապետ Նիկոլ Փաշինեանը կարենար իր շուրջ հաւաքել որակաւոր մարդիկ, եթէ կարենար իր յախուռնութիւնը զսպել, եթէ կարենար ճիշդ գնահատել տարածաշրջանային զարգացումները»:

Երբեք չեմ հետեւել, թե ինչ են անում կամ գրում Նիկոլի մեջ փրկիչ հայտնագործողները ուզում եմ, սակայն, այս առիթն օգտագործել ոչ թե կոնկրետ մարդկանց եւ խմբերի արձագանքելու համար, այլ խոսելու ընդհանրական երեւույթի մասին:

Վերը բերված ծանր մտորումներից հետո հիշյալ նյութի հեղինակը մեղադրում է ընդդիմությանը.«Բողոք արտայայտեցին ընդդիմադիր կուսակցութիւններ, որոնք չկրցան իրենց անմիջական շրջանակներէն դուրս ամբողջ ժողովուրդի ընդվզումն ու ցասումը ուղորդել»:

Ես ցանկանում եմ հարցնել՝ իսկ տեղի ունեցածի համար դուք, որպես Փաշինյանի համախոհների հավաքականություն, ձեզ մեղավոր չե՞ք զգում: 2018թվականին դուք աստվածացրիք Նիկոլ Փաշինյանին եւ նրան ընդդիմախոսներից պաշտպանելու գործին լծվեցիք հրապարակայնորեն եւ ոչ հրապարակային կերպով, զուգահեռաբար վատաբանելով կոնկրետ ուժերի: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե դուք, Նիկոլ Փաշինյանի նման, լինելով այդքան ժողովրդավար, ինչո՞ւ էիք այդպես սվիններով ընդունում քննադատական խոսքը, որ հաճախ զգուշացման, վտանգից խուսափելու նպատակ էր հետապնդում: Ինչո՞ւ դրանից առաջ եւ դրանից հետո բոլորին ու ամենուր կարելի էր եւ կարելի է քննադատել, այնինչ Նիկոլը պետք է վեր լիներ որեւէ քննադատությունից, իսկ քաղաքական դաշտի մյուս մասնակիցները, ըստ ձեզ, պարտավոր էին կցվել Նիկոլի սայլին: Չե՞ք կարծում, որ ստանձնելով սատանայի փաստաբանի դերը, դուք մեծապես նպաստել եք, որ ինքնահավան, ամբարտավան ու ազգային-պետական պատասխանատվությունից զուրկ մեկը պատուհաս դառնա պետության ու ժողովրդի գլխին եւ իրեն իրավունք վերապահի միանձնյա տնօրինելու վերջիններիս ճակատագիրը:
Ինչպես եւ վերը բերված գրության մեջ եք ասում հավատացել եք Նիկոլին.

«Ի միջ այլոց, ես ալ այդ շատերու շարքին էի եւ տակաւին կը հաւատամ, որ յեղափոխութեան հետապնդած նպատակները կարելի էր իրականացնել»: Հիմա ես ձեզ հարցնում եմ՝ ի՞նչ տվյալների հիման վրա եք դուք նրա, «առաքելությանը» հավատացել եւ տեսել նրա մեջ այն ինչն իրականում չկա: Եթե շարքային «Պողոսներ»ի դատողությունը ունի մակերեսային բնույթ եւ հուզական արձագանք է կոնկրետ պահի իրադարձություններին ու մերկապարանոց ճառերին, ապա դուք, համախոհների թիմի հետ, ձեր փորձառությամբ ու անցած ճանապարհով հաստատ այդքան պարզունակ ու դյուրահավատ չեք:

Նիկոլ Փաշինյանի մեջ Հայաստանի բարեփոխիչ տեսնելու համար դուք ետ նայեցի՞ք նրա անցյալին, տեսա՞ք, որ կյանքի իր դասերն առել է առաջին թալանչիների եւ հող զիջողների կողքին: Վերջիններիս հետ, նույն պարտվողական պլատֆորմով մասնակցել է ընտրությունների իր իշխանության գալուց ուղիղ տաս տարի առաջ:

Չուզեցի՞ք, թե գլխի չընկաք հիշելու իր նախկին գրածները, որպեսզի դրանց մեջ գտնեիք այն վտանգավոր գաղափարները, որոնք Նիկոլ Փաշինյանը ազգի գլխին փորձանքի վերածեց 2020-ի աշնանը: Գլխի չընկաք, որ պաշտպանում եք կրողին մի գաղափարախոսության, որի դեմ պայքարին նվիրել եք ձեր կյանքի գուցե ամենաիմաստալից տարիները:

Լավ, անցյալը թողնենք անցյալին, իսկ տվյալ պահին ի՞նչ տրամաբանությամբ պետք է պատերազմից դուրս չեկած երկրի ճակատագիրը ամբողջովին հանձնվեր միջակ կարողությամբ, դասալիք, կառավարման փորձից զուրկ, ապագայի գործնական ծրագրեր չունեցող մեկ անձի: Միայն նրա համար որ վերջինս գալիս էր պատժելու ու խաղից դո՞ւրս հայտարարելու նախկիններին: Թե գուցե նրա համար, որ Նիկոլ ազգասերի սարքովի կերպարը լավ աջակից էր նաեւ այլ տեղերում մանր ճակատամարտեր վարելու համար: Դուք, որ բոլորովին էլ անփորձ ու դյուրահավատ չեք, արդյո՞ք այն կարծիքին եք եղել, թե վտանգավոր ճանապարհի վրա վատ վարորդին, կարելի է փոխարինել մեկով, ով հաջող քննադատում է մեքենա վարողին, բայց եւ ինքը այդ գործին բացարձակապես չի տիրապետում: Երկուսուկես տարի համախոհների հետ պաշտպան կանգնեցիք Նիկոլ վարչապետին ընդդեմ նրան քննադատողների, հիմա կարո՞ղ եք ասել, թե երկուսուկես տարում երկրի համար ի՞նչ լավ բան արեց ձեր հեղափոխության առաջնորդը: Մի կողմ թողնենք, որ եկավ թե չէ ազգը պառակտեց սեւերի ու սպիտակների, արշավանք ձեռնարկեց հայոց եկեղեցու ու ազգային մտածողության դեմ: Ազգային մշակույթի ու պատմության ավանդական հայեցակարգերը սկսեց դուրս մղել ուսումնական ու գիտական գրականությունից ու հաստատություններից, իսկ պատերազմի նախօրյակին բացահայտվեց որպես թուրքերի հետ համագործակցաբար հայոց պատմությունն ու հայ դատի հիմնահարցերը վերանայողների հովանավոր:

Սրա կողքին չունեցավ արտաքին քաղաքականության ուղենիշեր, հակասության մեջ մտավ իրականացված արտաքին քաղաքական կողմնորոշումների հետ, մսխեց պետության վարկը եւ ձեռք չբերեց ոչ մի իրական բարեկամի: Արցախի հարցի լուծման հարցերում եղավ հակասական եւ զիջումների պատրաստակամ: Սեփական իշխանության կայացման գործընթացը պայմանավորեց ամբողջ պետական համակարգն ու ինստիտուտները յուրայիններով եւ հնազանդներով փոխարինելու գործելակերպով: Կարճ ժամանակից բացահայտվեց, թե նրա գլխավորած նորաթուխ իշխանությունն ինչպես է հարձակվել պետական բյուջեի վրա ու արդեն իսկ իրեն թույլ է տալիս կատարելու օլիգարխներին վայել անշարժ եւ շարժական գույքի ձեռքբերումներ: Անբարոյականությունն ու անպատժելիության համոզումը այնտեղ հասցրին, որ ճակատագրական պատերազմի ծանր օրերին օժանդակության գումարները անօրինական ձեւով փոխանցվեցին պետական բյուջե եւ միաժամանակ, պետական բյուջեի շրջանակում, հաստատվեցին իշխանական նորաթուխ էլիտայի հաջորդ տարվա պատկառելի պարգեւավճարները:

Ինչ արվեց անցած երկուսուկես տարում տնտեսության բնագավառում, սոցիալական, առողջապահական, մշակութային մարզերում, եւ առհասարակ որեւէ մի ոլորտում, որ ձեզ այդպես խանդավառեց նոր վարչապետի գործունեությունը: Չխոսենք բանակաշինության մասին, որտեղ խաչ է քաշվել կատարելագործման ռազմավարական ընթացքի վրա, չակերտավոր բարեփոխումները կրել են կործանարար բնույթ, կրճատվել են զինված ուժերի մարտական ստորաբաժանումները: Ի՞նչ տվյալներ ու փաստեր ձեզ ներշնչեցին ստանձնելու այս անձի ու նրա բախտախնդիր, ապազգային թիմի պաշտպանների ու միաժամանակ նրա ընդդիմադիրների գործուն հակառակորդների դերը: Ծիծաղելիության չափ անհեթեթ է, երբ մինչ այժմ, ձեր մտածողության որոշ տեսաբաններ արդարանում ու արդարացնում են, թե. «բա որ նախկինները գողանում էին»:

Աշխարհի բոլոր գունավոր հեղափոխությունների մարտավարությունն ու ռազմավարությունը ի՞նչ սցենարի շուրջ է սարքված՝ քննադատել կոռումպացված նախկիններին, հրապարակ նետել քաղաքացիական իրավունքների, իրավակապաշտպանության, բնապաշտպանության խնդիրներ եւ արտաքին աղբյուրներից սնվող ապազգային երիտասարդության ուժերով իրականացնել հեղաշրջումներ: Թե ինչպիսի հետեւանքների են ամենուր հասցրել գունավոր հեղափոխությունները գաղտնիք չէ, գաղտնիք է միայն, թե ուր անհետացան բոլոր ազնիվները, ժողովրդավարները, իրավապաշտպանները, քաղհասարակության դրոշակակիրները, երբ մեզանում ակնառու դարձավ իշխանության սանձարձակ, անօրինական, գործունեությունը, հարուցելով ընդհանուրի դժգոհությունը:

Իշխանության պաշտպանները չտեսնելով շոշափելի փաստեր, որոնց հիման վրա կարելի էր բարձրացնել իշխանությանը, որոշեցիք հատկապես անպարկեշտ քարոզչությամբ հարվածել ու ցածրացնել այդ իշխանության ընդդիմադիրներին, ժողովրդի մոտ անվստահություն սերմանել վերջինններիս նկատմամբ: Ու հիմա մեկ խելագարի կողմից երկիրը մեծ ողբերգությունների մեջ գլորելու իրականության հանդիման ասում եք, թե. «Բողոք արտայայտեցին ընդդիմադիր կուսակցութիւններ, որոնք չկրցան իրենց անմիջական շրջանակներէն դուրս ամբողջ ժողովուրդի ընդվզումն ու ցասումը ուղղորդել»: Իսկ ես համոզված եմ, որ դուք եք ժողովրդին մոլորեցրել երկուսուկես տարի Նիկոլ դավաճանին փրկիչ ներկայացնելով եւ ձեր ու ձեր նմանների կերակրած սուտն ու կեղծիքն է, որ ցայսօր շատ պարզ մարդկանց միտքը պահում է շփոթի մեջ այն աստիճան, որ մարդիկ չեն կարողանում հավատալ իրենց աչքերի առջեւ տեղի ունեցածին:
Այսպիսով կարելի էր այս խոսակցությունը փակել եթե խնդրո առարկա հոդվածի մեջ չառկայծեր մեկ կիսաթաքնված միտք եւս:

Ինչպես անդրադարձանք հոդվածը սկսվում է ընդդիմության քննադատությամբ, այն բանի համար, որ իբր ընդդիմությունը վարկաբեկված է եւ չի կարող ժողովրդային մեծ ալեկոծություն առաջ բերել:

Ավարտվում է երկրորդական թվացող ասելիքը վերոհիշյալից բխող տրամաբանական եզրակացությամբ. «Յոյս պէտք չէ կորսնցնել: Փրկարար ուժը կրնայ ծնիլ որեւէ պահու, տարերայնօրէն, հաւաքելով, համախմբելով, կազմակերպելով ազգի զաւակները մեր վերելքի ծրագիրներու շուրջ»: Ավելի պարզ ասած այսօր հրապարակ դուրս եկած ընդդիմությանը պետք է հաշվից դուրս համարել եւ մտածել, այլեւս քաղաքական դիակի վերածված գործող իշխանությանը փոխարինող, բոլորովին այլ ուժի մասին: Իսկ գուցե ամբողջ շարադրվածը հենց ա՞յս մեխին զարկելու համար էր: Սա արդեն մի հարց է, որ անկասկած հուզում է Հայաստանի ներքաղաքական ապագա պատկերով շահագրգիռ շատերին՝ ներսում, թե դրսում: Մոտիկ կամ հեռու տանող հետեւությունների իրավունքը թողնում եմ ընթերցողին:

Արտաշես Շահբազյան

 Հասկացողնե՛ր, ոտքի՛...
25 Հունվարի 2021, 10:34 Հասկացողնե՛ր, ոտքի՛...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica