close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տնտեսությունը ևս կապիտուլացնում են՝ հաստատուն քայլերով. տնտեսագետ

Տնտեսական

23 Նոյեմբերի 2020, 15:55
 Տնտեսությունը ևս կապիտուլացնում են՝ հաստատուն քայլերով. տնտեսագետ

«Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու և ցավոք մենք ունեցանք այն հետևանքները՝ տնտեսական ու սոցիալական, որոնք իրապես ենթադրվում էին։ Եվ այնպես չէ, որ այսօրվա մասին մենք խոսում ենք ընդամենը մի քանի օր։ 2.5 տարի այս հետևանքների հնարավորության և իրատեսության մասին բազմիցս հանդես ենք եկել և կոնկրետ խնդիրներ ենք մատնանշել»,- ArmDaily.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ներկա տնտեսական իրավիճակին, սպասվող խնդիրներին և դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացմանը, ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ եթե այդ խնդիրները հավաքական կերպով ներկայացնենք, ապա դրանք այն էին, որ պետությունը տնտեսության պետական կարգավորման հիմքում դրված էր ամբողջությամբ պոպուլիզմը. «Խնդիրները կային և ավելանում էին, եղածը խորանում։ Տնտեսական ներդրումների կրճատումներից սկսած մինչև խոստացած բարեփոխումների հետաձգումն ու տապալումը. Այս ամբողջը փաթեթավորվում էր պոպուլիզմով և ժողովրդին կերակրում էին, որ հեղափոխությունից հետո երջանիկ են լինելու, լավ են ապրելու։ Բայց իրականությունն այն էր, որ աղքատության վերացման տեմպը դանդաղեց՝ կրկնակի չափով։ Իրականությունն այն էր, որ իրենց խոստացված տնտեսական թռիչքային աճերը բնականաբար չեղան ոչ 2018-ին, ոչ 2019-ին, պետական բյուջեի եկամուտներն աճեցին, ըստ էության ագրեսիվ վարչարարության միջոցով՝ այն էլ հիմնականում փոքր և միջին բիզնեսի միջոցով՝ ՀԴՄ-ներ, տուգանքներ և խեղճացրեցին ամբողջությամբ փոքր բիզնեսին։ Եվ պակաս կարևոր չէ այն, որ ներդրումային միջավարն աղճատեցին և ռիսկերն աննախադեպ բարձրացրեցին քաղաքական վայրիվերումներով և խելագար դրսևորումներով։

«Փռեմ ասֆալտին, ջարդեմ, փշրեմ», այս ամենը կոնկրետ չափերով տնտեսական հետևանքներ են ունեցել, հատկապես ներդրումների իմաստով, ինչպես նաև այն մասով, որ հետագայում պարզվեց, որ դրանք սին էին և պարզապես քաղաքական պոռթկումներ էին, չկային դրանց իրական հիմքերը»։

Տնտեսագետի խոսքով՝ եթե մենք այս ամենը չգիտակցենք, մենք երբեք չենք կարող այսօրվա հետևանքները խորքային պատկերացնել. «Իսկ եթե մենք չկարողանանք իրավիճակը լիարժեք գնահատենք, թե որ խնդիրներն ու պատճառները բերեցին սրան, մենք երբեք չենք ունենալու իրավիճակից դուրս գալու որևէ հնարավորություն և շանս։Մենք հիմա մուլտիպլիկատիվ էֆեկտի մեջ ենք, այսինքն երկրներն ունենում են առաջանցիկ կայուն զարգացում և կան նաև երկրներ, որոնք մուլտիպլիկատիվ անկման և ցիկլի մեջ են ընկնում և սա կործանարար է։ Այս ցիկլը յուրաքանչյուր ժամվա մասով կարող է ունենալ անդառնալի հետևանքներ տնտեսական համակարգի մասով։ Սա պետք է գիտակցենք բոլորս։ Մեր տնտեսությունը հանրային կյանքի նյութական հիմքն է, որն այսօր գտնվում է կայուն անկման ցիկլում։ Հիմա փաստացի դոլարի փոխարժեքը 489-95-ից մի քանի օրվա մեջ աճել է շուրջ 25 դրամով։ Այսինքն՝ 25 դրամը փոխարժեքի 5 տոկոսից ավելի է։ Եթե մենք մեկ շաբաթվա մեջ արդեն ունենանք այսպիսի իրավիճակ, սա շարունակվելու պարագայում արդեն աշխատելու է մարդկանց և բիզնեսի հոգեբանական գործոնը՝ բացասական սպասումների։ Մենք այդպիսի նախադեպեր ունեցել ենք։ Մարդիկ հիմա կփորձեն իրենց ավանդները դրամով դուրս բերել բանկից, քանի որ տեսնում են, որ մի քանի օրում կարող է իրենց սպասած տոկոսներն ու իրենց գումարը կորցնել, քանի որ դրամն արժեզրկվում է։ Տապալվող արժույթից կսկսեն ազատվել նաև բիզնեսմենները, այսինքն իրենց ակտիվները կփոխանակեն կայուն արժույթներով և այս պարագայում ականատես կլինենք ավելի էական գործոնների, որոնք ուղիղ բերելու են ազգային արժույթի հետագա անկմանը՝ իր բոլոր հետևանքներով։ Այսօրվա ձախողված կառավարությունը, նաև դրամական իշխանությունը որևէ կերպ շանս չունեն այս իրավիճակը շտկելու, քանի որ չունեն ցանկություն և ձգտում լիարժեք իրավիճակի գնահատման։ Քանի որ եթե իրավիճակը լիարժեք գնահատեն, ապա մեկ վայրկյան հետո, իրենք իրենց պետք է դատապարտեն, ոչ միայն հեռանան, որը չեն անելու միանշանակ և չունեն դրա կարողությունը և դա որևէ կերպ իրենց ձեռնտու չէ։ Իսկ իրենք անում են այն, ինչը ձեռնտու է իրենց նեղ քաղաքական շահին, այլ ոչ թե հանրային հավաքական շահին»։

Ավետիսյանը կարծում է, որ կառավարությունը չունի նաև այդ ներուժը իրավիճակին գնահատական տալու և իրավիճակից դուրս գալու համար. «Իրենք փոշիացրել են մեր ռեզերվները, քանի որ այս ընթացքում ակնհայտ էր, որ դրամի կուրսը պահում էին ռեզերվները վաճառելով, իսկ դրանք անվերջ չեն և մենք կանգնած ենք փաստի առաջ ու այստեղ բեկումնային և ոչ ստանդարտ լուծումներ են անհրաժեշտ։ Երեկ լսեցի վարչապետն ու Արցախի նախագահը խոսում էին ներդրումների մասին։ Գիտեք, այսպիսի պարագայում ավելի լավ է լռեն, քանի որ երբ խոսում են և խոստումներ են տալիս, սա արդեն շատ ավելի վտանգավոր է, քանի որ դրսից նայողն ու օբյեկտիվ գնահատողը օբյեկտիվորեն կարող է նաև եզրահանգել, որ առաջին դեմքերն իրավիճակին ընդհանրապես չեն տիրապետում։ Սա շատ վտանգավոր է և մահաբեր է տնտեսության և կայուն զարգացման իմաստով։ Եթե ամփոփենք, ապա այսօրվա կառավարությունն ի վիճակի չէ իրավիճակը լիարժեք գնահատելու, ի վիճակի չէր նախկինում և չուներ նաև իրական ցանկություն բարեփոխումների, ինչի հետևանքը եղան ամենատարբեր տապալումները և խտացված խնդիրներ եղան կորոնավիրուսի հետ կապված և այնուհետև պատերազմի մասով և այս պոպուլիզմը չբավականացրեց դրանք 100 փաստերով կամ մեկ այլ գործիքով փաթեթավորել։ Ակնհայտ է՝ չկա կարողություն, չկա ցանկություն, քանի որ իրական ցանկությունը իշխանությունը պահելն է»։

Դիտարկմանը, թե դրամն ինչքան կարող է արժեզրկվել, տնտեսագետը նշեց. «Վատատեսական սցենարով և իրական սցենարով եթե այսպես շարունակվի ու էական, արմատական փոփոխություններ տեղի չունենան, մենք կունենանք արժութային ճգնաժամ, արժութային շուկան կփլուզվի։Սա հիշեցնում է ինձ 90-ականները, երբ ազգային արժույթը նոր թողարկվեց և ամեն օր փոխարժեքը կրկնապատկվում էր։ Իսկ ամենալավատեսական սցենարով, եթե այսպես շարունակվի և որևէ կերպ չարձագանքվի, ապա տեսեք տնտեսական աճ չունենք, այլ անկում ունենք, որը բերելու է արժեզրկման, արդյունավետ քաղաքականության մասին խոսելը ծիծաղելի է, արտաքին պարտք ներգրավել և բերել հարցը լուծել, դա էլ նույնպես սահմանափակ է և մեծ հաշվով մենք արդեն հատել ենք արտաքին պարտքի ճգնաժամի գիծը և բիզնեսի և հանրության սպասումները, որոնք շատ կարևոր գործոն են, բոլորովին բացասական են և կարճ ժամանակում դրանք կդառնան իրողություն»։

Նրա դիտարկմամբ, ինչպես պատերազմի 44 օրերին մեզ «լկտի» ստերով կերակրեցին և տարան կապիտուլացիայի, նույն կերպ էլ հիմա անում են տնտեսության, սոցիալական համակարգի հետ. «Հիմա նրանք այս տնտեսությունը տանում են տապալման և անդառնալի կորուստների, մենք կկորցնենք մեր տնտեսական համակարգի կայունությունը և կընկնենք տնտեսական խորը ճգնաժամի մեջ։ Ի՞նչի չեն խոսում, մեծ գլխով և ամեն ինչ իմացող իշխանական պատգամավորները որտե՞ղ են, ինչի չեն խոսում արտակմանուկյանները, բաբկենթունյանները, մի հատ էլ լրագրող կար, որ հիմա իրեն տնտեսագետ է հորջորջում»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica