close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շուշին մենք ուղղակի վերցրել ու նվիրել ենք թուրքին․ վիրավոր դիպուկահար

Արցախ

12 Նոյեմբերի 2020, 14:42
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շուշին մենք ուղղակի վերցրել ու նվիրել ենք թուրքին․ վիրավոր դիպուկահար

Ինչի՞ համար մի սերունդ ոչնչացրինք, հանուն ինչի՞, որ այսօր մեզ դավաճանե՞ն, ստորագրեն ու հողերը հանձնե՞ն։ Ավելի լավ է 2000 էլ զոհ տայինք, բայց՝ հպարտ հաղթանակով, ոչ թե՝ պարտված. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց դիպուկահար Հարություն Հարությունյանը, որը սեպտեմբերի 29-ից մեկնել էր ռազմաճակատ ու Մարտունիում վիրավորվելով հետո տեղափոխվել Երևան:

«Ամբողջ աշխարհին մենք ապացուցում էինք, որ Ալիևն օգտագործում է արգելված զենքեր, ու մենք ի՞նչ ապացուցեցինք»,- հավելեց նա:

Ըստ դիպուկահարի՝ թեև կորցրել է առողջության 90 տոկոսը՝ դառնալով հաշմանդամ, սակայն ոչ մի վայրկյան անգամ չի զղջում, զղջում է միայն հողերը հանձնելու դավադիր համաձայնության համար։

Շուշիի հանձնման լուրը ստանալու հենց առավոտյան Հարությունը զանգահարել է Շուշիի դիրքերում գտնվող իր մարտական ընկերներին, որոնք պնդել են՝ չեն թողնելու Շուշին: «Ու դեռ այդ ժամանակ նրանք կռվում էին, ինձ հարց տվեցին՝ Հարո՛ւթ, ի՞նչ է կատարվում Երևանում, ի՞նչ եք դուք անում։ Դիպուկահարների ջոկատը կանգնած էր դիրքերում, ոչ մի թուրքի ոտք չի եղել Շուշիում։ Շուշին մենք ուղղակի վերցրել ու նվիրել ենք թուրքին, հանձնել ենք»,- ասաց նա։

Հարությունը պնդում է՝  Շուշին անհնար է գրավել: «Հարցրեք ռազմական գործիչներին, կասեն, որ Շուշին միայն հնարավոր է հանձնել, ոչ թե գրավել։  Տղաներին ասել են՝ վերջ, պատերազմը վերջացավ, զենքերը հանձնեք, բայց տղաները չեն համաձայնում։ Ընկերս ասաց՝ Հարո՛ւթ ջան, իմ զենքի մեջ մնացել է վերջին տասը փամփուշտը, մինչև վերջ կռվելու եմ այդ տասը փամփուշտով, բայց հետ չեմ վերադառնալու՝ որպես պարտված, ավելի լավ է իմ դիակը հետ բերեն, բայց չլսեմ, որ պարտվել եմ»,- պատմեց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ եթե Փաշինյանը նման որոշում պետք է կայացներ, ինչո՞ւ պատերազմը չկանգնեցրեց հենց սեպտեմբերի 27-ին: «Հակառակը՝ նա հայտարարում էր, որ՝ ով կարող է զենք բռնել, դուրս եկեք, և ժողովուրդը դուրս եկավ, զենքերը վերցրեցին, կռվեցին, զոհվեցին,  հաշմանդամ դարձան, որից մեկը ես եմ, որ իմ 90 տոկոս առողջությունը թողեցի այնտեղ։ Վստահ էի, որ հպարտ հաղթանակով հետ եմ գալու, վստահ էի, որ հաղթելու ենք․․․ Մեր ազգի գենետիկան հզոր է, մենք պարտվել չունենք»,- ասաց Հարությունը։

Նա չթաքցրեց՝ 2․5 տարի առաջ Փաշինյանի համակիրն է եղել: «Ինքս եմ պայքարել, ձայն տվել նրան՝ հավատալով, որ նոր Հայաստան ենք կառուցելու։ Այդ ժամանակ վարչապետը խոստացավ, որ Արցախի հետ կապված հարցերը բոլորս ենք լուծելու։ Ժողովրդի հետ լայվերով շփվելը Փաշինյանի սիրած գործն է, նա կարող էր լայվ մտնել ու ասել, որ՝ այս իրավիճակն է, եկեք որոշենք, թե ոնց անենք՝ այդ տարածքները տա՞նք առանց պատերազմի, առանց զոհերի, թե՞ ոչ, ու մենք կմտածեինք՝ գնա՞նք ստորագրման քայլին, թե՞ ոչ։ Բայց վարչապետը դա չարեց, առանց մեզ գնաց այդ քայլին։ Այս պահին դիրքերում կանգնած մեր զինվորները, մեր եղբայրները, մեր քույրերը անգամ չեն հասկանում՝ ինչ կատարվեց իրենց հետ, մինչ օրս դիրքեր են պահպանում, բայց դիրքերն արդեն հանձնված են։ Իրենց խնդրել են, որ զենքերը հանձնեն ու դուրս գան, հասկանո՞ւմ եք՝ ինչ է դա նշանակում, ես պայքարեմ ու անցնեմ այդ ամենի միջով ու ինձ ասեն՝ վերջ, հերիք ա, զենքերը հանձնում ենք ու դուրս ենք գալիս։ Ինչպե՞ս կարող է նման բան լինել»,- բարկությունն աչքերում զսպելով՝ ասաց հաշմանդամ դարձած դիպուկահարն ու հարցրեց. «Ոտքը, թևը, տեսողությունը կորցրած, առաջին, երկրորդ կարգի հաշմանդամ դարձած ամեն զինվոր ամբողջ կյանքում ինքն իրեն հարց կտա՝ հանուն ինչի՞ չկա իմ ոտքս, ձեռքս, տեսողությունս, լսողությունս։ Իսկ զոհված զինվորի ծնողն ի՞նչ հպարտություն զգա, որ իր զավակը զոհվեց հանուն ինչի՞, որ ստորագրեցին ու հողերը հանձնեցի՞ն»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Զրուցեց Լիլիթ Եղիազարյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica