close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առանց քաղաքի քաղաքապե՞տ․ Շուշիի քաղաքապետը հույս ունի՝ դեռ ղեկավարելու է քաղաքը

Արցախ

10 Նոյեմբերի 2020, 16:58
 Առանց քաղաքի քաղաքապե՞տ․ Շուշիի քաղաքապետը հույս ունի՝ դեռ ղեկավարելու է քաղաքը

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ընդամենը երկու օր առաջ հետախույզների խմբի հետ Քարին տակ գյուղի շրջանում անձամբ կանխում էր ադրբեջանցիների մուտքը Շուշի։ Դա արդեն երկրորդ անգամն էր 43-օրյա պատերազմի ընթացքում։

«Ադրբեջանցիները մոտավորապես 300 հոգով Քարին տակի լեռանշղթայով բարձրանում էին Շուշի։ Անձամբ ես՝  երկու հոգի այլ տղաների հետ, կանխել ենք մուտքը Շուշի։ Անձամբ տեսել եմ, որ մի 50 հոգի ադրբեջանցի մենք ոչնչացրել ենք Քարին տակի կածանով բարձրանալիս, մի 200 հոգի էլ բարձրանում էին տակից։ Իսկ Քարին տակում արդեն իրենց կամազները, բանն էին ֆռֆռում ու ավելիին էին պատրաստվում»,-Yerkir.am-ին պատմեց նա։

Արծվիկ Սարգսյանն ասաց՝ հայկական զինուժը վերջին մի քանի օրվա ընթացքում կարողացել է ադրբեջանցիներին ջարդել, հայկական օդային հրետանին էլ է շատ լավ աշխատել ու վերացրել է ադրբեջանցիներին։ Անձամբ ինքը դիրքերում է եղել, տեսել է, բայց արդեն որ անհնարին է դարձել պահելը, ինքն էլ իջել է այլ դիրքեր։

«Այդ դիրքում, որտեղ ես եղել եմ, երկու զինվոր են տուժել՝ մեկը ոտքն է ոլորել, մեկն էլ արկը պայթել է, կոնտուզիա է ստացել, երկու օրվա մեջ այդքանն եմ տեսել»,-ասաց Շուշիի քաղաքապետը։

Նրա համար շատ ցավալի է, որ ստորագրված պայմանագրով Հայաստանի ու Արցախի կապն ապահովելու է ընդամենը 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցքը, որը չի վերաբերելու Շուշի քաղաքին, այսինքն Շուշի քաղաքի կապը չի ապահովելու: Այս անորոշ ձևակերպումը Արծվիկ Սարգսյանն ուզում է մեկնաբանել այնպես, որ գուցե Շուշին չի հանձնվելու Ադրբեջանին և ինքը չի դառնալու առանց քաղաքի քաղաքապետ։

«Ես հուսով եմ, որ իմ քաղաքը չի լինի իրենց ձեռքին, ժամանակի ընթացքում երևի ինչ-որ հարցեր կորոշվեն, ես հույս ունեմ, որ դեռ պիտի որպես քաղաքապետ աշխատեմ այդ քաղաքում»,-ասաց նա։ Հավատացրեց, եթե իմանար՝ իր վերջին կաթիլ արյունը տալով կարող էր փոխել իրավիճակը, առանց մտածելու կտար։

Ստորագրված փաստաթղթի մեկ այլ կետով այսպես կոչված «ներքին տեղահանվածները» և փախստականները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ։ Սա նշանակում է ոչ միայն Արցախի շրջակա տարածքները, այլև բուն Արցախը բնակեցնել ադրբեջանցիներով։ Արծվիկ Սարգսյանը, որ ղարաբաղյան երեք պատերազմի մասնակից է՝ սկսած 1988-ի ազատամարտի տարիներից, ասում է, որ անհնար է, որ որևէ հայ կամ ադրբեջանցի համաձայնի միասին ապրել նույն տարածքում։

«Իհարկե, ադրբեջանցին չի գա հայի հետ ապրի, ոչ էլ հայը ադրբեջանցու հետ կապրի։ Նույնիսկ սովետական ժամանակներում, ինչքան էլ որ Սովետ էր, էլի տարբերություն էին դնում թուրքի ու հայի միջև։ Ո՞նց կարող է հիմա այսքան զոհերից հետո գնան միասին ձեռք-ձեռքի տված ապրեն։ Կռիվ կլինի անպայման, մեկ է՝ թուրքը մնում է թուրք, մեռած էլ լինի՝ թուրք է։ Այն խաղաղ ժամանակներում՝ 1967 թվականին, որ թուրքը հայ երեխա է մորթել, ո՞նց կարանք մենք վստահենք, որ այդ նույնը ինքը չի անի հիմա։ Որ քնած հայ սպային ինքը կացնահարում է, ո՞նց կարանք մտածենք, որ էդքանը ինքը չի անի»,-ասաց նա։

Շուշիի քաղաքապետը հույս ունի, որ գոնե թույլ կտան արցախահայերը ապրեն նախկին ԼՂԻՄ-ի տարածքում, իսկ շրջակա տարածքները կբնակեցնեն ադրբեջանցիներով։

«Ներքին տեղահանվածները, երևի, չի նշանակում, որ պետք է գան Ստեփանակերտում ապրեն, դա երևի վերաբերում է մնացած շրջաններին, որ իրենք վերադառնան էնտեղ։ Դե, մենք էլ ենք ունեցել այն շրջաններում հայեր, հայերը հո չեն գալու, ասեն՝ գնամ Աղդամում ապրեմ, քանի որ այն ժամանակ այնտեղ եմ ապրել կամ մյուս շրջաններում։ Չէ, դա բացառվում է։ Ես էդքանն եմ տեսնում, չգիտեմ, ճի՞շտ է, թե՞ չէ, բայց ես էդքանն եմ տեսնում»,-ասաց նա։

Արծվիկ Սարգսյանը նշեց՝ գուցե ուրիշ երկրներում հայն ու ադրբեջանցին միասին ապրում են, բայց նրանք այսքանը չեն տեսել, իսկ այսօրվա դրությամբ արցախցին՝ հայը, որ կորուստ է տվել, չի գա թուրքին ասի՝ մենք եղբայր ենք, իրար հետ ապրենք, դա չի լինի․ «Ո՞նց կարող է հիմա այսքան զոհերից հետո գնան միասին ձեռք-ձեռքի տված ապրեն»։

Արծվիկ Սարգսյանը, որի եղբայրը ևս զոհվեց վերջին պատերազմում, ասում է՝ այս պատերազմի սկզբում չէին էլ կարող պատկերացնել, որ որևէ թիզ հող կտան ադրբեջանցիներին։ Մտածում էին՝ Ռուսաստանը ավելի շուտ օգնության կհասներ ու այդքան զոհեր ու տարածքային կորուստներ չէին ունենա։ Բայց այն փաստաթուղթը, որը հիմա ստորագրվել է, թերևս, անհրաժեշտություն է եղել, մտածում է՝ երևի այլ հնարավորություն չի եղել, որովհետև ադրբեջանցիները արդեն Ստեփանակերտի մատույցներին էին մոտենում։

«Ես վստահում եմ Արցախում մեր ընտրած նախագահին՝ Արայիկ Հարությունյանին։ Եթե այդպիսի որոշում է կայացրել, ուրեմն նպատակը եղել է հետագա զոհերից խուսափելը, դրա համար երևի դա է էլի ճիշտ համարել»,-ասաց Արծվիկ Սարգսյանը։

Շուշիի քաղաքապետը վստահեցնում է՝ հայկական բանակի մարտական ոգին միշտ էլ բարձր է եղել, այս անգամ էլ շատ լավ են կռվել։ Ուղղակի, ասում է, ինքը տեսավ, որ այս պատերազմը 1990-ական թվականների պատերազմը չէ, այստեղ արդեն հրետանին է աշխատում, այստեղ արդեն վերևից ԱԹՍ-ով նկարում են, տեղը իմանում են ու իսկույն արկը գցում վրադ։ Այն երկու օրվա մեջ, ասում է, մոտ 2000 արկ կլիներ պայթած իր գլխավերևում, փառք Աստծո, ոչ մեկն իր վրա չի ընկել։

«Բացի այդ, մենք այս անգամ կռվել ենք ոչ թե Ադրբեջանի դեմ, մենք կռվել ենք Թուրքիայի դեմ, որ գերհզոր պետություն է։ Եթե Ադրբեջանի դեմ լիներ, ես երկու անգամ կռվել եմ, գիտեմ, մենք չէինք հասցնում ադրբեջանցիներին կրակեինք, իրենք փախչում էին։ Բայց այս պատերազմը այն պատերազմը չէր, սա շատ ծանր, ծանր պատերազմ էր, ամեն մի վայրկյանը մահը վրայիցդ կախված էր, երկնքից տարբեր ձևի զինատեսակներ էին թափվում։ Մերոնք էլ ունեին լավ զինատեսակներ, մերոնք էլ են օգտագործել, բայց դե ամեն զենքը օգտագործելը դա մահ է էլի»,-ասաց Արծվիկ Սարգսյանը։

Նրա համար ամենացավալին հիմա այն է, որ ստորագրված ներկա փաստաթղթով ոչ միայն Արցախից են զիջումներ եղել, այլ նաև Հայաստանից, քանի որ, փաստաթղթի համաձայն, Հայաստանի տարածքից էլ պիտի գյուղեր տան Ադրբեջանին, որ միանա Նախիջևանի հետ։ Ա՛յ սա Արծվիկ Սարգսյանի համար ընդունելի չէ, չի կարողանում սրա հետ հաշտվել։

Աննա Բալյան

Սպանել ստրուկին
28 Հունվարի 2021, 12:28 Սպանել ստրուկին
Ո՞վ է նա, ի վերջո․ «Փաստ»
28 Հունվարի 2021, 08:59 Ո՞վ է նա, ի վերջո․ «Փաստ»
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica