close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերժ Սարգսյանն Արցախում եղել է, այս պահին Հայաստանում է՝ ամենօրյա կապի մեջ է Արցախի մարտական ընկերների հետ. Էդուարդ Շարմազանով․ 168.am

Քաղաքական

31 Հոկտեմբերի 2020, 16:28
 Սերժ Սարգսյանն Արցախում եղել է, այս պահին Հայաստանում է՝ ամենօրյա կապի մեջ է Արցախի մարտական ընկերների հետ. Էդուարդ Շարմազանով․ 168.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը հոկտեմբերի 30-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ԼՂՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի  Ղուկասյանը և Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու և քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար:

«ԼՂՀ պաշտոնաթող նախագահները առաջարկել են, որ հնարավոր այցի արդյունքները քննարկվեն Հայաստանի և ԼՂՀ նախկին և ներկա ղեկավարների հանդիպման ժամանակ: Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի և Արցախի հնարավոր որևէ քայլի՝ համաձայնել է առաջարկությանը:

 Մեր տեղեկություններով՝ պաշտոնաթող նախագահները դեռևս Հայաստանից չեն մեկնել: Ամեն դեպքում, վարչապետը և կառավարությունը բաց են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկների համար և երբեք չեն հրաժարվել նման առաջարկների քննարկումից»,- գրել էր վարչապետի խոսնակը։

Այս հայտարարությունից ժամեր անց Երկրորդ նախագահի գրասենյակը հաղորդագրություն տարածեց, որ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա մեկնելուց առաջ հանձնել է կորոնավիրուսի թեստ, քանի որ սահմանը հատելիս դա պարտադիր պայման է, և պարզվել է, որ թեստի պատասխանը դրական է։

«Ցավոք, ստեղծված իրավիճակում մեկնումը Մոսկվա և տարբեր հանդիպումների կազմակերպումը ժամանակավորապես անհնար է դարձել։

Այժմ Նախագահ Քոչարյանը գտնվում է ինքնամեկուսացման մեջ, սակայն անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի նպաստի Արցախում պատերազմի դադարեցմանը»,- նշված էր հաղորդագրության մեջ։

168.am ՀՀԿ խոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ևս առաջարկ եղել է Մոսկվա մեկնելու, և առհասարակ այդ գործընթացում որքանո՞վ է նա ընդգրկված։

«Հայաստանի նախկին երեք և Արցախի նախկին երկու նախագահների հանդիպումը եղել է փակ, տեղեկատվությանն ամբողջությամբ տիրապետում են հինգ նախկին նախագահները, սա ակնհայտ է։ Ակնհայտ է  նաև, որ Սերժ Սարգսյանը մասնակցել է այդ հանդիպմանը, որի մասին հաջորդ օրը մենք հայտարարել ենք։ Ինչո՞ւ են այդպես որոշել, սա բացարձակապես նրանց որոշելիքն է, և ես այժմ չեմ կարող գաղտնազերծել, թե ինչ են քննարկել։ Այո, այդ գործընթացներում ընդգրկված է եղել Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, և հրապարակային ասվել է նաև, որ հանդիպում է տեղի ունեցել  Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի միջև։ Այս համատեքստում ես ձեռնպահ կմնամ  որևէ մեկնաբանությունից, թե ինչու այդպես որոշվեց, կրկնում եմ՝ հանդիպման մանրամասներին տիրապետում են բացառապես հինգ նախագահները։ Նույնիսկ, եթե ես որոշակի տեղեկատվություն իմանայի, կոռեկտ չէի համարի դա հրապարակելու»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Հարցին՝ այս պահին Սերժ Սարգսյանն Արցախո՞ւմ է, թե՞ Հայաստանում, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Սերժ Սարգսյանն Արցախում եղել է, այս պահին նա Հայաստանում է։ Սերժ Սարգսյանն ամենօրյա կապի մեջ է Արցախի մարտական ընկերների հետ, ավելին՝ պատերազմի առաջին օրվանից ՀՀԿ-ն հայտարարել է, որ կանգնած է բանակի ու հայ զինվորի կողքին՝ հումանիտար, դիվանագիտական, ռազմական, կամավորական քաղաքական առումներով»։

Նա նաև տեղեկացրեց, որ արդեն մոտ 2 հազար հանրապետականներ կամավորագրվել են, նրանց շրջանում կան զոհեր ու վիրավորներ։

«Բոլոր ուղղություններով ՀՀԿ-ն՝ առանց հրապարակայնացնելու, փորձում է աջակցել  ի փառս Հայաստանի ու Արցախի, և, բնականաբար, այս ամենն իրականացվում է կուսակցության նախագահի անմիջական ղեկավարությամբ»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica