close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շուշիին մոտ մի քանի գյուղերից մաքրվել, հետ են շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան

Հասարակություն

30 Հոկտեմբերի 2020, 21:02
 Շուշիին մոտ մի քանի գյուղերից մաքրվել, հետ են շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան

168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հետ:

– Պարոն Հովհաննիսյան, նախ՝ խնդրում եմ, ներկայացրեք, թե այս պահի դրությամբ ինչ իրավիճակ է Արցախում (հաղորդումը նկարահանվել է 30.10.2020, ժամը 12:00-ին):

– Այս պահին էլ մարտական գործողությունները շարունակվում են: Վաղ առավոտյան հյուսիսային և հարավային ուղղություններում մի քանի տեղերում փորձել են հրետանային պատրաստությունից հետո հարձակում իրականացնել: Հյուսիսում շատ մեծ կորուստներ կրելով՝ հետ են շպրտվել՝ դաշտում թողնելով տասնյակից ավելի դիակներ: Հարավային ուղղությամբ այս պահին էլի գնում են մարտական գործողություններ կոնկրետ մեկ բլուրի ուղղությամբ: Բացի դրանից, Մարտունու և Ասկերանի գյուղերի հատվածում, որտեղ նշել ենք, դիվերսիոն խմբեր են ներթափանցել, գիշերվա ընթացքում էլ են մարտեր եղել, առավոտ էլ են մարտեր եղել: Կոնկրետ գյուղեր չնշեմ, բայց այն գյուղերը, որոնք երեկ շատ նշվեցին՝ Շուշիին մոտիկ գյուղերը, մի քանի գյուղերից մաքրել են, հետ են շպրտել, բայց այս պահին էլ մարտերը շարունակվում են: Գիշերվա մարտերի ընթացքում այդ դիվերսիոն խմբերի կողմից կուտակված զենք-զինամթերքի պահեստանոց է ոչնչացվել, որը բավականին լավ նկատվել է անգամ Ստեփանակերտից: Ընդհանուր առմամբ, սա է վիճակը:

– Մի ճշտում՝ երբ երեկ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ թշնամին Շուշիից գտնվում է առավելագույնը 5 կմ հեռավորության վրա, այսինքն՝ հաջողվե՞լ է թշնամուն հետ մղել:

– Խոսքն այդ հարակից գյուղերի մասին է հենց. այո՛:

– ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո) հայտարարել է, որ «օդը «փակելու» խնդիր ունենք, որ մեր հրետանին աշխատի»: Ի՞նչ քայլեր են արվում այս ուղղությամբ:

– Ես ցավում եմ, որ նույնիսկ մեր նախկին զինվորականներն այդ տերմինն օգտագործում են՝ օդը փակել: Շատ ցավալի է: Եթե դա օգտագործի լրագրողը, կամավորականը, ինչ-որ կերպ կհասկանաս, բայց ի՞նչ է նշանակում՝ օդը փակել: Եթե մենք նկատի ունենք, որ հակառակորդի ԱԹՍ-ների դեմ պայքարն ավելի էֆեկտիվ դարձնենք, միգուցե այդ տերմինները տեղին են, բայց երբ ասում ես՝ օդը փակել, մարդկանց գիտակցության մեջ նստում է այնպիսի ընկալում, որ կա մի ինչ-որ հրաշք գործիք, որով հնարավոր է օդն ընդհանրապես մագնիսական դաշտով փակել, որ ոչինչ չթռչի, ոչինչ չհասնի: Նման բան, ցավոք, չի լինում: Այո, ճիշտ է, որ հակառակորդի թռչող սարքերը, տեխնոլոգիական այդ բաղադրիչը մեզ համար գլխացավանք է: Ես հազար անգամ կրկնել եմ, որ աշխարհում դա բոլորի համար է գլխացավանք, և դա իդեալական լուծում ոչ մի տեղ չունի: Չկա աշխարհում այնպիսի մի դեղամիջոց, որ օդը լիովին փակում է: Որպեսզի ասածս մերկապարանոց չլինի, և այդ մարդկանց համար թիրախ չդառնամ, չեմ ուզում պատերազմի ժամանակ որևէ մեկս որևէ մեկին ինչ-որ բառախաղերի համար սկսենք մեղադրանքներ հնչեցնել:

Ես խոնարհվում եմ պարոն Կարապետյանի մարտական անցյալի և անցյալի առաջ ընդհանրապես, և ցանկացած զինվորականի, ովքեր անցնող պատերազմում իրենց կյանքն են դրել ու ավելի ծանր պայմաններում, քան նույնիսկ հիմա է՝ պատերազմի են մասնակցել, բայց եկեք՝ մասնագիտական նայենք այս ամենին:

Աշխարհում ավելի շատ մեկ քառակուսի կիլոմետր տարածքի վրա ամենաորակյալ հակաօդային միջոցներ ունեցող Իսրայելը չի կարողանում «օդը փակել», ինչպես մենք ասում ենք: Կողպեք չէ՝ դրեցիր՝ օդը փակեցիր՝ ոչ ոք չթռավ: 100-200 դոլարանոց պենոպլաստից պատրաստված ԱԹՍ-ներն անցնում են նույնիսկ Իսրայելի օդային տարածքով: Ես դրա նեղ մասնագետն եմ ու խնդրում եմ՝ այդ «օդը փակել» հասկացությունը մեր ժողովրդին պետք չէ այնպես ներկայացնել, որ ռուսական միջոցներ կան, մենք էլ գումարը խնայում ենք, կամ մեր դաշնակիցները վատն են. ադպես չէ, մեր դաշնակիցները շատ լավ իրենց ֆունկցիան կատարում են, մենք էլ ամեն ինչ անում ենք: Բայց հակաօդային պաշտպանության այն միջոցները, որոնք մենք ունենք և աշխարհում ընդհանրապես կան՝ նույնիսկ մեր ունեցածից տասնապատիկ է՛լ ավելի որակյալ, լիարժեք օդ փակել չեն կարող: Դուք նկատած կլինեք, որ վերջին 10 օրերին մոտավորապես ինչ-որ հաճախ են, չէ՞ , իրենց ԱԹՍ-ներն ընկնում, և այլն։ Այսինքն՝ ասել, որ գործ չի կատարվում այդ ուղղությամբ, չի կարելի: Գաղտնիքներ չբացեմ, թե ինչ է կատարվել, բայց կատարվում են բաներ, որ ավելի էֆեկտիվ է դարձել օդային հարձակման միջոցների դեմ պայքարը մեր կողմից:

– Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկվա ուղերձում կոչ էր անում միավորվել. «Դրա համար մեզ պետք է միավորվել, պետք է կռվել, պետք է պատժել թշնամուն, բայց դրա համար պետք է նաև  ժամ առաջ հասնել Արցախ»: Եթե մարդուժի խնդիր կա, ինչո՞ւ համընդհանուր տոտալ զորահավաք չի հայտարարվում:

– Մարդուժի խնդիր ունենք, բայց տոտալ զորահավաքի դեպքում էլ կազմակերպչական խնդիրներ կան: Հնարավոր չի, չէ՞, մարդուն ասել՝ հենց մի SMS կամ մարտակոչ կստանաս՝ վերցրու քո անձնական զենքը, գնա-կանգնիր այսինչ դիրքը: Այսինքն՝ այդ մարդը զենք պետք է ստանա, դիրքից, կռվից, պատերազմից բան պետք է հասկանա, մարզում պետք է անցնի, հանդերձանք պետք է ստանա: Ներդաշնակում հասկացություն կա: Ամեն մի ջոկը, դասակը, վաշտը, այսինքն՝ այդ 10 հոգին, 50 հոգին, 100 հոգին պետք է ներդաշնակում անցնեն, մեկը մյուսի հետ անցնեն: Հիմա ՊՆ Զինված ուժերի, ՊԲ-ի ամբողջ ռեսուրսները դրված են դրա տակ, ամբողջ մեր հրաձգարանները, զորավարժարանները լցված են կամավորականներով և պահեստազորայիններով: Այդ տեմպը գնալով մեծացվում է, բայց որոշակի ժամանակ է պետք։ Մի քանի օր պետք է, որպեսզի մարդիկ մարտունակ դառնան, այսինքն՝ այդ ստորաբաժանումները մարտունակ դառնան, բայց պատերազմ է, ինքն էլ սովորական ու թեթև պատերազմ չէ, էլի: Հիմա այս պատերազմում լինում են սխալներ, լինում են բացթողումներ, լինում է ռիսկերի ցուցիչների բարձրացում, շատ հաճախ դու պատրաստվում ես այսքան, հակառակորդը քանակապես մեծ է, քանակապես հզոր է: Ի վերջո, խնդրում եմ, հիշեք՝ մենք չենք կռվում միայն Ադրբեջանի դեմ, մենք կռվում ենք միջազգային ահաբեկչական մեծ մի կառույցի դեմ, որի գլխավոր հովանավորն ու պատվիրատուն ու տեխնոլոգիական ապահովողը և, մեծ հաշվով, նաև կառավարողը, այդ պատերազմի ղեկավարողը Թուրքիան է:

– Եթե Արայիկ Հարությունյանի կոչին հետևում են ու կամավորագրվում են, նորից Ձեր նշած խնդիրները չե՞ն առաջանում:

– Իհարկե առաջանում են: Այնպես չէ, որ ոտքի վրա հեշտ է կամավորականից զինվոր ստանալ: Կամավորականից մի ժամում զինվոր չես ստանա, եթե այդ մարդը նախկին զինվորական չէ, շատ մոտ ժամանակներում անցյալում չի անցել համապատասխան մարզումներ, և այլն: Սխալներ, որոնք մեզանում բարձրաձայնվում են, շատ հաճախ նաև դրանից է գալիս, նաև, որ կամավորը գնում է, բայց տեղում կազմակերպչական թերություններ են ի հայտ գալիս, որոնք շտկում ենք: Անհամեմատելի է պատերազմի առաջին շաբաթվա վիճակը՝ կազմակերպչական առումով, և այսօրվա վիճակը. Հիմա պատիկներ անգամ ավելի որակյալ կազմակերպվածություն կա:

– Դուք հայտարարել էիք, որ Ադրբեջանը գրավել է Կուբաթլուն, հետո գրառում կատարեցիք, որ «27 տարի անց  կրկնվում է պատմությունը.1993թ. Ադրբեջանը տապալում էր հրադադարների բոլոր պայմանավորվածությունները (Կազիմիրովի գիրքը կարդացեք), արդյունքները հայտնի են»։ Իսկ Կազիմիրովի գրքում մի նման միտք կա՝ «в начале сентября армяне «замотали» отвод войск из Кубатлы»: Թույլատրելիի սահմանում կխնդրեինք պարզաբանել՝ ի՞նչ նկատի ունեիք:

– Գլոբալ, միտքս շատ պարզ է, ինչ-որ առանձին դրվագների համար չեմ գրել դա. Միտքն այն է եղել, որ ինչքան էլ հիմա մեզ համար դժվար է իրավիճակը շատ տեղերում, թշնամին էլ փորձում է իբր իր հաջողությունների վրա բազավորվելով՝ հրաժարվել, մերժել բոլոր հրադադարի լուծումները, ի վերջո, այն ժամանակ եղել է հաղթանակ և հիմա էլ է լինելու հաղթանակ, և հիմա էլ է լինելու հաղթանակ: Ես ասել եմ դա և նկատի եմ ունեցել, որ մենք հաղթել ենք 1994թ. և հաղթելու ենք հիմա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ո՞րն է մեր ընտրությունը
27 Նոյեմբերի 2020, 19:43 Ո՞րն է մեր ընտրությունը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica