close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

106 տարեկանում Ախալքալաքում մահացել է Մեծ հայրենականի ամենատարեց վետերանը

Տարածաշրջան

28 Հոկտեմբերի 2020, 15:24
 106 տարեկանում Ախալքալաքում մահացել է Մեծ հայրենականի ամենատարեց վետերանը

Ախալքալաքում մահացել է Ջավախքի ամենատարեց  բնակիչը՝ Սամսոն Հովհաննիսյանը, որը 106 տարեկան էր: Ըստ «Sputnik Ближнее зарубежье» թելեգրամյան ալիքի՝ Սամսոն Վարդանիչը (այդպես են կոչել նրան հայրենի Ջավախքում) Հայրենական մեծ պատերազմի ամենատարեց վետերանն էր: (Այսօր Վրաստանում ապրում է Հայրենական մեծ պատերազմի շուրջ 300 վետերան):

Սամսոն Հովհաննիսյանը ծնվել է 1914  թ. սեպտեմբերին Վրացական ԽՍՀ Ախալքալաքի շրջանի Մեծ Սամսար գյուղում՝ հողագործի ընտանիքում: Կրթությամբ պատմաբան էր, մասնակցել է սովետա-ֆիննական պատերազմին: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նա ղեկավարում էր 47-րդ հրաձգային Նևելսկի դիվիզիայի 353-րդ հրաձգային գնդի մի վաշտ:

Հովհաննիսյանը պարգևատրվել է բազմաթիվ պարգևներով, այդ թվում՝ Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով: 

1959-ին ընտրվել է Վրացական ԽՍՀ պատգամավոր: Վեց տասնամյակ աշխատել է Ջավախքում (Ախալքալաքի շրջան)՝ ղեկավար պաշտոններում: 1992-ին Հովհաննիսյանը անցել է թոշակի:

2018 թ. Սամսոն Հովհաննիսյանը Վրաստանի նախագահ Գ. Մարգվելաշվիլու կողմից պարգևատրվել է Պատվո շքանշանով: 

2020 թ. սեպտեմբերի 12-ին Սամսոն Վարդանիչը նշել էր իր 106-ամյակը՝ իր վերջին ծննդյան օրը:

Սամսոն Հովհաննիսյանը հայրենի Ջավախքում հայտնի էր ոչ միայն իր պատկառելի տարիքով, այլև անցած փառավոր ուղիով: Թեև կյանքի վերջին տարիներին վատ էր տեսնում և լսում, այդուհանդերձ, բոլորը նրան ճանաչում էին որպես ինքնուրույն կյանքով ապրող, բարձր արժեքներ կրող և դրանք իր շրջապատում սփռող անհատականություն:

Սամսոն Հովհաննիսյանի սուր մտքերը, նրա կյանքի շատ դրվագներ ու պահեր վաղուց էին դարձել հայրենի ախալքալաքցիների սեփականությունը: Զարմանալի կամքի տեր Սամսոն Հովհաննիսյանը մինչև վերջին շունչը հայրենի Ջավախքում տարածեց իմաստություն, բարություն, կյանքի հանդեպ վառվող հետաքրքրություններ: Նա պարբերաբար թարմացնում էր անձնագիրը: Հարցին՝ ինչի՞ն է պետք, պատասխանում էր. «Մարդու մոտ պետք է ամեն ինչ կարգին լինի, այդ թվում՝ փաստաթղթերը, առաջիկայում պլաններ ունեմ, մեկնելու եմ հանգստի, ընտանեկան գործերով, հնարավոր է, որ ճամփորդեմ»:

Սամսոն Վարդանիչն իր ողջ կյանքում մարդկանց ներշնչեց  կյանքի ամենադժվար պահերին անգամ ելքեր գտնելու և երբեք չհուսալքվելու արվեստը: Եվ այդ ամենը Սամսոն Հովհաննիսյանի մոտ ստացվում էր շատ հեշտ. բավական էր բերեր իր կյանքից մի դրվագ, և ամեն ինչ պարզ կդառնար:

Հոգիդ լույսերի մեջ, միշտ ապրող և ապրեցնող, ջավախահայության սիրելի Սամսոն Վարդանիչ: Հիշատակդ միշտ վառ կմնա քո հայրենի Ախալքալաքում, յուրաքանչյուրիս սրտում…

Վահե Սարգսյան   

Ճանաչենք մեր հերոսներին
25 Նոյեմբերի 2020, 15:08 Ճանաչենք մեր հերոսներին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica