close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի ամբարտավան կեցվածքը պայմաններ է ստեղծում, որպեսզի ձեւավորվի լայն ձեւաչափով հակաթուրքական կոալիցիա. «Փաստ»

Մամուլի տեսություն

28 Հոկտեմբերի 2020, 09:16
 Թուրքիայի ամբարտավան կեցվածքը պայմաններ է ստեղծում, որպեսզի ձեւավորվի լայն ձեւաչափով հակաթուրքական կոալիցիա. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում մերձավոր արեւել յան տարածաշրջանում Թուրքիան անընդհատ խնդիրներ է հարուցում՝ փորձելով ընդլայնել իր ազդեցության գոտիները։ Դա պայմանավորված է նրանով, որ Անկարան իր մետաստազները տարածել է Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Ադրբեջանում եւ անգամ Սոմալիում։ Քանի որ միջազգային հանրությունը վճռական տրամադրված չէ թուրքական հավակնությունները զսպելու ուղղությամբ, ապա Թուրքիան ոչ միայն հետ չի կանգնում իր պանթուրքական պլաններից, այլեւ ժամանակի ընթացքում Անկարայի ախորժակն ավելի է բացվում։

Միջերկրական ծովի արեւել յան հատվածի՝ էներգետիկ պաշարներով հարուստ եւ տրանզիտային կարեւոր նշանակություն ունեցող մասի նկատմամբ վերահսկողություն հաստատելու իր նկրտումներով եւ Լիբիայում իր ազդեցությունը տարածելու ձգտումներով Թուրքիան բացահայտ հակամարտության մեջ է մտել Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի եւ Ֆրանսիայի հետ։

Ընդ որում, Լիբիայի հարցում Թուրքիան մտադիր է ոչ միայն վերահսկողություն հաստատել Լիբիայի էներգետիկ ռեսուրսների վրա, այլեւ Լիբիան օգտագործել որպես ցատկահարթակ Աֆրիկայում Ֆրանսիայի նախկին գաղութներ հանդիսացող երկրներ, մասնավորապես մահմեդական մեծամասնություն ունեցող Նիգեր եւ Չադ ներթափանցելու համար։ Այս համատեքստում Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձում է թուրքական շահերին համապատասխան խաղարկել նաեւ կրոնական գործոնը՝ իրեն ներկայացնելով որպես մահմեդականների շահերի հիմնական պաշտպան։

Դրա համար էլ Էրդողանը պարբերաբար խոսում է Եվրոպայում մահմեդականների իրավունքների պաշտպանության մասին՝ ձգտելով պրոթուրքական տրամադրություններ ձեւավորել Եվրոպայում ապրող մահմեդականների շրջանում, որպեսզի եվրոպական երկրները կաշկանդվեն Թուրքիայի դեմ գործողություններ իրականացնելու հարցում։ Արդյունքում Թուրքիան այնքան է լկտիացել, որ իսլամի քողի ներքո հավաքագրում է ջիհադիստների, որպեսզի նրանց օգտագործի մի շարք հակամարտություններում եւ ահաբեկչական օջախներ ստեղծելով՝ առաջ տանի իր նեոօսմանական եւ պանթուրքական ծրագրերը։

Ահաբեկիչների ներկայությունը տեսանելի է ինչպես Սիրիայում, այնպես էլ Լիբիայում, իսկ վերջերս էլ հազարավոր գրոհայինների տեղափոխելով Արցախյան հակամարտության գոտի՝ Թուրքիան Հարավային Կովկասը վերածել է ահաբեկչական նոր օջախի, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար։ Քանի որ միջազգային հանրությունը Արցախյան հակամարտության գոտուց ահաբեկիչներին հեռացնելու կոչերից բացի ոչ մի էական քայլերի չի դիմում, Թուրքիան կարծես քարտ բլանշ է ստանում ահաբեկիչներին նաեւ այլ տեղերում օգտագործելու համար։ Եվ պատահական չէ, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին Հունաստանին եւ Կիպրոսին նախազգուշացրել է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող ջիհադականներն ապագայում խնդիր են դառնալու Աթենքի համար։

Այսինքն՝ Անկարան մտադիր է ահաբեկիչներին օգտագործել նաեւ Աթենքի դեմ պայքարում։ Դեռ ավելին՝ Էրդողանը, տեսնելով ԵՄ-ի անվճռական դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցում, այնքան է չափն անցել, որ անցել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալուն ու ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչերին։ Էրդողանի այսպիսի լկտի կեցվածքը պայմաններ է ստեղծում, որ ձեւավորվի լուրջ հակաթուրքական կոալիցիա, որի կազմում տեղ կգտնեն ինչպես Եգիպտոսը, Կիպրոսը, Հունաստանը, այնպես էլ Ֆրանսիան, Հայաստանը, Սիրիան, ԱՄԷ-ն եւ այլ երկրներ։

Եթե ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը անվճռական են տրամադրված Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու խնդրում, ապա աշխարհագրական տեսանկյունից այսպիսի լայն ձեւաչափով հակաթուրքական կոալիցիան կարող է էական քայլեր ձեռնարկել Թուրքիայի կայսերապաշտական հավակնությունները զսպելու եւ Անկարային տարածաշրջանում տնտեսապես մեկուսացնելու հարցում, ինչը շատ ծանր հետեւանքներ կարող է ունենալ Թուրքիայի համար, որի տնտեսությունը առանց այն էլ ծանր օրեր է ապրում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ճանաչենք մեր հերոսներին
25 Նոյեմբերի 2020, 15:08 Ճանաչենք մեր հերոսներին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica