close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հնարավոր է, որ հայկական համազգեստով ադրբեջանցի զինվորների վրա կրակել են հենց իրենց զորքերը

Քաղաքական

27 Հոկտեմբերի 2020, 23:31
 Հնարավոր է, որ հայկական համազգեստով ադրբեջանցի զինվորների վրա կրակել են հենց իրենց զորքերը

2020 թ. հոկտեմբերի 25-ին ԱՄՆ պետքարտուղարությունը մեծ խանդավառությամբ հայտարարեց Արցախյան պատերազմում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հրադադարի երրորդ փորձի մասին։ Առաջին երկու հրադադարները խախտվել էին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից՝ ուժի մեջ մտնելուց հաշված րոպեների ընթացքում։ Նոր հրադադարի մասին հայտարարությունն արվեց այն բանից հետո, երբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ժամանեցին Վաշինգտոն և առանձին հանդիպումներ ունեցան պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ 2020 թ. հոկտեմբերի 23-ին:

Այս վերջին «մարդասիրական հրադադարը» ուժի մեջ մտավ հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին: Ցավոք, երրորդ հրադադարը ևս խախտվեց   Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մի քանի րոպե անց: Սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը, Թուրքիան և Սիրիայից ժամանած ջիհադիստական վարձկանները մտադրություն չունեն դադարեցնել պատերազմը, քանի դեռ Արցախը չեն մաքրել տեղի հայ բնակչությունից, ինչը հենց այն է, ինչ բազմիցս հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հայաստանն ու Արցախը, երեք միլիոնից մի փոքր ավելի բնակչությամբ, պայքարում են ավելի քան 90 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ ուժերի դեմ: Սա Դավթի պայքարն է ընդդեմ Գողիաթի: Սա նաև նշանակում է, որ ադրբեջանական հզոր բանակը, մինչ ատամները զինված Իսրայելից և Ռուսաստանից միլիարդավոր դոլարների ժամանակակից զենքերով, անկարող է իր մարտերը վարել՝ առանց հենվելու թուրք զինվորականների և իսլամիստ վարձկանների վրա: Նույնիսկ իրենց համատեղ ուժերով Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ամիս տևած մարտերից հետո անզոր են նվաճելու Արցախը․․․

Վերջին շաբաթների ընթացքում Նևադայում, Օհայոյում և Նյու Հեմփշիրում կայացած նախընտրական հանրահավաքներում նախագահ Թրամփն իր ելույթներում երեք անգամ հիշատակել է հայերին: Նա հաճոյախոսություններ է արել հայերի մասին, սակայն բառերն անիմաստ են, քանի դեռ դրանց չեն հետևել գործողությունները: Թրամփին մնում է միայն վերցնել հեռախոսը, զանգահարել իր ընկերոջը`Էրդողանին, և ասել, որ դադարեցնի աջակցել Ադրբեջանին ու հետ կանչի իր հավաքագրած և Ադրբեջան տեղափոխած ահաբեկիչներին: Փոխարենը, Թրամփն արեց այն, ինչը ձեռնտու է իրեն՝ առաջին հերթին նոյեմբերի 3-ին վերընտրվելու համար դիմելով ամերիկահայ ընտրողներին:

Ռազմական գործողություններից բացի, կան նաև այլ ճակատներ, որոնցում հայերն ու ադրբեջանցիները պայքարում են միմյանց դեմ: ԱՄՆ-ում մի քանի բանաձևեր են ներկայացվել Ներկայացուցիչների պալատ և Սենատ՝ ճանաչելու Արցախի անկախությունը և արգելելու զենքի վաճառքը Ադրբեջանին ու Թուրքիային: Նման քայլեր ձեռնարկվել են Կանադայի, Ֆրանսիայի և Ավստրալիայի հայ համայնքների կողմից: Հայկական համայնքները նաև զանգվածային բողոքի ցույցեր են կազմակերպել ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի քաղաքներում:

Ամերիկահայերը և ընտրված պաշտոնյաները ճնշում են գործադրել տարբեր լոբբիստական ընկերությունների վրա, որոնց վարձել են Ադրբեջանը և Թուրքիան՝ դադարեցնելու իրենց քարոզչական ջանքերը: Անցյալ շաբաթ Մերկուրի հանրային ռազմավարության ընկերությունը (Mercury Public Affairs) հայտարարեց, որ դադարեցրել է լոբբիստական պայմանագիրը Թուրքիայի հետ: «Մերկուրին» Թուրքիան ներկայացնում է 2013 թվականից: Այս տարվա փետրվարին «Մերկուրին» կնքել է 1 մլն դոլարի պայմանագիր՝ Թուրքիայի դեսպանատունը ներկայացնելու համար: Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը «Մերկուրիին» հորդորել էր դադարեցնել պայմանագիրը Թուրքիայի հետ, այլապես այլևս գործ չի ունենա ընկերության հետ: Նման մի հայտարարությամբ հանդես եկավ Լոս Անջելեսի համայնքային համալսարանի շրջանը։

Լոբբիստականմեկ այլ խոշոր ընկերություն՝ DLA Piper-ը, տեղեկացրեց ԱՄՆ արդարադատության նախարարությանը, որ այլևս չի ներկայացնում Ադրբեջանի երկաթուղիները: Հոկտեմբերի 13-ին Livingston Group-ն վերջ տվեց իր լոբբիստական գործունեությանը Ադրբեջանի համար: BGR լոբբիստական ընկերությունը հրաժարվեց Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությունը ներկայացնելուց, հայտնում է AHVAL News-ը:

Մյուս կողմից, Հայաստանը երբեք չի վարձել լոբբիստական կամ հասարակայնության հետ կապերի ընկերություններ: Հազվադեպ օրինակ էր, երբ ՀՀ կառավարությունը լոբբիստական պայմանագիր կնքեց Alston & Bird իրավաբանական ընկերության հետ (կապված նախկին սենատոր Բոբ Դոուլի հետ), տասը հազար դոլարով՝ 2020 թ․ սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 14-ը: Հայտնի չէ, արդյոք այդ պայմանագիրը երկարաձգվել է, թե ոչ: Չնայած լոբբիստական կամ հասարակայնության հետ կապերի ընկերություններ վարձելը միշտ էլ օգտակար է, սակայն հայ համայնքն այնքան էլ կախված չէ դրանցից, քանի որ նրանք քաղաքականապես ակտիվ են և ապավինում են Վաշինգտոնի իրենց սեփական կազմակերպություններին, ինչպիսիք են Ամերիկայի հայկական համագումարը և Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Մյուս կողմից, Ադրբեջանը և Թուրքիան պարտավոր են միլիոնավոր դոլարներ ծախսել լոբբիստական գործունեության համար՝ փորձելով իրենց կեղտոտ լվացքը ներկայացնել որպես մաքուր:

Ապատեղեկատվական պատերազմի մեկ այլ կողմ է տարբեր երկրների թերթերի էջերում և սոցիալական ցանցերում մղվող պայքարը։ Ադրբեջանի կառավարությունն ամեն տարի մի ամբողջ հարստություն է ծախսում՝ գրողներ վարձելու համար՝ Հայաստանին սևացնելու և Ադրբեջանի բռնապետությունը փառաբանելու համար: Մեկ այլ ճակատ՝ սոցիալական ցանցերն են: Ամեն անգամ, երբ որևէ հայտնի ամերիկացի կամ եվրոպացի հայտարարում է իր հանրային դիրքորոշումը հօգուտ Հայաստանի, ադրբեջանցիների և նրանց վճարովի գործակալների հորդան հետապնդում է այդ մարդկանց և ստիպում հրաժարվել իրենց հայտարարություններից:

Վերջին օրերին մի քանի հաղորդում ստացվեց այն մասին, որ ադրբեջանական զորքերը կրում են հայ զինվորների համազգեստ, ըստ ամենայնի, մարտադաշտում խառնաշփոթ ստեղծելու համար: Նման մարտերից մեկում հայտնաբերվել էին հայկական համազգեստով 40 ադրբեջանցի զինվորների մարմիններ։ Իմ կարծիքով, նման գործողությունը, հայերին շփոթեցնելու փոխարեն, կբերի նրան, որ ադրբեջանցիները կկրակեն իրենց զինվորների վրա՝ նրանց համարելով հայեր:

Հայաստանի կառավարությունը պետք է բողոք ներկայացնի Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ ադրբեջանցի զինվորների բարբարոսական վարքագծի վերաբերյալ: Մի տեսանյութում ադրբեջանցի զինվորները գնդակահարում են երկու հայ ռազմագերիների: Մյուսում, ադրբեջանցի զինվորները կտրում են զոհված հայ զինվորի գլուխը: Երրորդ սարսափելի տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մաշկազերծ անում հայ զինվորին, քանի դեռ նա ողջ է: Սրանք պատերազմական հանցագործությունների բացահայտ դեպքեր են: Ադրբեջանը պետք է դատապարտվի ՄՔԴ-ի կողմից և պատասխանատվություն կրի այդ անմարդկային գործողությունների համար: Բացի այդ, Ադրբեջանն օգտագործում է կասետային ռումբեր, որոնք արգելված են միջազգային մարդասիրական օրենսդրությամբ: Ավելին, Ադրբեջանն ամեն օր հազարավոր հրթիռներ է արձակում Արցախի քաղաքների ու գյուղերի խաղաղ բնակչության ուղղությամբ: Ադրբեջանը ոչնչացրել է նաև հայերի հարյուրավոր տներ, դպրոցներ և եկեղեցիներ: Սրանք բացահայտ հանցագործություններ են: Ադրբեջանը պետք է շատ թանկ վճարի իր բարբարոսական պահվածքի համար:

Դրականն այն է, որ ամբողջ աշխարհում տասը միլիոն հայ միավորվել է, ինչպես երբեք: Յուրաքանչյուր հայ գիտակցում է, որ սա գոյապայքար է։ Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են երկրորդ ցեղասպանություն իրականացնել հայերի դեմ: Մինչ այժմ հայերը հանգանակել են աննախադեպ գումար՝ 150 միլիոն դոլար և միլիոնավոր դոլարների մարդասիրական օգնություն: Միակ բանը, որ պակասում է՝ որևէ հայ միլիարդատիրոջ կողմից մեկ միլիարդ դոլարի նվիրատվությունն է՝ Հայաստանի և Արցախի գոյատևմանն աջակցելու համար: Ի վերջո, Հայաստանի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է օրական 30 միլիոն դոլար:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հայաստանը՝ անտիրապետելին
28 Նոյեմբերի 2020, 11:06 Հայաստանը՝ անտիրապետելին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica