close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետք է ստեղծել ռազմաքաղաքական հարցերի կառավարման շտաբ և ձեռնարկել հրատապ քայլեր. Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

27 Հոկտեմբերի 2020, 14:23
 Պետք է ստեղծել ռազմաքաղաքական հարցերի կառավարման շտաբ և ձեռնարկել հրատապ քայլեր. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «ՍիվիլՆեթ»-ի տաղավարում անդրադարձել է Արցախյան գոյապայքարին, օրհասական իրադրությանն ու ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերին:

 

- Պարո´ն Սաղաթելյան, ինչպե՞ս կբնութագրեք այն պահը, որում հայտնվել են հայկական երկու պետությունները՝ մեկը՝ ճանաչված, մյուսը՝ չճանաչված, որը ենթարկվում է թուրք-ադրբեջանա-ահաբեկչական՝ գումարած իսրայելական դրոնների աննախադեպ հարձակմանը։

- Պահը ծանր է, հայ ժողովուրդը իր պատմության վերջին 100 տարիների մեջ ամենածանր օրերն է ապրում՝ ճակատագրական, վճռական օրերը։ Մեկ ամիս է՝ գտնվում ենք պատերազմի մեջ, մեր ժողովուրդը՝ զինվորից մինչև գեներալ, թիկունքում գտնվող բժշկից մինչև վարորդ, հերոսական կանգնած են։ Բայց ունենք մի շարք բացթողումներ, որ պետք է շտկենք և գնանք առաջ, այլ տարբերակ չունենք։ Սա հայ ժողովրդի պատմության ամենակարևոր և վճռական պահերից մեկն է, երբ պետք է համախմբվենք, վերակազմակերպվենք՝  այս իրավիճակից դուրս գալու համար։

- Ուրեմն ի՞նչ պետք է անենք, որ չենք անում։

- Այսօր, հաշվի առնելով ռազմական դրության իրավիճակը, բացթողումներին ու թերություններին կփորձեմ շատ քիչ անդրադառնալ։ Բայց ունենք բազմաթիվ խնդիրներ՝ սկսած թիկունքից, վերջացրած առաջնագծով։ Համապատասխան մարդիկ պետք է շատ շտապ կերպով ունենան հանդիպում։ Մենք՝ 14 կուսակցություններով, նման առաջարկությամբ նաև հանդես ենք եկել  շատ կոնկրետ, որ ստեղծվի ռազմաքաղաքական հարցերի կառավարման շտաբ, վերլուծվի, գնահատվի իրավիճակը, և ձեռնարկվեն կոնկրետ, հստակ քայլեր ու գործողություններ։

- Դա արժանացավ ամենասուր քննադատությանը և ասվեց, որ դուք իշխանության եք ձգտում, դա ամենամեղմ բառապաշարն եմ օգտագործում։

- Որովհետև այդ փայլուն գաղափարը չհասկացան, հետևողականորեն վարկաբեկեցին, կրկին դարձրին իշխանության համար  կռվի առաջարկ։ Բայց  բացարձակ դրա հետ կապ չուներ։ Դա ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու առաջարկ էր, և մենք բաց խոսեցինք դրա մասին, որտեղ պետք է ներգրավեին բոլոր պոտենցիալ, ռազմական, քաղաքական փորձառություն ունեցող մարդիկ, համատեղեին ուժերը, քննարկեին ստեղծված իրավիճակն ու գտնեին ելքեր։ Բայց տեսանք՝ ինչի արժանացավ. այդ շատ կարևոր գաղափարն ինչպես վարկաբեկվեց։

- Պարո՛ն Սաղաթելյան, դա հնարավոր չէ՞ր անել հասարակական հիմունքներով, թղթի վրա ներկայացնելով, որովհետև շատերն ասում են, որ  ոչ սահմանադրական բան եք դուք արել։

- Նախ՝ ոչ սահմանադրական չէ, «Ռազմական դրության մասին» օրենքի համաձայն՝ նման դրույթ կա, որը հնարավորություն է տալիս ստեղծելու հատուկ մարմին։ Երկրորդ կարևոր կետը՝ որ գործող իշխանությունների կողմից լիներ այդ ցանկությունը։ Եթե լիներ այդ ցանկությունը՝ գիտակցել ստեղծված իրավիճակի կարևորությունը, ապա ձևը կարելի էր գտնել, ինչի՞ մասին է խոսքը։

- Հիմա ուշ չէ՞ դա իրականացնելու համար։

- Իհարկե, ուշացած է, բայց երբեք ուշ չէ։

- Ովքե՞ր կարող են լինել դրա մեջ՝ Հայաստանի նախագահները, արտգործնախարարները, վարչապետերը․․․

- Նույնիսկ մենք հատուկ չէինք էլ նշել կուսակցությունները, ասել էինք՝ Հայաստանի և Արցախի նախկին նախագահները, պաշտպանության  նախարարները, արտաքին գործերի նախարարները։ Անելիք ունեն, չէ՞, այդ մարդիկ, նաև՝ ռազմական, քաղաքական փորձառություն ունեցող մարդիկ: Այդտեղ պետք է լիներ դերերի բաշխում, պարտականությունների ճշգրտում,  յուրաքանչյուրն իր ոլորտում, իր հնարավորություններով օգտակար լիներ մեր ընդհանուր գործին։ Սա էր ամբողջությամբ առաջարկը, որը քարկոծվեց, վարկաբեկվեց և գնաց ամբողջությամբ այլ ուղղությամբ։ Սա սրտացավությունից  ստեղծված՝ իրավիճակից  ելքեր գտնելու առաջարկ էր։

- Պարո՛ն Սաղաթելյան, մենք 1991-94 թվականների  պատերազմի ընթացքում ունեցել ենք  այնպիսի պահ, որ 1992 թվականին կորցրել ենք  Արցախի տարածքի  մոտ 40 տոկոսը։ Լաչինի միջանցքը 1992-ի աշնանը գրեթե փակվում էր, բայց  դուրս եկանք այդ ծանր օրհասական իրավիճակից։ Հիմա չե՞ք կարծում, հնարավո՞ր է դուրս գալ այս ամենի միջից։ Կարելի՞ է կանգնեցնել Ադրբեջանին, հարված հասցնել, նրան բերել բանակցային դաշտ։

- Այլ ճանապարհ չկա, միակ ճանապարհը սա է։ Վերջին 3 զինադադարները մեկ անգամ ևս փաստեցին, որ այս մարդկանց հետ պայմանավորվել անհնար է։ Եթե այսօր ողջ միջազգային հանրությունը, գերտերությունները չեն կարողանում կասեցնել կամ սրտանց չեն ուզում, կամ չգիտեմ՝ ինչ հաշվարկներով, այլևս հետաքրքիր չէ։  Եթե մենք մնացել ենք թշնամու դեմ կանգնած, ուրիշ տարբերակ չկա, պետք է կռվենք, և վերջ։ Կռվելու համար ի՞նչ է անհարժեշտ, ի՞նչ պետք է անեն Հայաստանի այսօրվա պատասխանատուները։ Անմիջապես մեր ՀՕՊ-ի հարցը պետք է լուծեն՝ օդը պետք է փակվի,  զենքի մատակարարումը կարողանան ապահովել. հայ զինվորը կռվում է։ Մենք ունենք սխրանքներ գործած հերոսներ, գեներալներ, ի՞նչ է նշանակում, որ ՀՀ վարչապետը խոսում է մեկ-երկու դասալիքների մասին։ Բոլոր ժամանակներում էլ դասալիքներ եղել են, բայց  հարյուր հազարի մեջ տասը հոգո՞ւց ենք խոսում։ Ինչո՞ւ չենք խոսում մեր այն գեներալների, զինվորների, կամավորների մասին, որոնք սխրանք են գործում, հերոսություն են անում։ Ի՞նչ կարիք կա այսօր խոսելու դասալքության, հուսահատության կոչերով։ Ի՞նչ է նշանակում, կոչ ես անում՝ գնում ենք կռվելու, հաղթելու, և զուգահեռ խոսում ցավոտ փոխզիջումների կամ կապիտուլյացիայի մասին։ Չկա նման բան և չի կարող լինել։ Սա հայ ժողովրդի գոյության պայքարն է, պետք է համախմբվել, վերակազմակերպվել, բացթողումները շտկել և գնալ՝ այս ճակատագրական մարտը հաղթելու, ուրիշ ճանապարհ չկա։  Ով դրան տրամադիր չէ, պետք է  մի կողմ քաշվի։ Ով  այս ուղղությամբ չի առաջնորդվում, ինքն անելիք չունի այլևս։ Չենք կարող այս երկիրն ու պետությունը տանել- կորցնել։

- Դուք հուսահատ ե՞ք, թե՞ ոչ։

- Երբեք, Դաշնակցությունն այսօր սահման է ուղարկում ևս մեկ վաշտ։ Պատերազմը  սկսվելուց 2 ժամ հետո հայտարարել ենք, որ այս պետության զինվորն ենք, ամեն ինչ դնում ենք  մի կողմ։ 3-4 ժամ հետո Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր կուսակցությունները միասնաբար նման հայտարարությամբ են հանդես եկել։ Սեպտեմբերի 27-ին Դաշնակցության առաջին գումարտակը շարժվել է սահման, այս ընթացքում  3 վաշտ ենք ուղարկել։ Ցավոք, փառք մեր տղերքին, ունենք կորուստներ, ունենք վիրավորներ, շարունակում ենք մեր վաշտերն ուղարկել սահման, որովհետև սա է ճանապարհը, մենք ինչպե՞ս հուսահատվենք։ Մի կարճ դրվագ ասեմ Դաշնակցության երիտասարդականի տղերքի հետ իմ երեկվա հանդիպումից․  22-23 օր առաջին գծում էին, 2 օրով վերադարձել էին՝ ջոկատը վերակազմակերպելու ու վերադառնալու համար, ասացին՝ փոշմանել ենք, որ եկել ենք Երևան, մենք այնտեղ շատ հպարտ, ուժեղ և մեր հասկացած դուխով ենք զգում։ Ի՞նչ է Երևանի տրամադրությունը, այսինքն՝ տեղերով փոխվել ենք, փաստորեն, սահմանի տղերքը թիկունքին հույս էին տալիս, բայց պետք է հակառակը լինի չէ՞։ Պետք է արագ փոխենք այս մթնոլորտը, ուրիշ ճանապարհ չկա։ Կորուստներն անդառնալի են, զոհվում են լավագույնները, շատ դժվար է այս ամենը, բայց այլ ճանապարհ չկա։ Եթե գնանք այլ՝ հանձնվելու տրամաբանությամբ, ենթարկվելու ենք ցեղասպանության, և աշխարհը նայելու է  այս ամենին։

- Պետք է Ադրբեջանին ցավոտ հարված հասցնել։

- Այո, ցավոտ հարված հասցնել և գնալ արժանապատիվ զինադադարի։ Այո, զինադադարը անհրաժեշտություն է, բայց զինադադար կունենանք միայն այն ժամանակ, երբ իրականում Ադրբեջանի մռութին իջնենք։ Դժվար է, մենք գիտենք, որ կորուստներ ունենք, բայց այլ  ճանապարհ էլ չունենք։

- Ես ոչ մի ձևով չէի ուզում մեր զրույցը քաղաքականացնել, և, ընդհանրապես, ինձ համար  սեպտեմբերի 27-ից հետո ներքին քաղաքականություն գոյություն չունի, բայց այս հարցը պիտի տամ։ Ի՞նչ եք կարծում, արժե՞, որպեսզի կուսակցական ջոկատներով տարանջատում լինի, Դաշնակցությունը ուղարկում է իր ջոկատը, այլ կուսակցություններ՝ իրենցը, սա ճի՞շտ ձև է։

- Թող իմ գործընկերներն ինձ ներեն, բայց Դաշնակցության պարագան այլ է։ Դե, գիտեք 1990-94 թվականներից հետո Դաշնակցության հայտնի գումարտակի մասին։ Այդ ավանդույթը մենք շարունակել ենք։ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո մենք  որոշում ենք կայացրել, որ Դաշնակցությունը պետք է շարունակի ունենալ իր գումարտակը։ Այս անցնող 2-3 տարիների ընթացքում այդ ազգ-բանակը մեզ համար եղել է  գաղափարախոսություն և գործ։ Մենք պատրաստել ենք մեր տղաներին, աշխատել ենք պաշտպանության նախարարության հետ։  Եվ դրանով է պայմանավորված, որ մեր տղաներն ավելի պատրաստված են, և ժամեր հետո արագ կարողացանք ջոկատ կազմել։ Մենք ունենք դասակի, ջոկի, վաշտի հրամանատար, այս ամենը մեզ մոտ պատրաստ է, բայց ես չեմ հասկանում այն կոչը, որ գյուղապետերը, քաղաքապետերը կամ կուսակցությունները պետք է ջոկատներ ձևավորեն, գնան՝ երկիրը  պաշտպանելու։ 25 տարի առաջ ջոկատների հիման վրա ստեղծել ենք բանակ, հիմա ի՞նչ, բանակից վերադառնում ենք պարտիզանական կռիվների՞։ Ուրիշ բան, որ պետք է զորահավաք տեղի ունենա։ Այսինքն՝ տպավորություն է, որ երբեմն այդ կոչն անում ենք՝ կոչ անելու համար։ Ի՞նչ է նշանակում՝ հրամայում եմ՝ 18-50 տարեկան տղամարդիկ գնան, զինվորագրվեն։ Սա պետություն է, մեխանիզմներ գոյություն ունեն, կա ռազմական դրության մասին օրենք,  զորահավաքի մասին օրենք,  վերցրեք այդ օրենքները, պատշաճ կիրառեք։ Այսինքն՝ այս պետական ինստիտուտներն ամբողջությամբ քանդել լայվերո՞վ։ Պատերազմական իրավիճակում պետք է զերծ մնանք այդ անզգույշ լայվերից։ Ուղերձը պետք է լինի հստակ, կոնկրետ, ամեն մի բառ, տառ, նախադասություն նշանակություն պետք է ունենա այս օրերին։

- Որպես համահայկական, ամենահին, ավանդական կուսակցություններից մեկի՝ Հայաստանի առաջնորդ՝ ի՞նչ կասեք մեր ժողովրդին։

- Ես խոնարհվում եմ մեր ժողովրդի, հայ զինվորի, հայ գեներալի, բժշկի, Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների առաջ։ Պետք է վերակազմակերպվենք շատ արագ, ժամանակը քիչ է։  Վճռական, հաղթական տրամադրությամբ հասկանանք մեր սխալները, շատ արագ փոխենք այս տրամադրությունը և գնանք մեր հաղթանակի հետևից։ Ես հավատում եմ դրան, հավատում են իմ ընկերները, մեր ժողովրդի մեծամասնությունը։ Մենք մի սխալ բան ենք արել այս ընթացքում, որ երբ ունեինք կորուստներ, շարունակում էինք մեր հասարակությանը  կեղծիքով սնուցել։ Հիշում եմ, որ Դուք էլ խոսեցիք որոշ տարածքների կորուստների մասին և ինչի արժանացաք։ Մենք գիտեինք այդ մասին, բայց հանրությանը, իբրև ընդդիմադիր կուսակցություն, չէինք ասում, կրկին այդ իրավիճակում չընկնելու համար։ Հասարակությունը գիտի իրականությունը, գիտի, որ ունենք տարածքային, մարդկային զգալի  կորուստներ, ֆիքսում ենք,  բայց չենք խեղճանում,  գիտակցում ենք  պահի լրջությունը և գնում ենք առաջ։

Մանրամասն՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica