close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի Անին, կարալյոկի այգին ու խոսող ռադիոն․ Ստեփանակերտում կյանքի զգացողությունը սուր է

Արցախ

26 Հոկտեմբերի 2020, 19:46
 Արցախի Անին, կարալյոկի այգին ու խոսող ռադիոն․ Ստեփանակերտում կյանքի զգացողությունը սուր է

Անիի ուսապարկի մեջ նոթբուքն է, հեռախոսներն են, անպայման ատամի խոզանակ, անհրաժեշտ հագուստ ու մի տաք շոր ավել՝ եթե պետք լինի ապաստարան իջնել։

Լվացք, արդուկ, ամեն ինչ իր տանն է անում, միայն գիշերը՝ քնելիս, իջնում է դիմացի շինության նկուղը, որն իբրև ապաստարան է ծառայում իր ու այդ շինության տեր ամուսինների համար։  

«Իմ պադվալակիցներն անգամ հումորներ են անում, որ կապ չունի՝ տագնապ է, ինչ է, քաղաքին խփում են, ես զբաղվում եմ այն ամենով, ինչով զբաղվում եմ շատ սովորական պայմաններում, օրինակ, կրեմներն եմ դնում քնից առաջ իմ կողքին, մյուս անհրաժեշտ իրերը»,-Yerkir.am-ին պատմեց Անի Մինասյանը։

Պատերազմը կյանքի մասին է, պատերազմը մահվան մասին չէ՝ վստահ է Անին։ Հենց այդ ժամանակ ես հասկանում, որ չես կարող քեզ կորցնել, պիտի ապրես այդ ընթացքում։ Քանի դու ֆիզիկապես չես մահացել, դու պիտի ապրես՝ հարմարվելով, ընտելանալով նոր պայմաններին, զբաղվելով նաև քեզանով։ Որովհետև չապրելը գալիս է ֆիզիկական մահից հետո։

«Շատերը եթե լսեն, կասեն՝ չես կարող հասկանալ այն մարդկանց, ով հարազատ է կորցրել պատերազմում։ Բայց այս ամբողջ ընթացքում ես և՛ բարեկամներ եմ կորցրել, և՛ ընկերներ, ես երբեք չեմ խոսում դրա մասին, առավել ևս չեմ գրում։ Պատերազմի մեջ դու չես կարող համեմատել՝ իմ ցավն է ավելին, թե քոնը։ Բայց պատերազմը կյանքի մասին է, որովհետև կյանքը շարունակվում է, մենք պետք է դեմ առ դեմ կանգնենք պատերազմին ու ընդունենք ամբողջության մեջ։ Որովհետև եթե պատերազմը լիներ մահվան մասին, ես պատերազմի ընթացքում չէի կարողանա գրել, խոսել կամ ապրել։ Պատերազմը կյանքի մասին է, որովհետև սահմանին զոհվում են մարդիկ, բայց այդ ընթացքում Ստեփանակերտի ու Երևանի հիվանդանոցներում զոհված մարդկանց երեխեքն են լույս աշխարհ գալիս։ Որովհետև մարդիկ են ամուսնանում այդ ընթացքում, որովհետև ռմբակոծված եկեղեցում գալիս և նվագում են, որովհետև մենք ծիծաղում ենք, ծնունդ ենք նշում, որովհետև սպասում ենք, որ առավոտյան տագնապ չլինի, որ կարողանանք այգում սուրճ խմել, որովհետև մենք աշխատում ենք»,-ասաց Անին։  

Անի Մինասյանը Արցախի հանրային ռադիոյի տնօրենն է․ պատերազմից մոտ 3 ամիս առաջ է Երևանից գործուղվել Ստեփանակերտ՝ Արցախի հանրային ռադիոյի աշխատանքը խթանելու, սփռման ժամերն ավելացնելու համար։ Դրանից հետո պիտի այլ տնօրեն ընտրեին ու Անին վերադառնար Երևան։ Պատերազմը ամեն ինչ վերադասավորեց․ հիմա արդեն, երբ աշխատակիցները, ընկերները, հարազատ մարդիկ վտանգի մեջ են, Անին չի կարող պարզապես վեր կենալ ու գնալ անվտանգ վայր։

«Ես և՛ ի պաշտոնե, և՛ մարդկային առումով այնքան մեծ պատասխանատվություն եմ զգում այն մարդկանց հանդեպ, ովքեր այստեղ են․ առաջին հերթին՝ երբ իրենք վտանգի մեջ են աշխատում, դու ֆիզիկապես այնտեղ չլինես, դու այլևս որևէ տեսակի պրետենզիա չես կարող ունենալ իրենց նկատմամբ, երկրորդ հերթին՝ տեղս չեմ գտնում, քանի որ իրենք այնտեղ են։ Հետո, դու չես մտածում, դու հասկանում ես, որ քեզ սահմանից զանգել և ասել են՝ խնդրում ենք ռադիոն թող աշխատի, դու դրանից հետո չես պատկերացնում՝ ոնց անես, որ չաշխատի։ Բայց հիմարության գագաթնակետին էլ դա չի հասնում։ Քանի դեռ այնտեղ լսում են, պիտի վախերի ու վտանգների հետ սովորես ապրել ու հասկանաս՝ ինչ ձևով»,-ասաց Անին։

Պատերազմում որևէ մեկը չի սովորեցնում ինչն ինչպես անել, մարդն ինքն է սովորում, որովհետև պատերազմի ժամանակ, անկախ ամեն ինչից, որևէ մեկը որևէ մեկի համար պատասխանատվություն չի կրում՝ պատմեց Անին։

«Եթե մինչև պատերազմն ինձ հարցնեին՝ եթե քո գլխին «Գրադ» պայթի, ինչ կանես դու, ես այդ հարցին չէի կարողանա պատասխանել։ Երբ որևէ իրավիճակում ես լինում, որ դու կարողանում ես չափել, ծանոթանալ ինքդ քո վախի հետ ու երբ արձագանքն այն է, որ ուզում ես մնալ, դու հասկանում ես, որ արդեն այդ փաստը արձանագրել ես, դու չես վախենում։ Շատ բնական է և՛ վախենալը, և՛ չվախենալը, ուղղակի դու այն խմբում ես, որ չես վախենում»,-նշեց նա։

Սահմանին կռվող զինվորներից մեկը փոխանցել էր, որ անընդհատ Արցախի հանրային ռադիո են լսում։ Անին էլ այս մասին ֆեյսբուքյան գրառում էր արել։ Այսպես, Սոչիի հայ համայնքը նախաձեռնեց ու ռադիոընդունիչների խմբաքանակ ուղարկեց Արցախ։ Հիմա այդ ռադիոընդունիչները բաժանել են առաջնագծի դիրքերով ու Ստեփանակերտի ապաստարաններով։ Անին ասում է՝ ապաստարաններում լույս ու ինտերնետ հաճախ չի լինում, իսկ Արցախի հանրային ռադիոն բռնում է։ 

Հանրային ռադիոյի թիմը պատերազմի առաջին 5 օրը ռադիոյի շենքում աշխատեց՝ երեկոյան հաճախ լույսն անջատած։ Հետո Ստեփանակերտում ավերածությունները մեծացան ու տեխնիկան, սարքավորումները իջեցրին ապաստարան․ նկուղային մի փոքրիկ սենյակում նոր ռադիո ունեցան։ Աշխատանքի բերումով Երևան գնացած աշխատակիցներն էլ այնտեղից միացան գործին։ Անին ասում է՝ ժամանակը ցույց տվեց, որ այս պարագայում շատ կարևոր էր Երևան-Ստեփանակերտ կապը։

«Աշխատանքը կազմակերպվում է՝ կախված պայթյուների քանակից, կախված հանգստությունից, կախված լույսի և ինտեների առկայությունից և մեզանից անկախ․ մենք չենք որոշում, թե որ պահին ինչ ենք անելու, անհնար է հիմա որևէ մեկի հետ կոնկրետ բան պայմանավորվել։  Բայց դա շատ հետաքրքիր փորձառություն է, երբ քեզ հետ կապ չունեցող իրավիճակում և սարսափելի սուղ միջոցներով կարողանում ես պահել մի հսկայական կառույց։ Մենք բոլորով ենք դա կարողանում»,-ասաց Անի Մինասյանը։

Սկզբում զբաղվում էին բացառապես ռադիոյով՝ իրենց աշխատանքով, բայց դրանից հետո փոխվեց ամեն ինչ ու նրանք սկսեցին զբաղվել ամեն ինչով՝ հաճախ ավելի շատ, քան ռադիոյով, որովհետև պատերազմն ինքն է թելադրում՝ որ գործն է այդ պահին ավելի կարևոր։

«Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրենն էլ Արցախում է՝ ոչ թիկունքում, այլ առաջնագծում։ Քանի դեռ չէր գնացել առաջնագիծ, երկու օր միայն երկուսով ենք կարողացել եթեր պահել, որովհետև միայն ռեժիսոր-մոնտաժողն էր մնացել, տղաները գնացել էին առաջնագիծ։ Հետո եկան, հեռուստատեսությունից էլ մի տղա միացավ թիմին ու աշխատեցինք»,-պատմեց նա։

«Արցախի Անին» արմատներով Երևանից է։ Մի պատմություն է պատմում՝ հետաքրքիր զուգադիպություն, իր մայրիկի հետ կապված։

«Գուցե կապ կա կամ գեներն են փոխանցվում․․․ իմ մայրիկը, երբ 25 տարեկան էր՝ ճիշտ իմ տարիքին ու կարգավիճակին, գործուղվել է Գյումրի, որովհետև բժիշկ է մասնագիտությամբ։ Երևանից տեղափոխվել է, սկսել ապրել ու Գյումրիում եղել է 1988թ-ի երկրաշարժը։ Ինքն այդ ժամանակ եղել է այնտեղ և փրկվել է երկրաշարժից։ Հենց նույն օրը եկել է Երևան՝ համոզվելու, որ իր ընտանիքին ոչինչ չի եղել, բայց հաջորդ օրը նորից գնացել Գյումրի և մի քանի տարի կատարել է իր մարդկային ու մասնագիտական առաքելությունը»,-պատմեց նա։

Անին այս դեպքի մասին շատ-շատ է մտածել։ Մտածել է նաև իր ընտանիքում տիրող մթնոլորտի մասին, որում 1990-ականների մասին երբեք չեն ասել «մթի ու ցրտի տարիներ», իրենց տանը միշտ ասել են, որ դրանք ազատագրական պայքարի տարիներ են եղել, որովհետև հայ ժողովուրդը 1000 տարվա ընդմիջումից հետո կարողացել է ազատագրել իր հողերը։ Գուցե այս մթնոլորտն է այսօր գործում Անիի ներսում, որովհետև հայրենիքի հանդեպ պարտք ունենալու զգացումը հատուկ որևէ ձևով չեն փոխանցել, միայն այսպիսի դրվագներով։

Ամեն առավոտ, գիշերային ապաստարանից տուն գնալիս, Անին մի այգու միջով է անցնում․ երբեմն, երբ անվտանգ է թվում, կանգնում է, ամբողջ էությամբ շնչում թարմ օդը, ականջ դնում ծիտիկի ծլվլոցին ու մտածում, որ պատերազմի ֆոնին այդ այգին ոնց որ դրախտի պոկված մի մասը լինի։

«Երբ արդեն կարալյոկները հավաքելու ժամանակն է լինում ու ռմբակոծում են Ստեփանակերտը, դու հասկանում ես, որ կյանքի ու մահվան եզր այլևս չկա, սա՝ կյանքն է, նա՝ մահն է այնտեղ, հիմա դու որտեղ ֆիզիկապես կհայտնվես, դա չգիտես, բայց հա՛մ կա կյանք, հա՛մ կա մահ՝ իրար հետ»,-ասաց Անին։

Պատերազմում կյանքի զգացողությունն ավելի ընդգծվում է․ առաջինը, որ սկսում ես զգալ ու նաև սկսում ես հասկանալ, պատմեց Անին, որ ֆիզիկական ներկայությունը չի հաստատ, որ ամենակարևորն է, հասկանում ես, որ դու ոչ թե մահվանից կարող ես վախենալ, այլ, օրինակ, մահվան ձևից։

Անիի սիրած տղան Երևանում է։ Պատերազմի օրերը նա էլ Երևան-Ստեփանակերտ ճանապարհներին է անցկացնում։ Կամավորական աշխատանքով է զբաղվում՝ ինքն էլ իր ձևով, իր տեղում աջակցում թիկունքին, մինչև կանչեն առաջնագիծ։ Պատերազմը չի լռեցնում սերը՝ ասում է Անին։

«Ես մինչ այս շատ հետաքրքիր մտքեր ունեի․ մտածում էի՝ Երկրորդ համաշխարհայինում ո՞նց են սիրահարվել, ո՞նց կարելի է պատերազմի ժամանակ ամուսնանալ․․․ Ես այստեղ հասկացա, որ դա հնարավոր է, որովհետև կա կյանք․ եթե կյանքում կա ամուսնություն, սիրահարվածություն ու ամեն ինչ, ուրեմն պատերազմում էլ դա կա ու կլինի։ Բնական բոլոր զգացողություները կան պատերազմում»,-ասաց նա։

Գիշերային ապաստարանում Անին ապրում է Իզաբելի ու Հովիկի հետ․ սիրիահայ ամուսիններ են, որ 8 տարի առաջ հաստատվել են Ստեփանակերտում, ձիթապտղի ու այլ ծառերի այգիներ տնկել, բացել նաև արագ սննդի կետ-ռեստորան, որն այս օրերին միակ բաց հաստատությունն է ու անվճար սնունդ է տալիս լրագրողներին ու այլ հյուրերի։  

Իզաբելի ու Հովիկի 3 երեխաների մասին այս օրերին Երևանում հոգ է տանում Անիի մայրը, Անի մասին էլ Ստեփանակերտում հոգ են տանում Իզաբելն ու Հովիկը։ Այդպես էլ ապրում են։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica